Ազգային փոքրամասնությունները միշտ պետք է լինեն իշխանամետ․ Կնյազ Հասանով

սեպտեմբերի 4, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովի հետ։

-Պարոն Հասանով, որպես Հայաստանում ազգային փոքրամասնություններից քրդական համայնքի ներկայացուցիչ, Դուք, արդեն երրորդ գումարումն է, խորհրդարանում եք։ Խնդրում եմ համեմատեք՝ ո՞ր խորհրդարանում եք Ձեզ լավ զգացել կամ ո՞ր խորհրդարանն է ավելի լավը՝ ըստ Ձեզ։

-Ես կարող եմ ասել, որ ոչ մի տարբերություն չեմ զգացել, բոլոր խորհրդարաններում էլ լավ եմ զգացել, լավ պատգամավորներ են եղել, ջերմ մթնոլորտ է եղել, և միշտ էլ ես ինձ լավ եմ զգացել։ Առանձնապես տարբերություն չեմ գտնում խորհրդարանների միջև։

Միշտ էլ ընդդիմադիր հասկացություն եղել է, և բոլոր խորհրդարաններում էլ ընդդիմադիրները տարբեր են եղել։ Բայց, դե, ընդդիմադիրները ընդդիմադիր են կոչվում, որպեսզի քննադատեն, հարցեր բարձրացնեն ընդդեմ իշխանությունների։ Այդպիսի հասկացողություն նաև նախորդ գումարման խորհրդարաններում է եղել և այսօր էլ կա։

-Ո՞ր գումարման խորհրդարանի ընդդիմությունն է ավելի կոշտ եղել։

-Կոշտ, կոպիտ հասկացողություն չկա, բոլոր ընդդիմադիրներն էլ քննադատում են իշխանություններին՝ տեղին, թե անտեղին։ Բոլորն էլ, եթե մի տեսանկյունից ես նայում, բնական է, որ կոպիտ են, կոշտ են։ Բայց, դե, դա ամբողջ աշխարհով ընդունված հասկացություն է, որ ընդդիմադիրները միշտ քննադատում են՝ մեկը՝ մի քիչ կոշտ, մեկը՝ մի քիչ կոպիտ, բայց ընդհանուր հասկացությունը մնում է նույնը։

-Դուք բոլոր խորհրդարաններում իշխող ուժի հետ եք եղել։ Ինչպե՞ս է ստացվում, որ միշտ իշխանության թիմում եք լինում։

-Դե, բնական է, որ ազգային փոքրամասնությունները միշտ պետք է լինեն իշխանամետ, որովհետև ազգային փոքրամասնությունների համայնքներում կան հարցեր՝ ազգային, կրթական, մշակութային և այլն, չգիտեմ, բոլոր տեսակի հարցերը կապված են իշխանության կամ կառավարության։

Բնական է, որ իշխանության մեջ լինելը ավելի մեծ հնարավորություն է տալիս շփվել իշխանության կամ կառավարության օղակների հետ՝ համայնքային խնդիրները նրանց ներկայացնելու համար։ Իմ կարծիքով, այդպես մեր համայնքներին տանջող հարցերը ավելի հեշտ կլինի լուծել, քան եթե ընդդիմադիր խմբակցության մեջ լինես։Ես նախորդ գումարման խորհրդարանում էլ եմ եղել իշխանական խմբակցության մեջ, և ես ինձ լավ եմ զգացել։ Հիմա էլ լավ եմ զգում։

-Դուք Ձեզ լավ եք զգում, իսկ համայնքը դրանից լա՞վ զգում է։

-Ես ասացի, չէ՞ որ կան համայնքային հարցեր, որոնք կառավարության օղակների հետ հանդիպման ժամանակ ներկայացվում են։ Իմ անձնական զգացումները՝ լավ եմ զգում կամ լավ չեմ զգում, որևէ մեկի համար հեչ բան է։ Կարող է՝ ընդդիմադիր խմբակցության կազմում լինես և քեզ լավ զգաս։ Իմ խոսքը վերաբերում էր համայնքային հարցերի բարձրացմանը։ Բոլորս էլ լավ ենք զգում, որ մեր հարցերը լուծում են ստանում։

Օրինակ, վերջերս ես առաջ քաշեցի Սիփանի ճանապարհի բարեկարգման հարցը այդ ճանապարհը սովետական կարգերից առաջ էր կարգի բերվել, և մինչ օրս անմխիթար վիճակում էր։ Ես այդ հարցը առաջ քաշեցի կառավարության հետ հանդիպման ժամանակ, և շատ հետևողական այդ հարցը լուծվեց, ճանապարհը բարեկարգ է։ Դա հարցի լուծում չէ՞։

Հարցեր են բարձրացվել նաև համայնքի կրթության, ուսում ստանալու, երիտասարդության վերաբերյալ և դրանք ինչ-որ տեղ լուծում ստացել են։

-Խորհրդարանական ընդդիմությունը գործող իշխանությանը քննադատելիս ասում է «Դավաճան» և այլն․․․

-Արի այդքան չխորանանք, դե, բնական է, այս ընդդիմությունը եկել է, փողոցից այդ բառերը բերել է․․․ Ես այդ հարցերին չեմ պատասխանի, որովհետև դրանց մեջ ոչ մի լավ բան չկա։ Դա արդեն ոչ թե կոպիտ խոսակցություն է, այլ թշնամանք, իսկ դա ես չեմ ընդունում ու չեմ պատասխանի այդ հարցերին։

-Դուք դրա մասին խոսել չեք ուզում, բայց այդ թշնամանքը հասավ նրան, որ խորհրդարանի նիստերի դահլիճում ջրի շշեր նետեցին իրար վրա, ծեծեցին իրար։

-Շատ վատ եմ վերաբերվում կատարվածին։ Ամոթ է ուղղակի։ Նստաշրջանի բացման առաջին օրը ես հորդորով հանդես եկա՝ ասելով, որ այսօր հայ ժողովուրդը արտաքին ու ներքին մարտահրավերների առջև է, որ մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող, թշնամական վերաբերմունք չդրսևորենք։ Սակայն, ցավոք սրտի, այնպիսի բաներ կատարվեցին, որոնց համար ես նույնպես ամոթի մեծ զգացում ունեմ

Իշխանությունն էլ ասում է՝ եկեք միասին աշխատենք, մեր երկիրը ուրս բերենք խնդիրների միջից, արտաքին մարտահրավերները թոթափենք։

-Բայց ինչո՞ւ այդ ասվածը չեն լսում։

-Դե հիմա չեն լսում, ես ի՞նչ անեմ, գնամ ստիպեմ՝ լսե՞ն։ Ես կողքից իմ կարծիքն ասում եմ։

Ես կարող եմ ասել մեր՝ քրդական համայնքի կողմից, որ մենք մեզ համարում ենք հայ ժողովրդի մասնիկը և բոլոր կողմերով աշխատում ենք միասին, ծառայում ենք՝ պահպանելու երկրի անվտանգությունը։

Մենք շատ ենք ուզում, որ օր առաջ Հայաստանի անվտանգային միջավայրն ու պաշտպանությունը լավ լինեն։