Փաշինյանը գիտի, որ նույն եղանակով չի կարող հաղթել․ Գեղամ Նազարյան

սեպտեմբերի 24, 2021

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։

- Ձեր խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն այս շաբաթ 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Ինչպես հայտարարել էիք՝ 40 անգամ էլ Ղազինյանի՞ն եք առաջադրելու, թե՞ հաջորդ անգամ ուրիշի թեկնածությունը կներկայացնեք:

- Դեռ հստակ որոշում չկա: Եթե 40 անգամ էլ նույն թեկնածուին առաջադրենք, նորից քննարկում է լինելու:

- Իսկ մինչև այժմ ձեր քննարկումներում կարծիք չի՞ հնչել, որ՝ եկեք այլ թեկնածու ներկայացնենք:

- Այդ 4 քննարկումների ժամանակ էլ միայն Արթուր Ղազինյանի թեկնածությունն է դիտարկվել:

- Գիտե՞ք, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ինչո՞ւ չեն ընտրում Ա.Ղազինյանին:

- Չգիտեմ, ինձ էլ հասկանալի չէ, թե ինչու են մերժում նրա թեկնածությունը, երբ նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստերից մեկի ժամանակ ասաց, թե սկզբում կողմ էին, հետո դեմ եղան:

- Ճի՞շտ են տեղեկությունները, որ սեպտեմբերի 27-ից «Հայաստան» դաշինքը վերսկսելու է իշխանությունների դեմ փողոցային պայքարը»։

- Միտքն այն է, որ ինչ-որ պահի, երբ անհրաժեշտություն լինի, ԱԺ աշխատանքներին զուգահեռ լինելու են նաև գործողություններ փողոցում։ Եթե այս կամ այն խնդրի լուծման գործիքակազմը խորհրդարանում չգտնվի, դրան պետք է հասնենք փողոցի լայնածավալ գործողություններով: Մեր նպատակը միայն երկրի համար առավել լավ պայմանների ստեղծումն է: Բայց պատերազմի սկսվելու օրը հիշատակի քննարկումներ կլինեն: Որոշում չի կայացվել, որ աշնանը լայնածավալ փողոցային պայքար ենք սկսելու, բայց չենք էլ բացառում, որ Հայաստանին վնաս բերող զարգացումների կամ ինչ-որ պայմանագրեր կնքելու փորձի դեպքում մենք կլինենք փողոցում, ինչպես ժողովրդի առողջ հատվածը։ 

- Արձագանքելով փողոցում պայքարը վերսկսելու հավանականությանը՝ իշխանության ներկայացուցիչները հիշեցնում են, որ անցած տարեվերջի և այս տարվա սկզբի ձեր բողոքի ակցիաներին ժողովուրդը մեծ աջակցություն ցույց չտվեց, արտահերթ ընտրություններին էլ ձեր ակնկալած ձայները չստացաք։ Չե՞ք կարծում, որ այս անգամ էլ նույնը կլինի: 

- Մենք էլ համոզվեցինք, որ ժողովուրդն իրենց էլ չի աջակցում, և համոզվեցինք, որ իրենք վախենում են ընտրություններից:

- Բայց իշխանությունը գնաց ընտրության: 

- Գնաց, բայց տեսանք, թե ինչ եղավ:

- Ի՞նչ նկատի ունեք: Հաղթեց իշխանությունը:

- Բայց կա պյուռոսյան հաղթանակ:

- Ինչո՞վ է պյուռոսյան: 

- Բոլորը տեսան, թե ինչպես հաղթեցին: Եվ ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ հաջորդ ընտրություններին նույն եղանակով հնարավոր չի լինելու հաղթել: 

- Ո՞ր եղանակով:

- Օրինակ, ինքն ասում էր, գերիները 2 ամիս կսպասեն, հետո լավ կլինի: Այդ 2 ամիսն անցավ, և բոլորը տեսան, որ նրա խոսքի մեջ արժեք չկա: Մենք ի սկզբանե ասում էինք՝ պատերազմից հետո Հայաստանում առնվազն 1 տարի չպետք է համապետական ընտրություններ անցկացվեն, քանի որ ժողովուրդը շոկային վիճակում է: Շուտով այդ տարին անցնելու է, ժողովուրդը շոկից դուրս է գալու և հասկանալու է՝ ինչ են արել: Արդեն հաջորդ ընտրություններում լինելու է բոլորովին այլ պատկեր: Հարցրեք մեր հարևան խմբակցությանը, կարո՞ղ են համարձակվել և Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել: Իհարկե, չեն համարձակվի, վախենում են, թեև շատ են ուզում, որ քաղաքապետը փոխվի: 

- Բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններից ընդամենը 3 ամիս է անցել: Այդ ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ վախենում են:

- Անցավ 3 ամիս, և ժողովուրդը հասկացավ, որ իրենց դատարկ խոստումներ են տվել:

Հոկտեմբերի 1-ից սկսելու են իրենց պատվաստել պարտադրողների գլուխը ջարդել, չէ՞: Հայրը թույլ կտա՞, որ իր դեռ չամուսնացած աղջկան գործի տեղը պարտադրեն պատվաստվել: Ոչ: Իր աղջիկը մո՞ւկ է, որ նրա վրա դեղ փորձարկեն:

- Բայց աշխարհում արդեն միլիոնավոր մարդիկ են պատվաստվել: Նրանք մո՞ւկ են:

 

- Որտեղի՞ց գիտեք, որ պատվաստվել են: Վստա՞հ եք, որ, օրինակ, Իսրայելում պատվաստում են իրենց քաղաքացիներին և ոչ թե միայն հայտարարություն անում: Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ընդունում ռուսական «Սպուտնիկը», իսկ ՌԴ-ն՝ ամերիկյան Pfizer-ը: Ուրեմն, մենք մեր մարդուն չե՞նք գնահատում, որ առանց 10 տարվա կլինիկական փորձարկման, նրան պատվաստում ենք անգամ Սահմանադրության կոպիտ խախտումով: Կամ 90-120 հազար մարդու պարտադրում են ամիսը 30 հազար դրամ վճարել ու թեստավորվել: Նա մեկ անգամ կվճարի, երկրորդ վճարելուց արդեն բողոքի ինքնաբուխ գործողություններ են լինելու: Մարդիկ նաև նայելու են ապրանքների գներին, 10.000 դրամին, որով առաջ իրենց ավտոմեքենայի համար ավելի շատ գազ էին գնում: Ի վերջո, սթափվելու են և հասկանալու են, թե ում հետ գործ ունեն: Ես նորից կրկնեմ, որ սա արհեստական վիճակ է, որը չպետք է լիներ. նոյեմբերի 9-ից հետո այս վարչախումբը ոչ միայն չպետք է ընտրվեր, այլ չպետք է անգամ մասնակցեր ընտրություններին: Պարտված դեմք ունեցող առաջնորդով երկիր չեն կարող զարգացնել, հաջողված բանակցություն չեն կարող ունենալ: Դա աշխարհի, կյանքի օրենքն է:

- Բայց ժողովուրդը չընդունեց ձեր այդ գաղափարը և նորից նիկոլ Փաշինյանին ընտրեց:

- Մենք 12 օրում չհասցրեցինք շփվել ընտրողի հետ և բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Շատ կարճ ժամկետ էր Հեռվաշենում ապրողին բացատրելու համար, թե իրականում ինքն ինչ վիճակում է: Դժվար է ինչ-որ բան բացատրել մարդուն, որը մտածում է, թե պատերազմը, պարտությունը գցել են այս խեղճ տղու գրպանը:

- Իսկ ինչո՞ւ ձեզ չհաջողվեց հեռվաշենցիներին համոզել, իսկ իշխանությանը հաջողվեց: Նախկինում ընդդիմության խոսքը ժողովուրդն ավելի ճշմարտացի էր համարում:

- 2018թ. ապրիլյան հետցնցումները շարունակվեցին նաև պատերազմից հետո: Եվ մարդիկ իրենց կատարած ընտրության ձեռքը կրակն էին ընկել, դրա ազդեցության, դրա հիպնոսի տակ էին: Ընտրարշավի ժամանակ մարդիկ ինձ այնքան անհեթեթություններ են ասել, որ կարող եմ մի գիրք գրել: Պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանը այս կամ այն ապրանքը՝ սկսած զատկի ձվից, գնում և դաշտում փչացնում է, որ գները բարձրանան, և ժողովուրդը Նիկոլին դեմ գնա: Նոր Հաճն քաղաքում հասուն տղամարդիկ ինձ ասում էին՝ ինչ պատերազմ, մեր քաղաքից զոհ չկա, սուտ բաներ եք խոսում: Ասում էին՝ տղա ջան, դու չգիտես, Արցախը 1992թ. են ծախել: Որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ մարդուն այդ վիճակից դուրս բերես ու քաղաքական հարցերի մասին խոսես: Նիկոլը պիտի ամաչի, որ այդ մարդու ձայնով դարձել է վարչապետ: