250 հազար դրամի կարիքը չունեցողները թող վերադարձնեն այն պետբյուջե. Վիկտոր Ենգիբարյան

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ։
-ԱԺ-ն, փաստորեն, ընդունեց պատգամավորի՝ պետբյուջեից տրվող լրավճարը 5 անգամ բարձրացնելու՝ 50 000-ից 250 000 դրամ դարձնելու առաջարկը։ Նախագծի հեղինակներից մեկն էլ Դուք եք։ Ինչո՞ւ եք նման օրինագիծ ներկայացրել, հատկապես որ Դուք անձամբ հաջորդ գումարման խորհրդարանում չեք աշխատելու։
-Այո, ես չեմ լինելու նոր խորհրդարանում։ Եթե լինեի, գուցե չներկայացնեի։ Խնդիրը ինստիտուցիոնալ է, եկեք չնայենք անձնական շահերի տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ պատգամավորական ինստիտուտի ուժեղացման համար անհրաժեշտ են հավելյալ նյութատեխնիկական միջոցներ։ Դա ցույց է տվել վերջին երկուսուկես տարվա մեր գործունեությունը, ինչի համար այս նախագիծն էլ դրել ենք շրջանառության մեջ։
-Նկատի ունեք՝ բենզինի գումար, ճանապարհածախս, ճի՞շտ եմ հասկանում։
-Այդ թվում, բայց նաև տարբեր ծառայությունների գնման հնարավորություն չունի պատգամավորը։ Պատգամավորներից շատերը օրենքներ մշակելու ժամանակ կարիք են ունենում փորձագիտական ծառայություններ գնելու, ըստ պատգամավորի հայեցողության։ Օրինակ՝ Սյունիքից ընտրված պատգամավորները պարտավոր են ամսական 4-5 անգամ այցելել իրենց բնակավայր, մյուսը գործի բերումով ունենում է արտասահմանցի շատ հյուրեր և այլն։ Այս միջոցով մենք փորձում ենք այդ բացը լրացնել։
Ամենակարևորն այն է, որ նախորդ տարվա Ազգային ժողովի բյուջեի համեմատ որևէ հավելյալ ծախս չի լինելու։ Այսինքն՝ այս փոփոխությամբ պետական բյուջեն չի ծանրաբեռնվելու։ Ուզում եմ հիշեցնել, որ 7-րդ գումարման ԱԺ-ն ամենախնայողն է եղել․ անցած տարի միլիարդից ավելի գումար է վերադարձվել պետական բյուջե։
-Տեսակետ կա, որ պատգամավորները պարգևավճար չեն ստանում, և այս քայլով փորձ է արվում փոխհատուցել այդ գումարը։
-Տարբեր տեսակետներ կարող են լինել։ Փաստ է, որ պետական մարմինները ունեն առանձին նյութատեխնիկական և ներկայացուցչական բնույթի ծախսեր, իսկ Ազգային ժողովի պատգամավորներինը շատ ցածր է եղել։ Այդ օրենքը ընդունվել է 2013 թվականին ու, որպես լրավճար, սահմանվել է 50 հազար դրամ։ Եվ հաշվի առնելով ներկայիս ու ապագա Ազգային ժողովի բովանդակությունը, նաև ծանրաբեռնվածությունը՝ այս փոփոխությունը անհրաժեշտ էր։
-Այս հնարավորությունից օգտվելու են հաջորդ գումարման խորհրդարան անցած շատ պատգամավորներ, որոնք ֆինանսական խնդիր չունեն, մեծահարուստներ են, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը և այլն։
-Մենք չենք կարող օրենք ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար միայն։ Սա մի կողմից։ Երկրորդը՝ մարդիկ, որոնք դրա կարիքը չունեն, կարող են հրաժարվել և վերդարձնել պետական բյուջե և երրորդը՝ ի վերջո, բոլոր պատգամավորները իրենց գործունեությամբ, այդ թվում՝ նաև այս օրենքի փոփոխության մասով, կրում են քաղաքական պատասխանատվությունիրենց ընտրողների առաջ։
-Ինչպե՞ս։
-Մյուս անգամ չընտրվելու կամ հակառակը՝ ավելի շատ ձայն հավաքելու տեսքով։ Այսինքն, շատ է հնչում կարծիք, որ այս ծախսերի հաշվետվողականությունը բավականին թույլ է, իսկ ես ասում եմ, որ բավականին բարձր է, որովհետև մենք գործ ունենք ամենակարևոր վերահսկողական ինստիտուտի՝ մեր քաղաքացիների քվեների հետ։
-Դուք ասում եք՝ անհրաժեշտություն է, բայց հանրությունը բուռն քննադատության ենթարկեց այս նախաձեռնությունը, ձեր ընդդիմադիր գործընկերները նույնիսկ բոյկոտեցին և չներկայացան նիստին։
-Կան քննադատություններ, բայց շատ լայն է նաև մարդկանց շրջանակը, որոնք հասկանում են այս փոփոխության իմաստը։ Հատկապես մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ առնչվել են Ազգային ժողովի հետ, ես կարծում եմ, շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Բնավ կարիք չկա մանիպուլացնելու հարցը։
-Շատ լավ, Ձեր մասին․Դուք ինչո՞վ եք զբաղվելու, եթե Ազգային ժողով չեք գալիս։
-Այո, որոշել եմ, ունեմ ծրագրեր, բայց այս պահին չեմ կարող իմ ապագա զբաղմունքը հանրայնացնել։
-Կառավարությունո՞ւմ եք լինելու։
-Չեմ կարող հանրայնացնել։