Քոչարյանի տնտեսական քաղաքականության լավագույն գնահատականը տվել է Տիգրան Սարգսյանը․ Բաբկեն Թունյան

հունիսի 7, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։

- Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեր իշխանությանը քննադատում է նաև տնտեսական քաղաքականությունը տապալելու համար: Ասում է՝ ներդրումներ ընդհանրապես չկան, մինչդեռ կարելի է տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում ապահովել: Ինչո՞ւ չեք անում:

- Ռոբերտ Քոչարյանի տնտեսական քաղաքականության լավագույն գնահատականը տվել է Սերժ Սարգսյանի կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս թվերով ապացուցել է, որ Ռ. Քոչարյանի տնտեսական աճը շինարարական փուչիկի հետևանք էր: Եվ դրա պատճառով ներդրումները գնացին ոչ արտահանելի շինարարական հատվածին, տնտեսության կառուցվածքն այնպես հիվանդացավ, որ 2009թ. ճգնաժամի ժամանակ Հայաստանը տարածաշրջանում ամենախորը անկումն ունեցավ: Ընդ որում՝ հարց է, թե դրա որ մասն էր օտարերկրյա ներդրում: Եվ եթե մենք խոսում ենք երկարաժամկետ հեռանկարների մասին, ապա ցանկացած լուրջ ռեֆորմ իր ազդեցությունն ունենում է 5-10 տարի հետո: Մենք 2018թ. ունեցել ենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ն մարդկային կապիտալի ինդեքսով հետխորհրդային երկրների շարքում նախավերջինն էր: Այսինքն, մենք գիտության և կրթության առումով առաջընթաց չենք ունեցել, ինչը բերում է արտադրողունակության խնդիրների: Եվ եթե մարդիկ քննադատում են, պետք է հաշվի առնեն, որ այսօրվա պատկերը մեծմ ասամբ պայմանավորված է այն որոշումներով ու կարգավորումներով, որոնք ընդունվել ու իրականացվել են 5-10-15 տարի առաջ:

Նաև հավելեմ, որ Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության գնահատականներից մեկն էլ տվել է նույն Ռ.Քոչարյանի գրասենյակը՝ 2014թ., երբ միմյանց փոխադարձ քննադատության էին ենթարկում: Եթե հիշեն միմյանց ուղղված քննադատությունները, որոնք հիմքում օբյեկտիվ թվեր ունեին, այլևս խոսելու տեղ չենք ունենա:

- Ձեր իշխանությունը շատ է բարձրաձայնում, որ ճանապարհներ եք կառուցում, բայց նույն Ռ.Քոչարյանը հակադարձում է, որ իր օրոք էլ են կառուցվել, և որ ինքը Հայաստանը վերածել էր շինհրապարակի: Ու եթե հաղթի ընտրություններում, նորից նույնը կանի: Եթե կա այդ հնարավորությունը, ինչո՞ւ դա դուք չեք անում:

- Նախ հիմա էլ հանրապետությունում շինարարություն կատարվում է: Եվ ոչ միայն ճանապարհաշինություն, այլև բնակարաշինությունն ու այլ օբյեկտների կառուցում, ինչն անցած տարի համաճարակի պատճառով մի պահ սառեցվեց, հիմա մեծ տեմպերով վերականգնվում է: Բայց պետք է հասկանալ, որ միայն շինարարության վրա շեշտը դնելով` տնտեսությունը չի զարգանա: 2000-ականների երկնիշ տնտեսական աճի մեծ մասը պամանավորված էր այդ ոլորտով, բայց եթե այդ ռեսուրսները ճիշտ տեղաբաշխվեին, գնային արտահանելի հատվածին, մենք այսօր կունենայինք բոլորովին այլ որակի տնտեսություն: Նաև ուզում եմ հիշեցնել, որ այդ տարիներին դոլարը կրկնակի արժեզրկվեց` 590 դրամից իջավ մինչև 305 դրամի, ինչն արդյունաբերության և արտահանման համար առաջացրեց լուրջ խնդիրներ:

- Մեկ տարվա տնտեսական անկումից հետո ՀՀ տնտեսությունն ապրիլ ամսվա կտրվածքով 2,6 տոկոս տնտեսական աճ գրանցեց: Կիրականանա՞ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումը, թե տարվա ավարտին կունենանք երկնիշ տնտեսական աճ:

- Տնտեսական աճը կշարունակվի, և մայիսին ավելի բարձր աճ կունենանք: Եթե նոր շոկեր, նոր ֆորս-մաժորներ չլինեն, համաճարակը հաղթահարենք, տուրիզմը սկսի շնչել, մենք կունենանք բավականին բարձր տնտեսական աճ: Ես էլ կուզենամ, որ երկնիշ աճ ունենանք, բայց չեմ կարող ասել, թե դա որքանով կիրականանա:

- Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն չպաշտպանեցի՞ն Հայաստանին, երբ Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններից:

- Ես ակնկալում էի, որ արձագանքը կլինի ավելի արագ, բայց գործընթացը դեռ շարունակվում է: Տեսնենք, թե ինչ կլինի:

- ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից օգնություն չստանա՞լն էր պատճառը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա և Բելգիա՝ Եվրոպայի ղեկավարներին դիմելու համար:

- Չեմ կարող ասել, թե այդ այցերի և ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի գործողությունների միջև պատճառահետևանքային ինչ կապ կա: Այդ երևույթների մասին տարբեր վերլուծություններ են արվում, բայց հետո սկսում են բացատրել, թե ինչու իրենց վերլուծություններն իրականություն չդարձան:

- Նախընտրական հանդիպումներ եք ունենում տարբեր համայնքներում, քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում ձեզ:

- Բնականաբար, դժգոհություն, հիասթափություն կա, կա զգացողություն, որ մարդիկ չեն տեսել իրենց տված խոստումների կատարումը: Պատերազմն էլ ավելի է սրել այդ բոլոր զգացողությունները: Պարզապես կա մարդկանց հատված, որը գտնում է, որ ամեն ինչի մեղավորն իշխանությունն է, բայց կա մարդկանց մեկ այլ հատված, որը փորձում է օբյեկտիվորեն դիտարկել`գիտակցելով ամեն մեկի մեղքի բաժինը: Ես նաև զգում եմ, որ մեր ժողովուրդը հիշողության խնդիր չունի, որքան էլ ժամանակ է անցել: Երբ որոշ մարդիկ խոսում են սկզբունքներից, արդարությունից, արժեքներից, հայրենասիրությունից, պարկեշտությունից, ժողովուրդը հիշում է, թե նրանք իրենց գիտակից կյանքի ընթացքում ինչպես են իրենց դրսևորել: Ժողովուրդը տեսել է, որ մարդն իր ողջ կյանքում աշխատել է պետական համակարգում, բայց դարձել է դոլարային միլիոնատեր ու հիմա խոսում է պատգամավորի ստացած 150.000 հազար դրամ պարգևավճարից: Այո, մարդիկ ցանկանում են, որ այն խոստումները, որոնք իրականություն չեն դարձել, իրականանան: Իսկ թե որքան կվստահեն գործող իշխանությանը, դա ընտրությունների արդյունքում պարզ կդառնա:

- Ո՞վ է ձեր հիմնական մրցակցը, Ռ. Քոչարյանի գլխավորած դաշի՞նքը:

- Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ նա երկրորդն է: Բայց որպես կանոն՝ այդ հարցումների նկատմամբ կա թերահավատություն: Ասեմ, որ նաև սոցցանցերում ակտիվությունից կամ լրատվամիջոցների հրապարակումներով ենք նման դատողություններ անում, բայց դա կարող է խաբուսիկ տպավորություն ստեղծել: Մեզ մրցակից ուժերը տիրապետում են շատ մեծ ֆինանսական և մեդիառեսուրսների, քան մենք: Եվ փորձում են տպավորություն ստեղծել, որ հաղթելու ռեալ շանսեր ունեն: Այդպես ցանկանում են ներգրավել նաև միշտ դեպի հաղթողի կողմը գնացող մարդկանց:
Կա մի վատ տենդենց, որ եթե նախկինում մարդիկ քննադատում էին իրենց մրցակիցներին, հիմա վիրավորում են, անիծում են: Ավելին, վիրավորում են նաև նրանց, որոնք ցանկանում են ընտրել իշխանությանը: Որոշ ուժերի ներկայացուցիչներ այդ մարդկանց անվանում են «ժեխ, զոմբի, հիմար»: Ցանկանում են հոգեբանական ճնշում գործադրել և ընդգծել, որ իրենք էլիտա են: Բայց էլիտա լինելը որոշվում է մարդկանց դաստիարակությամբ, ազնվությամբ, սկզբունքայնությամբ, և ոչ թե պետության հաշվին գումարներ աշխատելով ու տարբեր երկրներում շրջագայելով, լավ ռեստորաններում սնվելով, բրենդային հագուստներ կրելով: Սեփական ժողովրդին հարստահարելով հարստացողն էլիտա չի կարող լինել:

- Դուք չե՞ք կարող ձեր մրցակցների քարոզչությանը դիմանալ, քարոզչության մեջ պարտվո՞ւմ եք:

- Եթե մենք այդ բոլոր զրպարտանքներին պատասխանենք, աշխատելու ժամանակ չենք ունենա: Նոյեմբերից սկսած` ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ աշխատանքներին: Մի կողմից խոսում են մարդկանց սոցիալական վիճակի, ներդրումների մասին, մյուս կողմից բոյկոտում են տնտեսվարողների կյանքը, մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելուն ուղղված նախագծերի քննարկումները: Եվ եթե այնպես է ստացվում, որ իրենց ձայներով է պայմանավորված այդ նախագծի ընդունումը, կարող են դա տապալել: Դրա համար ավելի լավ է աշխատել, թեկուզ քարոզչության մեջ պարտվել: Եվ, իրոք, մենք ունենք աշխատանքը ճիշտ ներկայացնելու խնդիր:

- Բացառո՞ւմ եք, որ այս ընտրություններում նույնպես մարդիկ պետության հաշվին հարստացած այդ նույն միլիոնատերերից ընտրակաշառք վերցնեն ու նրանց ընտրեն:

- Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք գումար կվերցնեն, բայց ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ իր երեխաներն ապրեն քաղաքակիրթ, ժողովրդավար, առողջ երկրում: Ընտրակաշառքով իշխանություն ձևավորելու հետևանքն է եղել, որ մենք հայտնվել ենք այս վիճակում: Մենք կորցրել ենք 20 տարի: Մարդկանց նախ պետք է հասկացնել ընտրակաշառքի իրավական հետևանքները, միաժամանակ բացատրել, որ եթե այսօր վերցրեց այդ 20 կամ 50 հազար դրամը, մեկ տարի անց հարյուր անգամ ավելի շատ տուժելու է թանկ ձեռք բերվող բենզինի, ծառայությունների, անորակ ճանապարհների, տարբեր պետական չինովնիկներին տրվող կաշառքի, չբարձրացված թոշակի տեսքով:

- Ձեզ էլ մեղադրում են վարչական լծակներն օգտագործելու մեջ:

- Եթե նման դեպքեր կան, թող դիմեն դատական համակարգին: Դատական համակարգն այսօր իշխանությանը չի սպասարկում: