Բանակում անգրագետ կառավարում է․ Սեյրան Օհանյան

նոյեմբերի 15, 2021

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ

-Պարո՛ն Օհանյան, Արցախում քաղաքացի Նորայր Միրզոյանը նռնակ է նետել ադրբեջանական անցակետի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ադրբեջանցի վիրավորվել են: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:

–Նույնիսկ Խորհրդային Միության խիստ պահանջները երբևիցե բավարար պայման չեն եղել, որ երկու ժողովուրդների միջև կոնֆլիկտներ չլինեն։ Կոնֆլիկտներ միշտ էլ եղել են:

Խորհրդային Միության ժամանակ միշտ էլ ճնշումներ եղել են Արցախի ժողովրդի նկատմամբ, էլ չեմ ասում Արցախի կարևոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները անցել են ադրբեջանական փոքր բնակավայրերի արանքով, և արցախյան առաջին ազատամարտի ժամանակ այդ կառույցները վեր են ածվել խոշոր ռազմական հենակետերի ու ճնշում է գործադրվել Արցախի ժողովրդի նկատմամբ:

Հիմա ուզում եք, որ այս ամենը չշարունակվի՞ 2020-ի պատերազմից հետո: Էլ չեմ ասում 1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո միշտ էլ սադրանքներ, զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից եղել են՝ դիվերսիաների, դիպուկահարների կրակոցների տեսքով:

Այս իրավիճակում, երբ Արցախում հայ ժողովուրդը գտնվում է անկլավային վիճակում, և Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ, շարունակում են կրակել խաղաղ բնակչության, ճանապարհների վրա աշխատանք կատարող մարդկանց, հանդուրժի՞ ըմբոստ արցախցին: Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ՝ կատարվածը նորմալ երևույթ է արժանապատիվ հայի կողմից:

Ադրբեջանցիները շարունակելու են պնդել իրենց այդ ծավալապաշտական նկրտումները, պարտված կողմի նկատմամբ ճնշումներն են շարունակելու, սադրանքներ են կազմակերպելու և այդ սադրանքների միջոցով նաև ազդելու են ռուս խաղաղապահների վրա:

Հայաստանի, Արցախի ղեկավարության խնդիրն է լուրջ համագործակցություն կազմակերպել առաջինը խաղաղապահ ուժերի հրամանատարության, տեղերում հենակետերի ղեկավարության, ՌԴ-ի ու ԵԱՀԿ ՄԽ-ի հետ միջազգային ասպարեզում:

–Արդյո՞ք թերահավատություն չի առաջանում ռուս խաղաղապահ առաքելության նկատմամբ: Օրինակ՝ նախավերջին միջադեպը, երբ Արցախի բնակիչ 22-ամյա Մարտիկ Երեմյանն էր սպանվել, խաղաղապահ առաքելության ենթակայությամբ գտնվող տարածքում է եղել:

–Այս պահին, երբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն են, և Արցախը գտնվում է նեղ, շրջապատված վիճակում, անորոշության մեջ, երևի խաղաղապահների հետ համագործակցությունը ավելի պետք է խորացնել: Խաղաղապահները, ի վերջո, նոր մարդիկ են և մեկ տարվա ընթացքում կարող են աշխարհագրորեն ամբողջությամբ չյուրացնել բոլոր տեղանքային նրբությունները:

–Իսկ կատարվածով պայմանավորված՝ Հայաստանում տեսնո՞ւմ եք հակառուսական տրամադրություններ:

–Հակառուսական տրամադրություններ միշտ էլ եղել են: Բայց ՌԴ-ն Հայաստանի համար առաջին հերթին ռազմավարական գործընկեր է, երկրորդը՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Մենք պարտավոր ենք միջազգային հարթակներում լուրջ աշխատանք տանել այդ երկրի հետ:

–Խաղաղապահների գործողությունները կարո՞ղ են հանգեցնել ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների:

–Այդպիսի տրամադրություններ միշտ էլ եղել, բայց փոքր խմբերի կողմից: Ես ելքն եմ ասում՝ ինչպես կարելի է դուրս գալ նման իրավիճակներից, որպեսզի այդպիսի տրամադրություններ չլինեն, որովհետև ի վերջո այս իրավիճակում մենք լուրջ խնդիր պետք է կատարենք:

Այսօրվա անվտանգային համակարգը ենթադրում է համապատախան երաշխիքների ձևավորում: Առաջինը՝ ազգային, որը մեր բանակն է, անվտանգությունը, մեր համախմբվածությունը, հավաքական կամքը, և երկրորդը՝ միջազգային երաշխիքները, առանց որոնց, առանց լուրջ խելացի բանակցողների, մենք չենք կարող ունենալ հաջողություն:

–Նման կոնֆլիկտային միջադեպերը, որոնց կրկնվելը չի բացառվում, որքանո՞վ են տեղավորվում իշխանությունների կարևորած խաղաղության հաստատման համատեքստում:

–Այս միջադեպերը պարտվողական քաղաքականության տրամաբանության մեջ են, որովհետև պարտված իշխանությունն ու երկիրը միշտ գտնվում են ճնշման տակ։ Ադրբեջանի հռետորաբանությունը և գործնական քայլերը Հայատանի սահմաններում դա են ցույց տալիս:

Հետևաբար, այդ ամենից ելնելով՝ խաղաղ դարաշրջանի կառուցումը անընդհատ ճնշված վիճակում արժանապատիվ խաղաղության չի բերի մեզ, որովհետև չկան այդ խաղաղության պայմանները։ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմից հետո դարձել են թշնամի:

Խաղաղության գնալու համար այսօր պահանջվող իրավապայմանագրային հենքն էլ չկա, որովհետև խաղաղության գնալու համար կողմ հանդիսացող երկրները պետք է ճանաչեն միմյանց սահմանները, տարածքային ամբողջականությունը։ Դա թուրք-ադրբեջանական խաբկանք է, ու մեծ քար կգցի նաև Արցախի ճակատագրի վրա:

Այս իրավիճակում գնալ խաղաղ դարաշրջանի կառուցման՝ ճիշտ չէ, մանավանդ եթե այդ ամենին ավելանում է ճանապարհների ապաշրջափակումը: Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է խորը շրջափակման՝ տնտեսական ճնշմամբ, ժողովրդագրական պատկերը փոխելով: Դա, ի վերջո, վտանգ է Արցախից հայ ժողովրդի տեղահանման համար:

–Ինչո՞ւ է իշխանությունը պնդում խաղաղության օրակարգը, այլընտրանք չկա՞, թե՞ ուժ չունի:

–Այս իշխանությունը պատերազմից հետո անընդհատ զիջում է հակառակորդին, փոխանակ ճնշումներ գործադրելու և Հայաստանի սահմաններից դուրս շպրտելու։ Այսօրվա իշխանությունները առանձնանում են հարմարվողականությամբ:

Տեսեք, Սյունիքի ճանապարհներին մաքսակետեր տեղադրելուց հետո դրան էլ կհարմարվեն, վաղը Ադրբեջանը մի տեղ կմխրճվի, առավելություն կունենա, այս իշխանությունները դրան էլ կհարմարվեն: Այսինքն՝ հարմարվողականությունը, պարտված լինելը, հոգեբանորեն ճնշված լինելը, ժողովրդի շրջանում հավաքական կամքի ձևավորման հարցում անընդունակ լինելը այս իշխանության գծերն են:

–Դուք օգտագործեցիք «հակառակորդի վրա ճնշում գործադրել, դուրս շպրտել» արտահայտությունները: Դուք կարծում եք՝ Հայաստանն այդ ուժն ունի՞:

–Բանակը եղել է և այսօր էլ կա: Մենք, գոնե իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, 2016-ին եմ ավարտել իմ աշխատանքը, իրենց թողել ենք հաղթանակած բանակ, իսկ իրենք այդ հաղթանակած բանակը դարձրել են պարտված բանակ: Բայց միաժամանակ, բանակը իր առանձնահատկությունից ելնելով,ամենակարևոր ու ամենապատրաստ կառույցն է, որը կարող է իր առջև դրված խնդիրը լուծել: Պարզապես, երբ բանակին միայնակ ես թողնում, խնդիրները ավելանում են, իսկ բանակը միայնակ չի կարող այդ խնդիրները լուծել:

Բանակը, օրինակ, միայնակ էր 2020-ի 44-օրյա պատեազմի ընթացքում, բանակին չօգնեցին մխրճման հատվածում ճեղքվածքը փակելու: Այդպես էլ պատերազմից հետո։ Բանակը մենակ մնաց ու չմոբիլիզացվեց:

Պետության ղեկավարությունը արագ որոշում չընդունեց մեր սահմանները պաշտպանելու համար, և այսօր էլ, անհրաժեշտության դեպքում, բանակը պետք է արագ մոբիլիզացվի, լրացվի սպառազինությամբ ու իր առաջ դրված խնդիրները լուծի:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկրում ուռճացնում են ոստիկանական համակարգը, մեծացնում են նրանց բյուջեն, նոր մեքենաներ ու հագուստ են ձեռք բերում այդ համակարգի համար, տարբեր հատվածներում ասֆալտներ են գցում, բայց այդ գումարները չեն ծախսվում բանակն արագ ոտքի կանգնեցնելու վրա: Դա խոսում է այն մասին, որ այսօրվա իշխանությունը չի տարբերակում պետության առաջնահերթությունները:

–Վարչապետն իր վերջին հարցազրույցում ասել էր, թե երկար տարիներ բանակաշինության գործընթացը ձախողվել է՝ արձանագրելով պատերազմում ռազմական առումով պարտությունը: Ի՞նչ կասեք այդ մասին:

–Վարչապետը մի քանի կետերի վրա ուշադրություն դարձրեց՝ ապատեղեկատվական մի քանի թեզեր արտահայտելով:

Առաջինը, իբրև թե, բանակաշինությունը ձախողվել է: Իրականում, այդպես չէ, որովհետև բանակաշինությունը միշտ առաջընթաց է ապրել, զարգացել է՝ մանավանդ 2008-ից սկսած: Բանակաշինության գործընթացին, պաշտպանական քաղաքականության մեջ մասնակից են եղել բոլոր գեատեսչությունները, գագաթնակետը եղել է Շանթ -2015 զորավարժությունը, երբ պետության կառավարման համակարգը մասնակցել է պաշտպանական խնդիրների լուծմանը:

Զինված ուժերի զարգացման համար հիմք է հանդիսացել զարգացման պլանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագիրը, ուշադրություն է դարձվել ռազմական միջոցների տեղական արտադրությանը:

Բանակի պատրաստվածությունը և մարտական ոգին համապատախանել է խնդիրների կատարմանը: Էլ չեմ ասում, որ ինժեներական զգալի կառույցներ են կառուցվել, որոնց մասին խոսում ու ցուցադրում էր հակառակորդը: Այդ կառույցներն են հիմք հանդիսացել, որ վերջին պատերազմում 283 կմ հատվածում հակառակորդը կարողացել է միայն 20 կմ-ի մեջ մխրճվել:

Սակայն բանակի թիկունքն ու մոբիլիզացիան, պետությունը ռազմական ռելսերի վրա չփոխադրելը և կարգապահության մակարդակն է շատ ցածր եղել։

Վարչապետը նաև ասում էր, որ բանակը անձեռնմխելի է եղել: Դա նույնպես ապատեղեկատվություն է: Երբևէ նման բան չի եղել: Բանակի նկատմամբ քաղաքացիական վերահկողությունն ամրագրվել է օրենքով. բոլոր պետական մարմինները այս կամ այն կերպ կարողացել են ու լիազորված են եղել վերահսկողություն իրականացնել բանակի վրա:

Եղել է հասարակական վերահսկողություն՝ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների կողմից: Գլխավորը՝ ժողովուրդն է եղել բանակի ամենակարևոր վերահսկողը, քանի որ բանակը ծնվել է ժողովրդի ծոցից, և ամեն մի ընտանիք իր սեփական դեսպանն է ունեցել բանակում:

Վարչապետը նաև ասել էր, որ հայտարարություններն ու իրական վիճակը չեն համապատասխանել միմյանց: Իհարկե, այդպես չէ: Բանակը անընդհատ կատարելագործման փուլում է եղել, բայց եղել են նաև թերություններ: Այդ ո՞ր կառույցում թերություններ չեն լինում: Բանակում հստակ աշխատանք է տարվել մարդու իրավունքների ու բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Գոնե իմ պաշտոնավարման ժամանակ 135 հոգի գնդապետից բարձր մարդիկ ազատվել են պաշտոններից: Այսինքն՝ իմ պաշտոնավարման յուրաքանչյուր 22 օրը մեկ՝ մի անձնավորություն ազատվել է աշխատանքից:

Վերջին երեք տարում բանակում քաղաքականացվել են առանձին պաշտոններ, ինչն է կախվածության մեջ է գցել այդ անձանց, մարտական ստորաբաժանումներ են կրճատվել, սպառազինության գնումների պլաններ են փոխվել, իրականացվել են ոչ արդյունավետ գնումներ: Շատ խոսում են բանակում սննդի մասին: Իմ պաշտոնավարման ժամանակ պարբերաբար բանակում սննդի հարցի շուրջ կոնֆեանսներ, խորհրդակցություններ ենք անցկացրել, կատարել փոփոխություններ: Իսկ հիմա սննդի ծախսերը եռակի ավելացրել են, սնունդ մատակարարող ընկերությունները ստանում են գերշահույթ, մինչդեռ այդ գումարների մի մասը կարելի էր ուղղել սպառազինության թարմացմանը: Սա անգրագետ կառավարում է: