ԱԺ–ն դատապարտեց Ադրբեջանին և նույնը հորդորեց անել միջազգային հանրությանը

մայիսի 15, 2021

Մայիսի 14-ի արտահերթ նիստում ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի կողմից Սյունիքում և Վայոց Ձորում մայիսի 12-ին ՀՀ պետական սահմանների խախտումը դատապարտող հայտարարություն: Նիստը հրավիրել էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, «Իմ քայլը» խմբակցությունն աջակցել էր նիստի կայացմանը: «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ճգնաժամային իրավիճակ, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության ապահովման ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարությունն ընդունվեց 86 կողմ ձայներով:

«ԱԺ-ն ՀՀ ժողովրդի անունից հայտարարում է՝  մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել  Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված  սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,- նշված է հայտարարության մեջ:

Դիմել են ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին

Նիստին ելույթ ունեցավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքով՝ անհարկի շահարկումները կանխելու համար: Նա ընդգծեց, որ Սյունիքում ադրբեջանցիների հետ երկու օր տևած բանակցություններիին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչն իր աշխատանքային քարտեզներով, որոնք հաստատել են պաշտոնական Երևանի հայտարարությունները, թե ադրբեջանական զորամիավորման վերահսկողության տակ անցած տարածքները պատկանում են ՀՀ-ին:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանությունների գնահատականով՝ Սյունիքում տեղի ունեցածը «լոկալ ակցիա չէ մի բլուրի, մի լեռան համար», որ Ադրբեջանի նպատակը եղել է ՀՀ տարածքում ռազմական բախում հրահրելը: Եվ այդ պատճառով էլ որոշում է կայացվել «ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»` դիմել ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին:

«Մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական: ՌԴ նախագահն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին: Կա շատ ավելի կարևոր բան. ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը: Երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ: Քանի որ պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, այսօր նամակով դիմել ենք ՌԴ նախագահին՝ համաձայն 1997թ. Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որ ՌԴ-ն ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի հետ, որը դիտարկում է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ. «Նա ասել է, որ ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին: Կարևոր եմ համարում, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի անդամները միմյանց հետ շփման մեջ լինեն, քննարկեն»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` ՀՀ-ն պատրաստ է սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացին․ «Ընդհանրապես, մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանությունն իրականացնեն սահմանապահ զորքերը, ինչը կնշանակի բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ բանակցությունները կշարունակվեն մայիսի 15-ին ժամը 15:00-ին:

Ելույթ ունեցավ նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ներկայացրեց ՀԱՊԿ-ին դիմելու և այդ կառույցի արձագանքման մեխանիզմները: «ՀԱՊԿ-ը Սյունիքում ստեղծված իրավիճակի գնահատմամբ հանդես կգա առաջիկա երեք օրվա ընթացքում: ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների, ՊՆ և ԱԳՆ ղեկավարների կոմիտեները կմշակեն գնահատական` կապված Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ: Անհրաժեշտության դեպքում, կգումարվի անդամ պետությունների ղեկավարների հանդիպում: Առաջնահերթությունը տրվում է դիվանագիտական և քաղաքական որոշմանը, սակայն անհրաժեշտության դեպքում կգործարկվեն նաև ռազմական մխանիզմները, որպեսզի վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Անփութությո՞ն, թե՞ աշխարհաքաղաքական նոր դասավորումներ

Նիստը տևեց մոտ չորս ժամ, ելույթ ունեցան ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ: Ելույթները համեմված էին փոխադարձ մեղադրանքներով և գերազանցում էին սահմանված ժամանակը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց, թե որտեղ էր մեր բանակը, որ ադրբեջանական զինված ուժերի 250 ներկայացուցիչ 3,5 կմ հատել է ՀՀ պետական սահմանը՝ առանց մեկ կրակոցի, ճեմելով և 50 միավոր զինտեխնիկա տեղադրելով։ «Վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջրից օգտվում են Գորիսը և ևս ինը հարակից բնակավայրեր։ Այս պահին Սիսիանը և Գորիսը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետերի տակ։ Հատվել է ՀՀ սահմանը, ինչո՞ւ գերեվարված չեն 250 ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները որպես դիվերսանտներ»,- հարցրեց նա:

Նրան «Իմ քայլից» հակադարձեց Անդրանիկ Քոչարյանն ու նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանը խորհրդի նիստի ժամանակ այդպես չի խոսել: «ԲՀԿ-ում տեղյա՞կ էին այսպիսի ելույթի և հարցից շեղվելու մասին: Ես չէի մտածում, որ հայտնի լրատվամիջոցներում զետեղված ստերն այստեղ կհնչեցնեք: Որտե՞ղ եք տեսել 50 զրահամեքենան Սև լճի շրջակայքում: Չկա այդպիսի բան, ինչո՞ւ եք ստում: Այս խնդիրների լուծումը գտնվում է Զանգեզուրում, Զանգեզուրն արդեն դարձրել ենք քաղաքական խնդիրների լուծման թատերաբեմ: Զանգեզուրի` գրեթե բոլոր գործադիր մարմնի ղեկավարները դարձել են ճանապարհներ փակող, Զանգեզուրը կտրում են ՀՀ-ից»,- ասաց նա:

«Կուտ համայնքից ունեմ ահազանգ, որ քաղաքացիներն անզեն կանգնած` նայել են, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում հայկական տարածք։ Նրանց խնդրանքն է, որ գոնե հովիվներին տրամադրենք զենքեր, որպեսզի ինքնապաշտպանվեն»,- փոխանցեց «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը։

Խորհրդարանական մեծամասնությունը լքած մեկ այլ պատգամավոր` Սյունիքից ընտրված Աննա Գրիգորյանն էլ մեջբերեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն խոսքը, թե ադրբեջանցիները կարողացել են սահմանը խախտել, քանի որ առաջնագիծը կահավորված չի եղել. «Իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս 6 ամիսների ընթացքում ոնց է հնարավոր եղել, որ կահավորված առաջնագիծ չենք ունեցել, այն էլ այսպիսի կարևոր հատվածներում: Մեղավորներ չփնտրելու կոչեր են հնչում, բայց ինչո՞ւ չենք կահավորել: Իսկ կարո՞ղ ենք իմանալ, նրանց կողմից որևէ նախապայման դրվել է, թե ոչ»:

«Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե հիմա մեր հայրենիքը քանի կմ ունի»,- հարցրեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց, թե միասնականություն ցույց տալու փոխարեն առաջին իսկ ելույթից քաղաքական շահարկումներ և քարոզարշավ է գնում, թե իբր Սյունիքնն ենք պահում: «Սյունիքից պատգամավորն ասում է՝ ո՞նց եղավ, որ չկրակեցինք: Իսկ Դուք ի՞նչ գիտեիք, որ իրենց նպատակը հենց դա չէր, որ մենք կրակեինք, ու դա դառնար լայնամասշտաբ գործողություն: Թե՞ կարելի է ձեռի հետ մի վերնագիր կարդալ ու ելույթ ունենալ, գալչկա ստանալ, հետո ասել, կարո՞ղ ա ինձ էլ ցուցակ վերցնեք: Խի կարո՞ղ է, էդ ամենը չենք հասկանում: Սեղանին դրված է ոչ թե ոչ մեկին պետք չեկող քաղաքական գործչի քաղաքական ապագան կամ քրեական գործից խուսափելու հնարավորությունը, այլ ՀՀ անվտանգությունը»,- հակադրաձեց ԱԺ փոխնախագահը:

«Իմ քայլից» Արման Եղոյանն էլ հավելեց, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ անդամ գերտերություն, միջուկային տերություն Ֆրանսիայի նախագահը ուղղակիորեն մեղադրում է Ադրբեջանին և ասում՝ շուտ զորքերդ հանի  էդ երկրից, ուրեմն, մենք պետք է հասկանանք, որ էդ 3 կմ-ի մասին չի խոսքը: «Եթե Ֆրանսիայի նախագահն է այս կոշտությամբ միջամտում, մենք հասկանում ենք, չէ՞, թե ինչ աշխարհաքաղաքական իրադարձություններ են այստեղ ծավալվում: Սա նույնիսկ Հայաստանի հարցը չի, սա շատ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների դրսեւորումն է մեր տարածաշրջանում: Մենք այս խութերի միջով պետք է նավարկենք»,- ասաց պատգամավորը:

Որևէ խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց, թե մեր աչքի առաջ փլուզվում է համոզումը, որ եթե ՌԴ-ն ուզի, այս տարածաշրջանում պատերազմ չի լինի: «Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ ՌԴ-ն կատարելու է ՀՀ առջև ռազմավարական գործընկերոջ պարտականությունները, սահմանային այս միջադեպերը տեղի չէին ունենա: Սահմանային ճշգրտումներն ավարտվել էին պատերազմից հետո, և նոր ճշգրտումների անհրաժեշտություն չպիտի ծագեր, եթե չլիներ նոր էսկալացիայի առիթ և պատուհան, որը կարող էր ստեղծվել Լավրովի Բաքու այցից և ՀՀ-ում ԱԺ արձակումից անմիջապես հետո։ Ըստ էության՝ հիմա մենք գործ ունենք Լավրովի մի նոր պլանի հետ, և ՀՀ պատկան մարմինները պետք է փորձեն հասկանալ, թե ինչ նոր պլան է իրագործվում ՌԴ կողմից»,- հայտարարեց նա։

Իսկ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ քննարկվող թեման ներքաղաքական չէ և անվտանգության հարցը որևէ կերպ չեն օգտագործելու: Նա նաև մյուսներին կոչ արեց նույն կերպ վարվել, քանի որ իր խոսքերով՝ սահմանը Նիկոլ Փաշինյանինը չէ, այլ ՀՀ-ինն է: «Մենք խորհրդարանական և միջխորհրդարանական բոոր կառույցներին արդեն իսկ դիմել ենք: Եթե Ադրբեջանը հետ չգնա, ապա հայկական կողմը չպետք է այս դեպքը հանդուրժի և քայլեր անի: Բազմաթիվ տեղերում Ադրբեջանը զորք չունի, և մենք էլ կարող ենք նույն բանն անել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: