Էական չէ՝ ով է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր տերը. Հովիկ Աղազարյան

հոկտեմբերի 4, 2021

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Պարոն Աղազարյան, վերջերս աղմկահարույց ձերբակալություններ տեղի ունեցան. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարարը կալանավորվեց: Շատ փորձագետներ ասում են՝ ինչ-որ կարևոր իրադարձություններից հանրությանը շեղելու փորձ է դա։ Ի՞նչ կասեք այդ մասին:

-Էդ շատերը, որ ասում են, երևի դպրոցում մաթեմատիկա լավ չեն սովորել, որովհետև մաթեմատիկայի մեջ կա մի կանոն՝ փակագիծը, եթե բացում ես, նաև ինչ-որ գործողություն անելուց հետո պետք է փակես: Եթե փակագիծը բացես ու հետո չփակես, քո գրածը կլինի նոնսենս: Անիմաստ բան:

Հիմա, արդեն մեկ տարի, անընդհատ ինչ-որ դավադիր փաստաթղթղերի մասին են հայտարարում, մղում առաջ, հայտարարում են, թե էս բանն արվում է, էս բանից շեղելու համար և այլն: Ոչ մի անգամ ոչ մի դեպքի համար եզրափակիչ ակտը չի եղել, որ ասեն՝ տեսաք, ասում էինք, եղավ: Հիմա ինչ գործողություն որ արվի, մարդիկ՝ ընդդիմադիրները, քաղաքացիները, կտան իրենց գնահատականները, հետևաբար, պետական ինստիտուտները նման հայտարարությունների վրա ուշադրություն չեն դարձնում և անում են իրենց վերապահված գործառույթները:

Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ժամանակը և համապատասխան իրավական քայլերի արձանագրումը ցույց կտա՝ ինչ գործընթաց տեղի կունենա:

-Ձեր կուսակից ընկեր, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հայտարարում է, թե չի հավատում, որ Դավիթ Տոնոյանը կարող է չարաշահումներ թույլ տված լինել, ինչպես նշվում է քրեական գործում: Դուք ինչ-որ ներքին զգացողություն ունե՞ք, որ Տոնոյանը անմեղ է:

-Ոչ, ես որևէ ներքին զգացողություն չունեմ, որովհետև ես Տոնոյանի հետ անձնական մտերմություն չեմ ունեցել, իրեն չեմ ճանաչել և չեմ կարող ինձ վրա վերցնել պատասխանատվություն նման հայտարարություններ անելու համար:

Ես գիտեմ, որ նրանք՝ Վիլեն Գաբրիելյանն ու Տոնոյանը, շատ մտերիմ են եղել, հետևաբար, ինքը ճանաչում է Տոնոյանին ու իրեն իրավունք է վերապահում նման գնահատական տալու: Մենք պետք է հարգենք Վիլեն Գաբրիելյանի կարծիքը, Տոնոյանի անմեղության կանխավարկածը և սպասենք:

-Օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգգոլդ» ընկերությանը պատկանում են նաև Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Բացի այդ, նա իր բաժնետոմսերի 25 տոկոսն էլ նվիրաբերել է ՀՀ կառավարությանը: Սա ի՞նչ գործարք է, կբացատրե՞ք: Արդյոք չի նշանակո՞ւմ, որ այդպիսով ընդլայնվում է ռուսական ներկայությունը Հայաստանում:

-Այդ ընկերությունը գործում է Հայաստանում և վճարելու է Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված հարկերը:

-Բայց ռուսական կողմն է ղեկավարելու Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունը:

-Պետության, հասարակության համար էական չէ, թե ով է այս կամ այն ձեռնարկության տերը, կարևորը, թե պետությունը ինչպես է վերահսկում այդ ձեռնարկության գործունեությունը, ինչպիսի ֆինանսական գործիքներով և ինչպես է իրականացնում իր հարկային քաղաքականությունը: Սեփականատերը այս պահին այդքան էլ կարևոր չէ, հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակներում գործունեություն ծավալալելու կոնտեքստում:

-Այս գործարքը, փոփոխությունը ի՞նչ կտա Հայաստանին:

-Բաժնետերերի փոփոխության հետ կապված՝ չեմ կարծում, որ որևէ էական բան տեղի կունենա։ Պետք է նաև հասկանալ, թե ինչու է այդ փոփոխությունը տեղի ունեցել, որովհետև այդտեղ շատ ավելի կարևոր հարցեր էլ կան: Ընդհանուր առմամբ, հարցեր կան, որոնց ես չեմ տիրապետում:

Ինչ վերաբերում է 25 տոկոս բաժնեմասին, որը նվիրաբերվել է կառավարությանը, դա ես գնահատում եմ որպես լավ, ճիշտ քայլ, որովհետև համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքից ստացված եկամուտները պետք է մաքսիմալ էֆեկտրիվորեն բաշխվեն հանուն ամբողջ հասարակության շահի:

-Կառավարությունը հաստատեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նախնական ի՞նչ դիտարկումներ ունեք ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ:

-Արդեն երեք տարի՝ սպասում եմ, թե երբ մենք պետք է վերջին հաշվով կյանքի կոչենք համընդհանուր ապահովագրության սկզբունքը առողջապահության բնագավառում: Իմ ուշադրության կենտրոնում է լինելու դա, և բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հենց այդ հարցն եմ բարձրաձայնելու: Ես կսպասեմ՝ տեսնեմ՝ այդ ուղղությամբ քայլեր արվե՞լ են, թե՞ ոչ, քանի որ ինձ համար դա շատ կարևոր հանգամանք է:

Իսկ մնացածը պետք է ուսումնասիրենք և տեսնենք, թե ինչքանով են համաչափ բաշխվում պետական եկամուտները բյուջեի կատարման կոնտեքստում՝ համապատասխան կառավաության ներկայացրած ծրագրի:

-Կառավարության որոշ անդամներ հույս ունեին, որ շարունակական երկնիշ տնտեսական աճ կապահովվի: Բայց բյուջեի նախագծում միանիշ՝ 7 տոկոս տնտեսական աճի մասին է նշվում: Ինչպե՞ս հասկանալ:

-Դե, ամփոփել մի քիչ շուտ է, որովհետև ժամանակ ունենք: Սպասենք, նոր գնահատական տանք: Այս տարվա երկնիշ տնտեսական աճի սպասումն իր բացատրությունն ուներ՝ վերականգնել նախորդ տարվա կորուստները և համաչափ զարգացման դեպքում կարելի էր հասնել երկնիշ աճի: Իրականում, ես չեմ ուսումնասիրել բյուջեի նախագիծը, չեմ կարող համակողմանի վերլուծություն ներկայացնել:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունը լավ եմ գնահատում:

-Դուք գոհ եք, բայց փորձագիտական շրջանակում պետական պարտքի աճի վերաբերյալ ահազանգեր են հնչեցնում՝ հայտարարելով, որ ՀՆԱ-ի նկատմամբ զգալի աճել է ՀՀ պետական պարտքը:

-Այո, պետական պարտքը աճել է՝ պայմանավորված կորոնավիրուսային իրողություններով, ինչպես նաև պատերազմական իրողություններով: Այո, դա իհարկե, վատ ցուցանիշ է, բայց պետք է տնտեսության այս ու հաջորդ տարվա աճի շնոհիվ այդ դիսբալանսը կարգի բերենք:

-Իսկ նոր պարտքի ներգրավում հնարավոր համարո՞ւմ եք, ինչպե՞ս է կարգի բերվելու դիսբալանսը:

-ԵՄ-ն մեզ տրամադրել է 2.6 մլրդ եվրո գումար, և ես կարծում եմ, որ այդ գումարները կարող են մեր տնտեսության զարգացման համար խոշոր խթան հանդիսանալ: Այդ գումարները նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար են տրամադրվելու, ենթակառուցվածքների զարգացման, դրանք ներդրվելու են տնտեսության մեջ և իրենց արդյունքը տալու են: Ես լավատեսական կանխատեսումներ ունեմ Հայաստանի տնտեսության վերաբերյալ: