Խորհրդարանական լսումներ՝ համայնքների խոշորացման թեմայով

սեպտեմբերի 22, 2021

«Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագիծը քննարկելու համար Ազգային ժողովում սեպտեմբերի 22-ին լսումեր էին կազմակերպվել։ Նախագիծը՝ կից փաթեթով, ներկայացրել էր կառավարությունը։ Առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունը նախաձեռնել է համայնքների խոշորացման մեծամասշտաբ ծրագիր, և լսումների ժամանակ կառավարության ներկայացուցիչն ու խորհրդարանական մեծամասնության պատգամավորները ներկաներին համոզում էին, որ համայնքների խոշորացումը կարևոր քայլ է։

Համայնքների խոշորացման շուրջ քննարկումները Հայաստանում սկսվել են 2011 թվականին, երբ ընդունվել է համապատասխան հայեցակարգը։ 2016-ին մեկնարկել է բուն գործընթացը, ինչի արդյունքում 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ։ Ժամանակի ընդդիմությունը քննադատել է համայնքների խոշորացման ծրագիրը։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ կառավարության հեղինակած նախագծով նախատեսվում է 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք։

 «Համայնքների խոշորացման նպատակը ռեսուրսների կենտրոնացումն ու դրանց առավել արդյունավետ օգտագործումն է: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսներին»,- ասաց նա:

ՔՊ-ի պատգամավորը Տավուշի մարզից է։ Ասաց՝ ուսումնասիրել է իր մարզի օրինակը ու թվարկում է առավելությունները.Տավուշի Բերդ խոշորացված համայնքի մոդելը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքները կարողանում են իրենց միջոցներն առավել արդյունավետ ծախսել, չլուծված խնդիրների մեծմասը խոշորացման արդյունքում լուծվում են:

Օրինակ, Բերդ խոշորացված համայնքի տարածքում գոյություն չունի մանկապարտեզի խնդիր, բոլոր համայնքներն ունեն մանկապարտեզներ, խոշորացված համայնքն ունի այդ ֆինանսական խնդիրները լուծելու հնարավորությունը, դրանք ունեն նաև ավտոպարկեր ստեղծելու, տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու և համայնքների խնդիրները լուծելու հնարավորություն: Ի տարբերություն Բերդի, Իջևանում, որը խոշորացված չէ, ըստ պատգամավորի, կա մանկապարտեզիխնդիր։

Խոշորացված համայնքներում և ընդհանրապես, 4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում անցկացվելու են ընտրություններ՝ համամասնական կարգով։ Ղալումյանի խոսքով, այդ հնարավոր է դարձել իր քաղաքական թիմի նախաձեռնությամբ և նպաստելու է տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը վստահեցրեց՝ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ բոլոր կարծիքները քննարկված են: «Չի եղել որևէ թեզ, որը ուշադրության արժանացած և առնվազն մի քանի անգամ քննարկված չլինի»,- ասաց նա:

Տարածքային կառավարման ոլորտում բարեփոխումների արդյունքում, Տերտերյանի ներկայացմամբ, Հայաստանը կունենա վարչատարածքային նոր բաժանում՝ կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը՝ միավորված։ «Միավորվածներից մեկը Երևանն է, կունենանք 6 չմիավորված համայնքներ, որոնցից մեկը կլինի Գյումրին, և ևս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ներկայացրեց Տերտերյանը:

Փոխնախարարի կարծիքով, սխալ է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները խոշորացման գործընթացում ներառված չեն, քանի որ, ըստ նրա,այդ համայնքները զարգանալու ավելի մեծ հնարավորություն կունենան խոշորանալու դեպքում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի սրտով է, որ համայնքները, որոնցում ճնշող մեծամասնությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, չեն ներառվել խոշորացման գործընթացի մեջ։

Նրա խոսքով, խոշորացումը կարող է ունենալ բացասական կողմեր, սակայն, ընդհանուր առմամբ, արդարացված է: «Օրինակ՝ Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված 11 գյուղերը խոշորացվել են, և այս 3 տարվա մեջ մենք տեսնում ենք մեծ արդյունքներ: 30 տարվա ընթացքում ոչ մի ճանապարհ չէր վերանորոգվել, այսoր արդեն 3 գյուղերի ճանապարհները վերանորոգվել են»:

Իսկ ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերի խոշորացմանը՝ Հասանովն ասաց. «Գտնում եմ, որ ճիշտ է, որ գյուղը մնա իր մշակույթով, իր լեզվի պահպանման հարցերով, բայց այն գյուղերը, որտեղ մեծամասնությունը տվյալ ազգի ճնշող մեծամասնությունն է, ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ չխոշորացվեն: Իսկ այն գյուղերում, որտեղ հավասար բնակչություն է, պետք է դա հաշվի առնել»:

Փոխնախարար Վաչե Տերտերյանն ի պատասխան նկատեց՝ բոլորովին կարևոր չէ, թե որ գյուղում քանի տոկոս ինչ մշակույթ, ինչ ազգային պատկանելություն կրող հայրենակիցներ են ապրում. եթե անգամ նրանք քիչ են, ապա պետք է լինեն պետության հոգածության ներքո: «Եթե անհրաժեշտ է, ապա պետք է ՏԻՄ օրենքում փոփոխություն անենք և բյուջետային, ծրագրային բոլոր հնարավոր լուծումները տանք, որ մարդկանց այդ հանրույթն իրեն ավելի վստահ զգա իր մշակութային ժառանգության, ինքնության պահպանման, կրթության տեսլականի մեջ»,- հավելեց փոխնախարարը:

Հայաստանի ասորական համայնքն ուներ մտավախություններ, և հենց լսումների ժամանակ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի դիմաց։ Նշենք, որ ասորական համայնքի ներկայացուցիչը, որը դարձել է պատգամավոր, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ է։

Արարատի մարզի Դիմիտրով համայնքը, որտեղ ապրում են ասորիներ, ընդգրկված է համայնքների խոշորացման ծրագրում։ Հայաստանում ասորիները բնակվում են Արարատի մարզի Վերին Դվին, Դիմիտրով, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքներում:

«Այն գյուղերում, որտեղ ամբողջությամբ ասորիներ են բնակվում, ունենալով լիիրավ ինքնավարություն՝ չունենք անհանգստանալու որևէ առիթ, թե կկորցնենք մեզ ընձեռված ինքնության պահպանման հնարավորությունը: Սակայն վերջերս մի տագնապ հարուցող երևույթի ենք առերեսվում։ Արարատի մարզի Դիմիտրով համայնքն ընդգրկված է համայնքների խոշորացման ծրագրում, այսինքն, այն պետք է խոշորացվի՝ ներառվելով կողքի համայնքների կազմի մեջ: Մենք հասկանում ենք, որ խոշորացման ծրագիրը միտված է սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորմանը, բայց վերոհիշյալ համայնքի խոշորացման դեպքում լուրջ խնդիրների առաջ կկանգնեք»,-լսումների ժամանակ համայնքի մտահոգությունները հայտնեց Ասորական եկեղեցու հոգևոր սպասավոր Նիկադիմիու Խանաևը՝ համայնքի անունից խնդրելով վերանայել խոշորացման վերաբերյալ որոշումը և Դիմիտրով գյուղը թողնել որպես առանձին համայնք:

«Չպետք է խտրականություն մտցնենք, ասենք՝ սա ազգային փոքրամասնության գյուղ է, թող մնա, իսկ մեր հայկական գյուղերը միավորվեն, զարգանան, սա ի՞նչ մոտեցում է», -վրդովված էր ՔՊ-ից պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Նա ընդգծեց՝ համայնքների խոշորացման հարցում ազգային փոքրամասնության խնդիրը պետք է վերանա, խոսքը տարածքի մասին է։

Ընդհանուր առմամբ, Խաչատրյանը կարևոր գործ է համարում համայնքների խոշորացումը։ «Քաղաքական վճիռ պետք է ընդունվի, և մենք չենք կարող դեմագոգիայի պատճառով մեր քաղաքական վճիռների կայացումն ուշացնենք։ Շատ հարմար ժամանակ է այս որոշումն ընդունելու ու համակարգի բացերը լրացնելու համար», -ասաց նա։

Նախագծերի փաթեթը սեպտեմբերի 24-ին կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։