Հանրային ծառայողը դառնում է պատվաստումների ռիսկի առաջին կրողը, բայց ոչ թույլ օղակը․ Հերիքնազ Տիգրանյան

սեպտեմբերի 13, 2021

Հարցազրույց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ։

-Արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ է կատարել, որն այժմ հանրային քննարկման է դրված։ Նախագիծն արդեն քննադատվել է, քանի որ դրանով հանրային ծառայողի համարպատվաստումը դառնում է պարտադիր, իսկ չպատվաստվելու դեպքում նա կազատվի աշխատանքից։ Խնդրում եմ մեկնաբանել՝ ի՞նչ նախագիծ է սա։

-Այո, հանրային քննարկման դրված նախագիծը վերաբերում է հանրային հատվածի աշխատողներին, այսինքն՝ հանրային ծառայողներին ու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց։ Նրանց տրված է ընտրության հնարավորություն՝ կամ անձը որոշում է պետության հաշվին՝ անվճար պատվաստվել, կամ, եթե չի ուզում պատվաստվել, իր միջոցներով պետք է թեստավորվի ևթեստը՝ բացասական արդյունքով ներկայացնի աշխատավայր՝ որպես ապացույց՝ կորոնավիրուսի առկայության կամ բացակայության։

Սա, ըստ էության, հանրային առողջության պահպանությանն ուղղված միջոցառում է, որը այս պահին միակ միջոցն է համավարակը կանխելու կամ տարածման տեմպը նվազեցնելու ուղղությամբ։ Այս դեպքում մենք հանրային ծառայողին ոչ թե մեկ ելք ենք տալիս, այլ տալիս ենք ընտրության հնարավորություն՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ ներկայացնել բացասական արդյունքով թեստի պատասխան։

Այս կարգավորումը չի տարածվում Հայաստանի բոլոր աշխատողների վրա, այսինքն՝ մասնավոր հատվածի աշխատողներին այս փոփոխությունը չի վերաբերում այն պարզ պատճառով, որ հանրային ծառայողը ինքն իր վարքագծով պետք է շատ ավելի օրինակելի լինի մյուս քաղաքացիների համար։ Պետական քաղաքականությունը համավարակի դեմ պայքարում այս լուծումներն է առաջարկում, և սա է լավագույն մեթոդը՝ երկրում ի վերջո համավարակը հաղթահարելու հարցում։

-Ստացվում է՝ հանրային հատվածը կամ պետական ծառայողները թույլ օղակ են դառնում, և խտրականություն է դրվում, օրինակ, մասնավոր հատվածում աշխատողների համեմատությամբ։ Այնպես չէ՞։

-Ոչ թե թույլ օղակ են դառնում, այլ, կարող ենք ասել, դառնում են առաջին ռիսկը կրողը՝ ըստ այդ կարգավորումների։ Բայց, մյուս կողմից, էլ մենք այստեղ կամ հանրային աշխատողի մասնավոր աշխատանքային իրավունքն ենք պաշտպանում, կամ հանրային առողջությունն ենք պաշտպանում՝ որպես գերակա շահ։

Այս կարգավորումը սկսում ենք հենց հանրային աշխատողներից այն պարզ պատճառով, որ իրենք, եթե համալրել են պետական ապարատը, նշանակում է՝ իրենք իրենց քաղաքական վարքագծով պետք է խրախուսեն պետական քաղաքականությունը։

Եթե հանրային ծառայողի գաղափարախոսությունն ու գործելաոճը հակասում է ոլորտում վարվող պետական քաղաքականությանը, նշանակում է նա հանրային պետական ապարատի հետ ուղղակի առնչություն չպետք է ունենա։ Սա այն դեպքը չէ, որ մենք խոսենք կարծիքի բազմազանության մասին, սա հանրային առողջությանն ուղղված պետական միջոցառում է, և հանրային ծառայողը ինքը պետք է լինի առաջին ջատագովն ու տարածողը։

-Բայց դա հի՞մք է, որ նա ազատվի աշխատանքից։

-Չենք ազատում աշխատանքից չպատվաստվելու համար։ Ազատում ենք, եթե նա առաջին պայմանը չի կատարել՝ այսինքն, չի ցանկացել պատվաստվել։ Խոսքը այն դեպքերի մասին չէ, երբ պատվաստումն իրեն հակացուցված է՝ առողջական խնդիրներից ելնելով։ Բոլոր նրանց, ում ցուցված է պատվաստում, բայց հրաժարվում են և չեն պատվաստվում, չեն ազատում աշխատանքից, կա այլընտրանք՝ 2 շաբաթը մեկ ներկայացնել թեստ՝ բացասական արդյունքով։ Սա իր համար կլինի ֆինանսական բեռ։

Եթե անձը հրաժարվում է անվճար պատվաստումից, ուրեմն, պետք է կրի ֆինանսական զրկանքներ։ Եթե անձը հրաժարվում է նաև թեստ հանձնելուց, ապա գործատուն, այս դեպքում՝ պետությունը, պետք է զգուշանա նրան աշխատավայր ներս թողնելուց, որովհետև չկա երաշխիք, որ նա վարակված չէ։ Այդ հիմքով աշխատանքի չներկայանալու դեպքում է դրվում աշխատանքից հեռացնելու հարցը, ոչ թե՝ որովհետև չի պատվաստվել։

-Դուք, ճիշտ է, Ձեր պատասխաններում որոշակիորեն խոսում եք այդ մասին, բայց, այդուհանդերձ, մի տեսակ անարդարության տարրեր չկա՞ն հանրային ծառայողի նկատմամբ։

-Առաջին տպավորությամբ, զուտ ընկալման մակարդակում, այո, մտածում են, որ դառնում են խոցելի՝ իրավունքի պաշտպանվածության առումով, և մենք կարծես թիրախավորում ենք իրենց։ Բայց մարդը, որը տվել է համաձայնություն լինել հանրային ծառայող, պետք է շատ ավելի գիտակցեր այլ խոցելիություն․ օրինակ՝ քննադատության հանդեպ ավելի հանդուրժող լինելու մասին, իր գույքի, եկամուտների մասին տեղեկատվությունը հանրային դարձնելու վերաբերյալ։

Այսինքն՝ ինքը գիտե, որ կրում է որոշակի ռիսկեր, որը չունի սովորական քաղաքացին, որովհետև ինքը պետության աշխատողն է, ոչ թե մասնավոր ինչ-որ կազմակերպության։ Պետության մոտ վարձու աշխատող լինել, նշանակում է կրել ռիսկեր, սա էլ այդ ռիսկերից մեկն է։

-Առաջարկվող նոր կանոններից կան բացառություններ, օրինակ՝ վարչապետը, Դուք՝ որպես ԱԺ պատգամավոր, Ձեր գործընկերները և շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց դեպքում պարտադիր պահանջ չի դառնում կովիդ-պատվաստումը։ Ինչո՞ւ։

-Դրանք այն քաղաքական պաշտոններն են, որոնց ազատման մեխանիզմը չի սահմանվում։ Այսինքն՝ առաջարկվող հիմքով ազատումը Սահմանադրության հետ խնդիր կունենա։ Պատգամավորի հետկանչման ինստիտուտը, մանդատը վայր դնելու ինստիտուտը սահմանված է Սահմանադրությամբ։

Կարգավորման շրջանակից դուրս պաշտոնյաներին պաշտոնից ազատելու սահմանադրաիրավական նորմերը կխախտվեն, եթե այս դրույթը տարածվեր նրանց վրա։ Նրանց աշխատանքից ազատումը կարգավորված է Սահմանադրությամբ, և եթե բացառություն չարվեր, ապա խնդիրներ կունենայինք Սահմանադրության հետ։

Բայց այդ պաշտոնյաների շրջանում գրեթե 80 տոկոսն արդեն պատվաստված է։

-Տիկին Տիգրանյան, հանրային ծառայողների մասով փոխվում է օրենքը, նոր կարգ է ներդրվում, որ այդ հատվածի շուրջ 250 հազար աշխատողները պատվաստվեն, գործընթացն առաջ գնա։ Ի՞նչ պետք է արվի մասնավոր սեկտորի հետ, ի վերջո, նրանք ավելի շատ են, քան պետական ապարատի աշխատողները։

-Տեսեք, սովորական քաղաքացին միշտ նայում է՝ իսկ ի՞նչ է անում պետական ծառայողը։ Այս կամ այն վարքագիծը, երբ քաղաքացուց պահանջում ես, ինքը մատնացույց է անում ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորող պետական ծառայողին։ Հանրային հատվածում, եթե անգամ 200-250 հազար են և բոլորը պատվաստվում են, նրանք իրենց վարքագծով օրինակ են դառնում սովորական քաղաքացու համար։ Սա կարող է լինել զուտ օրինակ ծառայելու մեխանիզմ։

Կա առողջապահության նախարարի հրաման, որի համաձայն բոլոր կազմակերպություններում պետք է կամ պատվաստվել, կամ 2 շաբաթը մեկ կորոնավիրուսի թեստ ունենալ՝ բացասական արդյունքով։ Եթե այդ պրոցեսների արդյունքում պատվաստումների աճի դրական տենդենց չնկատվի, գուցե հետագայում հանրային ծառայողին վերաբերող նշված կարգավորումները տարածվեն նաև մասնավոր հատվածի վրա։ Բայց այս պահին պետությունը գնում է աստիճանական ճանապարհով․ նախ՝ օրինաչափ վարքագիծ և կոշտ քաղաքականություն վարել հանրային հատվածի հետ։

-Այդուհանդերձ, Դուք այս ամենի մեջ պարտադիր պատվաստման բաղադրիչ տեսնո՞ւմ եք։

-Ոչ, կներեք, չեմ տեսնում, որովհետև մեկ լուծում տրված չէ։ Կա ընտրություն, այսինքն՝ անձին տրված է ընտրության հնարավորություն։ Եթե լիներ միայն պահանջ՝ պատվաստվում ես ու նոր գալիս ես գործի, ապա դա կլիներ շատ կոշտ կարգավորում և միջամտություն մարդու աշխատանքի կամ հանրային ծառայության հավակնելու իրավունքին։ Բայց նաև տրված է ընտրելու հնարվորություն, հետևաբար, ընտրիր՝ ո՞րն ես ուզում՝կամ պատվաստվել, կամ թեստավորվել։

Բայց եթե դու չես ուզում պատվաստվել կամ չես թեստավորվում, իսկ պետության առջև կա մարտահրավեր, ուրեմն, պետք է մտածել աշխատանքը չկորցնելու մասին։ Ի վերջո, մարդիկ, որոնք բողոքում են պատվաստվումից ու թեստավորումից ու որոշում են ճամփորդել, ոչ մի երկիր չի ընդունի նրանց, եթե չունեն պատվաստում։ Եվրոպական շատ երկրներում անգամ զվարճանքի վայրերն են փակվում չպատվաստվածների առաջ։