Ընդդիմադիրները վերցնում են մանդատները

հուլիսի 21, 2021

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ի հուլիսի 17-ի որոշմամբ մնացին անփոփոխ։ Այսպիսով, 8-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կայանալու է օգոստոսի 2-ին, և դրան ընդառաջ՝ ԱԺ անցած ուժերը ճշգրտումներ են կատարում՝ ով է վերցնելու մանդատը, ով՝ հրաժարվելու դրանից։

«Պատիվ ունեմ» դաշինքը մանդատները կվերցնի՝ առանց որևէ ինքնաբացարկի։ Արդյունքում, խորհրդարան կգնան նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, նախկին ՎՊ պետ Իշխան Զաքարյանը, նաև նախորդ գումարման պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ՀՀԿ-ականներ Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը։

«Հայաստան» դաշինքը նույնպես կվերցնի մանդատները, բայց ինքնաբացարկներ եղել են։ Հուլիսի 19-ին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։

Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածու», -հայտարարել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ մանդատից հրաժարվելը չի նշանակում դուրս է գալիս պայքարից։ 

«Ֆրակցիան դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։ Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու», -հավելել է Քոչարյանը։

Բացի Ռոբերտ Քոչարյանից՝ «Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ են հայտնել նաև անկուսակցականներ Մարիաննա Եփրեմյանը և Ալեքսանդր Խաչատուրյանը։ 

ՍԴ-ի որոշումից հետո հայտարարություն տարածեց «Հայաստան» դաշինքը ևս։ Դրանում  նշվում է, որ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը չի հաղթահարվել և ՍԴ որոշմամբ ավելի է խորացել՝ «վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը»։

«Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը», -ասվում է հայտարարության մեջ։

«Հայաստան»-ի՝ քրգործերով անցնող պատգամավորները

Նորընտիր խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժի 5 պատգամավոր մեղադրվում է տարբեր հանցագործություններ կատարելու համար։ Նրանք անցնում են տարբեր քրեական գործերով, սակայն դաշինքում պնդում են, որ իրենց թիմակիցները քաղաքական հետապնդման են ենթարկվում։

Ընդհանրապես, խորհրդարանի պատմության մեջ երևի առաջին անգամ պատգամավորական մանդատ կտրվի մարդկանց, որոնք ԿԸՀ-ի թույլտվությամբ, մինչև գումարման սկիզբը, արդեն զրկվել են ազատությունից՝ կալանավորվել են։ 5-ից երկուսը՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, ղեկավարել են Սյունիքի մարզի Մեղրի և Սիսիան համայնքները։Նրանք դեռևս ընտրություններից առաջ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով 44-օրյա պատերազմում պարտվելու և եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար, ինչի հետևանքով զգալիորեն տուժել է մարզը։

Կենտրոնական իշխանության դեմ ընդվզող համայնքապետերի նկատմամբ քրեական գործերի հարուցումը մեծ թափ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ընդունեցին հայհոյանքներով ուղեկցվող բողոքի ակցիաներով, ճանապարհներ փակելով։

Կալանքի որոշումները դատարանները կայացրեցին ընտրություններից հետո, իսկ դրանց նախորդել էր Փաշինյանի զգուշացումը՝ պողպատյա հեղափոխության ջախջախիչ հետևանքների մասին։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարը զբաղեցնող Մեղրի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը մեղադրվում է չարաշահումներ կատարելու համար, որի հետևանքով ծանր վնաս է հասցվել համայնքին։

«Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, «այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից», -նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։ Զաքարյանն այժմ կալանավորված է։

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին, որը «Հայաստանի» ընտրական ցուցակի 28-րդ համարն է, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նա նույնպես կալանավորված է։

Միանգամայն այլ մեղադրանք է առաջադրվել «Հայաստանի» ընտրական ցուցակի 20-րդ համարը զբաղեցրած Արմեն Չարչյանին, որը նախկինում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Չարչյանը նաև Ռոբերտ Քոչարյանի բժիշկն էր։ Պրոֆեսորը մեղադրվում է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցների հետ Չարչյանի գլխավորությամբ ժողովի ձայնագրությունից մի հատված։ Դրա հիման վրա ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Չարչյանն իր աշխատակիցներին սպառնացել է, որ եթե քվեարկեն գործող իշխանությունների օգտին, արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի»։ Ձայնագրությունում Չարչյանը նաև զգուշացրել էր՝ ով չկատարի իր խնդրանքը, կարժանանա կոշտ վերաբերմունքի և հիշեցրել՝ հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինս չի ուզում, որ իշխանության գա Նիկոլ Փաշինյանի թիմը։ Հուլիսի 21-ին Արմեն Չարչյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Այս դաշինքում մեղադրյալներ են նաև ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող Արմեն Գևորգյանը և 8-րդ համարը զբաղեցնող Սեյրան Օհանյանը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիարդ 46 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Արմեն Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին մեղադրվում էառանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը՝ նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Այս գործերով դատական նիստերը շարունակվում են արդեն մի քանի տարի, սակայն դեռևս վերջնական դատական ակտ չի կայացվել։

«Հայաստան» դաշինքի 29 պատգամավորներից 10-ը Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցությունից են, 11-ը անկուսակցական են, 6-ը «Վերածնվող Հայաստան»-ից, 1-ը՝ ազգային փոքրամասնություններից։