Մենք կհետևենք, թե ինչպես են նրանք պայքարում փողոցում․ Հրաչյա Հակոբյան

հոկտեմբերի 4, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ:

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին ասուլիսում «կոռուպցիայի բարձրագուն պիլոտաժ, լկտիություն» համարեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերության» 60 տոկոս բաժնեմասի 25 տոկոսը ՀՀ կառավարությանը փոխանցելու գործարքը: Ինչո՞ւ ռուսական այդ ընկերությունն իր բաժնեմասի մի մասը նվիրեց ՀՀ կառավարությանը, և համաձայն չե՞ք, որ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել այդ գործարքի մանրամասների մասին:

-Շատ ծիծաղելի է, որ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ օբյեկտներ կոպեկներով վաճառած կամ չգիտեմ, թե որքանով վաճառած և կոպեկներով ներկայացնող մարդը խոսում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 15 տոկոսի փոխանցման այդ գործարքի մասին այն դեպքում, երբ պետությունը փորձում իր բաժինն ունենալ հանքեր շահագործող մասնավոր ընկերության մեջ: Դա կոռուպցիա կոչելը պարզապես անհասկանալի է: Նման մարդիկ հավանաբար երկար տարիներ չեն հասկացել, թե իրենք ինչ են արել պետության հարստության հետ:

- Ռոբերտ Քոչարյանը նաև հակադարձեց շրջանառվող այն կարծիքներին, թե այդ կոմբինատն իրեն է պատկանում և ասաց, որ երբևէ կապ չի ունեցել այդ ընկերության հետ: Նա նաև շեշտեց, որ ժամանակին նման լուրերը հրապարակում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը:

- Հետո ի՞նչ, որ ասաց, թե կապ չի ունեցել: Ես էլ շատ բան կարող եմ ասել: Ինչ վերաբերում է կառավարությանը կոմբինատի 15 տոկոսի փոխանցմանը, ես չեմ կարող ասել, թե դա ինչ բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել, բայց պետության և մասնավորի միջև ողջունելի գործարք է եղել: Ճիշտ բանակցությունների միջոցով պետությանը հաջողվեց ունենալ նման արդյունք: Պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ուրախ լինի, որ այսուհետ հանքարդյունաբերության ոլորտից պետական բյուջե, հարկերից բացի, նաև զգալի մասնաբաժին է մտնելու: 

- Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ1» շինարարական ընկերությունը պետական գնումներում խոշոր մրցույթ է հաղթել: Համաձայն չե՞ք կարծիքների հետ, թե այդ մրցութային գործընթացում կոռուպցիոն դրսևորումներ են եղել: 

- Ես որքան տեղյակ եմ, Ալեն Սիմոնյանի եղբայրը որևէ շինարարական կազմակերպություն չունի: Իմ ունեցած տեղեկություններով՝ նա տնօրեն է աշխատում ինչ-որ շինարարական կազմակերպությունում, որը մասնակցել է մրցույթի և հաղթել է: Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը լիներ, կարելի էր հասկանալ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները, բայց նա ընդամենը տնօրեն է աշխատում: Որքան ես եմ տեղյակ, այդ ընկերությունը ցածր գին է առաջարկել, դրա համար էլ մրցույթում շահել է: 

- Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ շարունակելու են ձեզ իշխանությունից հեռացնելու պայքարը, և դրա համար իրենց ժողովրդի 5 տոկոսի աջակցությունն էլ բավարար է: Ինչպե՞ս կարձագանքեք: 

- Թող պայքարեն: Մասնակցեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ խորհրդարանի բնականոն աշխատանքը խանգարեն, դա իրենց չհաջողվեց: Թող նորից փողոցում պայքարեն, մենք պատրաստ ենք հետևելու իրենց պայքարին: 

- Մտահոգություն չունե՞ք, որ այս անգամ կհաջողեն: Հատկապես, որ սահմանային, անվտանգության խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում են: Կան նաև ներքին խնդիրներ: 

- Նրանք անկեղծ չեն ժողովրդի հետ, իսկ մարդկանց հիշողությունը կարճ չէ: Իրենք բռնության կողմնակիցներ են, իսկ ժողովուրդն իր ընտրությամբ մերժեց դա: Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին բազմաթիվ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, Հոկտեմբերի 27 և Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել: Նրանք ասոցացվում են բռնության և սպանության հետ, և այդ երևույթները մերժել են մեր քաղաքացիները: Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը ասոցացվում է սպանության հետ:

- Ասում եք, թե «Հայաստան» խմբակցությունը եկավ ԱԺ՝ խանգարելու խորհրդարանի աշխատանքը, բայց Ռոբերտ Քոչարյանը դրական գնահատեց նրանց աշխատանքն ու ասաց, որ իշխանություններից «մի քանի գլուխ» լավ են աշխատում:

- Թող ասի, բա հո չի՞ ասելու, թե դժգոհ է իր խմբակցությունից: Մարդիկ էլ թող իմանան, որ իրենց քաղաքական առաջնորդը գոհ է դահլիճում իրենց արած ղալմաղալից, պատգամավորին ոչ վայել բառապաշարով ելույթներից ուհարցերից:

- Երբ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանի թեկնածությունն էր քննարկվում, ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, թե «եթե ՔՊ-ն որոշի կողմ քվեարկել Ձեր թեկնածությանը, իմացեք, որ Դուք ամենահարմար թեկնածուն եք մեզ համար»: Ինչո՞ւ էր Վահե Հակոբյանն ամենահարմար թեկնածուն ձեզ համար։ 

- Թույլ տվեք՝ փակագծերը չբացեմ, թե ինչու էր ամենահարմարը, բայց, հավատացեք, ամենահարմարը ինքն էր:

- Այդ դեպքում, ինչո՞վ հարմար չէ Արթուր Ղազինյանը, որ նրան 5 անգամ չընտրեցիք Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

- Իմ գործընկերները պարզաբանել են, որ Արթուր Ղազինյանը ներկայանում է հանձնաժողովի նիստերին որպես փոխնախագահի թեկնածու, բայց չի կարողանում բազում հարցերի սպառիչ պատասխան տալ: Նշանակություն ունեն նաև նախկինում Ֆեյսբուքում սպառնալիքներ պարունակող նրա գրառումները, ու այս դեպքում էլ նա չունի պատասխան, թե ինչու է նման մտքեր գրել:Նա չի կարողանում պարզաբանել, թե, օրինակ, որտեղից իր հայտարարագրած՝ հսկայական ունեցվածքը: Շատ այլ հարցերի նույնպես չի կարողանում սպառիչ պատասխան տալ, և նման պայմաններում այդ հանձնաժողովում իմ գործընկերները չեն կարող նրան ընտրել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

- Այսինքն,Վահե Հակոբյանի բացատրությունը, թե շփոթվել է, երբ ասել է, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում 5 տարի գրանցված է եղել, բայց ընդամենը 3 ամիս է աշխատել, ընդունելի էր, բայց ընդունելի չեն Արթուր Ղազինյանի մեկնաբանություններն իր ունեցվածքի վերաբերյալ: 

- Արթուր Ղազինյանի դեպքը մի բան է, Վահե Հակոբյանինը՝ մեկ այլ բան։