Արտախորհրդարանական ընդդիմությունը կլինի 44-օրյայի քննիչ հանձնաժողովում․ երբ կձևավորվի հանձնաժողովը՝ հայտնի չէ

նոյեմբերի 4, 2021

Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու վերջնական որոշում դեռ չկա, չնայած հոկեմբերի 29-ին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե մտահոգող հարցի լուծումը գտնվել է:

Քննիչ հանձնաժողով ստեղծելու ճանապարհին խնդիր է այն, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պաշտպանական հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմի հիման վրա, իսկ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ու զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները այդ հանձնաժողովի անդամ չեն:

«Գտնվել է իրավական այն լուծումը, որը հնարավորություն է տալու արտախորհրդարանական ուժերի և անհետ կորածների ու զոհվածների ծնողների ներկայացուցիչներ ունենալ որոշակի ձևաչափի շրջանակում: Երբ կհայտարարենք աշխատանքի մեկնարկի մասին, նաև կասենք, թե ինչ ձևաչափով են մասնակցելու արտախորհրդարանական ուժերը»,- հոկտեմբերի 29-ին հայտարարել էր Անդրանիկ Քոչարյանը:

Մինչև այսօր, սակայն, գտնված լուծման մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հրավիրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ աշխատելու որպես փորձագետ։

«Քննիչ հանձնաժողովը բնականաբար, լինելու է, շատ շուտով հավանաբար կկազմավորվի», -Parliamentmonitoring.am-ին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հնարավո՞ր է օրենսդրական փոփոխություններ կատարվեն՝ հանձնաժողովի կազմում այլ ներկայացուցիչներ ներգրավելու համար հարցին Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, հիմա մանրամասները չեմ բացի, բայց կարծում եմ՝ առանց օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների՝ կկարողանանք ստեղծել հանձնաժողովը»:

Քննիչ հանձնաժողովի կազմում արտախորհրդարանական ուժերի ներկայացվածության անհրաժեշտության մասին վերջերս հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստում: «Այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում», -հոկտեմբերի 30-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Անուններ էլ են հնչում՝ Սամվել Բաբայան, Դավիթ Սանասարյան և Նորայր Նորիկյան: Վերջինը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և ասաց, որ ինքն առաջադրվել է արտախորհրդարանական ուժերի կողմից և ներկայացված կլինի ԱԺ քննիչ հանձնաժողովում: Սակայն Նորիկյանը պահանջ ունի՝ ինչպես հանձնաժողովի անդամ պատգամավորները, ինքն էլ պետք է նույն լիազորություններն ունենա, որոշում կայացնողի դերում լինի:

«Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ իրավակարգավորումներ են իրենք ներկայացնելու, որոնց պայմաններում մենք պետք է ներգրավվենք: Ես՝ որպես «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, պաշտոնապես ասեմ՝ եթե մենք հավասար իրավասություններ, լիազորություններ չենք ունենալու, եթե չենք կարողանալու օբյեկտիվորեն վերլուծել և ուսումնասիրել բոլոր հասանելի փաստաթղթերը ու օբյեկտիվ կարծիք կազմել, կարծում եմ՝ լուրջ խնդիր է ի հայտ գալու, թե ընդհանրապես ինչ առաքելությամբ ու ինչ մանդատով ենք այնտեղ լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկյանը:

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովում իր ընդգրկվելու նպատակը մեկն է՝ բացահայտել ճշմարտությունը և հասկանալ՝ ինչ է կատարվել պատերազմի 44 օրերի ընթացքում: «Մեզ համար այս խնդիրը բացարձակապես դուրս է նախկին-ներկա կոնտեքստից, կռվախնձորային տրամաբանությունից: Հայրենիք ենք կորցրել, և ես ուզում եմ իմանալ՝ ներկանե՞րն են կորցրել, նախկիննե՞րն են կորցրել, թե՞ միասին: Ի՞նչ ն է, ի վերջո, եղել պարտության պատճառը: Եթե մեզ չտրվեն հավասար իրավասություններ, և եթե ես պետք է այնտեղ գնամ լուռ դիտորդի կարգավիճակում, ու ինձ հասանելիություն չտրվի համապատասխան փաստաթղթերին, կներեք, դա ինձ պետք չէ», -ընդգծեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց Ալեն Սիմոնյանը կարևորել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությունը քննիչ հանձնաժողովի կազմում: «Մենք կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը ևս պետք է, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված քաղաքական ուժերով», -ասել էր նա:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին հաստատուն է՝ «Մեղասկիցները չեն կարող քննել իրականացված հանցագործությունը»: Այդուհանդերձ, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը Parliamentmonitoring.am-ին ասաց, որ այդ հանձնաժողովում իրենց խմբակցությունը ներկայացուցիչ կունենա:

Ընդդիմադիր պատգամավորի համար, սակայն, անհասկանալի է՝ ինչ իրավական հիմքերի վրա են քննիչ հանձնաժողովի կազմ ներգրավվում արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

«Ազգային ժողովում գործող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավում են արտախորհրդարանական քաղաքական ուժերը, և դրա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական նախադեպը ինձ հայտնի չէ: Ո՛չ էլ դրա իրականացման գործիքակազմն եմ հասկանում։ Էլ չեմ ասում, որ տրամաբանություն էլ չկա այդ ամենի համար», -ասաց Մամիջանյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է օրենսդրական փոփոխություններով ձևավորվի դրա հիմքը, Մամիջանյանը արձագանքեց. «Համ մուրճն է իրենց ձեռքը, համ մեխը, ի՞նչ ասեմ»: