2022-ի բյուջեն քննարկվեց կես օրում և առանց ընդդիմության

նոյեմբերի 17, 2021

2 տրլն 190 մլրդ դրամի ծախսեր և 1 տրլն 946 մլրդ դրամի եկամուտ, 7 տոկոս տնտեսական աճ, ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նվազեցում մինչև 60,2 տոկոս, դեֆիցիտը՝ 243 մլլրդ դրամ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 23 տոկոս։ Այսպիսի ցուցանիշներ է խոստանում Հայաստանի կառավարությունը 2022թ․ բյուջեի նախագծով։

Նոյեմբերի 17-ին նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի լիագումար նիստում և քննարկվեց գրեթե աննախադեպ պայմաններում՝ առանց ընդդիմության մասնակցության։ Ընդդիմադիր «Հայստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մեկ օր առաջ բոյկոտել էին նիստերը՝ իրենց բողոքն արտահայտելով այն բանի դեմ, որ խորհրդարանական մեծամասնությունը ընդառաջ չի գնացել սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությանը: Եվ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումն անցավ առանց ընդդիմության հարցերի ու ելույթների ու տևեց ընդամենը կես օր, մինչդեռ նախկինում բյուջեի քննարկումը օրեր էր տևում։

Պատմականորեն բարձր ցուցանիշներ

«2022թ․ բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռևս հաղթահարված չեն 2020թ․ արձանագրված երկու մարտահրավերների՝ կորոնավիրուսի համավարակի և արցախյան պատերազմի անվտանգային, սոցիալական ու տնտեսական հետևանքները»,- նախագիծը ներկայացնելով՝ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այսուամենայնիվ, նախարարի խոսքով 2022թ. բյուջեով նախատեսված խոստումները պատմական ցուցանիշներից զգալի բարձր են: Ծախսերն այս տարվա ծախսերից ավելի էին 10,3 տոկոսով, պլանավորված եկամուտները՝ 17 տոկոսով։ Տ․Խաչատրյանը հատկապես կարևորեց կապիտալ ներդրումների համար նախատեսված 347 մլրդ դրամը, ինչը 130 մլրդով ավելի է այս տարվա նույն ցուցանիշից, և հույս հայտնեց, որ նաև այդ գումարով կատարվող աշխատանքները կնպաստեն տնտեսական աճի ավելացմանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, սակայն, «բավականին հավակնոտ» համարեց 2022թ․ բյուջեն և հավելեց, որ այն կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում։

ԿԲ նախագահի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ կգրանցվի ավելի բարձր գնաճ՝ կազմելով 9,1 տոկոս։ Նա, սակայն, հույս հայտնեց, որ հաջորդ տարի գնաճը կլինի սահմանված թիրախի՝ 4 տոկոսի սահմաններում, եթե, իհարկե, նոր շոկեր չլինեն։ Իսկ այս տարվա բարձր գնաճը նա պայմանավորեց հիմնականում կորոնավիրուսի համաճարակի հետևանքներով և համաշխարհային պարենի շուկայում ապրանքների գների բարձրացմամբ: ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ մեր երկրում գնաճին նպաստել է նաև այն, որ անցած 2 տարիներին մեր քաղաքացիները զգուշավոր էին իրենց ծախսերի նկատմամբ և բավականին խնայողություն էին կուտակել, իսկ այս տարի արդեն սկսել են ծախսել խնայած գումարները, ինչը հավելյալ պահանջարկ է ստեղծել։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի կանխատեսմամբ էլ Հայաստանը հաջորդ տարի ունենալու է ռեկորդային մեծությամբ ՀՆԱ, որը 2022թ․ անվանական արժեքով պետք է կազմի 7 տրլն 869 մլրդ դրամ։ Պատգամավորը հավելեց, որ 2022թ․ տնտեսական աճը բովանդակությամբ տարբեր է լինելու 2021թ․ տնտեսական աճից։ «Եթե 2021թ․ տնտեսական աճի մեջ հիմնական դերակատարումն ունեն ծառայությունները, ներառյալ առևտուրը, որն աճելու է 8,1 տոկոսով, այնուհետև գյուղատնտեսությունը՝ 5,6 տոկոսով և արդյունաբերությունը՝ 4,3 տոկոս աճով, ապա արդեն 2022թ․ տնտեսական աճի հիմնական բաղադրությունը կազմելու են արդյունաբերությունը և շինարարությունը։ Մյուս ոլորտներն էլ կաճեն, բայց սրանք առաջանցիկ են աճելու։ Կանխատեսում ենք, որ արդյունաբերությունը կաճի 8, շինարարությունը՝ 18 տոկոսով։ Եվ այդ աճը լինելու է պետական ու մասնավոր ներդրումների շնորհիվ»,- հավելեց նա։

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ 2020թ․ փետրվար ամսից ի վեր իրենք ընդամենը 2 անգամ են պարգևավճար ստացել՝ ՀՀ անկախության տոնի առիթով։ Բայց պետական համակարգի մոտ 20 հազար աշխատողներ աշխատավարձի հետ միասին պարգևավճար են ստանում ամեն ամիս։

Մինչև կառավարության հետ հարցուպատասխանը

Բյուջեի նախագծի քննարկմանը շատ հարցեր չհնչեցին։ Օրը չորեքշաբթի էր, և խորհրդարանական մեծամասնությունը, օգտվելով ընդդիմության բացակայությունից, հավանաբար, որոշել էր մինչև կառավարության հետ հարցուպատասխանը ավարտել քննարկումը։ Այդպես էլ եղավ։

Այնուամենայնիվ, Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում էր, թե 2022թ․ կառավարությունը կկարողանա՞ կատարել աննախադեպ մեծ գումարի կապիտալ ծախսեր այն դեպքում, երբ նախորդ մի քանի տարիներին թերակատարել է շատ ավելի քիչ գումարի ծրագրեր։ Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, թե նախորդ տարիների թերակատարումները պայմանավորված էին նրանով, որ պետական գերատեսչությունները մրցույթները ժամանակին չեն հայտարարել, մասնավոր ընկերությունների արձագանքն էլ սխալ է եղել։ Նախարարը վստահեցրեց, որ հաջորդ տարվա համար այդ խնդիրները շտկվում են։

Պատգամավորին նաև հետաքրքրում էր, թե կապիտալ ծախսերին հատկացված գումարի գոնե 10-15 տոկոսով հնարավոր չէ՞ սահմաններում ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Նախարարը պատասխանեց, որ պաշտպանական և անվտանգային ծրագրերի համար բավարար ֆինանսավորում հատկացվել է, իսկ եթե հավելյալ անհրաժեշտություն առաջանա, ապա կառավարությունն ունի դրանք ֆինանսավորելու միջոցներ՝ առանց նվազեցնելու կապիտալ ծախսերը։

Հովիկ Աղազարյանը Տ․Խաչատրյանին հարցրեց, թե ե՞րբ է ներդնելու առողջապահական ապահովագրության համակարգը, և արդյո՞ք կա հաշվարկ, թե յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում միջին հաշվով որքան գումար է ծախսում առողջական խնդիրների համար։ Տ․Խաչատրյանը պատասխանեց, թե համակարգի ներդրման ուղղությամբ կառավարությունն աշխատում է, իսկ փորձագիտական մի վերլուծության համաձայն յուրաքանչյուր տարի մարդը իր առողջության վրա ծախսում է 1 անձին հասնող ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով գումար։

Հ․Աղազարյանին նաև հետաքրքրում էր, թե պաշտպանության ոլորտում նախկինում գոյություն ունեցող «ատկատային երևույթները» պահպանվե՞լ են, և ինչո՞ւ է անտեսված միջին օղակի սպաների ծառայությունը։ Այս հարցին պատասխանեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ասաց, որ ատկատներն ամբողջությամբ չեն վերացել, բայց նվազել են։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա նա վստահ է, որ բանակի միջին օղակներում կան մեծ թվով այնպիսի սպաներ, որոնք կզարդարեն մի քանի բանակ, բայց այսօր անտեսված են։ «15 օր առաջ վարչապետի հետ եղանք բոլոր օղակներում, որոնք այսօր լարվածության տակ են։ Վերադառնալուց ասացի՝ մենք ունենք լավ կորպուսի հրամանատար։ Եվ ամեն մի լավ հրամանատարի կողքը սկսում է հավաքվել հրամանատարության մի ծաղկաբույլ»,- ասաց նա։

Վերադառնալով ատկատների թեմային՝ Ա․Քոչարյանն ընդգծեց, որ զինվորականներին պետք է հեռու պահել բանակի գնումներիից։ Նախկինում շատ բարձրաստիճան սպաներ մասնակցելով այդ գործընթացին՝ չեն դիմացել գայթակղությանը։ «Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական հարցերով, և դրանից է բխում խնդիրը, որ շատերը հարստացան։ Եվ դրանից է, որ անընդհատ խոսում ենք Վահագնի թաղամասից, Սևանից։ Այդպես էլ պարզ չէ, թե ֆրանսիացին որտեղից եկավ, ամեն մի քարի մեջ զինվորի ճակատագիրն ինչպես եղավ»,- հավելեց Ա․Քոչարյանը՝ ակնարկելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որին էլ վերագրվում է Վահագնի թաղամասում մի շքեղ առանձնատան կառուցումը։

Բյուջեի քննարկումն ընդմիջվեց առնվազն 4 օրով, պատգամավորներն ու խմբակցությունները 24 ժամվա ընթացքում պետք է առաջարկություններ ներկայացնեն, որոնք կառավարությունը կընդգրկի կամ չի ընդգրկի այդ նախագծում։ Հաջորդիվ խորհրդարանը քվեարկությամբ կընդունի բյուջեի նախագիծը։