Մենք կհաղթենք և մեծամասնություն կունենանք․ Վ․ Հովակիմյան

մայիսի 14, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

- ԸՕ-ի վերջին փոփոխություններից մեկով ընտրողների ցուցակներում չպետք է ընդգրկվեն քաղաքացիներ, որոնց անձը հաստատող փաստաթղթերը ժամկետանց են։ Նրանք հիմնականում ՀՀ-ից բացակայող անձինք են: Բայց այդ փոփոխությունը չի գործի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ուժի մեջ է մտնելու 2022թ.։ Ինչո՞ւ այդպես որոշեցիք. ձեզ մեղադրում են, որ նախկինների նման ցանկանում եք բացակայող քաղաքացիների փոխարեն ձեր օգտին ձայներ ապահովել:

- Ոչ: Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց անձը հաստատող փաստաթղթի ժամկետն անցած է ավելի, քան 6 ամիս: ԱԺ այս ընտրություններին վերաբերող որևէ օրենսդրական փոփոխություն չի արվել, որպեսզի դա չդառնա շահարկման առարկա: Ձեր նշած օրենսդրական փոփոխությունը տարածվելու է 200 հազար մարդու վրա, բայց եթե այն անմիջապես ուժի մեջ մտներ ու վերաբերեր անգամ 200 մարդու, որոնք կարող էին Հայաստանում լինել, դա կդառնար վիճարկման առարկա: Օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև ընտրություններն այդ մարդկանց իրազեկելու բավարար ժամանակ չկար: Եթե նախագահը ստորագրի ընդունված նախագիծը, այն հաջորդ տարի կմտնի ուժի մեջ, և բոլոր այդ քաղաքացիները կիրազեկվեն: Բայց տեսականորեն նման մարդկանց թիվը կարող է շատ փոքր լինել կամ անգամ չլինել:

- Եթե ժամկետանց փաստաթուղթ ունեցողները այդքան քիչ են կամ կամ չկան, ինչպես դուք եք ասում, չե՞ք կարծում, որ արժեր այդ փոփոխությունը ևս կիրառել, որպեսզի ընտրակեղծիք անելու, և երկրում չգտնվող 200 հազար քաղաքացու ձայները ձերը օգտին հաշվարկելու մտահոգություններ չառաջանային:

- Նման բան ասողներն իրենք են ընտրակեղծարար: Մենք երբեք չենք կեղծել ընտրությունները, և թույլ չենք տա, որ որևէ մեկը կեղծի:

- Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ 1991- 2018թթ.ցուցակներում ընտրողների թիվն աստիճանաբար, ավելի քան կես միլիոնով ավելացել է: Չէ՞ որ Հայաստանի բնակչությունն այդքան չի ավելացել:

- Աճել է այն բանի հաշվին, որ վաղուց արդեն ՀՀ-ում չբնակվող քաղաքացիները մնում են ընտրացուցակներում, և մեր բնակչության բնական աճի պայմաններում ցուցակն իրականից ավելի մեծ է ստացվում:

- Բայց եթե ժամկետանց փաստաթուղթ ունեցող 200 հազար մարդկանց անունները հեռացվեն ցուցակներից, միևնույնն է, 1991թ. համեմատ մոտ 350 հազար անուն ավելի է: Չե՞ք կարծում, որ ընտրողների ցուցակների խնդիրն ավելի լուրջ է:

- 1991թվին արտագնա աշխատանքի մեկնողների թիվն այդքան մեծ չէր, որքան հիմա: Որևէ մեկը արտագնա աշխատողների անունները ընտրական ցուցակներից հանելու իրավունք չունի: Այլ բան է, որ մարդն արդեն 10-20 տարի Հայաստանում չի բնակվում, հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և այլ երկրի քաղաքացիություն է ձեռք բերել, նրանց տվյալները ցուցակներից պետք է հեռացվեն:

- Շուտով քարոզարշավը սկսվելու է, բացառո՞ւմ եք, որ այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, կլինի նաև մյուս մարզերում:

- Կոնկրետ Սյունիքում խուլիգանություն է տեղի ունեցել: Եվ խուլիգանության պատասխանատուները պետք է պատժվեն օրենքով: Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ նման միջադեպերի հավանականությանը, ապա դա նույնպես քրեորեն պատժելի արարք կլինի: Եթե մարդը մեզ դեմ է, նա ազատ է հակաքարոզ անել, բայց իրավունք չունի խոչընդոտելու քարոզարշավը: Դա վերաբերում է բոլոր ուժերին:

- Ընտրողները կարող են հիշեցնել, որ երեք տարում չեք կատարել ձեր խոստումները՝ դատաիրավական բարեփոխումները, չեք պատժել ձեր ասած «թալանչիներին»: Ի՞նչ եք պատասխանելու:

- Քաղաքացիները միշտ էլ կարող են հարցեր բարձրացնել և մեղադրել մեզ, մենք էլ պարտավոր ենք նրանց ներկայացնել մեր արածը: Եթե ինչ-որ բան չենք արել, ներկայացնել սխալները: Ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին, ապա անցած երկու տարում դրանք ընթացել են լայն թափով: Եթե մենք ոչ թե արտահերթ, այլ հերթական` 2023թ. ընտրություններին գնայինք, բարեփոխումներն արդեն ավարտված և բոլորին տեսանելի կլինեին: Դատաիրավական համակարգում նախաձեռնել ենք լրջագույն օրենսդրական բարեփոխումներ, որոնք դեռ ամբողջությամբ կիրառման մեջ չեն մտել: Օրինակ, մասնագիտական դատարանների ներուժի հզորացումը, ընթացքի մեջ է Հակակոռուպցոն դատարանի հիմնումը: Մեր արած բարեփոխումների շնորհիվ այս պահին ունենք իրավիճակ, երբ կարող ենք ասել, որ դատարաններում անմեղ մարդիկ չկան:

- Բայց ձեզ էլ հակադարձում են, որ փոխարենը դրսում կան մեղավոր անձինք:

- Արդարադատության մոտեցման համաձայն՝ մեղավոր մարդը, վաղ թե ուշ, հայտնվելու է դատարանում: Եվ արդարադատության խնդիրն է, որ անմեղ մարդը երբեք չդատապարտվի:

- Դուք Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր պատասխանատու էիք համարում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ նա այսօր ազատության մեջ է՝ ձեր իսկ ընտրած ՍԴ երեք դատավորների շնորհիվ:

- Ձեր հարցով արդեն կանխորոշում եք, որ մենք պետք է անեինք այն, ինչ արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մենք պիտի վերահսկեի՞նք ՍԴ գործունեությունն ու դառնայինք հանցագո՞րծ: Դա հակասում է իրավական պետութան սկզբունքներին: Ձեր այդ հարցադրումը կա, և մարդկանց զգացմունքները բավարարելու համար պետք է անեինք այն, ինչն արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նը: Մենք ընտրել ենք ՍԴ երեք դատավորի, բայց գործի քննությանը մասնակցել է 8 դատավոր: Իսկ Ռոբերտ Քոչարյանը չի արդարացվել: Որպեսզի նա արդարացվի, պետք է Մարտի 1-ի գործով դատաքննություն տեղի ունենա: Արդարացնում են միայն դատաքննության արդյունքում:

- Բայց ՍԴ որոշման արդյունքում գործը կասեցվեց և դատաքննության փուլ չհասավ:

- Այո, բայց այն արարքները, որոնք վերագրվել են երկրորդ նախագահին, ո՛չ վերացվել են, ո՛չ քննվել: Մինչև այդ արարքները չքննվեն և չգնահատվեն, մինչև դատական ակտ չլինի, որևէ մեկը չի կարող ասել` Ռոբերտ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ արդարացվել է: Կա քրեական գործ, որով նրան վերագրվում հակասահմանադական համարված արարքներ: Հիմա դատախազության խնդիրն է այդ արարքները վերաորակել ըստ ՔՕ այլ դրույթների:

- Մտահոգություն չունե՞ք, որ ընտրությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ինքն է համոզված, «կկրի» և ձեզ պատասխանատվության կենթարկի: Չէ որ նրա գլխավորած դաշինքն է համարվում ձեր հիմնական մրցակիցը:

- Իհարկե, ոչ: Նա անգամ նախագահ եղած ժամանակ չի կարողացել ընտրություններ կրել:

- Նա քննադատում է ձեզ, որ տապալել եք երկրի կառավարումը, իսկ ինքն ունի ճգնաժամային իրավիճակներում հաջողություններ գրանցելու փորձ:

- Ինքը ունի երկիրը կառավարելու ընթացքում Հայաստանի ամենահարուստ ընտանիքը դառնալու փորձ:

- Դուք հավանաբար ուսումնասիրում եք ընտրողների տրամադրությունները: Ինչպիսի՞ վերաբերմունք կա ձեր ուժի նկատմամբ:

- Ես համոզված եմ, որ մենք կհաղթենք և մեծամասնություն կունենանք:

- Իսկ նախընտրական կամ հետընտրական շրջաններում կարո՞ղ է՝ ներքաղաքական լարվածություն, բախումներ լինեն:

- Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային, որպեսզի չլինի ստվերող որևէ գործընթաց: Իսկ թե քաղաքական ուժերն իրենց ինչպես կդրսևորեն, դա իրենց գործն է: