Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ առանց տեղակալի

սեպտեմբերի 7, 2021

Ընդդիմության թեկնածուին չընտրելու պրատիկան իշխանությունը կիրառում է նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Առաջին նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ փոխնախագահ ընտրվեց միայն 3-րդ փորձից, իսկ սեպտեմբերի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց։ Թեկնածուն դարձյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանն էր։ Առաջին անգամ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը քննարկվել և մերժվել էր օգոստոսի 31-ին։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից միակն է, որ դեռ փոխնախագահ չունի։ Նախագահը, ինչպես 7-րդ գումարման ԱԺ-ում էր, ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն է։

ՔՊ-ի քվեարկությունը չի փոխելու «Հայաստանի» դիրքորոշումը

Առաջին անգամ հանձնաժողովում Արթուր Ղազինյանի թեկնածությունը ներկայացրեց Գեղամ Մանուկյանը, երկրորդ անգամ՝ Արծվիկ Մինասյանը, որը, սակայն, այս հանձնաժողովի անդամ չէ։ Նա խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց «հաշվի նստել ժողովրդի քվեի և այդ քվեով ընդդիմությանը տրված իրավունքների հետ»։ «Ձեր քվեարկությունը որևէ կերպ չի փոխելու պարոն Ղազինյանի վերաբերյալ մեր դիրքորոշումն ու գնահատականը»,- շեշտեց նա։

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, թե գուցե նախորդ նիստում քննարկումն արագ են արել, քանի որ շտապում էին Արցախ։ Այս անգամ ավելի մանրակրկիտ կլսեն ու կտան նոր հարցեր։ Քոչարյանը Մինասյանին հարցրեց, թե որտեղից են առաջացել թեկնածուի հայտարարագրած խոշոր ֆինանսական միջոցները։ Ղազինյանը հայտարարագրել է 500 հազար դոլար, 200 հազար եվրո և 30 մլն դրամ: Նա ունի 2 անշարժ գույք՝ 1 տուն և 1 հողամաս Երևանում ու մի թանկարժեք «Jaguar XJL 3.0» մակնիշի ավտոմեքենա։ «Պարոն Ղազինյանի հայտարարագրի մեջ հսկայական ունեցվածք է նշված։ Նման կենսագրություն ունեցող մարդը չէր կարող բիզնես աշխարհում այդպիսի կարողություն կուտակել։ Գիտական աշխատանքո՞վ։ Հարցեր են առաջանում։ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող նման կարողություն կուտակել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե պաշտոնատար անձանց հայտարարագրերի տվյալների հավաստիությունն ստուգում են իրավասու մարմինները։ «Իսկ մենք կարծում ենք, որ նրա ներկայացրած բոլոր տվյալները հավաստի են»,- պատասխանեց Ա․Մինասյանը։

ՔՊ անդամ Քրիստինե Պողոսյանին էլ հետաքրքրում էր, թե Արծվիկ Մինասյանը կիսո՞ւմ է Ա․Ղազինյանի՝ 2016թ․արտահայտած այն դիրքորոշումը, թե «նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ԼՂՀ-ն դուրս թողնելով բանակցությունների սեղանից՝ գործել է պետական դավաճանություն»։
Ա․Մինասյանը պատասխանեց, թե դժվար ժամանակներում կայացված այնպիսի որոշումները, որոնք մեր պետության համար կարևոր դերակատարություն են ունեցել, վկայում են, որ Ռ․Քոչարյանի որևէ գործողություն չէր կարող ԼՂՀ-ն բանակցություններից դուրս թողնելու վարքագիծ լինել։ «Դուք Ա․Ղազինյանի նման կարծում եք, որ դա արել է ոչ թե Ռ․Քոչարյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը։ Եվ հիմա ասում եք, որ Լ․Տեր-Պետրոսյա՞նն է պետական դավաճանություն գործել»,- արձագանքեց Ք․Պողոսյանը: «Ես չէի ուզենա անդրադառնալ «պետական դավաճանություն» եզրույթին, առավելևս, երբ այն ունի քրեաիրավական գնահատման անհրաժեշտություն»,- պատասխանեց Ա․Մինասյանը։

Որտեղ էր Ղազինյանը պատերազմի օրերին

Ա․Ղազինյանն իր խոսքում անդրադարձավ Ա․Մինասյանին ուղղված հարցերին և ասաց, թե 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, շփվելով ՀՀ քաղաքացիների հետ, հասկացել է, որ «հասարակության մեջ կա խորը կասկած, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն»։ Եվ որոշել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին անդամակցելով՝ բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել մինչև սեպտեմբերի 27-ը, պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի հրադադարից հետո։

Ինչ վերաբերում է հայտարարագրած կարողությանը, շեշտեց, որ 2010 թվականից պետական ծառայության չի եղել և օրենքով արգելված որևէ արարք չի գործել: «Ես ունեցել եմ ազատ ժամանակ, միջավայր, կապեր, որպեսզի կարողանամ դասավորել իմ կյանքը։ Ես դա արել եմ արժանապատվորեն և առանց որևէ բան թաքցնելու։ Մտածել եմ՝ գուցե, արժե՞ր այդ գումարը թաքցնել, բայց ի վերջո որոշել եմ մեր քաղաքացիների հետ անկեղծ լինել և հրապարակել։ Ես չեմ արել որևէ արարք, որ ներողություն խնդրեմ, ես չեմ եղել իշխանության մեջ, օլիգարխիկ համակարգի մաս չեմ կազմել»,- ասաց նա, բայց նորից չբացահայտեց, թե ինչ աշխատանքի դիմաց և ինչ աղբյուրներից է ստացել այդքան գումար։

Ա․Քոչարյանը նրան հորդորեց հարստանալու այդ գաղտնիքը կիսել Հայաստանի բոլոր դասախոսների հետ, որպեսզի նրանք էլ կարողանան մեծ գումարներ վաստակել ու զարգացնել ՀՀ տնտեսությունը: Այնուհետև ընթերցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած այցի մասին Ա․Ղազինյանի գրառումը, թե «սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել»: «Եռաբլուրի խորհուրդը Դուք այսպե՞ս եք հասկանում, երբ երկրի վարչապետը հարգանքի տուրք էր մատուցում զոհերին: Ռ․Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից հետո, որքան ես հիշում եմ, երբեք Եռաբլուր չէր այցելել: Նախընտրական շրջանում գնաց և գնաց նաև Սպարապետի գերեզմանին: Նույն կե՞րպ եք մտածում: Նա ի՞նչ հոգեբանական բարդույթներով է գնացել Սպարապետի գերեզմանին»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը:

Ա․Ղազինյանը պատասխանեց, որ ինքը նշել է «կրիմինոլոգիայի մի թեզ»: Իսկ Ն․Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է պատերազմը կանգնեցնելու առաջարկությունը, թե իրեն դավաճան կասեն, բայց հետո ունեցել ենք հազարավոր զոհեր և տարածքների կորուստ․ «Իմ կարծիքով առնվազն հոկտեմբերի 19-ից հետո ունեցած կորուստների համար պատասխանատու է կոնկրետ մեկ անձ, և դրա համար պատասխանատվությունը ժամանակի հարց է։ Ինչ վերաբերում է Ռ․Քոչարյանի և սպարապետի հարաբերություններին, ես այդ մասին լավ գիտեմ։ Գիտեմ, թե ով է օգնել, որ նա դառնա վարչապետ, ստիպել, որ նախագահը հրաժարական տա, ով է օգնել, որ նա ընտրվի նախագահ»։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հիշեցրեց, որ Ն․Փաշինյանը, երբ նոր էր վարչապետ ընտրվել, Ա․Ղազինյանն իր հարցազրույցներում հիացմունքով էր խոսում նրա մասին։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ վարչապետի հայտարարություններին։ «Երբ Ն․Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ և ուներ հանրային հսկայական աջակցություն, այո, ես ողջունել եմ։ Այսօր էլ կողջունեմ ցանկացած փորձ, որն Արցախը բանակցային սեղան կբերի, և դրա մեջ որևէ ամոթալի բան չեմ տեսնում։ Այլ հարց է, թե հետո ինչ տեղի ունեցավ»,- պատասխանեց Ա․Ղազինյանը՝ շեշտելով, որ Ն․Փաշինյանը ստացել էր բանակցային լավ կապիտալ։

«2017թ. Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ Ադրբեջանը բանակցությունները տանում է փակուղի և պատրաստվում է պատերազմի, որպեսզի հարմար պահի հարցը լուծի ռազմական միջոցով: 2018թ․ապրիլին իր ելույթում ասում էր, թե բանակցությունները մտել են փակուղի: Ինչպե՞ս կարող էր Ն․Փաշինյանը բանակցային լավ կապիտալ ժառանգել»,- հարցրեց ՔՊ խմբակցության անդամ Արփի Դավոյանը։

«Դա ասել է նաև Ալիևը՝ նշելով, թե փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Հիշում եք, նախընտրական շրջանում էլ մի ձայնագրություն հրապարակվեց, որտեղ Փաշինյանը պատմում էր, թե գերտերությունների և ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները երաշխավորել են, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ ես նկատի եմ ունեցել Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի հայտարարությունները, որոնք հայամետ էին»,- պատասխանեց Ա․Ղազինյանը։

«Պարո՛ն Ղազինյան, Դուք որտե՞ղ եք եղել 44-օրյա պատերազմի ժամանակ»,- հարցրեց հանձնաժողովի մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Գագիկ Մելքոնյանը:
Ա․Ղազինյանը պատասխանեց, որ իրեն զինկոմիսարիատից չեն կանչել։ «Գնայիք պարոն Մելքոնյանի մոտ, ասեիք՝ գեներալ, ինձ մի տեղ տուր, գոնե խրամատ փորեմ»,- արձագանքեց Ա․Քոչարյանը:
Մեկ այլ ՔՊ-ական՝ Արմեն Խաչատրյանը հավելեց. «Այս պահին էլ հայ զինվորի վրա կրակում են, ո՞ւր է «բանակի կողքին լինելու» ձեր այդ լոզունգը: Դուք եղել եք ոչ թե բանակի կողքին, այլև զինված հեղաշրջման նախապատրաստման հետևում: Դա այս երկրի հիմքերը կքայքայեր։ Մի անգամ նման բան լիներ, վերջ, դա արդեն կդառնար նախադեպ»։

«Ենթադրյալ հանցագործության մասին խոսելիս՝ խուսափեք պնդումներ անելուց, դա կարող է լավ հետևանք չունենալ: Ես համարում եմ, որ ձեր մասնագիտական փորձը չի բավարարում պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, ես ձեզ դեմ եմ քվեարկելու»,- Ք․Պողոսյանը:

Ա․Ղազինյանի օգտին քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները, ՔՊ-ի պատգամավորները քվեարկեցին դեմ, և նա չընտրվեց։
«Պարո՛ն Ղազինյան, կարծում եմ, որ Ռ.Քոչարյանը կներկայացնի կա՛մ հերթական թեկնածուին, կա՛մ՝ նոր թեկնածուի», - արձագանքեց Ա․Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի երրորդ առաջադրումն ու քննարկումը, համաձայն Դոնթի բանաձևի, անցկացվելու է 5 օրվա ընթացքում։ Շատ մեծ է հավանականությունը, որ այս անգամ էլ քվեարկությունը չի կայանա․ «Հայաստան» խմբակցությունից հայտարարել են, որ նախագահի տեղակալի իրենց միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է, իսկ ՔՊ-ականներն ասում են, որ ոչ մի դեպքում չեն ընտրելու Արթուր Ղազինայնին՝ հիմնվելով իրենց հարցերին տրված նրա պատասխանների վրա։