7-րդ գումարման ԱԺ-ն արձակվեց, բայց կգործի մինչև հաջորդի առաջին նիստը

մայիսի 11, 2021

Մայիսի 10-ին, Սահմանադրության պահանջին համապատասխան, Ազգային ժողովում տեղի ունեցավ հերթական հատուկ նիստը, որի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դարձյալ առաջադրվեց վարչապետի թեկնածու և դարձյալ չընտրվեց: Դրա արդյունքում 7-րդ գումարման Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվեց:

ՀՀ նախագահի, կառավարող ուժի և խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների միջև պայմանավորվածության հիման վրա և ՀՀ Սահմանադրության պահանջների համաձայն, «Իմ քայլը» խմբակցությունը արդեն երկրորդ անգամ առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, սակայն քվեարկեց ձեռնպահ, և վարչապետի ընտրությունը չկայացավ:

Հայաստանի օրեսնդրության համաձայն, եթե վարչապետը երկրորդ անգամ չի ընտրվում, խորհրդարանը իրավունքի ուժով արձակվում է: 

Բիզնեսին պարտքի պրոբլեմը լուծվել է, զրոյացվել է

Մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը դարձյալ հանդես եկավ ելույթով: Նա նորից անդրադարձավ նախկինների գործունեությանը և սահմանված մեկ ժամում ոլորտ առ ոլորտ ներկայացրեց իր կառավարության աշխատանքը երեք տարվա ընթացքում:

Կառավարությունը, ըստ Փաշինյանի, 2021-ի մայիսի 1-ի դրությամբ բիզնեսին ժամկետանց պարտք չունի. պետությունը 3 տարվա ընթացքում շուրջ 500 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին: 2018-ին կառավարությունը բիզնեսին պարտք էր 274 մլրդ դրամ:

«Սա այն գումարն է, որն օրենսդրությամբ բիզնեսը չպետք է վճարեր, այսինքն՝ այդ գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսավարողների տրամադրության տակ, բայց ըստ էության, դրանք ամենատարբեր ձևերով ու եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ: Կարևոր եմ համարում արձանագրել, որ այս 3 տարվա ընթացքում այդ պարտքի պրոբլեմը լուծվել է՝ ոչ միայն դե ֆակտո, փաստացի վճարումների տեսքով, այլ նաև ինստիտուցիոնալ առումով: 2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի: Այդ պարտքը, ըստ էության, զրոյացվել է»,-ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, սա նշանակում է, որ պետությունը 3 տարվա ընթացքում շուրջ 500 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին: 

Փաշինյանը չի վախենում պետական պարտքի աճից և հորդորում է պարտք վերցնել

Թեպետ երկրի պետական պարտքը համավարակի ու պատերազմի հետևանքով աճել է, բայց Փաշինյանն ԱԺ ամբիոնից հորդորեց չվախենալ այդ փաստից և որպես մխիթարանք՝ վկայակոչեց զարգացած երկրների օրինակը. նրանք նույնպես ճգնաժամից դուրս գալու համար պարտք են վերցրել:

Նա հիշեցրեց, որ 2019-ին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը էականորեն նվազեցրել են՝ հասցնելով 59 տոկոսի: Այժմ այդ ցուցանիշը կազմում է 70 տոկոս:

«Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ Հայաստանի պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով: Պատկերացնո՞ւմ եք կորոնավիրուսից, պատերազմից հետո մենք միջազգային շուկա ենք մտնում և ձեռք ենք բերում միջոցներ՝ պատմական աննախադեպ ցածր տոկոսներով: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը մեր կառավարությանը, մեր երկրին վստահում է: Սա նշանակում է, որ մենք միջազգային գործընկեր ենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Վարչապետի պաշտնակատարի խոսքով, եթե անհրաժեշտություն լինի, կրթության ոլորտում ֆինանսական, ներքին աղբյուրների խնդիր լինի, ապա 1 մլրդ, անգամ 2 մլրդ պարտք էլ պետք է վերցնել և հանրապետությունում մանկապարտեզներ, նախակրթարաններ, ակադեմիական քաղաքներ կառուցել:

«Այդ փողի գինը նվազում է, վաղը կապիտալ ես ունենալու, այդ պարտքը սպասարկես: Նկատի ունեմ՝ պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի՞ համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպանները լցնե՞նք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Հարկային բարեփոխումների մասին

