Իշխանությունը Արթուր Ղազինյանին կմերժի օրենսդրական սահմանափակմամբ

հոկտեմբերի 7, 2021

Իշխանությունը Արթուր Ղազինյանին կմերժի օրենսդրական սահմանափակմամբ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 35 օրվա ընթացքում վեց անգամ առաջադրվել ու չի ընտրվել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Առաջինն օգոստոսի 31-ին էր, վեցերորդը՝ հոկտեմբերի 5-ին: Եվ այդպես յուրաքանչյուր շաբաթ հանձնաժողովը քննարկել է այդ հարցը: Կքննարկի նաև հաջորդ շաբաթ:

Կփոխեն օրենքը

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն չի ընտրվում, ապա յուրաքանչյուր նիստից 5 օր հետո խմբակցությունը նորից թեկնածու է առաջադրում, հանձնաժողովն էլ նիստ է գումարում ու քննարկում հարցը:

Հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, համառորեն չեն ցանկանում ընտրել Արթուր Ղազինյանին, «Հայաստան» խմբակցությունն էլ նույն համառությամբ մերժումից 5 օր հետո նորից նրա թեկնածությունն է առաջադրում:

Սեպտեմբերի 28-ին՝ 5-րդ նիստի ավարտին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե եթե ընդդիմությունը ևս մեկ անգամ առաջադրի նույն թեկնածուին, ապա ՔՊ-ն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կանի, որի համաձայն, եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը պետք է նոր թեկնածուառաջադրի:

Ու քանի դեռ այդ օրենսդրական փոփոխությունը տեղի չի ունեցել, հանձնաժողովը յուրաքանչյուր 5 օրը մեկ կրկնելու է նույն գործողությունները:

«Հայաստանի» համար Արթուր Ղազինյանն անփոխարինելի է

Վերջին քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, թե Ա.Ղազինյանին հերթական անգամ ներկայացնելու կարիք չկա, և որ նրա ընտրության գործընթացը շատ երկարեց: Անդրանի Քոչարյանն էլ նկատեց, որ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարը, ի վերջո, պետք է լուծվի, և հարցրեց՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը խմբակցությանն այլ թեկնածուի առաջարկ չի՞ արել: «Հարցը քննարկել ենք խմբակցությունում և որոշել ենք, որ նորից նա է մեր թեկնածուն»,- պատասխանեց Գ.Նազարյանը:

Իսկ թեկնածուն՝ Ա.Ղազինյանը, հիշեցրեց, որ նախորդ 5 քննարկումների ժամանակ իրեն տրվել է 18 հարց, որոնց պատասխանել է, եղել են արձագանքներ, որոնց նույնպես պատասխանել է, եղել են նաև ելույթներ: Նորից պատրաստ է պատասխանել հարցերին, եթե դրանք լինեն «ռացիոնալ», բայց քանի որ այդպես չեն, չի ցանկանում մասնակցել իշխանության օրակարգին: «Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին՝ փոխել թեկնածուին: Հետևաբար, ձեր որոշումը կայացնելիս ուզում եմ ձեզ թողնել մենակ: Դուք ձեր հարցերն ու պատասխաները տվեք, ձեր քվեարկությունն արեք ու ձեր որոշումն ապահովեք»,- ասաց Ա.Ղազինյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորների հետ դուրս եկավ սենյակից:

«Դուք հիմա ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել»,- արձագանքեց Ա.Քոչարյանը:

Քրիստինե Պողոսյանն էլ ասաց, թե ինքը «Հայաստան» խմբակցության որևէ անդամի որևէ պաշտոնում չի ընտրել և չի ընտրելու նաև Ա.Ղազինյանին:Ա.Քոչարյանն էլ հավելեց, թե իր գործընկերները միակարծիք են, որ մշտական հանձնաժողովի պաշտոնում նույն թեկնածուի առաջադրումը սահմանափակելուհարցը պետք է լուծում ստանա ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակում, և առաջիկայում կներկայացնեն համապատասխան նախագիծ: «Իրենց էլ կտանք հնարավորություն, որ չկենտրոնանան մեկի վրա և այլ թեկնածություններ նույնպես քննարկեն: Մենք կլուծենք նաև իրենց առաջնորդից խմբակցության ազատագրման խնդիրը: Իսկ մինչև փոփոխությունները կարող են շարունակել»,- եզրափակեց Ա.Քոչարյանը:

Օրենսդրական նախաձեռնություն դեռ չկա

ՔՊ-ից Վահան Ալեքսանյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, թե օրենսդրական նախաձեռնություն չկա, դա ընդամենը գաղափար է, և այդ հարցը դեռ պետք է քննարկեն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ: Բայց չէ՞ որ օրենսդրական փոփոխությունը երկար գործընթաց է. մինչև քննարկեն, նախագիծը մշակեն, այն ներկայացնեն ԱԺ-ին ու երկու ընթերցումով ընդունեն, «Հայաստան» խմբակցությունը կարող է ևս 6 անգամ առաջադրել Ա.Ղազինյանին: «Կարող է հոբելյանական 10-րդ անգամնայլ թեկնածու լինի»,- ասաց Վ.Ալեքսանյանը:

Բայց այդպիսով խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական դրդապատճառներով չի՞ սահմանափակում ընդդիմության՝ թեկնածու առաջադրելու իրավունքը: «Ոչ, որովհետև իրենց իրավունքը թեկնածու ներկայացնելն է, բայց դա չի նշանակում, որ պարտավոր ենք կողմ քվեարկել ցանկացած թեկնածուի: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դրդապատճառներին, ապա, մենք ԱԺ-ում ենք, և այստեղ ամեն ինչ քաղաքական է»,- պատասխանեց պատգամավորը:

«Քվեն ունեն, թող փոխեն, ուզում են, թող ողջ ԱԺ կանոնակարգ օրենքը փոխեն: ՔՊ-ին և այս իշխանությանը, արդեն 3 տարի է, ինչը դուր չի գալիս, կարող են փոխել՝ կարող են Սահմանադրություն փոխել, կարող են ՍԴ դատարանի անդամ հանել-դնել, ԱԺ գրավել, արտահերթ ընտրություններ նշանակել: Այլևս տրամաբանությունից շատ հեռու են այն քայլերը, որ այս իշխանությունն իրականացնում է: Հայրենազրկումից հետո ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք փոխելն այլևս էական նշանակություն չունի»,- «Հայաստան» խմբակցությունից արձագանքեց Գեղամ Մանուկյանը:

Արդյո՞ք արժե մեկ անձ պատճառով օրենք փոխել: ՔՊ-ից պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանն էլ ասում է, որ օրենսդրական փոփոխության դեպքում խնդիրը ոչ այնքան Ա.Ղազինյանն է, որքան այն բացը, որ կա ԱԺ կանոնակարգ օրենքում, և ցանկացած խմբակցություն կարող է չարաշահել այդ բացը: Պատգամավորը նաև հավելում է, որ նույն օրենքը թույլ չի տալիսհանձնաժողովի նախագահի պաշտոնումերկրորդ անգամ նույն թեկնածուին առաջադրել, բայց անվերջ թույլ է տալիս նրա տեղակալի պաշտոնում առաջադրել նույն մարդուն: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն եթե առաջին անգամ չի ընտրվում, խմբակցությունը ստիպված է լինում նոր թեկնածու առաջադրել:

«Իսկ հանձնաժողովի տեղակալի դեպքում նույն թեկնածուին առաջադրելն ուղղակի անարգում է պատգամավորի մանդատը: Պատգամավորն իր խղճի կամոք է քվեարկում, բայց դու ասում ես, ոչ, եղբայր, դա ինձ չի հետաքրքրում, պիտի իմ թեկնածուի օգտին քվեարկես: Դա հրամայական չէ, և այնպես չէ, որ Դոնթի բանաձևով այդ պաշտոնը նրանց է հասել, ուրեմն, ներկայացված թեկնածուին պետք է ավտոմատ նշանակել: Եթե օրենքի պահանջն այդպես լիներ, այլ հարց է, բայց քվեարկության իրավունքն ինչի՞ համար է: Իրենց մոտեցումը հակասում է Սահմանադրությանը: Եվ եթե ԱԺ կանոնակարգ օրենքն այդ իրավիճակը չի կարգավորել, դա չի նշանակում, որ իրենք դա պիտի չարաշահեն»,- հավելեց Վահագն Հովակիմյանը: