Խորհրդարանական ընդդիմությունը վախենում է բավականաչափ արմատական չլինելուց․ Մարիա Կարապետյան

օգոստոսի 6, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի հետ։

-Տիկին Կարապետյան, ամփոփելով 8-րդ գումարման առաջին շաբաթվա գործունեությունը՝ ի՞նչ տպավորություն ունեք, կստացվի ընդդիմության հետ աշխատանքը։

-Կարծում եմ՝ խորհրդարանական ընդդիմությունը նպատակ ունի Ազգային ժողովում կրկնել հետպատերազմյան ինն ամիսների իր ասելիքը։ Գուցե դրանից հետո կարողանա առաջ շարժվել։ Առհասարակ, քարոզարշավի ողջ ընթացքում նրանք օտարված են եղել սեփական նախընտրական ծրագրի բովանդակային դրույթներից և հիմա էլ օտարված են։

Կամ մի՞թե «Պատիվ ունեմ» դաշինքը կկարողանա, օրինակ, խոսել այն մասին, որ ըստ իր նախընտրական ծրագրի՝ «տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչումը պետք է հիմնված լինի միմյանց հանդեպ վստահության, կառուցողական երկխոսության և իրապես բարիդրացիական հարաբերությունների վրա»։

-Ձեր խմբակցության կողմից հնչեցին բազմաթիվ կոչեր, հորդորներ և նույնիսկ խնդրանքներ կառուցողական դաշտում, առանց վիրավորանքների աշխատելու մասին, բայց դրանք արձագանք չստացան։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը, չե՞ք կարծո՞ւմ, որ խնդիրն իշխող ուժի մեջ է։

-Ոչ, խնդիրը հաստատ կառավարող ուժի մեջ չէ։ Մեր նպատակն ու շահն է ներքին համերաշխության պայմաններում կայունացնել իրավիճակը, ինչպես նաև սպասարկել հանրային շահը, գոհացնել մեր քաղաքացիներին՝ բարեփոխումների օրակարգը առաջ տանելով։

Այդ խորհրդարանական ընդդիմությունն է, որ վախենում է, թե կարող է հանկարծ բավականաչափ արմատական չլինել, հանկարծ կարող է ընկնել նորմալ քաղաքական գործընթացների մեջ։

-Ընդդիմությունն արմատական է տրամադրված և հայտարարում է, թե որևէ հարցում համագործակցության չի գնա իշխանությունների հետ։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայմաններում խորհրդարանական աշխատանքը։

-Խորհրդարանական ընդդիմությունից երկու պնդումն էլ լսել եմ՝ և որ արմատական են լինելու, և որ աշխատելու են։ Նրանց ընտրությունը քիչ կապ ունի մեր նախընտրական ծրագրի իրագործման հետ և առավելապես որոշելու է հենց իրենց քաղաքական ճակատագիրը, կամ ավելի ճիշտ՝ այդ ճակատագիրը կլինի՞ քաղաքական, թե՞ ոչ։

Նրանց կողմից ընթացակարգերի չարաշահումը և սուր ելույթները չեն կարող խանգարել մեզ առաջ շարժվել մեր օրակարգերով։

-ԱԺ երրորդ փոխնախագահ ընտրել հաջողվեց երրորդ փորձից ։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր խմբակցությունը միտումնավոր ձախողեր ընտրությունը։

-Բացառում եմ։ Մենք ցանկանում էինք անհապաղ ձևավորվել Ազգային ժողովի մարմինները և անցնել մեր հիմնական աշխատանքներին։

-Դատելով այս օրերի խորհրդարանական քննարկումներից, ինչպես նաև դրանց ընթացքում նյարդային պոռթկումներից՝ էթիկայի հանձնաժողովի կարիքն այս խորհրդարանում մեծ կլինի։

-Ես հույս ունեմ, որ մենք սահմանադրական փոփոխությունների միջոցով կձևավորենք էթիկայի մշտական հանձնաժողով, քանի որ պատգամավորական բարեվարքությունը ավելին է, քան խոսքի էթիկան։ Այն ներառում է նաև շահերի բախման պայմաններում որոշումների կայացմանը չմասնակցելը, ինչպես նաև այլ պահանջներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել շարունակական վերահսկողություն։

-Ի դեպ, դուք էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով երկար աշխատանք էիք տանում նախորդ գումարման խորհրդարանում։ Ի՞նչ փուլում է գործընթացը։

-Այս պահին աշխատում ենք պատգամավորական էթիկայի կանոնագրքի ստեղծման վրա։

-Նշեցիք հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների միջոցով ձևավորելու հնարավորությունը։ Ձեր խմբակցությունը հիմա չունի սահմանադրական մեծամասնություն, ինչպե՞ս եք դա պատկերացնում։

-Խորհրդարանական էթիկան գործում է, երբ բոլորն են դրան նպաստում։ Բոլոր խելացի և պարկեշտ պատգամավորները հասկանում են, որ խորհրդարանական էթիկային չհետևելը կործանարար կարող է լինել քաղաքական գործչի համար։ Հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը գիտակցում է կամ կգիտակցի, որ ընտրելու է ինքնաոչնչացման և հանրային շահը սպասարկելու միջև։ Թույլ տվեք նաև կասկած հայտնել երկրորդ ընտրությունն ի կատար ածելու նրանց հաստատակամության կամ ունակության շուրջ։

-Տիկին Կարապետյան, վերջերս արտահերթ նիստում իշխանական խմբակցությունը շատ արագ քրեականացրեց հայհոյանքը, և այժմ «Freedom House»-ը հայտարարում է, թե Հայաստանում ճնշվում է ազատ խոսքը և քաղաքական ընդդիմությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս գնահատականին։

-Մեզ համար կարևոր են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականները, կլինի դա տնտեսության, թե մարդու իրավունքների ոլորտում։

Մեր մղումն այդ օրենքն ընդունելիս եղել է հանրային քննարկումների համար առավել հանդուրժող մթնոլորտ ձևավորելը, մարդու ինքնությունը և արժանապատվությունը պաշտպանելը։ Ընդ որում՝ օրենքը պաշտպանելու է բոլոր հանրային գործունեություն իրականացնողներին՝ թե՛ լրագրողական, հրապարակախոսական, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներին, թե՛ հանրային ծառայողներին։

Ես հասկանում եմ, որ կան տարաբնույթ առարկություններ բոլոր այն օրենքների վերաբերյալ, որոնք վերաբերում են խոսքին, բառերի իմաստներին, մեկնաբանություններին, հանրային ընկալումներին։ Սակայն ես համոզված եմ, որ այս օրենքը չի հանգեցնի ո՛չ ազատ խոսքի սահմանափակմանը, ո՛չ էլ առավել ևս քաղաքական ընդդիմության ճնշմանը։ Որովհետև նման բան հնարավոր է, եթե ինչ-որ մեկը զուգահեռաբար զանգի դատավորին կամ դատախազին և հրահանգի, թե ինչը ինչպես մեկնաբանել, իսկ մենք հետևողականորն գնացել և գնում ենք դատավորների և դատախազների անկախությունն ամրապնդելու ճանապարհով։

Վերջ ի վերջո, կա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Հայաստանը անդամ է այդ կարևորագույն միջազգային կառուցակարգի։

-Կարծում եք՝ նման նախաձեռնությունները կզսպե՞ն ատելության խոսքը, վիրավորանքը հանրային, քաղաքական խոսույթում։ Այսինքն՝ նման խստացումները զսպաշապիկ կլինե՞ն։

-Ես համարում եմ, որ այս խնդիրների երկարաժամկետ և լավագույն լուծումը զանազան համայնքներում՝ պատգամավորական, լրագրողական, էթիկայի կանոնների մշակման, քաղաքական առաջնորդության և կրթության ճանապարհն է։