ՀԱՊԿ-ի «անգործությունը» և «հակառուսական պրոպագանդան»՝ Հայաստանի ԱԺ-ում

մայիսի 25, 2021

Մայիսի 25-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսեց մի քանի փորձից. թեպետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկար բոյկոտից հետո ներկայացել էր նիստին, այնուամենայնիվ, նիստի մեկնարկի համար խորհրդարանում անհրաժեշտ քվորում չապահովվեց:

«Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք սպասենք այնքան, մինչև պատգամավորները հավաքվեն և նորից կփորձենք գրանցվել», - հայտարարեց ԱԺ նիստը նախագահող Արարատ Միրզոյանը:

Այս հայտարարությունից հետո դահլիճում մնացած պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, մի քիչ զբաղվեցին հեռախոսներով, հետո, րոպեներ անց Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արդեն գրանցվել է 75 պատգամավոր, կարող են սկսել նիստը:

Հիշեցնենք՝ թեպետ Ազգային ժողովը արձակված է, բայց նրա լիազորությունները, ՀՀ Սահմանադրության համաձայն, շարունակվում են մինչև հաջորդ խորհրդարանի առաջին նիստը:

Քվորումն ապահովվեց, բայց օրակարգի հաստատման ընթացքը բավական երկար տևեց: Այն վերածվեց Հայաստանի սահմանների հարցի քննարկման:

Օրակարգի նախագիծը խորհրդարանին ներկայացրած ԱԺ նախագահին Արման Բաբաջանյանի հարց ուղղեց Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ պահվածքի վերաբերյալ:

«Մենք ամեն օր հավաստիանում ենք, որ Ռուսաստանը իր ռազմավարական դաշնակցի հանդեպ ստանձնած պարտավորությունները պատշաճ չի կատարում՝ Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու առումով», -հայտարարեց Բաբաջանյանը՝ խնդրելով ներկայացնել ռուս գործընկերոջ հետ ունեցած քննարկումները: Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ խորհրդարանական դիվանագիտությունն աշխատում է ուժերի ողջ ծավալով. «Գործադրվում են բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության ուշադրությունը մեր այս չափազանց կարևոր խնդրի վրա սևեռելու ու հնարավոր լուծումներ գտնելու հարցում: Արդյունքները մենք տեսնում ենք հայտարարությունների, բանաձևերի տեսքով»: Ռուս գործընկերների հետ քննարկումները նա որակեց անկեղծ, ազնիվ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործողություններին, Միրզոյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են և հորդորեց պահպանել լավատեսություն:

Սակայն Բաբաջանյանը չկիսեց լավատեսությունը և պնդեց. «ՀԱՊԿ-ն և մասնավորապես, Ռուսաստանը իրենց պատասխանը տվել են՝ նրանք, ըստ էության, ի վիճակի չեն Հայաստանին անհրաժեշտ աջակցություն բերել, և դրան հակառակ՝ մենք անարձագանք ենք թողել հաջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության արված Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի հայտարարությունները»:

Պատգամավորը ՀԱՊԿ-ի «անգործության» թեման շարունակեց նաև մտքերի փոխանակության փուլում: Նա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և փոխարտգործնախարար Ռուդենկոյի հայտարարությունները համարեց ցինիզմ և հավելեց. «Այդ հայտարարությունները հնարավորություն են իրապես ճանաչելու, թե ովքեր են հայ ժողովրդի բարեկամներն ու իրական ախոյանները»:

Թեման շարունակեց «Իմ քայլից» Միքայել Զոլյանը՝ նկատելով, որ միանգամայն արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ անդամ երկրները և ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն, պետք է ավելի հստակ արտահայտվի այս խնդրի շուրջ։ «Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց նաև, որ սա այն դեպքն է, երբ միայն չերևացող աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, և անհրաժեշտ են հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումն այս իրավիճակի շուրջ։

«Հակառուսական պրոպագանդայի տարափը» ստիպեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին տեղից վեր կենալ, մոտենալ ԱԺ ամբիոնին և ելույթ ունենալ՝ պաշտպանելով դաշնակից երկրին. «Հակառուսական պրոպագանդայի տարափը ստիպում է ինձ հիշեցնել, որ ՌԴ-ն, լինելով Հայաստանի Հանրապետության ստրատեգիկ գործընկեր, առաջին հերթին շարժվում է ՀՀ իշխանությունների որոշումների ներքո: Եթե իշխանությունները որոշում են, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չի, ինչ-որ մեկը հույսեր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, պետք է գնանք կռվե՞նք»:

 

Անկախ պատգամավորները՝ օլիգարխների ներկայացուցի՞չ

ԱԺ խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավորների՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Դա նշանակում էր, որ նախագծի՝ ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը պետք է որոշվեր խորհրդարանի քվեարկությամբ:

Նախագծի հեղինակներից Թագուհի Թովմասյանն ամբիոնից ասաց՝ առաջարկում են, որ սահմանամերձ համայնքներում բոլոր ցանքատարածություններում մշակման պարագայում պետությունը երաշխավորի դրանց իրացումը: «Պետք է այնպես անել, որ մարդիկ իրենց աճեցրածը կարողանան վաճառել», -հավելեց պատգամավորը:

«Իմ քայլից» Վահե Ղալումյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը, ասաց, որ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել, քանի որ հեղինակները չեն կարողացել հիմնավորել դրա անհրաժեշտությունը և չեն ձևակերպել, թե ինչպես պետք է վերահսկողություն իրականացնել ու պարզել՝ արդյո՞ք գնվող մթերքը սահմանամերձ բնակավայրերից է, թե՞ ոչ:

Նախագծի մեկ այլ հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյանը, հայտարարեց, որ «Իմ քայլի» պատգամավորները սուբյեկտիվ վերաբերմունք են դրսևորել:

Նախագիծը մերժվեց և ԱԺ լիագումար նիստի օրակարգ չընդգրկվեց:

Այսքանով հանդերձ՝ «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, թե «Իմ քայլից» հեռացած պատգամավորները խորհրդարան են բերել նախագիծ՝ «օլիգարխ հողատերերի» համար:

«Այս օրենքի նախագիծը իրենք բերում են, հետո ինչ-որ քանակով բան են մշակելու այդ սահմանամերձ գյուղերում, հետո ՀՀ քաղաքացիները վճարելու են այդ օլիգարխներին, որ պետությունը գնի նրանց բերքը: Այս նախագիծը վերաբերում է ոչ թե սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այլ այդ բնակիչներին թալանելուն», -հայտարարեց Պապոյանը:

«Մի հատ հըլը լավ մտածեք՝ ում մասին եք խոսում: Եթե երբևէ ես ինձ թույլ եմ տվել նման գործընթացի մեջ լինել, ի տարբերություն Ձեզ և շատերի, ապա այդ խոսքը Դուք կարող էիք ասել, իսկ եթե ոչ, ապա չհամարձակվեք հաջորդ անգամ Ձեզ թույլ տալ ինձ նմանատիպ գործընթացների մեջ ներառել»,- Պապոյանին արձագանքեց Սոֆյա Հովսեփյանը: