Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում գլխավոր դատախազությունն Ընտրական օրենսգրքում և ինչո՞ւ

սեպտեմբերի 9, 2021

Հայաստանի գլխավոր դատախազությունը Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ Գերատեսչությունից ասում են՝ փորձում լրացնելհունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջացած իրավական բացը, իսկ ընդդիմախոսները պնդում են՝ դատախազությունը սրբագրում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ թույլ տված սխալները։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում Ընտրական օրենսգրքում և ինչո՞ւ

Այսպես, ՀՀ գլխավոր դատախազությունը առաջարկում է հստակեցնել, որ ընտրացուցակի թեկնածուի կամ մինչև պատգամավորական լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով ԿԸՀ միջնորդություն է ներկայացնում գործով վերահսկողություն իրականացնող դատախազը կամ նրա վերադասը։ Վերջինները միջնորդություն ներկայացնելիս պարտավորվում են ԿԸՀ ներայացնել նաև քրեական գործին առնչվող բոլոր փաստաթղթերը։ ԿԸՀ նախագահը միջնորդության դիմումն ստանալուց հետո անհապաղ հրավիրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դռնփակ նիստ: Այս հարցով հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ԿԸՀ անդամների առնվազն 2/3-ը:

Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Իսկ եթե ԿԸՀ-ն չի տալիս համաձայնություն, ապա նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Այնպես չէ, որ գործող կարգավորումներում չկա ԿԸՀ դիմելու և համաձայնություն ստանալու պայմանը։ Ըստ դատախազության, սակայն, գործող օրենսդրությունում չկա որևէ կարգավորում այն մասին, թե նախաքննակա՞ն մարմինը, թե՞ դատախազը պետք է դիմի նման համաձայնություն ստանալու, ի՞նչ կարգով և ժամկետում պետք է ԿԸՀ-ն քննարկի ներկայացված միջնորդությունը, ովքե՞ր պետք է մասնակցեն դրա քննարկմանը և ի՞նչ որոշում պետք է կայացվի։ 

Բացի այդ, առաջարկվող փոփոխություններով դատախազությունը հստակեցնում է «պատգամավորի թեկնածու» և «մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր» կարգավիճակները, քանի որ, ըստ դատախազության, այդ ձևակերպումներն ունեն տարբեր իրավական բովանդակություն, կարգավիճակի սկզբի և ավարտի տարբեր ժամանակահատվածներ:

«Գլխավոր դատախազը տակից չէր կարող դուրս գալ»

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում այս փոփոխությունները գլխավոր դատախազությունը նախաձեռնել է հունիսի 20-ի ընտրություններից 2 ամիս անց։

Մինչև ընտրությունները՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ՀՀ դատախազությունը ԿԸՀ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց կալանավորելու մասին միջնորդություններ, որոնք բոլորն էլ բավարարվել էին:

Այժմ էլ կալանավորված ենմնում պատգամավորի լիազորություն ստանձնած երկու անձ՝ «Հայաստան» խմբակցության անդամներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը։

Այս պատգամավորների պաշտպանները դեռևս ԸՕ-ում փոփոխությունները նախաձեռնելուց առաջ դիմել էին գլխավոր դատախազություն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Զաքարյանին ու Սարգսյանին։ Հիմնավորում էին, որ ԿԸՀ-ն նրանց թույլ է տվել կալանավորել որպես պատգամավորի թեկնածուներ, մինչդեռ նրանք այժմ պատգամավորներ են՝ Սահմանադրությամբ վերապահված լիազորություններով։

«Դատախազությունից մեզ պատասխանեցին, որ պատգամավորների անազատության մեջ գտնվելը օրինաչափ է, քանի որ նրանք կալանավորվել են մինչև մանդատ ստանալը», -Parliamentmonitoring.am-ին ասում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա մանրամասնում է՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը մանդատ ստանալուց հետո արդեն դառնում են անձեռնմխելի, քանի որ նրանց նկատմամբ սկսում է գործել Սահմանադրության 96-րդ հոդվածը։ Իսկ դա նշանակում է, որ նրանց կալանավորելու համար պետք է համաձայնություն տա Ազգային ժողովը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից միջնորդություն ներկայացնելուց հետո միայն։

Սակայն կալանավորված պատգամավորների պաշտպանների ու դատախազության միջև նամակագրությունից մի քանի շաբաթ անց դատախազությունը Ընտական օրենսգրքում նման փոփոխություններով է հանդես գալիս։

Իրավաբանը հարցեր ունի դատախազությանը՝ եթե ամեն ինչ հստակ էր, ինչո՞ւ Ընտրական օրենսգրքի հենց պատգամավորներին առնչվող դրույթներն են փոխվում, եթե ամեն ինչ հստակ չէր, ապա կարելի՞ է դատախազության այս նախաձեռնությունը դիտարկել որպես ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ Զաքարյանը և Սարգսյանը ապօրինի են անազատության մեջ։

«Նման սրբագրումները դատախազությանը չեն օգնի, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածը աներկբա պնդում է՝ ԱԺ պատգամավորը կարող է կալանավորվել բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ», -ընդգծում է Հայրապետյանը։ Իրավաբանը վստահ է՝ գլխավոր դատախազությունը և հենց գլխավոր դատախազը փորձում են շրջանցել Սահմանադրության 96-րդ հոդվածը՝ չներկայանալով Ազգային ժողով, չներկայացնելով Սարգսյանին ու Զաքարյանին առչվող քրեական գործերը ու խուսափելով պատգամավորների հարցերից։

«Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի գործերը, մեղմ ասած, ջուր են, և այնտեղ հնչելու էին այնպիսի հարցեր, որոնց տակից գլխավոր դատախազը չէր կարող դուրս գալ», -ընդգծում է իրավաբանը։

Ընտրական օրենսդրության փոոփոխություններ՝ ընտրությունից առաջ և հետո

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությունը այս փուլում՝ ընտրություններից երկու ամիս անց, տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ մյուս ընտրությունները սպասվում են հինգ տարի հետո։ Առաջին հայացքից այս փոփոխության հրատապությանհարցն անհասկանալի է։

Սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Parliamentmonitoring.am-ին ասում է՝ հրատապության որևէխնդիրչկա:

Նրա խոսքով, գլխավոր դատախազության գործունեության ուղղություններից մեկն էլ իր սահմանադրական գործառույթների իրականացման խնդիրների լուծման համատեքստում ուսումնասիրություններ կատարելն է՝ ելնելով պրակտիկայում առաջացող խնդիրներից, և արդյունքում հանդես է գալիս օրենսդրական փոփոխությունների, լրացումների առաջարկություններով:

«Այս մեկ ամսվա ընթացքում դատախազությունն արդեն օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների երեք փաթեթ ՀՀ արդարադատության նախարարությանն ուղարկելու վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել, ու այլուղղություններով ևս մշակումներ տեղի են ունենում: Նախորդ տարի, եթե չեմ սխալվում, 16 նման նախաձեռնություն է իրականացվել», -ընդգծում է Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է ԸՕ-ում փոփոխություններին, ապա, ըստ դատախազության ներկայացուցչի, տվյալ դեպքում խնդիրը պայմանավորված է նրանով, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություներ էր ներկայացնում ընտրական տարբեր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող՝ կուսակցություների կամ կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընգրկված անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձանություն տալու նպատակով, պարզ դարձավ, որ դրա ընթացակարգերի ապահովման հետ կապված խնդիրներ կան:

«Օրինակ՝  եղել են դեպքեր, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ԿԸՀ-ն չէր կարողանում միջնորդությունների քննարկման նիստ հրավիրել, իսկ քրեական հետապնդման մարմինները կաշկանդված են անձին ձերբակալված պահելու 72-ժամյա ժամկետով, և այդ ժամկետներն ընդհուպ մոտեցել էին: Եվ դա տեղի էր ունենում այն պատճառով, որ օրենքը որևէ հստակություն չուներ՝ միջնորդությունների քննարկման ժամկետների վերաբերյալ», -նշում է դատախազի խորհրդականը:

Բացի այդ, նրա խոսքով, օրենքի կարգավորումները ուսումանսիրելիս նաև պարզ է դարձել, որ անհրաժեշտություն կա հստակեցնել այն իրավասու մարմնին, որը կարող է միջնորդություններ կայացնել ԿՀԸ, ինչպես նաև ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնց հիման վրա նիստի ընթացքում մեղադրյալ անձինք կկարողանան ներկայացնել իրենց իրավունքները։

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում, ինչից հետո միայն կներկայացվի կառավարության դատին։ Այստեղ հաստատվելուց հետո փաստաթուղթն ԱԺ-ում կդրվի շրջանառության մեջ։