ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ Սյունիքի և Արցախի հարցերը քննարկվեցին օրակարգից դուրս

սեպտեմբերի 13, 2021

Նստաշրջանի առաջին նիստն սկսվեց Սյունիքով

Սեպտեմբերի 13-ին աշխատանքն սկսեց 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։ Օրակարգում ընդամենը 3 հարց էր, բայց ինչպես գրեթե բոլոր նիստերում՝ պատերազմից հետո, այս անգամ էլ նախ քննարկվեցին օրակարգում չընդգրկված, բայց հանրությանը անհանգստացնող հարցեր։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պահանջեց ԱԺ հատուկ նիստ հրավիրել ու քննարկել Սյունիքում Ադրբեջանի անօրինական գործողությունները, և քննարկմանը հրավիրել ոչ միայն ԱԱԾ տնօրենին, այլև ՀՀ գլխավոր դատախազին և ՊՆ-ի պատասխանատուներին։ Հիշեցնենք, որ Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում նախօրեին Ադրբեջանի ոստիկանությունը հսկիչ կետ էր տեղադրել և ստուգում է իրանական բեռնատարների վարորդներին:

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ արդեն 5 ամիս՝ Ադրբեջանը ներխուժել է Վերին Շորժայի և Սև լճի տարածք, ու հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունք են տվել նրանց այնտեղից հանելու բանակցությունները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ձևակերպել հատուկ նիստ հրավիրելու առաջարկները ու ներկայացնել քննարկման։

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Սյունիքում, ու դրա նախորդ դեպքերն ունեն մեկ պատճառ՝ չկար որևէ միջազգային փաստաթուղթ, որի հիման վրա ադրբեջանական միավորները կարող էին հայտնվել այդ հատվածում: Պարզապես այդ հատվածը գաղտագողի տրվել է ադրբեջանցիներին»,- հավելեց նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:

Աննա Գրիգորյանն էլ հայտարարեց, թե հարցապնդումներ է ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ հասկանալու համար, թե Որոտանի ճանապարհի շահագործումն ու երթևեկությունն ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվեն, և այդ հատվածում անվտանգության ինչ երաշխիքներ պետք է գործեն: «Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, որտեղ գրված է, որ իմ հնչեցրած հարցերն իրենց լիազորությունից անդին են: Այսինքն՝ ՊՆ-ն պատասխան չունի, իսկ մարզպետը երեկ ասում էր՝ ադրբեջանցիներն իրենց տարածքում են կետ դրել, մի՛ անհանգստացեք, ռուսներն էլ էնտեղ են: Բա դուք ինչի՞ համար եք: Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք»,- հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը:

«Հայաստան»-ի նախագիծը մերժվեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քվեարկությանը չմասնակցելով, մերժեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվանումը փոխելու՝ ընդդիմադիր «Հայաստանի» նախագիծը։ Նրանք առաջարկում էին Արտաքին հարաբերություններից հետո ավելացնել «և Արցախի հարցերի» կապակցությունը՝ ունենալով Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով։ Նախագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ՝ մերժվեց, մինչ դա՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրան դրական եզրակացություն չէր տվել։

Ավելի վաղ՝ առաջին նստաշրջանի ընթացքում, երբ քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես էին եկել Արցախի հարցերով զբաղվող առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկով, որը մեծամասնությունը չէր ընդունել։

«Հայաստան» խմբակցության նոր նախագիծը ներկայացրեց պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Այսօր տարածաշրջանում և Արցախի խնդրին առնչվող ունենք բոլորովին նոր իրավիճակ: Եթե նույնիսկ այս իրավիճակում չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր օրենսդրության մեջ, կամ այն չկա որևէ հանձնաժողովի գործառույթներում, ապա այս նահանջող գործելաոճը վկայում է ոչ թե խելամտության, այլ անկամության, թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին կոչ անելով քվեարկելուց առաջ ևս մեկ անգամ մտածել, և եթե անհրաժեշտ է, 20 րոպե ընդմիջում վերցնել: 

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հակադարձեց, թե նախագծով առաջարկվող լուծումների մի մասն առկա է ՀՀ և ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի գործառույթներում, և սխալ է դրանք տեղափոխել մշտական հանձնաժողով: Ասաց, թե առաջարկվող լուծումների մի մասն էլ արդեն ընդգրկված են ԱԺ արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների գործառույթներում: «Նախագիծը չէր լուծում ոչ մի հարց այն ավելի շատ անցյալին էր միտված և ոչ թե ապագային»,- հավելեց նա:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց «Արցախն անցյալ չէ, ապագա է» և 20 րոպե ընդմիջում վերցրեց: Այնուամենայնիվ ՔՊ-ն կողմ չքվեարկեց, իսկ նախագիծը ստացավ միայն ընդդիմադիր պատգամավորների 30 ձայնը և նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց: 

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ՝ մեծամասնությունը մի բան ասելու և բոլորովին այլ բան անելու դասական օրինակ է տալիս։ Նա նշեց, որ Վլադիմիր Վարդանյանի հիշատակած՝ ՀՀ և ԱԽ միջխորհրդարանական հանձնաժողովը 2020թ. ԱՀ ԱԺ ընտրություններից հետո որևէ նիստ չի անցկացրել: «Այսքանից հետո դուք մերժում եք ընդհանրապես Արցախ անունը: Արցախի 30 ամյակն ենք նշում այնքան ցածր մակարդակով, որ երբեք այդպես չի նշվել: Այսքանից հետո կա ողջամիտ կասկած, որ դուք ուզում եք Արցախից հրաժարվել»,- ասաց նա:

«ՀՀ-ԱՀ հանձնաժողովն անխափան գործել է: Ես պատիվ եմ ունեցել լինել դրա անդամ: 2020թ. Երևանում տեղի է ունեցել նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30 ամյակին: Իսկ երբ ասում եմ, ձեր օրակարգը վերաբերում է անցյալին, դա չի նշանակում, որ Արցախը անցյալ է»,- հակադարձեց Վ.Վարդանյանը:

Նշենք, որ այս նախագծի և Սյունիքի դեպքերի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լուռ էր: 

Տիգրան Մուկուչյանը նախկի՞ն է, թե՞ ներկա

Օրակարգային առաջին հարցը, որն սկսեց քննարկել խորհրդարանը, ԿԸՀ գործունեության մասին հաղորդումն էր։ Այն ներկայացնում էր հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս ներկայացրեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, ընտրական և հետընտրական փուլերում կատարած աշխատանքները: Ասաց, որ այս ընտրություններն էականորեն տարբերվում էին նախորդ համապետական ընտրություններից՝ նախ համաճարակով պայմանավորված:

Պատգամավորներին, սակայն, այլ հարցեր էին հետաքրքրում: Արեգնազ Մանուկյանը հարցրեց, թե ընտրությունների համար զինծառայողների ցուցակը կազմելիս ԿԸՀ-ն մասնակցություն ունի՞, թե՞ գործընթացն ամբողջապես ՊՆ-ի տիրույթում է: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե ՊՆ-ից ԿԸՀ-ին ցուցակների տրամադրում նախատեսված չէ: ՊՈԻ-ից Տիգրան Աբրահամյանին էլ հետաքրքրում էր, թե զինվորականների մասնակցությունն ինչ ազդեցություն է ունեցել քվեարկության արդյունքների վրա: ԿԸՀ նախագահն նկատեց՝ տեղի՞ն է այսօր խոսել հնարավոր ազդեցության մասին, եթե Սահմանադրական դատարանը մանրամասն քննել է հարցը և իր որոշմամբ վերջակետ դրել:

ՊՈՒ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ խնդրեց հստակեցնել, թե արդյո՞ք Տ.Մուկուչյանի պաշտոնավարման ժամանակ բոլոր ընտրություններն անցել են արդար և թափանցիկ: ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ «դրանք եղել են օրենքին համապատասխանող»: «Բոլոր ընտրությունների վերաբերյալ իմ կարծիքը ներկայացրել եմ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ իմ կարծիքով իրականացված ընտրությունները համապատասխանել են ԸՕ պահանջներին»,- պատասխանեց Մուկուչյանը:

«Ո՞ր ընտրություններն են, ի վերջո, կեղծվել: Դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն: Եվ մենք, ի վերջո, հասկանանք՝ Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն, թե՞ արդեն եկած ապագան եք»,- հարցրեց պատգամավորը: «Ես ԿԸՀ նախագահն եմ»,- ասաց Տ. Մուկուչյանը:

Անդրադառնալով ընդդիմության ելույթներին` ԱԺ նախագահն ասաց, թե ՊՈՒ-ի ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, որ նախկին ընտրությունները կեղծված չեն եղել, մինչդեռ հասարակությունը վստահ է, որ կեղծվել են: Նա հավելեց, որ Հայաստանում 1996թ. մինչեւ 2018թ. բոլոր ընտրությունները եղել են կեղծված, թերևս բացառություն կարող է լինել 1999թ. Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի օրինակը։

 Տ.Մուկուչյանն էլ հայտարարեց, որ ԿԸՀ-ն միշտ հավատարիմ է եղել բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց ներկայացուցիչների հետ համագործակցությանը: «Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք համագործակցություն խորհրդարանի հետ, հատկապես ներկայացված առաջարկությունների և դրանց քննարկման համատեքստում»,- եզրափակեց նա:

Օրվա ավարտին ԱԺ-ն սկսեց քննարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:  Համապատասխան մրցութային խորհրդի հայտարարած մրցույթի արդյունքում այդ պաշտոնում ընտրվելու համար որպես թեկնածու հաղթել է Մարիամ Գալստյանը:

Լիագումար նիստին զուգահեռ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և երրորդ անգամ մերժեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: