Քննիչ հանձնաժողովը ցույց կտա, թե ովքեր են պայմանավորվել և դավաճանել․ Գագիկ Մելքոնյան

հոկտեմբերի 12, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։

- «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՊՆ-ում բացահայտված կոռուպցիոն գործին, որում որպես մեղադրյալ ներգրավված է մինչև 2021թ. պաշտպանության նախարար աշխատած Դավիթ Տոնոյանը, հայտարարում է, թե անորակ հրթիռները թեև ներկրվել են 2011թ., ՊՆ հաշվեկշիռ են մուտքագրվել 2018թ. դեկտեմբերին: Եվ կարծիք են հայտնում, որ այդ մասին տեղյակ է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ճի՞շտ է ասում:

-«Հայաստան» խմբակցությունն ուզում է ամեն ինչ բարդել մեր իշխանության վրա: Եթե իրենք մի բան են ասում, պետք է դա ապացուցեն: Քննություն է գնում, և պետք է պարզվի, թե այդ հրթիռները 2011-ից ինչու են մնացել մինչև 2018թ., որ նոր մուտքագրվել են մեր բազաները: Հետո կերևա, թե ով որքան մասնակցություն է ունեցել:

- Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ ասում է, թե այդ մուտքագրման գործընթացին մասնակցել է նաև գործող նախարար Արշակ Կարապետյանը, որն այն ժամանակ ԳՇ պետ էր, և առանց նրա ստորագրության այդ ռազմամթերքը չէր ներառվի ԶՈւ հաշվեկշռում: Եվ հարցնում է, թե ինչո՞ւ նա գործում ներգրավված չէ:

- Քննությունը գնում է, և հնարավոր է՝ Արշակ Կարապետյանն ու այլ մարդիկ նույնպես ցուցմունք տան:

- 2018թ. դեկտեմբերին երբ այդ հրթիռները մուտք արվեցին ՊՆ բազաներ, Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ դրանք ժամկետանց են:

- Նիկոլ Փաշինյանը 2018թ. Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարար է նշանակել, և եթե նա ինչ-որ բան օրենքի սահմաններից դուրս է կատարել, քննությունը կպարզի ու նրան կպատժի: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է պատժել այն մարդուն, որին ինքն է նշանակել, բայց նա իրեն չի արդարացրել:

- Բայց պաշտպանության նախարարը կարո՞ղ էր անել նման գործարք, ու վարչապետը դրա մանրամասներից տեղյակ չլիներ:

- Նման հարց բարձրացնողը խնդրից շատ հեռու է: Երբ պաշտպանության նախարարությունը գնումներ է անում, ամեն մի ապրանքի համար վարչապետին կամ նախագահին չի զեկուցում: Երբ տարեկան բյուջե է հաստատվում, ծրագրով ներկայացվում է, թե ինչ պետք է գնել, ու դրա համար ինչքան գումար է պետք: Եվ տարվա ընթացքում այդ գնումները կատարվում են, ու այնպես չէ, որ ամեն մի ապրանք առնելուց վազում են, թե պարոն վարչապետ, սա ենք առնում:

- Այո, բայց դա գրասեղան չէր: Վարչապետին չի՞ հետաքրքրել, թե 2011թ. գնված հրթիռներն ինչո՞ւ պետք է 2018թ. նոր մուտքագրվեն, կամ արդյո՞ք դրանք մարտունակ են:

- Նորից եմ ասում․բյուջեով նախապես է պլանավորվում, թե հաջորդ տարի ինչ է գնվելու: Եվ ցանկացած ապրանքի դեպքում ներկայացվում են դրա տեխնիկական պայմանները: Եթե անգամ տուշոնկա է գնվում, նշվում է, թե մեջը քանի գրամ միս, քանի գրամ ճարպ կամ ջուր պետք է լինի: Վարչապետին հո չե՞ն ասի, թե մենք 30 տարի առաջվա հրթիռ ենք առել:

- Ուրեմն, Դավիթ Տոնոյանը միտումնավոր կամ շահադիտական նպատակներո՞վ է այդ գործարքն արել և մոտ 4,7 մլն դոլարի վնաս պատճառել պետությանը:

- Քննությունը կպարզի, թե ինչպես է եղել, որ 2011թ. ժամկետանց ապրանք է եկել և մինչև 2018թ. մնացել մեր պահեստներում: Եվ եթե այն գնված չէր ու մեր ապրանքը չէր, ի՞նչ գործ ուներ մեր պահեստներում: Ես նման բան չեմ հիշում, չգիտեմ, թե դա ինչ ժանրից է:

- Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այդ գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, թե նախկին նախարարը շատ բան գիտի, բայց այն չի օգտագործում հանրային տիրույթում, քանի որ անձնական շահը չի գերադասում պետական շահին: Ի՞նչ կարող է իմանալ նա:

- Քննությունը կպարզի:

- Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է և հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիիմիր Պուտինի հետ: Հայաստանում խոսում են, որ այս անգամ նա կարող է միջանցքի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել կամ խոստում տալ: Հնարավո՞ր է։

- Փաշինյանը չի գալիս մեզ մոտ, թե այս հարցերով եմ գնում Մոսկվա: Հարցերը տեղում են առաջանում, բայց ես գիտեմ, որ միջանցք հասացողություն չկա, կա կոմունիկացիաների բացման խնդիր: Եվ եթե Նախիջևանից պետք է Ադրբեջան գնան, մենք էլ պիտի Վարդենիսով Մարտակերտ գնալու հարց դնենք: Միջանցքի խնդիր չկա, կա կոմունիկացիաների երկկողմանի բացման խնդիր:

- Ինչո՞ւ վեց ամիս՝ ոչ միայն չի հաջողվում Սյունիքի սահմաններից հետ քշել Ադրբեջանի զինված ուժերին, այլև նոր խնդիրեր են առաջանում, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

- Խնդիրը հիմնականում Գորիս-Կապան ճանապարհով իրանական մեքենաների շարժին է վերաբերում: Դա կլուծվի մինչև նոյեմբերի վերջը, մինչև պատրաստ լինի Տաթևով այլընտրանքային ճանապարհը: Իսկ Շուռնուխի ճանապարհը մեր մեքենաների համար բաց է:

- Ադրբեջանի կողմից այդ ճանապարհի վրա անցակետ տեղակայելն Իրանի՞ դեմ էր:

- Իմ կարծիքով՝ պատճառն այնն է, որ Իրանը Ադրբեջանի սահմանին զորք տեղակայեց և զորավարժություններ սկսեց: Դրա պատասխանն էր:

- Դուք ասում, թե գնումները նախապես են պլանավորվում, իսկ 2022թ. բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերն այս տարվա համեմատ ավելացվել են ընդամենը 33 մլրդ դրամով: Չե՞ք կարծում, որ արցախյան պատերազմից հետո բանակը վերականգնելու, համալրելու համար դա փոքր ավելացում է:

- Մեզ մոտ, հատկապես լրագրողների համար, գաղտնիության ռեժիմ չկա: Մենք հո ամեն մի լրագրողի չե»նք բացատրի, թե որ ձեռքբերումն ինչպես է տեղի ունենում: Հեռու մնացեք բանակից ու բանակի բյուջեից, դրանք լուսաբանելու հարցեր չեն:

- Անցած շաբաթ Արցախում, իր այգում աշխատելիս` ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից մահացել էր Արամ Տեփնանցը: Անգամ լուրեր կան, թե նրա հետ մահացել է նաև մի ռուս խաղաղապահ: Ադրբեջանը չի՞ ընդունում տարածաշրջանում ՌԴ-ի խաղաղապահների ներկայությունը:

- Այդ հարցերը պարզաբանվում են, բայց մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ մեր սահմանն ինքներս պահենք, ոչ թե ռուսները: Եվ բոլորս պետք է կոչ անենք` հայե՛ր, միացե՛ք, որ մեր երկիրը մենք պահենք:

- Չե՞ն միանում:

- Տեսնում եք, թե ընդդիիմադիր կոչվածներն ինչ են անում: Թողնո՞ւմ են, որ բանակը կազմավորվի, ամրանա: Խանգարում են: Բացեբիաց գրում են՝ մեր բանակը էս եղավ, մեր զինվորն էս եղավ:

- Բայց ՌԴ-ն ուզում էր հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնել, և կարծիքներից մեկն էլ այն է, որ հենց այդ նպատակով թույլ տվեց, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա: Իսկ Դուք ասում եք՝ մենք պահենք մեր սահմանները:

- Այնքան ուժեղ լինեինք, որ կարողանայինք մեր պատերազմը տանել, ինչպես 1994թ.: Ռո՞ւսն է այդ ժամանակ մեր կողմից եղել, ռո՞ւսն է մեր զորքերում կռվել: Այն ժամանակ մենք միասնական էինք, իսկ այս պատերազմի ժամանակ հեղափոխություն, իշխանափոխություն էին ուզում: Սա էլ եղավ արդյունքը: Զենքերը սահմանին թափում ու գալիս էին այստեղ, որ միտինգ անեն:

- Այս օրերին նորից քննարվում էր Հադրութի անկման հարցը, և կարծիքներ էին հնչում, թե այդ շրջանն ընկավ, քանի որ կազմակերպված, գրագետ պաշտպանություն չէր իրականացվում:

- Դավաճանություն: Բոլոր տեղերում դավաճանություն է եղել: Երբ քննիչ հանձնաժողովը սկսեց աշխատել, բոլորդ կտեսնեք, թե ոնց են դավաճանել, ոնց են պայմանավորվել: Ամեն ինչ ջրի երես դուրս կգա:

- Ովքե՞ր, ո՞ւմ հետ և ի՞նչ են պայմանավորվել:

- Քննությունից հետո կերևա: