Երկրորդ արտահերթը՝ մասնակիցների ռեկորդային թվով

մայիսի 30, 2021

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար մայիսի 26-ին ԿԸՀ հայտ են ներկայացրել 27 քաղաքական ուժ՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։

Երկու ռուսամետ և երկու արևմտամետ

Դաշինքներից մեկը` «Հայաստանը», որը գլխավորում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ձևավորվել է «Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից: Ռ.Քոչարյանից հետո ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՎՀ անդամ Աննա Գրիգորյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքը ձևավորել են «Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները: Նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայրենիք»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը, հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցնում են ՀՀԿ-ականներ Տարոն Մարգարյանը և Աննա Մկրտչյանը:   

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը կազմել են Լևոն Շիրինյանի  «Քրիստոնեա-ժողովրդավարական» և Արման Բաբաժանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունները: Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Ա.Բաբաջանյանը, երկրորդը Լ.Շիրինյանն է, երրորդը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: 

Չորրորդ` «Ազատ Հայրենիք» դաշինքը ձևավորել են Միքայել Հայրապետյանի «Պահպանողական» և Անդրիաս Ղուկասյանի «Հայ կառուցողական» կուսակցությունները: Նախընտրական ցուցակի առաջին եռյակում են Մ.Հայրապետյանը, Ա.Ղուկասյանն ու Աննման Խաչատրյանը:

Այս չորս դաշինքներից առաջին երկուսն իրենց քարոզչությամբ և արտաքին քաղաքական կողմնորոշումներում շեշտը դնում են Ռուսաստանի դաշնության հետ հարաբերությունները զարգացնելու վրա: Մյուս երկուսն իրենց համարում են արևմտյան արժեքների կրող` չբացառելով նաև ՌԴ-ի հետ գործընկերության զարգացումը:

Հները, նորերն ու ՀԱՊԿ-ը

Ընտրություններին մասնակցելու են խորհրդարանական երեք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

«Քաղաքաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երկրորդ հորիզոնականում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, երրորդում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում են պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը:

«Լուսավոր Հայաստանի»  ցուցակի առաջին հորիզոնականում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է, նրան հաջորդում են Արտյոմ Գեղամյանն ու պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող հաջորդ 20 կուսակցություններից մի մասը նախկինում եղել են իշխանության մեջ, մի մասը՝ ոչ: Այս երկրորդ խմբից մի շարք կուսակցություններ էլ ստեղծվել են ընդամենը վերջին մի քանի տարիներին կամ հենց այս տարի՝ ընտրություններին մասնակցելու համար:

Այս անգամ ընտրություններին մասնակցելու է նաև Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է առաջին նախագահը: Երկրորդ հորիզոնականում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդում՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Ինեսա Գաբայանը:

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը կգլխավորի Արամ Զ.Սարգսյանը, երկրորդ հորիզոնականում արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, երրորդում՝ Անի Խաչատրյանը:

Հայաստանի դեմոկրատական և Սոցիալ-դեմոկրատական հնչական կուսակցությունները թեև ընտրություններին կմասնակցեն միասին, բայց ոչ դաշինքի ձևաչափով: Պատճառը, հավանաբար, դաշինքի համար անցողիկ 7 տոկոսանոց շեմը հաղթահարել չկարողանալու մտահոգությունն է: Նրանք կմասնակցեն ՀԴԿ ցուցակով և կձգտեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Ցուցակը կգլխավորի ոչ թե կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, այլև ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը: Երկրորդ հորիզոնականում կլինի ՀԴԿ նախագահ Արամ Գ.Սարգսյանը, երրորդում` ընդամենը մեկ ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը: «Ժառանգությունն» այս ընտրություններին չի մասնակցի:

Ընտրություններին մասնակցելու է նաև «Ազատություն» կուսակցությունը, որի ղեկավարը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է: Դեռ հայտնի չէ, թե ովքեր կան ցուցակում:

Կմասնակցի նաև նորաստեղծ «Ազատական» կուսակցությունը՝ Արցախի պետական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորությամբ: Այս կուսակցության նախընտրական ցուցակի վերաբերյալ նույնպես դեռ տեղեկություններ չկան:

Ներկայացնենք նաև մյուսներին. 

Նորաստեղծ «Արդար Հայաստան»` հիմնադիրը փաստաբան Նորայր Նորիկյան:

«Ազգային օրակարգ»` ցուցակի առաջին երեք թեկնածուները` Արա Հակոբյան, Արա Գասպարյան և Տաթևիկ Հակոբյան:

«Հայաստանի Եվրոպական կուսակցություն»` Տիգրան Խզմալյան, Ռուբեն Հախվերդյան:

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսկցություն»`ցուցակը կգլխավորի կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը:

«Ինքիշխան Հայաստան» կուսակցություն` Դավիթ Սանասարյան, Ժուրեմ Պողոսյան, Նարինե Մարտիրոսյան:

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ Վահե Գասպարյան, Վարուժան Ավետիսյան, Կառա Չոբանյան։

«Հայոց Արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն՝ Խաչիկ Ասրյան:

«Հայոց Հայրենիք» կուսակցություն` Արտակ Գալստյան, Անահիտ Եղոյան, Խաչատուր Նավասարդյան:

«Միասնական Հայրենիք» կուսակցություն՝ Մհեր Տերտերյան:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն՝ Տիգրան Ուրիխանյան, Վարդան Այվազյան, Սոնա Գուլքանյան: Ի դեպ, Տ.Ուրիխանյանն ունինաև իր` «Ալյանս» կուսակցությունը:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն՝ Կարին Տոնոյան, Արսեն Գրիգորյան, Գևորգ Թամամյան:

«Վերելք» կուսակցություն, որի ղեկավարի և նախընտրական ցուցակի մասին դեռ ոչինչ չի հրապարակվել:

Եվս մի կուսակցություն, որի հապավումը լինում է ՀԱՊԿ` «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն:

Նշենք, որ սրանք ընդամենը մամուլով կամ այդ ուժերի հայտարարություններով հրապարակված տեղեկություններն են: ԿԸՀ-ն դեռևս չի մշակել և չի հրապարակել ընտրություններին մասնակցող ուժերի տվյալներն ու ցուցակները:

Աննախադեպ ընտրություններ

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկախ Հայաստանի նախորդ ընտրություններից առանձնանում են մի քանի տարբերություններով։ Նախ, սա երկրորդ անընդմեջ արտահերթ ընտրությունն է, և կարևորը` այն տեղի է ունենում պատերազմում պարտություն կրելուց հետո, և վերջապես, երբեք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի թիվն այսքան մեծ չի եղել։

ԿԸՀ արխիվում պահպանված է ամբողջական տեղեկատվություն 1999-2018թթ. ընտրությունների վերաբերյալ։ Համաձայն այդ տվյալների՝ 1999թ. ԱԺ ընտրություններին մասնակցել են 22 քաղաքական ուժեր` կուսակցություններ ու դաշինքներ, 2003թ.`21, 2007թ.` 23 քաղաքական ուժ: Այնուհետև այդ թիվը գնալով նվազել է, 2012թ.` 9 քաղաքական ուժ , 2017թ.` նորից 9 քաղաքական ուժ և 2018թ.`11 քաղաքական ուժ:

Ոստիկանությունը դեռ չի ամփոփել, թե առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից ու դաշինքներից պատգամավորի քանի թեկնածու է դիմել վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանի կանխատեսմամբ՝ նրանց թիվն անցնելու է 3000-ը: