Սահմանադրական դատարանը քննում է 4 ուժերի դիմումը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

հուլիսի 10, 2021

Սահմանադրական դատարանում հուլիսի 9-ին մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումի քննությունը։ Այս ուժերը չեն ընդունել ընտրությունների արդյունքները և Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել դրանք։ Գործով զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն էր։

Սահմանադրական դատարանում պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որը ներկայացնում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը։ Այս գործով ներգրավված է նաև երրորդ կողմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որին ՍԴ-ում ներկայացնում են Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Մինչ դատաքննության մեկնարկը ՍԴ-ն որոշել էր բոլոր դիմումները մեկտեղել և քննել մեկ նիստում։ Բարձր դատարանը այս գործը քննելու համար ունի Սահմանադրությամբ սահմանված յոթ օր ժամանակ։ 

Ընտրական վեճի վերաբերյալ այս նիստը նոր կազմով Սահմանադրական դատարանի առաջին բանավոր քննությունն էր, որի ընթացքում ակնհայտ էր ՍԴ դատավորների միջև ներքին հակամարտությունը։ Ընթացակարգային հարցերին հիմնական ընդդիմացողները ՍԴ նախկին նախագահ, այժմ դատավոր Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն էին։

Այս կազմով դատարանում ընտրական վեճի վերաբերյալ գործի քննությունը, ի դեպ, նման չէր նախորդ և շատերի համար սովորական դարձած նիստերին այստեղ դատավորներն ազատորեն հակադարձում, առարկում էին միմյանց, հայտնում էին դիրքորոշումներ, տալիս էին գնահատականներ նիստը նախագահող դատավոր Արման Դիլանյանի որոշումների կապակցությամբ և նույնիսկ ներկայացնում միջնորդություններ։

Առաջին միջնորդությունը ներկայացրեց «Զարթոնք»-ի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը՝ բարձր դատարանին խնդրելով քննել, լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի` նիստին մասնակցելու անհնարինության հարցը:

Նկատենք՝ նույն բովանդակությամբ միջնորդություն Սահմանադրական դատարանը քննարկել էր նաև մինչև այդ իր աշխատակարգային նիստում, որը ներկայացրել էր դատավոր Արևիկ Պետրոսյանը։ Սակայն դատարանը մերժել էր այն որակյալ մեծամասնությամբ: Ի դեպ, Վահե Գրիգորյանն էլ նույն աշխատակարգային նիստում բացարկ էր հայտնել ՍԴ դատավոր Հրայր Թովասյանին՝ նկատի ունենալով ժամանակին նրա առնչակցությունը «Հանրապետական» կուսակցությանը, որը «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում դիմել է ՍԴ։

Ինչևէ, Զոհրաբյանն իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Վահե Գրիգորյանը նախկինում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, հետևաբար, դատավորը կաշկանդված է այդ հարաբերություններով։

«Գտնումենք, որՍԴդատավորՎահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն առկա է, երբ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»,-ասաց Զոհրաբյանը: Իսկ ՔՊ-ն այս գործով հանդես է գալիս որպես երրորդ կողմ։

Այս միջնորդությանը միացավ նաև «Հայաստան» դաշինքը, որի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստերի դահլիճում պնդեց իրենց միջնորդությունը ևս. «Մենք գտնում ենք, որ բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք «Հայաստան» դաշինքի առաջնորդների նկատմամբ, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակի 10 համարներից երեքի նկատմամբ, այդ թվում՝ ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նշված հանգամանքը պայմանավորված է ի թիվս այլ հարցերով, որը ներկայացրել ենք միջնորդության մեջ, որ Վահե Գրիգորյանը, կարելի է ասել, ամեն կերպ պաշտպանում էր Քրեական օրենսգրքի300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը»:

Դատավոր Հրայր Թովմասյանը նիստի մասնակիցներին հուշեց, որ, օրենսդրության համաձայն,նման միջնորդություն այս փուլում Սահմանադրական դատարանում քննության առարկա չի կարող դառնալ. «Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում, այդ փուլը մենք արդեն անցել ենք»:

Իրեն առնչվող միջնորդության վերաբերյալ արտահայտվեց նաև Վահե Գրիգորյանը՝ նկատելով՝ եթե ներկայացված միջնորդության հիմնավորման սկզբունքով առաջնորդվեն, ապա այլ ինքնաբացարկների անհրաժեշտություն էլ կառաջանա: Գրիգորյանը թերևս նկատի ուներ Հրայր Թովմասյանին և նրա երբեմնի կապերը ՀՀԿ-ի հետ։

«Դատարանի որոշելիքն է՝ այս հարցը քննարկել, թե ոչ, բայց ես ամբողջությամբ պատրաստ եմ իմ բացատրությունները ներկայացնել դրա վերաբերյալ, եթե դատարանը կորոշի, որ այս փուլում կարող է նման հարց քննարկել: Բնականաբար, դրան հետևելու են նաև նույնաբովանդակ այլ հարցերի բարձրացում, այդ թվում՝ նաև իմ կողմից: Ընդամենը մի նկատառում, պարո՛ն Զոհրաբյան, քանի որ հանրությունը նույնպես պետք է տեղյակ լինի այս ամենից, և ես չեմ ցանկանում թաքնվել ձևական, և ոչ էլ դատարանը կարող է թաքնվել ձևական պահանջների հետևում և բովանդակային կարևորություն ունեցող հարցերը թողնել անպատասխան, Ձեր բարձրացրած հարցն ամբողջ ծավալով բազմապատիկ ավելի խորությամբ քննարկվել է աշխատակարգային նիստի ընթացքում: Խորհուրդ կտամ ծանոթանալ աշխատակարգային նիստի արձանագրությանը», - դիմելով միջնորդությունը ներկայացրած Արա Զոհրաբյանին՝ ասաց Գրիգորյանը:

ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը առարկեց միջնորդությանը՝ ընդգծելով, որ փաստաբանության մեջ անթույլատրելի է նույնացնել փաստաբանին և իր ներկայացուցչին։

Շուրջ մեկ ժամ քննարկումից հետո Սահմանադրական դատարանը մերժեց Զոհրաբյանի միջնորդությունը։

Այնուհետև դատավոր ԷդգարՇաթիրյանը ներկայացրեց գործի քննության շրջանակներում էական հանգամանքները:

Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշինքն իր դիմումում առանձնացրել է հատկապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները։ Բացի այդ, նշվեց, որ ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվել։ Դաշինքից ներկայացրել են նաև 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքները, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ:

«Զարթոնք» կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը:

«Հայոց հայրենիք» կուսակցությունը դիմումում, որպես էական հանգամանք, մատնանշել է ընտրական գործընթացում ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը չապահովելը, ինչպես նաև վարչական ռեսուրս օգտագործելը։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա վերջինները, բացի արդեն նշվածից, առանձնացրել են վարչապետի պաշտոնակատարի հրապարակային ելույթները, որոնցում, ըստ դաշինքի, ատելության խոսքն է գերակշռել։ Նրանք անդրադարձել են նաև ընտրական գործընթացում դաշինքի անդամների նկատմամբ ճնշումներին և նրանց ձերբակալություններին:

Երկար քննարկվեց նաև հարցը, թե ինչպես պետք է հետազոտել գործի նյութերը, կողմերին որքան ժամանակ տրամադրել դիրքորոշում արտահայտելու համար։ Երբ արդեն ընթացակարգային հարցերի շուրջ եկան համաձայնության, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ներկայացրեց միջնորդություն՝ առաջարկելով նիստին որպես վկա հրավիրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Թովմասյանը, վկայակոչելով քաղաքական ուժերի դիմումները, ասաց, որ դրանցում շատ է բարձրացվում հարցը՝ ինչո՞վ է պայմանավորված եղել հանրապետության նախագահի կողմից, որպես ընտրության օր, վարչապետի՝ նախապես հայտարարած օրը՝ հունիսի 20-ը նշանակելը: «Ես միջնորդում եմ  սույն գործով որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահին, որ այս հարցերի պատասխանը տա, որովհետև նա ուներ փոքրիկ հայեցողություն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել, ոչ շուտ 30-45 օրվա ընթացքում։ Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, իր վրա որևէ հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել այդ օրը, որպեսզի այդ հարցն ընդհանրապես դուրս գա: Հակառակ դեպքում Սահմանադրական դատարանը պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին», - իր միջնորդությունը հիմնավորեց Թովմասյանը:

Ինքը՝ Թովմասյանը, այնուհետև՝ Արևիկ Պետրոսյանը, ՍԴ-ից պահանջեցին միջնորդությանն անդրառնալ հենց նիստի ընթացքում։ Ավելին, Թովմասյանն ասաց,որ եթե այդ պահին չքննարկվեն դրանք, ապա ինքն այդ հարցի հետագա քննարկմանը չի մասնակցի, քանի որ համարում է օրենքի խախտում:

Գործով երրորդ կողմ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ հունիսի 20-ին ընտրություններն անցկացնելու մասին համաձայնությունը կայացել է խորհրդարանական երեք ուժերի և նախագահի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում ու հավելեց․ «Հրայր Թովմասյանը ներկայացրեց, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, որ նախագահը հայտնի, թե իր նկատմամբ ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Նույն տրամաբանությամբ կարող ենք հրավիրել ընտրական գործընթացում մասնակից դարձած ցանկացած պետական մարմնի և հարցնել, թե իր վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ համապատասխան տրամաբանությամբ շարժվելու դեպքում գործի քննությունը կարող է տևել ոչ թե 15 օր, այլ տարիներ, ավելին՝ գործի լուծման համար որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք՝ պարզման ենթակա, ես չեմ տեսնում»:

Դատավորների մի մասը կողմ չէր նախագահին որպես վկա հրավիրլեուն, Վահե Գրիգորյանն ասաց, որ կարելի է այդ հարցի պատասխանն ստանալ նախագահին գրավոր դիմելով։

Ինչ վերաբերում է միջնորդության վերաբերյալ որոշումը խորհրդակցական սենյակում կայացնելուն, ապա դատավորների մեծամասնությունը այդ հարցին կողմ քվեարկեց։

Արդեն հուլիսի 10-ի առավոտյան նիստում Սահմանադրական դատարանը,խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշեց մերժել Թովմասյանի միջնորդությունը նախագահին ՍԴ հրավիրելու մասին։