Վարչապետի պաշտոնակատարը իր պաշտոնավարման երեք տարում արվածից առանձնացրել էր հարկային բարեփոխումները: Նա հիշեցրեց, որ եթե 2018-ին երկիրը եռաստիճան եկամտային հարկ (36, 28 և 23 տոկոս) ուներ, ապա 2019-ից անցել են համահարթ եկամտային հարկին:

«Մենք շատ արագ Հայաստանի Հանրապետությունում սահմանեցինք համահարթ եկամտային հարկ՝ 23 տոկոս և օրենսդրության մեջ արձանագրեցինք, որ ամեն տարի եկամտային հարկը 1 տոկոսով կիջնի, և 2023 թվականի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Միևնույն ժամանակ մենք շահութահարկի դրույքաչափը իջեցրինք և 20 տոկոսից դարձինք 18 տոկոս: Մենք, ըստ էության, ինստիտուցիոնալ առումով լուծեցինք ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրը: 2021 թվականի մարտին 2018-ի մարտի դրությամբ մենք երկրում ունենք 85380-ով ավել աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի, 2021 թվականի մարտին 2018-ի համեմատ՝ 34 մլրդ դրամով կամ 36 տոկոսով ավելացել է համընդհանուր աշխատավարձի ֆոնդը, 19-20 տոկոսով ավելացել է մեկ մարդու աշխատավարձը:

«2021 թվականի մարտին 2018-ի համեմատ՝ 4 միլիարդով ավելի շատ եկամտային հարկի հավաքագրում է իրականացվել: Ասում էին, որ կտեսնեք՝ կգա ժամանակը, որ մենք ավելի քիչ հարկային դրույքաչափով, այսինքն՝ ավելի ցածր դրույքով ավելի շատ հարկ կվճարենք: Սա կարևորագույն ինստիտուցիոնալ, հեղափոխական բարեփոխում է, որ տեղի է ունեցել Հայաստանում»,- նշեց նա:

Արդարադատության մասին

Նիկոլ Փաշինյանն իր երկար ելույթում խոսեց նաև արդարադատության համակարգի մասին և հպարտացավ.  «Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»:

Նրա խոսքով, իրենք արդարադատության ոլորտում նույնպես հեղափոխական փոփոխություններ են իրականացրել, ինչի արդյունքում այսօր երկրի քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված անձանց նվազագույն թիվն է:

«Սա արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունքն է: Որովհետև այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն: Ես կարծում եմ, որ այո, մենք այսօր հասել ենք ամենակարևոր փոփոխությանն արդարադատության ոլորտում, որը հեղափոխական փոփոխություն է: Մենք վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենամեծ պրոբլեմի մասին

Ո՞րն է եղել իշխանության ամենամեծ պրոբլեմը և ամենամեծ ձեռքբերումը. Այս հարցին վարչապետի թեկնածուն պատասխանեց.

«Մեր ամենամեծ պրոբլեմը 44-օրյա պատերազմն է ու Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած զարգացումները: 44-օրյա պատերազմից հետո ես անընդհատ վերադառնում եմ 2018 թվական ու փորձում եմ դասավորել ամեն ինչ նորից: Չէի ասի, թե ամեն ինչ նույնությամբ ճշգրիտ կկրկնեի, իհարկե, բայց մեծ հաշվով Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացում, իմ կարծիքով, 2018-ի ապրիլի դրությամբ, մենք անդառնալիության կետը անցել էինք: Գործնականում այդ գործընթացի մասին ամեն ինչ ասված է, բայց կան մի քանի կարևոր նյուանսներ, որոնց մասին կխոսենք»:

Ինչ վերաբերում է հարցադրման մեջ հնչած ամենամեծ ձեռքբերմանը, ապա վարչապետը առանձնացրեց մեկը՝ «Դա այն է, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերը իր երկրի, և դա այն նպատակն էր, որի համար արվել է 2018-ի ոչ բռնի թավշյա հեղափոխությունը»:

Հրաժեշտի ու ներողության խոսքեր

Վարչապետի թեկնածուի ընտրության հարցի քննարկմանը «Բարգավաճ Հայաստանը» չէր մասնակցում: Ակտիվ էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որի պատգամավորները կոշտ քննադատեցին իշխանությանը: Անի Սամսոնյանը մեղադրեց իշխանություններին ատելություն տարածելու, իսկ Աննա Կոստանյանը՝ մանր գողության դեպքերի աճի համար:

Էդմոն Մարուքյանի ելույթը քննադատությունից բացի, նախատինք էր իշխանության հասցեին՝ նախկիններին վերակենդանացնելու և ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու համար: Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը միտումնավոր է գնում այդ քայլին՝ մանիպուլացնելով ժողովրդին: Մինչդեռ և՛ գործող, և՛ նախկին իշխանություններին, ըստ Մարուքյանի, կա այլընտրանք, որը հենց իրենք են: 

«Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրեց ՀՀԿ-ի իշխանությամբ անցկացված ընտրությունները, երբ ուսուցիչները իրենց օգտին քվեարկողների ցուցակ էին կազմում, ու հայտարարեց, որ այժմ դպրոցները ազատագրված են նման պարտավորություններից, իսկ ՔՊ-ական ուսուցիչներ հնարավոր չէ գտնել:

Նարեկ Գրիգորյանն էլ զգուշացրեց՝ «Ով փորձի ընտրակեղծարարություն անել, բանտում նրա համար տեղը պատրաստ է»:

Իմքայլական Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ինքն իր խղճի առաջ մաքուր է, ազնիվ ու ներողություն խնդրեց հայրենակիցներից չարածների համար: «Երևի պետք է մի քիչ ավելի արագ լինեինք: Այս ամենը փաստ է, որը ոչ մեկ չի հերքի, բայց փաստ է նաև, որ մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի: Այստեղ ոչ մեկ չի եկել իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովի, կապեր ստեղծի: Մարդիկ այստեղ բոլորն աշխատում են՝ իրենց ոլորտում կամ իրենց հետ առնչվող ոլորտներում որևէ քայլ առաջ կատարել, որ մենք ունեն այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք»,- հայտարարեց Բաբկեն Թունյանը:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց խմբակցությանը՝ երկրում կայունություն ապահովելու համար, խորհրդարանական ընդդիմությանը տարբեր հարցերում համագործակցության համար, քաղաքացիներին, հայ ժողովրդին. «Որովհետև այս ընթացքում, որտեղ պետք է քննադատել եք, որտեղ պետք է, սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները, որովհետև հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, մենք ականջալուր ենք լինելու ձեր քննադատություններին: Այո, գուցե սխալվել ենք ու թերացել որոշ դեպքերում՝ ինչպես բոլոր իշխանությունները: Բայց մենք մեզ պատվիրակված գլխավոր հանձնառությունը կատարել ենք՝ դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ ձեր իշխանությունը, որը մե նք թույլ չենք տվել ֆիզիկական, բարոյական, ինչպես նաև կյանքի սպառնալիքի ներքո խլել ձեզանից: Եվ այսօր մենք ձեզ պատկանող իշխանությունը ձեզ ենք վերադարձնում»:

«Իմ քայլին» շնորհակալություն հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակիչ ելույթում. «88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը, անցնելով ամենադաժան փորձությունների միջով. այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին:

Այս մարդկանց (նկատի ունի «Իմ քայլին») իրար հետ կապել են միայն արժեքները և միայն սկզբունքները: Եվ կային մարդիկ, որոնք, օրինակ, համոզված էին՝ նոյեմբերին, հոկտեմբերին և նույնիսկ սեպտեմբերին, այդպես արդեն խոսվում էր, որ պետք լինի, չգիտեմ, 5 մլն, 10 մլն, 50 մլն դոլար կդնեն, և «Իմ քայլը» խմբակցությունից 20, 23 հոգի, հազար ներողություն այդ արտահայտության համար, կգնեն: Չգիտեմ՝ որտեղ են դրել, բայց մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ, և մենք տեսանք և կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով մտահոգված հեռանում էին, տեսնենք, թե ուր կհասնեն: «Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ արժեքների և սկզբունքների մասին խոսակցությունն ուղղակի կենաց և վերնագիր չէ, այլ մի բան է, որը կա, գոյություն ունի»:

Ի՞նչ է լինելու հետո

Ազգային ժողովը 76 ձեռնպահ, 1 դեմ և 1 կողմ ձայնով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Անկախ Հայաստանի պատմության մեջ և վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամկետից շուտ: 2018թ. նոյեմբերին ևս նույն ընթացակարգով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը իրավունքի ուժով արձակվել էր:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է, որին հետևելու է խորհրդարանական նոր ընտրությունների նշանակումը։

Ազգային ժողովի արձակվելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշվում է հրամանագրում:

Մինչև նոր՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումը, այս խորհրդարանը կշարունակի գործել իր լիազորությունների ողջ շրջանակով։