Դիմակ դնելու պարտադիր ռեժիմը նախարարներն ավելի լավ են պահում, քան պատգամավորները․ Լիլիթ Ստեփանյան

նոյեմբերի 2, 2021

Հարցազրույց ԱԺ «Քաղաքցիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ

–Տիկի՛ն Ստեփանյան, անվտանգության աշխատողները ԱԺ փոխխոսնակի կարգադրությամբ ԱԺ ամբիոնից բռնությամբ իջեցրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ չթողնելով ավարտել ելույթը։ Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը։

–Եթե հետևել եք, նոր խորհրդարանի ձևավորման առաջին իսկ օրիցմեր ընդդիմադիր գործընկերները թե՛ իրենց վարքի մեջ, թե՛ լեքսիկոնում օգտագործում են որակումներ, գնահատականներ, որոնք թեժացնում են մթնոլորտը ԱԺ նիստերի դահլիճում։ Այդ թեժացման ընթացքում գոռգոռոցներ են հնչում թե՛ կառավարող ուժի, թե՛ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների կողմից, ինչի հետևանքով խորհրդարանի բնականոն աշխատանքը խաթարվում է: 

–Երբ ասում եք որակումներ, նկատի ունեք՝ դավաճան, հողատու եզրույթնե՞րը:

–Դե, ոչ միայն այդ բառերը: Այդ անպատիվ, վիրավորական, երբեմն նույնիսկ անձնական  տիրույթ մտնող արտահայտությունները ընդդիմությանը պատիվ չեն բերում, ո՛չ էլ կառավարող ուժին են պատիվ բերում: Դրանք որևէ մեկի շահից չեն բխում, հետևաբար, այդ մթնոլորտում խոսել կառուցողական երկխոսության մասին և վեր հանել երկրի առջև ծառացած մարտահրավերները, իսկապես, հնարավոր չէ: Ազգային ժողովի նախագահը առաջին իսկ օրերից, կարծես, ոչ ֆորմալ ջենթլմենական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իրար չպետք է վիրավորել:  

Առողջ քննադատում են, եթե կա քննադատության հիմք, առաջարկներ են ներկայացնում, տարբեր քաղաքակիրթ միջոցներով փորձում են երկխոսել: Բայց անել այնպիսի արտահայտություններ, որոնք թեժացնում են մթնոլոտը, անընդունելի է: Դրա հետևանքով էր, որ ցավոք, մենք ունեցանք ձեռնամարտի տեսարան Ազգային ժողովում: Դա մեծ առումով մեր պետության վարկանիշի և հեղինակության հետ խաղաց:  

Ինձ համար ամենասարսափելին այն է, երբ միջազգային մամուլի լրահոսում կամ վազող տողում գրվում է, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովում պատգամավորներն իրար ծեծում են՝ հատկապես հետպատերազմյան Հայաստանում, հատկապես մարտահրավերների հսկա փնջի առաջ, երբ իսկապես պետք է համախմբել ուժերը: Իրար որակումներ տալը որևէ մեկին պատիվ չի բերում:  

Ես, սովորաբար, խորհրդարանում խոսում եմ սոցիալական խնդիրների մասին, որոնք հուզում են մարդկանց, բայց այս անգամ նույնիսկ իմ համբերությունը սպառվեց, և հայտարարությունների ժամանակ այս մասին խոսեցի՝ ասելով, որ սա որևէ մեկի քաղաքական կշիռը չի ավելացնում: Այս տեմպերով աշխատել պարզապես չի կարելի:

–Դուք ջենթլմենական պայմանավորվածության խախտման մասին խոսեցիք, ո՞ր կողմն է խախտում այդ պայմանավորվածությունը: 

–Ընդդիմությունը: Եթե փորձեք հետևել Ազգային ժողովի նիստերին, իրականում, ջենթլմենական պայմանավորվածությունը հիմնականում խախտում է ընդդիմությունը: Առողջ քննադատության և վիրավորանքներով անձնական դաշտ մտնելու նուրբ սահմանն ամեն անգամ նրանք են խախտում:

–Գեղամ Մանուկյանի հետ կատարվածը, փորձագիտական շրջանակների միասնական գնահատմամբ, ժողովրդավարական երկրին հարիր չէ և բռնություն է ազատ կամարտահայտման դեմ: Ավելին, հիշեցին Փաշինյանին, որը պատգամավորի կարգավիճակում քննադատում էր իշխանությանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: 

–Ժողովրդավարության ցուցիչ չէ նաև մեր ընդդիմադիր գործընկերների խոսակցությունները և նման շեշտադրումներով ելույթները, որոնք հնչեցնում են ԱԺ ամբիոնից: Մյուս կողմից՝ եթե խոսենք ժողովրդավարության ցուցիչներից, ապա այն ազատությունը, երբ ում մտքով ինչ անցնում, վեր է կենում և ամբիոնից հնչեցնում, դա ժողովրդավարության բարձր աստիճանի մասին է խոսում:  

Մեր գործընկերների մտքով այդ պահին ինչ անցնի, ամբիոնից հնչեցնում են՝ անկախ նրանից, այդ հայտարարությունը կապ ունի՞ քննարկվող նախագծի հետ, թե՞ ոչ: Վեր են կենում, հասնում են ամբիոնին ու փորձում են շիկացնել մթնոլորտը: 

–Կառավարության որոշմամբ պետական հիմնարկներում աշխատողների համար պատվաստումը, ըստ էության, դառնում է պարտադիր: Դուք տեսնո՞ւմ եք այս որոշման դրական արդյունքը։

–Այո։ Պատվաստումների ընթացքը տարբեր գործոններով պայմանավորված քիչ դանդաղեց, գուցե հավուր պատշաճի վստահութուն չկա հանրության շրջանում: Այս դեպքում քաղաքացիներին մեղադրելը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև այս վիրուսը ամբողջ աշխարհի համար է նորություն, այդ թվում՝ գիտական մտքի, պատվաստանյութ ստեղծող կազմակերպությունների համար: 

Բայց մյուս կողմից՝ մենք չունենք ժամանակ, որպեսզի քովիդի պատվաստանյութերը, ինչպես նախկինում բոլոր պատվաստանյութերը, անցնեն համապատասխան փորձաքննություն, հետո նոր կիրառվեն: Մենք ժամանակ չունենք և, հապաղելու դեպքում, բավական բարձր գին ենք վճարելու, արդեն վճարում ենք՝ օրական աճող մահերի տեսքով: 

Բացի այդ, եթե հետևում ենք համաշխարհային ցուցանիշներին ու պատվաստումից հետո վարակվածների թվին, ապա արդյունքները բավականին հուսադրող են: Այստեղ մենք պետք է հասկանանք, որ լավություն ենք անում ոչ թե պետությանը, առանձին գերատեսչություններին, այլ՝ ինքներս մեզ՝ մտածելով մեր ու մեր հարազատների առողջության մասին: Մենք նպաստում են հանրային առողջության կայունացմանը: Շատ կարևոր է, որքաղաքացիները գիտակցեն սա։

Ամբողջ աշխարհում են տարածված պատվաստումների դեմ շարժումները, բայց գիտնականները բոլորովին այլ ցուցանիշներ են բերում: Շատ են ասում, թե ՀՀ կառավարությունը համավարակի դեմ պայքարի գործողություններն ու միջոցառումները լավ չի կազմակերպում, ես ուղղակի կուզենամ նման տեսակետ հայտնողներին հարցնել՝ իսկ ո՞ր երկրում է կառավարությունը լավ միջոցառումներ իրականացնում:  

Եթե կան պետություններ, որոնցում պատվաստման գործընթացի ցուցանիշները բավական բարձր են, ապա այդ երկրներում կառավարությունը, իշխանությունը կոշտ քայլերի է գնացել՝ լոքդաունների, մարդկանց աշխատանքից հեռացնելու՝ պարտադիր պատվաստվելու պահանջով։  

Եթե նախկինում մեր երկրում խոսում էինք մի քանի ժամը մեկ մահերի մասին, ապա այժմ յուրաքանչյուր կես ժամը մեկ քովիդից մարդ է մահանում: Մենք, իսկապես, մոտենում ենք վտանգավոր գծին:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ մարդկանց կոչ անել՝ գնալ և պատվաստվել: Ես ինքս պատվաստված եմ, իմ ծնողները պատվաստված են, հարազատներս պատվաստված են, մեզանից որևէ մեկը բարդություններով ուղեկցվող խնդիր չի ունեցել: Ավելին, մայրս ուղեկցող խնդիրներ ունի, բայց պատվաստված է, որովհետև մանկավարժ է և աշխատում է կոլեկտիվում:  

Ժամանակն է, որ դուրս գանք այս միջնադարյան մտածողությունից, կաղապարներից ու առաջ նայենք, որովհետև մենք իսկապես շատ ծանր գին ենք վճարում: 

–Դուք ընտրված իշխանություն եք, կառավարությունը, ինչպես ասում են, ընտրյալներն են ձևավորել, ինչո՞ւ հանրությունը չի վստահում այս հարցում կառավարությանը և չի հետևում պատվաստվելու կոչերին։  

–Որովհետև այս հիվանդությունը ինքնին նոր բան է ամբողջ աշխարհում: Անվստահությունը նաև սրանով է պայմանավորված: Ընդհանրապես, մեր հասարակությունը մի քիչ ավելի ավանդական հասարակություն է և ցանկաած նոր բան դժվար է ընդունում: Բայց 2020 թվականից անցել է արդեն 1 տարի, ու սա բավական էր՝ հասկանալու համար, որ վիրուսը որևէ մեկին չի խնայում 

–Դե, պատվաստվելու հորդոր անմիջապես վարչապետն է անում՝ մատնանշելով իր ընտանիքի օրինակը, բայց միևնույն է, նրան չեն լսում, չեն վստահում:

–Չեմ կարող ասել՝ որն է խնդիրը: Ինձ հետ էլ, օրինակ, շատ հարազատ մարդիկ խոսելիս ասում են՝ դու գնացել պատվաստվել ես, իսկապե՞ս քեզ պատվաստել են, թե մենակ նկարվել ես: Գոնե հարազատները նման բան չպետք է հարցնեին: Այ, այս աստիճան անվստահություն է, բայց դա ոչ թե իշխանության նկատմամբ է, այլ պատվաստանյութերի հետ է կապված: Գուցե ավելի քիչ են խոսում մասնագետները:Նրանք այս մասին պետք է ավելի շատ խոսեին:  

Շատ կարևոր է, որ քաղաքական բոլոր շրջանակները այս հարցում միաձայն լինեին և մեր բոլորի խոսույթը հիմնականում վերաբերվի մի բանի, որովհետև քաղաքացին պետությունն է, և եթե հանրային առողջությունը վտանգված է, ապա թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է բարձրացնեն խնդիրը, խոսեն դրա մասին:

Ես, օրինակ, լինելով Հրազդանից, գնացի իմ քաղաքում պատվաստվեցի, որ բոլորը տեսնեն՝ նույն վակցինաներն են, ու որևէ տարբերություն չկա: 

–Տեսակետ կա, որ կառավարության տարբեր անդամների միմյանցից տարբեր դիրքորոշումներն են հենց հանրության շրջանում անվստահություն առաջացնում: Չեք կարծո՞ւմ, որ հիմքեր կան չվստահելու որոշում կայացնողներին:

–Ես հասկացա՝ ինչ եք ասում։ Հավանաբար, նկատի ունեք վերջերս նախագահականում միջոցառման ժամանակ արված լուսանկարը, երբ կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ առողջապահության նախարարը, առանց դիմակ էին: Նախարարը, կարծում եմ, բավական համապարփակ պատասխանել է այդ հարցին՝ ասելով, որ ձեռքին բաժակ կար, և անհարմար էր դիմակը հանել ու դնել: 

Հանուն արդարության պետք է ասեմ, որ դիմակի կրման պարտադիր ռեժիմը շատ ավելի լավ պահպանում են կառավարության անդամները, քան Ազգային ժողովի պատգամավորները։