Ընդդիմությունը բոյկոտեց նաև իր նախաձեռնած հատուկ նիստը

նոյեմբերի 16, 2021

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի լիագումար նիստն սկսվեց խորհրդարանական ընդդիմության բոյկոտով: «Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման թեմա դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը: Պահանջում էինք կառավարությունից բացատրություններ, սակայն քաղաքական մեծամասնությունը ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությանը: Ավելին, կալանավորվեց այս պահանջին միացած Սյունիքի պատգամավոր Արթուր Սարգսյանը: Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը՝ ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին», -հերթական նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Այս պահանջին միացավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որի քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե իրենք կվերադառնան այն ժամանակ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության:

Այս հայտարարություններից հետո ընդդիմադիրները լքեցին խորհրդարանի դահլիճը՝ բոյկոտելով նաև գերիների ու Ադրբեջանում պահվող պատանդների վերաբերյալ իրենց իսկ հրավիրած հատուկ նիստը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե հատուկ նիտում հիմնական զեկուցողը ներկա չէ նիստին, ապա այն չի կայանում: ԱԺ հատուկ նիստում հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր: Վերջինը լրագրողների հետ ճեպազրույցում դժգոհեց, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հատուկ նիստը դռնակ անցկացնել, ինչը չի բավարարում իրենց:

«Մենք նախևառաջ պահանջում էինք, որպեսզի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկայանա խորհրդարան և ներկայացնի, թե ինչ է սպասվում գերիներին, և ինչու մինչև այս պահը Բաքվի բանտերում մենք հայրենակիցներ ունենք», -հայտարարեց Գրիգորյանը:

Պատգամավորը ենթադրում է, որ հատուկ նիստը փորձ է արվում փակ կազմակերպել, որպեսզի «թաքցնեն իրենց անգործությունը»:

«Մեզ համար անթույլատրելի է նման նիստի փակ կազմակերպումը, քանի որ հասցեատերն այս պահին այդ մարդկանց հարազատներն էին, որոնք այս գերատեսչությունից այն գերատեսչություն են գնում, որպեսզի հարցերի պատասխաններ ստանան», -նշեց Գրիգորյանը: 

Սահմանային լարվածությունը և խորհրդարանը

Օրվա երկրորդ կեսին ադրբեջանական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում զինված հարձակում սկսեցին: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ընթանում էին տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Օրվա վերջում հաղորդվեց 12 հայ զինծառայողի գերեվարվելու մասին:

Սահմանային իրավիճակի արձագանքները խորհրդարանում բուռն էի, իսկ դրանց մաին խոսողները միայն իշխանական խմբակցությունից էին: ՔՊ-ի մի քանի պատգամավորներ նույնիսկ անգլերենով ելույթներ ունեցան՝ փորձելով միջամտելու և ադրբեջանական կողմի վարքագիծը դատապարտելու մասին իրենց պահանջը լսելի դարձնել միջազգային կառույցներին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ նոյեմբերի 14-ին զինտեխնիկայի աջակցությամբ ադրբեջանական ուժերը ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել և, ճիշտ է, հետ են քաշվել, բայց հայկական կողմը ունեցել է դիրքային կորուստներ: Ընդհանուր առմամբ, մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի 41 կմ տարածք՝ շուրջ 11 տեղամասերում: Բացի այդ, ըստ պատգամավորի, հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, ինչը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար:

«Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր՝ ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի», -հայտարարեց Աղաջանյանը:

ՀՀ իշխանությունների արձագանքը չուշացավ․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում ասաց․ «Քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»:

Նաև հավելել է. «Ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և ՀՀ-ն կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»։

Հարցին, թե Հայաստանը դիտարկո՞ւմ է այլ միջազգայինկառույցների դիմելու հարցը, Գրիգորյանը պատասխանել էր. «Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ ՌԴ և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում առաջնային գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»։

ԱԽ քարտուղարը Ադրբեջանի նման վարքագիծը բացատրել է նրանով, որ իր համար ցանկալի միջանցք ստանալու ակնկալիքը չի իրականացվել. «Վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ նույնիսկ այլ ուղղությամբ, նույնիսկ ապաշրջափակման ուղղությամբ։ Գիտեք, որ երբ ՌԴ-ն հրապարակեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ գործողություն չի լինելու, դրան հետևեցին սկզբից Գորիս-Կապան ճանապարհի հատվածների փակումը, մաքսակետեր տեղադրելը, սահմանային լարումները։ Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որն ընթանում էր, ամբողջովին ապակայունացնել, տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ»։

«ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան պետք է ցուցաբերեն անհրաժեշտ քայլեր՝ագրեսիան կասեցնելուն միտված մեր ջանքերին օգնելու նպատակով: Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա 21-րդ դարում նման գործողություններին իրական գնահատականներ տալու հարցում», -ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի հայտարարությունն էր:

Իշխանական խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը դիմեց ընդդիմությանը, հորդորեց լինել միասնական:

«Վերադարձնեմ որոշ մարդկանց հայտարարությունները ու այստեղից ասեմ՝ այ հիմա Հայաստանին դավաճանելը, ուրանալը դավաճանություն է: Պետք է հիմա ողջ հայ ժողովուրդը միաձուլվի, մոռանա ներքին ու արտաքին բոլոր տարաձայնությունները և միավորվենք՝ ինչպես պատերազմում: Վերջին ամիսներին մի քանի անգամ ասելեմ՝ պատերազմը չի ավարտվել: Այսօր մեր ինքնիշխանության հաստատման ամենակարևոր փուլն ենք ապրում: Մեր հակառակորդները նախ և առաջ հաշվի են առնում մեր անհամաձայնությունները նման սանձարձակ վարքագիծ դրսևորելիս: Բայց նրանք պետք է համոզվեն, որ մենք ամեն ինչ կդնենք մի կողմ՝ հանուն մեր ինքնիշխանության», -հայտարարեց Խաչատրյանը:

Նա նկատեց, որ խորհրդարանի դահլիճը հիմա պետք է ազատ աթոռ չունենար՝ ակնարկելով ընդդիմությանը, որը առավոտյան բոյկոտել ուչէր մասնակցել ԱԺ նիստերին:

«Ցանկացած մարդ, որն այսօր չի գիտակցի ու կուրանա Հայաստանը, կհամարվի դավաճան: Պետք է լինել միասնական: Հիմա ժամանակը չէ միմյանց մեղադրել: Ես կարծում եմ՝ քաղաքական իշխանությունը պետք է լուծում գտնի, կողմ եմ, որ հայտարարվի պատերազմական իրավիճակ երկրում: Էլ ո՞նց է լինում պատերազմը», - հայտարարել է Խաչատրյանը:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նա չբացառեց, որ Ազգային ժողովում արտահերթ նիստ տեղի ունենա՝ քննարկելու ռազմական դրություն հայտարարելու հնարավորությունը:

«Դե ֆակտո մենք պետք է համարենք, որ Հայաստանում ռազմական դրություն է, լկտի սանձարձակ հարևան ունենք, որը սադրանքների է դիմում: Վարչապետի կարծիքի հետ համաձայն եմ՝ երկաթյա ջղեր է պետք դրսևորել, չմատնվել խուճապի: Պետք է հաշվարկել», -հավելեց Խաչատրյանը: