ՌԴ-ն չէր կարող դավաճանել հայ ժողովրդին և թուրք–ադրբեջանական ագրեսիայի դեմ մենակ թողնել․ Արթուր Ղազինյան

նոյեմբերի 22, 2021

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ

- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Համաձայն դրա, եթե մշտական հանձնաժողովում նախագահի տեղակալի թեկնածուն չի ընտրվում, առաջադրող խմբակցությունը պարտավոր է այլ թեկնածու ներկայացնել: Այդ նախագիծը ներկայացվել է, քանի որ ձեր խմբակցությունը չի ցանկանում պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի համար Ձեզանից բացի այլ թեկնածու առաջադրել, իսկ ՔՊ-ն արդեն 12 անգամ ձեզ չի ընտրել: ՔՊ-ն մեծամասնություն է և ընդունելու է այդ օրինագիծը, ի՞նչ է անելու ձեր խմբակցությունը:

- Նախագիծը թող անցնի բոլոր ընթացակարգերով, գնա հանձնաժողով, հետո` լիագումար նիստ, և մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Այս պահին որևէ դիրքորոշում չունեմ և շատ անլուրջ եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը: Ժողովրդավարական երկրում չի կարող լինել ընդդիմության դիրքերի նման ոտնահարում: Բացի այդ, դա հիմա Հայաստանի համար ամենակարևոր հարցը չէ, որ քննարկենք:

- Փոփոխության մյուս կետի համաձայն, եթե առաջադրող խմբակցությունը նոր թեկնածու չի ներկայացնում, ապա դրա իրավունքն անցնում է խորհրդարանական մեծամասնությանը:

- Եթե դա այդպես է, ապա այդպիսով փորձում են խլել այդ դիրքն ընդդիմությունից:

- Իսկ այդ նախագծի դեմ ինչ-որ քայլ կնախաձեռնե՞ք, թե քննարկումների ժամանակ ընդամենը դիրքորոշում կհայտնեք:

- Կլինի քաղաքական գնահատական և դիրքորոշում, եթե, իհարկե, այդ նախագիծը հասնի լիագումար նիստի քննարկմանը:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված իրավիճակն ընդհանրապես:

- Ուղղակի աղետալի է, այլ բան հնարավոր չէ ասել այս իշխանության քաղաքականության մասին: Սա դավաճանական քաղաքականության հետևանք է: Եվ զգուշացնում էինք, որ չի կարելի գնալ խաղաղության օրակարգով, որովհետև դու պատրաստ չես խաղաղության և խաղաղության մասին խոսելու համար ինքդ քեզանից ոչինչ չես ներկայացնում: Եթե խաղաղության ամրապնդման համար չունես անհրաժեշտ գործիքները, ներուժը, բանակը, իրավունք չունես խոսելու քաղաքականությունից, հատկապես որ քո դիմաց կանգնած է մի պետություն, մի առաջնորդ, որն ունի քարտեզի վրայից Հայաստանը ջնջելու նպատակ: Դա խաբեություն էր, կեղծ օրակարգ, որն օգտագործվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ձայները կորզելու նպատակով:

- Կարծում եք դրա՞ համար ՔՊ-ին ընտրեցին:

- Իհարկե: Ինձ թվում է, Նիկոլ Փաշինյանին ձայն տալու որևէ այլ պատճառ չկար: Նա որևէ արժանիք չունի, որ իրեն ընտրեն: Միայն այն է, որ փորձեց պատերազմից հետո մի քիչ վախեցած, մի քիչ նեղված, վշտի մեջ փակված ժողովրդին ասել, որ այլևս պատերազմ չի լինի, մենք գնալու ենք խաղաղության:

- Կարծիք կա, որ ժողովուրդը նրան ձայն տվեց, քանի որ նրանց հիմնական մրցակիցները նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ընդդիմադիր ուժերն էին:

- Կարծիքները տարբեր են, բայց հիմնական պատճառը եղել է խաղաղության օրակարգը: Ծրագիրը հետևյալն էր` սկսել պատերազմ մեծ թվով զոհերով և վախեցնել մարդկանց աչքը, հետո խաղաղության օրակարգով գցել ծուղակն ու կորզել անհրաժեշտ ձայները: Դա տեխնոլոգիա է, որը կիրառվեց մեր ժողովրդի նկատմամբ:

- Ասում եք՝ խաղաղության օրակարգը կեղծ է, բայց Ն.Փաշինյանը վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե միջազգային հանրությունը հոգնել է մեզանից և ասում է՝ գնացեք ու լուծեք ձեր խնդիրները:

- Ես այլևս լուրջ չեմ ընդունում նրա հայտարարությունները, և նրա բոլոր խոսքերի հիմքում պետք է փնտրել միայն իշխանությունը պահելու ցանկությունը: Նրան չի հետաքրքրում ո՛չ ՀՀ անվտանգությունը, ո՛չ ժողովրդի ապահովությունը: Նրան բացառապես հուզում է իր անձի անվտանգությունը, ինչը ուղղակիորեն պայմանավորված է իշխանությունը պահելով: Ստախոս, պոռոտախոս, կեղծարար մարդ է և խոսում է բացառապես այն մասին, ինչն այդ պահին ճիշտ է համարում: Տասը օր առաջ ասում էր կրակոցների տակ դեմարկացիա չի արվում, պատերազմի թեժ պահին ասում է՝ ես գնում եմ դեմարկացիայի:

- Անցած շաբաթ Ադրբեջանի հերթական ներխուժման ժամանակ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օգնելու առաջարկով բանավոր դիմեց Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին: ՌԴ-ից նորից դեմարկացիա և դելիմտացիա անելու պատասխան եկավ: ՌԴ-ն ու այդ կառույցն ինչո՞ւ չեն կատարում Հայաստանի նկատմամբ իրենց պայմանագրային պարտավորությունն ու չեն ցանկանում ավելի բովանդակային օգնություն տրամադրել:

- Ես համաձայն չեմ Ձեր այդ գնահատականի հետ, պարզապես պետք է դիմել սահմանված ընթացակարգով:

- Մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Սև լճի տարածքը, Հայաստանը գրավոր ընթացակարգով էր դիմել, բայց ընդամենը դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու պատասխան եղավ:

- Դիմել են սխալ հոդվածով, խնդրել են սկսել խորհրդակցություններ, այլ ոչ թե անմիջական միջամտություն: Աճպարարության ռեժիմով նրանք փորձում են տպավորություն ստեղծել, թե դիմել են ՌԴ-ին, բայց չի օգնել, և դրանով սկսում են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնել: ԱԱԽ քարտուղարն ասում է՝ դիմում ենք ու ուղիղ եթերով դիմում է, բայց գրավոր ընթացակարգ չի ներկայացվում, հանրությունը հասկանում է, որ դիմել են, և ՌԴ-ն չի եկել: Իրականում, ՌԴ-ն եկել է, կանգնեցրել է պատերազմը, առանց դիմումի էլ ողջ գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել: Ավելին, եղած տեղեկությունների համաձայն, վերադարձվել են գրավված երկու դիրքերը:

- Միաժամանակ տեղեկություններ կան, որ ռուսական 102-դ ռազմաբազայի` Սիսիանի օդանավակայանում գտնվող ստորաբաժանումն այդ օրերին լսել է փոխհրաձգությունը, բայց տեղից չի շարժվել միջամտելու համար: Եվ դեպքի վայր է հասել միայն այն ժամանակ, երբ կռիվը հայկական զինուժի ճնշման արդյունքում դադարեցված է եղել:

- Ես դա չեմ մեկնաբանի: Եթե հայկական զինված ուժերը կատարել են իրենց առաջ դրված խնդիրը, ապա ՀԱՊԿ-ին դիմելու իմաստը ո՞րն էր: Ակնհայտ է, որ չեն կարողացել դա անել, հետևաբար, դիմել են ՀԱՊԿ-ին: Նաև ԱԺ-ում ունեցել են շատ տարօրինակ ելույթներ՝ շատ վատ շեշտադրումներով մեր ռազմավարական գործընկերոջ հասցեին: Այնպես որ, դրանք մանիպուլիացիային բնորոշ տեղեկություններ են:

- Իսկ միգուցե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտի՞նն է հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին խնդրել ՀԱՊԿ-ին չդիմել` ասելով, թե միևնույնն է, այդ կառույցը օգնության չի հասնի, քանի որ անդամ երկրները ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին են պաշտպանում: Իսկ դիմելու դեպքում չօգնելը կվնասի ՌԴ կողմից ստեղծված ՀԱՊԿ-ի վարկանիշը:

- Ես չեմ հավատում նման բաներին: Եթե իրենք չեն կարողանում գրավոր դիմել ինչ-ինչ պատճառներով, այդ թվում նաև այն պատճառով, որ ՌԴ-ից ասել են՝ մի դիմեք, դա նշանակում է, որ մենք չունենք իշխանություն:

- Իսկ եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին դիմեր գրավոր ընթացակարգով և, ինչպես Դուք եք նշում, պայմանագրի ճիշտ կետերով, ռազմական օգնություն կցուցաբերեի՞ն:

- Վստահ եմ, այո, որովհետև արդեն կբարձրանա ՌԴ-ի միջազգային հեղինակությունը: ՌԴ-ն համաշխարհային խաղացող է, և նրա համար իր վարկանիշը շատ կարևոր է: Եթե նա ՀՀ-ի նկատմամբ ունի անվտանգային պարտավորություն, ապա իր հեղինակության համար շատ կարևոր է դա կատարել: Եվ նա պետք է քայլեր ձեռնարկի իր միջազգային վարկանիշը բարձր պահելու, ամենակարևորը` հայ ժողովրդի հետ բարեկամության մթնոլորտը ամրապնդելու համար: Նա չէր կարող դավաճանել հայ ժողովրդին, չէր կարող մենակ թողնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի պարագայում: Այլ հարց է, որ այս իշխանությունը հերթական անգամ կեղծում է` հայտարարելով, թե դիմել ենք և ստեղծում են տպավորություն, թե այսպիսի ծանր վիճակում խուսափում է լինել մեզ գործընկեր:

- Եթե արտահերթ ընտրություններում հաղթեր «Հայաստան» դաշինքը, ի՞նչ կաներ ստեղծված իրավիճակում, որ անընդհատ մեղադրում է գործող իշխանությանը:

- Այս պահին դժվարանում եմ ասել: Նախ մենք չէինք հասցնի այս վիճակին, կփոխեինք հռետորաբանությունը, չէնք խոսի խաղաղության մասին: Խնդիր կդրվեր կանգնեցնել բոլոր գործընթացները, ժամանակավորապես ապահովել ՀՀ անվտանգությունը ռազմական, քաղաքական և դիվանագիտական միջոցներով, մինչև կարողանայինք կազմաերպվել, վերազինել ու վերականգնել հայկական զինված ուժերը, որից հետո կգնայինք բանակցությունների արդեն մեր կողմից թելադրված և բանակցային ուժեղ հիմքերի վրա: Պարտված վիճակում չի կարելի գնալ բանակցությունների, թշնամին, որը քեզ հաղթել է, պարտադրում է իր կանոնները:

- «Հայաստան» դաշինքը դիմադրության շարժում սկսելու մասին հայտարարություն արեց։ Տպավորություն էր, որ շարունակական ակցաներ եք անելու, բայց ընդամենը մի հանրահավաք հրավիրեցիք: Երկու շաբաթ անցել է այդ հանրահավաքից, ի՞նչ եղավ այդ շարժումը:

- Առաջիկայում կտեսնեք մեր դաշինքի առաջնորդներին և մարդկանց, որոնք իրավասու են խոսել դաշինքի անունից: Ես այս պահին իրավասու չեմ: Ես կխոսեմ իմ մասին, կասեմ այն, ինչ ես եմ կարծում: