ԱԺ ուժերը՝ ՏԻՄ ընտրություններում․ Սյունիքում կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր»–ն ու «Հայաստան» դաշինքը

հոկտեմբերի 15, 2021

Մինչև տարեվերջ՝ Հայաստանի հինգ տասնյակ համայնքներում երեք փուլով տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքների ավագանիների ու ղեկավարների ընտրություններ: Առաջինը հոկտեմբերի 17-ին է՝ 9 համայնքներում: Երկրորդը կանցկացվի նոյեմբերի 14-ին՝ 5 համայնքներում: Դեկտեմբերի 5-ին էլ ընտրություններ կանցկացվեն 36 համայնքներում:

Թեժ է լինելու

Հոկտեմբերի 17-ին ընտրություններ են անցկացվելու Սյունիքի չորս համայնքներում` Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում, ինչպես նաև Գյումրիում, Դիլիջանում ու ևս երեք գյուղերում:

Նշված վեց խոշոր համայնքներում ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով: Անցած տարի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 4000 և ավելի ընտրող ունեցող, բազմաբնակավայր համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, հետևաբար, ընտրություններին մասնակցելու համար առաջադրվում են ոչ թե անհատ թեկնածուներ, այլև կուսակցություններ ու դաշինքներ։ Գյումրիից բացի՝ մյուս հինգը խոշորացված համայնքներ են: Օրենսդրական այս փոփոխություններից հետո սրանք ՏԻՄ առաջին ընտրություններն են, որոնք անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Մյուս երեքը փոքր գյուղեր են: Այստեղ կազմակերպվելու է համայնքի ղեկավարի ընտրություն՝ մեծամասնական ընտրակարգով:

Սպասվում է, որ ընտրությունները թեժ են լինելու հատկապես Գորիս քաղաքում, որտեղ մասնակցում են երեք ուժեր` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ը և «Առուշ Առուշանյան» դաշինքը:

ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորում է այդ կուսակցության անդամ Վլադիմիր Աբունցը, որը, ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, որևէ տեղ չի աշխատում: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նա Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի մտերիմներից է, և նրա միջնորդությամբ է կուսակցությունը Վ. Աբունցին ընտրել Գորիսի քաղաքապետի թեկնածու:

ՀԱԿ-ի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորում է Կարեն Լազարյանը, որը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենն է:

Եվ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Սպասվում է, որ թեժ է լինելու հենց այս դաշինքի և իշխող ՔՊ-ի ընտրապայքարը:

Երեքը` մեղադրյալ

«Առուշ Առուշանյան» դաշինքը ձևավորել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ «Ազգային օրակարգ» կուսակցության հետ: «Ազգային օրակարգ» նույնպես մասնակցում էր հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց առանձին ցուցակով և ստացավ ընդամենը 719 ձայն:

«Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականները Ա.Առուշանյանից հետո զբաղեցնում են Գորիսի քաղաքապետարանում նրա տեղակալներ Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը: Երեքն էլ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ են:

Թե՛ Առուշ Առուշանյանի, թե՛ նրա երկու տեղակալների նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Ա.Առուշանյանն այս պահին կալանքի մեջ է, նա մեղադրվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու նախապատրաստման, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև՝ կաշառք ստանալու մեջ: Նա մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին և զբաղեցնում էր «Հայաստան» դաշինքի 32-րդ հորիզոնականը:

Մ.Հովսեփյանը նույնպես կալանավորված էր, բայց հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 30 մլն դրամ գրավի դիմաց նրա խափանման միջոց կալանքը փոխվեց։ Այսինքն` ընտրությունների օրը նա կլինի ազատության մեջ: Մ.Հակոբյանը մեղադրվում է համայնքապետարանից խոշոր գումար յուրացնելու և հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ օրենքով արգելված արարքներ գործելու մեջ:

Ի. Յոլյանն էլ, թեև ազատության մեջ է, բայց ինչպես Մ.Հովսեփյանը՝ մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Մ.Հովսեփյանի հետ նա նույնպես օգոստոսի 17-ին ձերբակալվել էր, բայց հաջորդ օրն ազատ էր արձակվել:

Խոսելու են գործերը

«Ցանկացած քաղաքական ուժ ուզում է ցանկացած տարածքում ունենալ իր հենարանը, գործադիր և ՏԻՄ համակարգում իր համախոհները: Եվ կփորձենք այս ընտրություններին էլ հաղթել»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասում է ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը: Ասում է՝ եթե չհաջողվի հաղթել, կփորձեն աշխատել նրա հետ, ով կընտրվի: Բայց համոզված է, որ կհաղթեն. «Մենք մի քանի ամիս առաջ ենք ընտրությունների գնացել և հասկացել ենք, որ բոլոր տեղերում մեր համախոհների թիվը շատ ավելի մեծ է, քան մյուսներինը»:

«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտարարություններ են հնչում, թե իրենց նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքապետին պահում են անազատության մեջ, որպեսզի նախընտրական շրջանում անհավասար պայմաններ ստեղծեն ու խոչընդոտեն իրենց հաջողությանը: «Եթե կա համայնքապետ, որի գործունեությունը հայտնվել է իրավապահների տիրույթում, ուրեմն, նրանք պետք է օրենքի առաջ պատասխան տան: Էդ համայնքապետերն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որ կարողանան մեզ խանգարել: Մենք նոր ենք ընտրություն անցկացրել, այդ մարդիկ ազատության մեջ են եղել, և տեսել ենք, թե ինչի են ի վիճակի, որքան համախոհ ունեն»,- հակադարձում է Վահե Ղալումյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ ասում է, թե Առուշ Առուշանյանը կալանավորվել է իշխանության սխալ գործողությունների հետևանքով և ստիպված է կալանքի վայրից համաքաղաքացիներին որոշակի մեսիջներ հղել: Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում դաշինքի առաջին երեք թեկնածուներին, և դա չի կարող ընտրական գործընթացի վրա որոշակի բացասական ազդեցություն չունենալ: «Բայց մարդիկ առաջին օրը չէ, որ ճանաչում են պարոն Առուշանյանին, գիտեն, որ վերջին ընտրություններին նա ընտրողների ճնշող մեծամասնության քվեն է ստացել, տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել, պատերազմում իր մասնակցությունն է ունեցել: Ես կարծում եմ, որ չնայած ֆիզիկական բացակայությանը՝ նրա մասին խոսելու են գործերը»,- ասում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը: