Համայնքները խոշորացվեցին ընդդիմության նախաձեռնությամբ, բայց առանց ընդդիմության

սեպտեմբերի 24, 2021

Հեղափոխական իշխանությունը շարունակում է նախորդների կիսատ գործը: Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը: Նախագիծը ենթադրում է Հայաստանում համայնքների խոշորացում: Դրա առաջին փուլը տեղի է ունեցել 2016-2017թթ.:

Նորից առանց ընդդիմության

Ընդդիմությունը, սակայն, չմասնակցեց օրենսդրական փաթեթի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե այն չի համապատասխանում Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանի որոշումների պահանջներին։ «Մենք սա համարում ենք ակնհայտ հանցագործություն, և դրա համար այս օրակարգի շրջանակում քննարկվող բոլոր հարցերն ըստ էության չեն կարող համարվել լեգիտիմ»,- ընդգծեց նա՝ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ անելով միջամտել գործընթացին։

Արծվիկ Մինասյանին լրացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: Ասաց, թե ներկայացված նախագծով իշխանությունները փորձում են լուծել իրենց կարեւոր խնդիրը. այն է՝ միավորել համայնքները՝ ազատվելով կառավարության դեմ տրամադրված համայնքապետերից: «Նախագիծը պայմանավորված է բացառապես քաղաքական մոտիվներով»,- խոսքը եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Այս հայտարարություններից հետո ընդդիմադիր խմբակցությունները լքեցին դահլիճը:

Կառավարության նախագիծը խորհրդարանին ներկայացնող՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդդիմությանը հիշեցրեց, որ իրենք են եղել համայնքների խոշորացման գործընթացի հեղինակը: Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, նախարարը հիշեցրեց, որ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը նախորդ փուլում զբաղեցնում էր ՏԿԵ նախարարի պաշտոնը և այդ փոփոխության ջատագովներից էր: ՀՅԴ խմբակցությունն էլ ԱԺ-ում կողմ է քվեարկել խոշորացման առաջին նախագծին:

Նախագիծը քննարկվեց ու ընդունվեց արտահերթ նիստում, հրատապ ռեժիմով և առանց ընդդիմության:

 

Արդյունավետ կառավարման նպատակով

Նախորդ իշխանությունները 2016-2017թթ. 486 համայնքները միավորել և ստեղծել են 54 համայնքային միավորներ կամ փնջեր: Կառավարությունն այս անգամ առաջարկում է ստեղծել ավելի խոշոր միավորներ՝ 37 համայնքային փնջեր՝ 441 համայնքից:

Այս փուլում ևս մեկ անգամ խոշորացվում են նախկինում խոշորացված միավորումները: Օրինակ, Գեղարքունիքում 18 գյուղից կազմված Գեղամասար խոշորացված համայնքն այս անգամ էլ միանալու հարակից 13 գյուղերի հետ միանալու է Վարդենիս քաղաքին՝ կազմավորելով ավելի խոշոր միավորում: Միավորումներ չեն կազմի, սակայն, Գյումրի քաղաքը և ազգային փորքրամասնություններով բնակեցված 5 գյուղեր: Ամբողջ գործընթացի արդյունքում Հայաստանը կունենա 77 համայնք, բացի Երևանից:

ՏԿԵ նախարարի խոսքով՝ այս միավորման նպատակը համայնքային արդյունավետ կառավարումն է: «Ակնհայտ է, որ գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը խոչընդոտներ է ստեղծում համայնքային զարգացման համար, այն ավելի ակնառու է 3000-ից քիչ բնակչություն ունեցող համայնքների պարագայում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում համայնքը հաճախ ի զորու չէ իրականացնել մի շարք ծառայություններ: Էլ չենք ասում՝ կապիտալ ծախսերի և համայնքային զարգացման ծրագրերի մասին: Եվ այս խնդիրներն են պատճառը, որ դեռևս 2011թ. ՀՀ-ում քննարկվում է միավորման, խոշորացման կամ միջհամայնքային միություն ստեղծելու գաղափարը: Հաշվի առնելով եղած փորձը, դրական և բացասական կողմերը, նաև որոշակի փոփոխություններ առաջ բերելով ու ավելի խոշոր միավորումներ ստեղծելով՝ մենք փորձում ենք շարունակել գործը»,- ասաց Գևորգ Սանոսյանը:

Այսպիսով, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հետ միավորվում 29 գյուղական համայնքներ, Արագածոտնի մարզի 29 համայնքներ միավորվում են Աշտարակի հետ, Լոռու մարզկենտրոն Վանաձորին են միանում 3 համայնքներ. ընդհանուր՝ ձևավորվում է 37 միավորում:

 

Հաճախ տրվող հարցեր

Գնել Սանոսյանը ելույթն սկսեց՝ անդրադառնալով խոշորացման գործընթացի վերաբերյալ քաղաքական և հանրային շրջանակներում հնչող հարցերին: Ընդգծեց, որ միավորումը քաղաքական գործընթաց է: «Ընտրություններ են, քաղաքական ուժեր են մասնակցում, համայնքներում ավագանի է ձևավորվելու: Եվ այսուհետ համայնքների վիճակի համար հենց քաղաքական ուժերն են պատասխան տալու»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ միավորվող բոլոր համայնքներն ունենալու են վարչական կենտրոն, որտեղ լինելու է առնվազն երկու ներկայացուցիչ՝ վարչական ներկայացուցիչ ու մեկ աշխատող: Կլինի միավորված գյուղ, որը խոշորացված համայնքում ավագանու անդամ չի ունենա, բայց դա չի նշանակում, որ այդ միավորի խնդիրները չեն բարձրացվելու, լուծում չեն ստանալու, և բյուջեն արդար չի բաշխվելու:

Գնել Սանոսյանը խոսեց նաև փոփոխությունները հենց այս շրջանում ԱԺ ներկայացնելու նպատակահարմարության մասին: Ասաց, որ դա պայմանավորված է աշնանը սպասվող համայնքային ընտրություններով: Կառավարությունը որոշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն համայնքային նոր միավորումների ձևավորումից հետո: Հակառակ պարագայում, ընդամենը մի քանի ամիս անց, նույն համայնքներում նորից պետք է ընտրություններ լինեն, ինչը նշանակում է ֆինանսների վատնում և լրացուցիչ քաղաքական գործընթացներ:

 

Ընդդիմությանը զրկել աշխատավարձից և պարգևավճարից

Մտքերի փոխանակման ժամանակ ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ համայնքների խոշորացումն ունի քաղաքական, տնտեսական և սոցիալական նշանակություն: Նշեց, որ տարիներ շարունակ համայնքապետը, լինելով անկուսակցական, ընտրվել է իր բարեկամ-ընկերների միջոցով և լավ չի կառավարել, քանի որ մեծ հաշվով հանրությանը պատասխանատու չի եղել: Մինչդեռ այս համակարգը նման բան թույլ չի տա, և հանրության ընտրած ավագանին ու համայնքապետը, ունենալով պատասխանատվություն, հաշվետու են լինելու ժողովրդին: Սերգեյ Բագրատյանը կառավարությանն առաջարկեց բնական ռեսուրսների հաշվին համայնքներին լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հնարավորություն տալ: Պատգամավորի խոսքով՝ հանքարդյունաբերող ընկերությունները համայնքներին պետք է տրամադրեն իրենց եկամուտների 1 տոկոսը:

Բաբկեն Թունյանն էլ հավելեց, թե միավորումը հնարավորություն կտա ձերբազատվել համայնքների ուռճացված աշխատակազմերից. «Չի կարելի պետական կառավարման համակարգում ուռճացնել հաստիքները, դա ավելի մեծ խնդիրներ է բերելու: Ավելի լավ է ունենալ էֆեկտիվ կառավարում և զարգացնել համայնքը, ինչը տարբեր ոլորտներում լրացուցիչ աշխատատեղեր կբերի»:

Սիսակ Գաբիելյանն էլ խոսեց ընդդիմադիր խմբակցությունների՝ հարցի քննարկմանը չմասնակցելու մասին: «Ինչո՞ւ են վերցրել մանդատները, եթե պիտի անընդհատ բոյկետեն նիստերը, հետո հպարտությամբ հայտարարեն, որ պարգևավավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պիտի տան, և եթե այսպես շարունակեն, պիտի ընդհանրապես զրկվեն դրանից»,- ասաց նա:

ՔՊ խմբակցությունում ազգային փոքրամասնության՝ ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հայտնեց, որ իրենք քննարկել են և չեն ցանկանում անմասն մնալ զարգացող գործընթացներից, և հաջորդ փուլում արդեն միավորմանը կմասնակցեն նաև Լոռու մարզի՝ ռուսներով բնակեցված Ֆիոլետովո, Լերմոնտով գյուղերը:

Երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը, ընդառաջելով պատգամավորներին ու համայնքների ներկայացուցիչներին, ընդունեց նրանց առաջարկները՝ նախագծում կատարելով երկու փոփոխություն: Ըստ դրանց, Արմավիրի մարզի միավորված համայնքներից մեկի կենտրոնը Ջրառատից տեղափոխում է Գայ: Մյուսով՝ Կոտայքի մարզի փնջերից մեկը կիսվում է՝ Եղվարդ և Նոր-Հաճըն քաղաքների շուրջ ձևավորելով առանձին միավորումներ: