ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովը կաշխատի առանց իշխանության ներկայացուցիչների

նոյեմբերի 24, 2021

Օրենսդրական բաց՝ քննիչ հանձնաժողովի ձևավորման կարգում

Քննիչ հանձնաժողովի ստեղծման ու ձևավորման խնդիրը մնում է չլուծված։ Օրենսդրական բացը ԱԺ կանոնակարգ օրենքում է։ Ըստ օրենքի՝ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, բայց դրա ձևավորումը կախված է պատգամավորների քվեարկությունից։ Մեկ ամիս առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ և իրավունքի ուժով ԱԺ–ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, բայց ԱԺ–ում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր»–ը դրա կազմի ձևավորմանը վերաբերող նախագծին դեմ քվեարկեց։

Այսպես մեծամասնությունը վարվել էր նաև նախորդ գումարման ընթացքում՝ թույլ չտալով, որ իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովը, որի նախաձեռնությունը ԼՀԿ–ինն էր, ձևավորվի (այն պետք է քններ նվիրատվությունների, կոռուպցիոն գործարքների խնդիրը Երևանի քաղաքապետարանում)։ Արդյունքում՝ կազմը հաստատված չլինելու պատճառով իրավունքի ուժով ստեղծված այս քննիչ հանձնաժողովը այդպես էլ չձևավորվեց և չգործեց։ Ուշագրավ է, որ այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ինքը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովներին վերաբերող օրենսդրական կարգավորումներում կա բաց, որը պետք է լրացնել։

Հանձնաժողովն ստեղծվել է, չի ձևավորվել, բայց կգործի

Այսօր, փաստացի, ձևավորված չէ նաև այս խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած քննիչ հանձնաժողովը, բայց ընդդիմադիրները պնդում են, որ այն, միևնույն է, պետք է գործի։

Ընդդիմադիրների նախաձեռնած քննիչ հանձնաժողովը ուսումնասիրելու է դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնելիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում են լինելու քրեական գործերի բաշխման խախտված համակարգչային ծրագիրը և դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը սակայն, հայտարարել էր, որ հարցը ամենևին Ազգային ժողովի լուծման տիրույթում չէ: Մեծամասնության ներկայացուցիչն ասել էր, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար պետք է լինի երկու պայման. «Առաջինը՝ հարցը պետք է վերաբերի խորհրդարանի լիազորություններին: Իսկ այստեղ մենք ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ: Երկրորդ՝ հարցը պետք է ունենա հանրային հետաքրքրություն: Այն, որ հարցն ունի հանրային հետաքրքրություն, չեմ կարող ժխտել, բայց այն, որ սա ԱԺ-ի իրավասության ոլորտից դուրս է և ակնհայտորեն միջամտություն է դատական իշխանության ոլորտին, ակնհայտ է»: Քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին նախագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեմ քվեարկությամբ, ԱԺ լիագումար նիստում չընդունվեց:

Նոյեմբերի 23-ին, սակայն, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները փորձեցին վերակենդանացնել թեման և առանձին մամլո ասուլիսում ներկայացրին այդ հանձնաժողովը ստեղծելու կարևորությունը:

Ավելին, Վարդևանյանը հայտարարեց, որ իրավունքի ուժով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը առանց ԱԺ-ի կողմից հաստատված կազմի, միևնույն է, աշխատելու է: Դա նշանակում է, որ հանձնաժողովը գործելու է առանց իշխանական խմբակցության ներկայացուցիչների:

«Մենք հնարավորություն ունենք զերծ լինելու իշխանական պատգամավորների ներկայությունից», -անկեղծացավ Արամ Վարդևանյանը:

Նա ներկայացրեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն աշխատելու է առանց կազմը հաստատելու մասին ԱԺ որոշման, իսկ հանձնաժողովի կազմում հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Արթուր Ղազինյանը, հնարավոր է նաև՝ Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը:

«Քննիչ հանձնաժողովը հենց այսօր հասցեագրելու է գրություններ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին՝ խնդրելով, որպեսզի վերջինս ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, ներկայանա Ազային ժողով ու պատասխանի այն հարցադրումներին, որոնք կներկայացնի հանձնաժողովը: Գրություն է հասցեագրվելու նաև Արդարադատության նախարարին ու մի շարք այլ անձնանց, այդ թվում՝ փաստաբանների», -հայտարարեց Վարդևանյանը:

Դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրը, պատգամավորի կարծիքով, առնչվում է Հայաստանի անվտանգությանը, քանզի հենց դատարաններում խնդիրների պատճառով է, որ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ անազատության մեջ են:

Արամ Վարդևանյանը խոսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին դարձյալ կալանավորելու մասին։ Կալանքի որոշումը կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը.

«Սիսիանի ռազմավարական դիրքեր պահած Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը գիտե՞ք ով է, Արմեն Դանիելյանը: Ես մեծ ցավ եմ ապրում, բայց պետք է ասեմ՝ երևի մենք իրավաբաններով մեր դիպլոմները ճղենք, գցենք, քանի որ նույն դիպլոմից ունի Արմեն Դանիելյանը»:

Պատգամավորը հույս ունի, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կկարողանան պարզել՝ ինչպես է, որ կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանին քրեական գործեր են մակագրվում, ինչի արդյունքում իշխանությունների ցանկալի որոշումն է կայացվում: «Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք», -հռետորական հարց տվեց ընդդիմադիր պատգամավորը:

Այդուհանդերձ, պատգամավորը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքում խորհրդարանին նաև զեկույց կներկայացնի։ Ակնհայտ է, որ այս դեպքում ևս խորհրդարանականները բախվելու են օրենսդրական բացի հետ՝ թույլ կտրվի՞, արդյոք, ընդդիմությանը ներկայացնել զեկույցն այն հանձնաժողովի, որի ձևավորման հարցը խորհրդարանը մերժել է։