Բոլոր նախարարները հավասար պարգևավճարներ են ստացել․ Զարուհի Բաթոյան

սեպտեմբերի 21, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ

- Տիկին Բաթոյան, ընդդիմությունն ու պատերազմի զոհերի հարազատները քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելու համար, թե Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի առիթով «գունագեղ միջոցառում» է կազմակերպվելու: Չե՞ք կարծում, որ պատերազմի մեկ տարին դեռ չլրացած` «գունագեղ միջոցառում» անցկացնելը տեղին չէ:

- Վարչապետն ասել է, թե այդ բառի տակ ինչ է նկատի ունեցել։ Զոհերի ծնողներն էլ կառավարությունում հանդիպումից հետո ասել են, որ իրենց համար ամեն ինչ պարզ է: Ես, կարծում եմ, հաղորդակցման, տեղեկատվության նկարագրության խնդիր է եղել, որը, վստահ եմ, լուծվել է: Այդ քննադատություններն անտեղին էին, քանի որ հեղափոխությունից հետո կազմակերպված միջոցառումները, նվիրված լինեն անկախության տոնին կամ Եղեռնի հիշատակին, իրենց կազմակերպվածությամբ, զսպվածությամբ, որակով մեծապես տարբերվել են նախորդներից:

- Չունե՞ք մտավախություն, երբ դուք կմասնակցեք այդ միջոցառմանը, որոշ ծնողներ կամ հասարակական-քաղաքական շրջանակներ կփորձեն խանգարել:

- Ոչ, չունեմ, որովհետև շատերը հարցեր բարձրացնելիս, աղմուկ անելիս խոսում են ծնողների անունից, բայց նրանք որևէ կերպ այնտեղ ներկայացված չեն եղել: Իհարկե, յուրաքանչյուր ծնող ունի հարցեր տալու, անհամաձայնություն հայտնելու իրավունք, և չեմ բացառում, որ կլինեն այդպիսիք, բայց չեմ էլ կարծում, որ այդ միջոցառմանը խանգարելը կամ տապալելը նրանց համար առաջնահերթություն է:

- Ձեզ նաև քննադատում են, որ անկախության 30 ամյակի առիթով ԱԺ նախագահը պատգամավորներին նորից պարգևավճար է տվել, մինչդեռ կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնք առաջացել են նաև պատերազմի ու համաճարակի պատճառով:

- Դա չի համապատասխանում իրականությանը։ Պարգևավճարը միայն պատգամավորներին կամ պաշտոնյաներին չի տրվել, այլ պետական համակարգի բոլոր աշխատողներին։ Նրանց մի մասը տասնյակ տարիներ, մի մասը` գուցե, քիչ, իրենց աշխատանքով, անձնական նվիրումով նպաստել են ու շարունակում են նպաստել պետականության կայացմանը, շարունակում են ծառայություն իրականացնել ժողովրդի համար:

- Ձեր խմբակցության բոլո՞ր պատգամավորներն են, ընդդիմության նման, իրենց պարգևավճարները փոխանցել աջակցության տարբեր ծրագրեր․ նախորդ խորհրդարանում Ձեր որոշ գործընկերներ ասում էին, որ իրենք ունեն այդ պարգևավճարների կարիքը:

- Դա յուրաքանչյուրի անհատական մոտեցումն է: Ես ինքս էլ նախարար եղած ժամանակ այդ պարգևավճարները տարբեր նպատակների եմ ծառայեցրել և այդ մասին չեմ բարձրաձայնել:

- Ի դեպ, հրապարակումների համաձայն, Դուք բավականին բարձր պարգևավճար էիք ստանում:

- Այդ որոշումը ես չեմ կայացրել, այսինքն, ինքս ինձ չեմ պարգևատրել, և ես որևէ նախարարից ավելի բարձր չեմ ստացել, բոլորը հավասար են ստացել: Դա վարչապետի որոշումն է եղել: Բայց պարգևավճարների դեպքում յուրաքանչյուրն իր մասով արել և շարունակում է անել նվիրատվություններ` ուղղված հայաստանցիների ու արցախցիների սոցիալական խնդիրներին: Դա շատ դեպքերում արվում է ամենօրյա ռեժիմով, բայց ճիշտ չեմ համարում այդ մասին բարձրաձայնելը։ Հիմա պարզապես ստիպված եմ խոսել: Յուրաքանչյուրի գործն է, թե պարգևավճարը կամ աշխատավարձն ամբողջությամբ ինչին կհատկացնի:

- Իսկ ինչո՞ւ մեկ անգամ չեք բարձրացնում աշխատավարձերն ու փակում այդ թեման:

- Պետք է լինի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն: Եվ երբ խոսում ենք պարգևավճարների մասին, մենք չենք խոսում միայն պատգամավորների կամ նախարարների ու փոխնախարարների մասին, մենք խոսում ենք` սկսած պահակից, այգեպանից, վարորդից: Այսինքն, վարչական աշխատողների մասին ենք խոսում, որոնց աշխատավարձն, իսկապես, բարձր չէ, այդ մարդիկ արժանի են խրախուսման, և տարիներ շարունակ չի եղել նման խրախուսում: Երբ խոսում ենք աշխատավարձերի բարձրացման մասին, դա համակարգային լուծում, օրենսդրական փոփոխություններ և ավելի շատ ռեսուրսներ է պահանջում: Մենք պետք է գնանք դրան, և դա ընդամենը ժամանակի խնդիր է, իսկ պարգևավճարը ժամանակավոր լուծում է:

- Պարգևավճարների քննադատությանը զուգահեռ՝ պարզվեց, որ հիվանդանոցներում պետպատվերով բուժումը կասեցվել է, քանի որ հատկացված գումարը սպառվել է:

- Հույս ունեմ, որ կլինի ծրագրերի ֆինանսավորման վերաբաշխում: Եվ ոչ թե կասեցվել է, այլ հերթագրումներ են իրականացվում, որպեսզի գործընթացն ավելի համակարգված լինի: Ողջ աշխարհում է այդպես, և անվճար ծառայություն ստանալու համար դուք անգամ ամենազարգացած երկրում չեք կարող հանդիպել դեպքի, որ մարդը կարողանա հենց այդ պահին աջակցություն ստանա, եթե խոսքը առաջնային բուժօգնության մասին չէ: Հույս ունեմ, որ առաջիկայում կլինեն այդ վերաբաշխումները, այլ գումարներ էլ կհատկացվեն, և ճիշտ չեմ համարում մեկը մյուսի հետ կապելը:

- Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելանում են, ուրեմն, արդյո՞ք հիմնավոր չեն մեղադրանքները, թե դուք ի զորու չեք լուծել երկրի առջև ծառացած խնդիրները:

- Ես, որքան տեղյակ եմ, ընդդիմադիր ուժերը ողջ նախընտրական շրջանում չեն ասել, թե ինչ էին անելու իրենք ընտրվելու դեպքում, և ինչ պիտի աներ գործող իշխանությունը, որ չի անում: Հետևաբար, գուցե նաև դա է պատճառը, որ նրանք այնքան քվե չեն ստացել, որ իշխանության գային ու անեին իրենց ուզած փոփոխությունները: Բնականաբար, գոյություն ունեցող իրավիճակը, որը ժամանակ առ ժամանակ սրվում է, որևէ մեկին չի գոհացնում: Այդ թվում` իշխանություններին, և որևէ մեկը դրա նկատմամբ անտարբեր չէ: Եվ եթե մենք ամենօրյա ռեժիմով այդ մասին ելույթներ չենք ունենում, դա չի նշանակում, որ որևէ բան չի արվում, կամ մենք մյուսներից պակաս մտահոգ ենք:

- Ընդդիմության մի հատվածը պատրաստվում է ձեզ համար թեժ աշուն ապահովել, բողոքի ակցիաներ անել, պատերազմի հանգամանքների շուրջ քննարկումներ կազմակերպել: Չունե՞ք մտահոգություն, որ դա մեծ թափ կստանա:

- Իհարկե, ցանկացած հասարակական, քաղաքական ուժ ունի այդ իրավունքը և հնարավորությունը: Բայց դա ինձ համար առնվազն անհասկանալի է: Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունն ունի գործընթացների, իշխանության գործողությունների վրա ազդելու, տեղեկատվություն ստանալու շատ ավելի մեծ հնարավորություններ, քան այն փողոցային պայքարը, որին մենք ականատես եղանք գարնանը: