Հայաստանի վարչատարածքային բաժանումը՝ կռվախնձոր խորհրդարանում

հոկտեմբերի 5, 2021

Ազգային ժողովի հերթական նիստը հոկտեմբերի 5-ին մեկնարկեց իշխանություն-ընդդիմություն բանավեճով: Խորհրդարանական ընդդիմությունը դարձյալ պահանջում էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով կամ լսումներ կազմակերպվեն, կամ փակ քննարկում՝ ԱԱԾ տնօրենի, պաշտպանության նախարարի և այլ պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ասաց, որ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամները նախորդ օրը նախաձեռնել էին հանձնաժողովի արտահերթ նիստ: «Օրակարգի հարց էինք առաջարկել Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկավտություն և բացատրություն ստանալու հարցը: Եվ առաջարկել էինք հրավիրել ԱԱԾ տնօրենին, պաշտպանության նախարարին, գլխավոր դատախազին, ՊԵԿ նախագահին, ՄԻՊ-ին: Նշված ժամին, սակայն, հանձնաժողովի իշխանական պատգամավորները չներկայացան, ավելին՝ դրանից կես ժամ հետո հանձնաժողովի նախագահից ստացանք գրություն, որն արհեստականորեն, չհիմանվորված խոչընդոտում էր նման արտահերթ նիստ գումարելու հարցը»,-ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը՝ ԱԺ նախագահությունից պահանջելով կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջները և թույլ չտալ անօրինականություններ:

Նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ առանց օրակարգ առաջարկելու՝ արտահերթ նիստի առաջարկ է արվել: «Չի ներկայացվել, թե ինչ հարցի շուրջ պետք է արտահերթ նիստ արվի: Ըստ էության՝ իրենք լսումների առաջարկ են արել, իսկ արտահերթ նիստում հանձնաժողովը լսումներ նախաձեռնելու իրավասություն չունի»,-նկատեց նա ու ընթերցեց 4 պատգամավորներին ուղղված իր գրությունը:

ԱԺ նիստը նախագահող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ընդմիջման ժամին կարող են աշխատանքային կարգով խոսել և հասկանալ՝ ինչպես լուծել խնդիրը:

Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռ շաբաթներ առաջ դիմել էին՝ խնդրելով հրավիրել սահմանապահ զորքերի հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին և այլ անձանց՝ քննարկելու սահմաններում տիրող իրավիճակը, և թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: «ԱԺ նախագահության կողմից ունեցանք խոստում, որ արվում է ամեն ինչ, որ այդ հանդիպումը տեղի ունենա առաջին դեմքերի մակարդակով»,-ասաց նա ու հարցրեց, թե այդ ջանքերն ի՞նչ արդյունքի են հանգեցրել:

Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ թեմայով զրուցել է ԱԺ նախագահի հետ՝ նշելով, որ գործուղումից վերադառնալուց հետո կարող են Ալեն Սիմոնյանի հետ դա քննարկել: «Ես կարծում եմ, որ այդ ժամանակ, դրանից մի քանի օր անց Կառավարության հետ հարցուպատասանն էր այստեղ, որտեղ հենց վարչապետին ընդդիմադիր գործընկերները հնարավորություն ունեին հարցեր տալու նշված թեմաների վերաբերյալ»,-ասաց նա:

«Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանը նկատեց, որ իրենց պետք չէ ՀՀ անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային «շոուի տարրեր պարունակող» քննարկումներ վարել: «Շատ լավ կլիներ, որ այդ հարցը քննարկվեր փակ և ոչ թե հարցադրման մակարդակով: Ենթադրենք հարցադրումներ արեցինք, հետո Նիկոլ Փաշինյանը մեղադրանք պարունակող արձագանքներ անի, մենք էլ մեր հերթին հելնենք արձագանքե՞նք: Դա աշխատելաոճ չի», -հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանին հետաքրքրում էր՝ ի վերջո Գորիս-Կապան ճանապարհահատվածը ո՞ր երկրի ենթակայության տակ է, ո՞ւմ պետք է ապավինեն այնտեղով երթևեկող քաղաքացիները:

«Նախորդ նստաշրջանից հետո Սյունիքում իրավիճակը չի փոխվել, ավելին, այնտեղ ադրբեջանցիները լայնամասշտաբ շինարարություն են իրականացնում: Որևէ մեկը պատկերացում ունի՞, թե ինչ են կառուցում և ինչ վտանգ կարող է այն ներկայացնել մեր հայրենակիցների համար»,- հռետորական հարց հնչեցրեցեց Աննա Գրիգորյանը:

Հայաստանի սահմանների, վարչատարածքային բաժանման թեման շարունակվեց նաև կառավարության ներկայացրած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծը, որը ընդդիմադիրներին մտահոգող հարցի հետ առնչություն չուներ, ներկայացնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, և «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նրան հիշեցրեց անցյալը՝ նկատելով, որ Տերտերյանը երկար ժամանակ եղել է նախկին կառավարության կազմում, ոչ միայն հեղինակել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքն՝ իր բոլոր փոփոխություններով, այլ նաև եղել է դրա իրականացման պատասխանատուներից մեկը:

«Դուք նաև լսել եք մեղադրանքները այդ օրենքի այն ձևակերպումների մասով, թե իբր այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները՝ այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Դուք այդ տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ կարծում եք, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,-հարցրեց Մինասյանը:

Տերտերյանն ի պատասխան ուղղեց՝ նշելով, որ 1996 թվականից տարածքային կառավարման ոլորտում է աշխատել և համակարգում է տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտը՝ հիմնադրումից ի վեր: «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել, համենայնդեպս իմ հիշողության մեջ նման բան չկա՝ և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում»:

Արծվիկ Մինասյանը հարցն հնչեցնելիս ակնարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը, հիշեցնենք, դեռևս 2020-ին պատերազմից հետո, երբ սահմագծման մասին խոսակցություններն ակտիվ էին, հայտարարել էր, որ 2010 թվականին ՀՀԿ-ի իշխանության օրոք ընդունվել է«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որի որոշ հավելվածներում կա նաև պատերազմից հետո Ադրբեջանի անմիջական հարևանը դարձած Սյունիքի արտաքին սահմանի նկարագրությունը, բացի այդ, նշել էր, որ Սյունիքի ու Արցախի սահմանը նկարագրելու համար կիրառվում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահման արտահայտությունը։

«Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով», - հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, որ «օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, որոնց ներկայացուցիչները մեղադրում են կառավարությանը ընդունած օրենքով գծանշված սահմանը՝ որպես սահման ընդունելու մեջ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անարձագանք չթողեց ընդդիմադիրների հայտարարությունները.

«Արդեն որերորդ անգամ՝ լսում ենք, թե ինչպես է ընդդիմությունը խոսում 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման օրենքի մասին: Նրանք չեն ժխտում, որ ընդունել են այդ օրենքը, չեն ժխտում, որ նստել են այստեղ, կողմ են քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Նրանք ասում են, որ դրանով պետական սահմանը չի որոշվում: Չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում: Ավելի լավ չէ՞ր լինի: Կարծում եք ՝ՀՀ քաղաքացիներին կարելի ՞է այդպես մոլորեցնել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ, Արցախից ու Սյունիքից հակառակորդին տարածքներ տալու մեջ և ընդգծեց, որ այդ քայլերը իշխանությունն արդարացրել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: «Պարո՛ն Տերտերյան, տեսնո՞ւմ եք հողատվությունը, դավաճանությունը, հայրենազրկումը ոնց են արդարացնում 2010-ին Ձեր ներկայացրած օրենքով: Բա կպատկերացնեի՞ք նման բան»,-դիմելով նախարարին հայտարարեց պատգամավորը։

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տվեց՝ ո՞ւր էր ընդդիմությունը երկրի համար վճռական պահերին։ Նաև հորդորեց. «Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ, դադարեցրեք երկրի սահմանների մասին այս քննարկումը, որը շատ վտանգավոր է, ու դուք դա շատ լավ հասկանում եք»:

Մանուկյանի ելույթին արձագանքեց նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը.

«Երբ «իքս» պատգամավորը քվեարկում է «իքս» նախագծին, որում գրված է «իքս» բանը, նշանակում է, որ այդ պատգամավորը համաձայն է այդ պնդման հետ, որը գրված է նախագծում: Հիմա մեր հարգելի գործընկերներից շատերը կամ նրանց ներկայացրած քաղաքական ուժը, այսինքն՝ ՀՅԴ-ի պատգամավորները, ժամանակին քվեարկել են մի նախագծի օգտին, որում սևով սպիտակի վրա գրված է, որ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Հիմա մեր ասածն այս է՝ ձեր ասածներն ու արածները չեն համապատասխանում: Տրամաբանականչ է, որ նույնք աղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդման կողմ, որն ասում է, որ Սյունիքում սահմանից այն կողմ Ադրբեջանն է, հետո գալիս ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր»:

Նա ընդգծեց՝ ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, պնդումն այլ է՝ այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդմանը կողմ:

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այդ օրենքի փոփոխությունների քվեարկության ժամանակ ինքը պատգամավոր է եղել և կողմ է քվեարկել:

«Ինչպես հետագայում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր: Որևէ մեկի մտքով որևէ ձևով չի կարող անցնել, և միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ մեր վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար»,-ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջին անգամ լրացումներ արվել են 2009-ի հոկտեմբերին և հավելեց. «Չեմ հասկանում, թե ոնց կարող էր այն ժամանակ պատգամավոր չեղած Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկեր այդ լրացումներին»:

Հոկտեմբերի 5-ին խորհրդարանը քննարկեց կառավարության ներկայացրած մի քանի նախագծեր և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրեց Արա Նռանյանին: Վերջինը նախկինում Հաշվեքննիչ պալատի անդամ էր և այդ պաշտոնում առաջադրվել էր խորհրդարանական ընդդիմության կողմից: