Ինչո՞ւ ԱԺ-ում 44-օրյայի քննիչ հանձնաժողովը չի ստեղծվում

հոկտեմբերի 18, 2021

Ազգային ժողովի իշխող մեծամասնությանը դեռ չի հաջողվում ձևավորել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ինչի մասին հայտարարել էր ընտրություններից անմիջապես հետո:

2020-ի պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջին անգամ հայտարարեց հուլիսի 26-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում 54 տոկոս ձայն ստանալուց հետո:

«Մենք կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը ևս պետք է, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված քաղաքական ուժերով», -հուլիսի 26-ին ՔՊ նորընտիր պատգամավորների հետ հանդիպումից հետո հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը Կառավարությունը ամրագրել է նաև 2021-2026 թթ. գործունեության ծրագրում. «Զինված ուժերի ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա: Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ և մանրամասն քննություն իրականացնելու համար»:

Խորհրդարանում քննությունն իրականացնողը, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն է:

Կան տեխնիկական հարցեր

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովը ձևավորվում է իրավունքի ուժով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:

Իսկ պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

Քննիչ հանձնաժողովի ձևավորելու պահանջում ԱԺ 71 պատգամավոր, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գլուխ խոնարհելով մեր բոլոր զոհերի, մեր բոլոր հերոսների առաջ՝ պիտի արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա պահանջ է: Արդեն իսկ պայմանավորվել ենք, այսինքն՝ խոսել ենք, որ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի Քննիչ հանձնաժողով: Այս առումով պիտի ընդգծեմ ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պատերազմի զոհերի և գտնվելու վայրը անհայտ անձանց հարազատների ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու կարևորությունը», -այդ պահանջը օգոստոսի 24-ին կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ ձևակերպեց Փաշինյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ունի 11 անդամ, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 1-ը՝ «Պատիվ ունեմ»-ից, 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ից:

Սահմանադրության համաձայն՝ Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը, և ենթադրվում է, որ 44-օրյայի հանձնաժողովը կնախագահի հենց իշխանության թեկնածուն՝ տվյալ պարագայում Անդրանիկ Քոչարյանը, որը նաև մշտական հանձնաժողովի նախագահն է: Վերջինը, հիշեցնենք, ղեկավարել է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Ավելի քան մեկ տարի ձգված աշխատանքի մի զգալի հատված, սակայն, հանրությանը չներկայացվեց՝ պետական գաղտնիք չհրապարակելու հիմնավորմամբ:

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովն անպայման ստեղծվելու է, որովհետև դրա անհրաժեշտությունն ամրագրված է և կառավարության ծրագրում, և իշխող քաղաքական ուժն արդեն ձեռնամուխ է եղել այդ հանձնաժողովի ստեղծման գործընթացին: Տեխնիկական խնդիրներ կան, որոնք շատ արագ առաջիկայում կլուծվեն, և ստեղծման մասին հայտարարությունը հասանելի կլինի բոլորին», -հոկտեմբերի 12-ին Factor.am-ին ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Տեխնիկական խնդիրները վերաբերում են հանձնաժողովի կազմում փորձագիտական խմբի ներգրավմանը. նրանց ընդգրկվելու են հանձնաժողովում՝ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Կա տեղեկություն, որ փորձագիտական խմբի կազմում լինելու են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Սամվել Բաբայանի, Դավիթ Սանասարյանի և Նորայր Նորիկյանի գլխավորած ուժերից:

Այս հեռանկարը, հանձնաժողովի անկողմնակալ լինելու առումով, թերահավատություն է առաջացնում խորհրդարանական ընդդիմության շրջանում:

Ինչպե՞ս է տրամադրված ընդդիմությունը

Խորհրդարանական ընդդիմությունը նույնպես հայտարարել էր, որ մտադիր է հանդես գալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Սակայն իշխանության հայտարարությունը՝ 8-րդ գումարման ԱԺ աշխատանքները դեռ չսկսած, խառնեց խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի պլանները:

«Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին մենք խոսել ենք շատ վաղուց, և «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է առաջ ընկնել՝ ցույց տալով, որ իբր դա իրենց նախաձեռնությունն է։ Բնականաբար, ՔՊ-ն ձևախեղելու է այդ հանձնաժողովի իմաստն ու նպատակը։ Իշխանության ստեղծած հանձնաժողովը չի կարող անկողմնակալ ուսումնասիրել իշխանության գործունեությունը և այն դարձնելու է իրականությունը թաքցնող շղարշ։ Մեր համար կարևորը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի արդյունավետ ձևաչափն է, իսկ այն, ինչը առաջարկում են իշխանությունները, չի կարող լինել այդպիսին», -հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Ավելին, նա տրամաբանական է համարել, որ հանձնաժողովի նախագահը լինի ընդդիմությունից:

Գրեթե նույն կարծիքին են «Պատիվ ունեմ» խմբակցությունում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանությունը չի կարող ընդունել բոլոր իրեն ուղղված մեղադրանքները, անցկացնել քննություն, լինել մեծամասնություն քննիչ հանձնաժողովում ու հանրությանը փոխանցել օբյեկտիվ տեղեկություններ:

«Պատրա՞ստ է իշխանությունը քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զիջել ընդդիմությանը, քանի որ նրանք պնդում են, որ եթե նախագահն իշխանությունից լինի, արդար քննություն չի լինի»,-լրագրողների այս հարցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել էր. «Եթե այդպես լիներ, նման ֆորմատներ նախատեսված չէին լինի: Կարող են նաև ասել՝ դե, թող իշխանությունները չգան Ազգային ժողով, որովհետև իրենք մեծամասնություն են, ու մենք չենք կարող օրենք անցկացնել: Դա սեփական աշխատանքը չանելու արդարացում է կամ գիտակցություն, որ գուցե այդ աշխատանքն իրենց ուզած արդյունքը չի բերելու: Այդ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ է պետք, քան ընդդիմությանը»:

Ե՞րբ կկազմավորվի 44-օրյայի քննիչ հանձնաժողովը, ո՞վ հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ, ովքե՞ր կլինեն հանձնաժողովում ընդգրկված փորձագետները. դեռ պարզ չէ, թե երբ պարզ կլինեն այս հարցերի պատասխանները: Այս պահին հայտնի է միայն այն, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են նաև պատերազմում զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատները: