Ես ունեմ հեղինակություն․ ՄԻՊ-ի նոր թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է

դեկտեմբերի 17, 2021

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 17-ին քննարկված միակ հարցը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նոր թեկնածության առաջադրումն էր: ՄԻՊ պաշտոնում միակ թեկնածուն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանն էր:

Վերջինը, հիշեցնենք, արդարադատության նախարարի առաջին տեղակալն է, մասնագիտությամբ արևելագետ, իրավաբան:

Գործող մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թվականի փետրվարի 23-ին կլրանա։ Արման Թաթոյան իթեկնածությունը 2016-ին առաջադրել էր այն ժամանակ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի հերթական ընտրությունն անցկացվում է Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում: Այսինքն՝ մինչև փետրվարի 23-ը Հայաստանը պետք է ունենա նոր ՄԻՊ: Այդ կապակցությամբ իշխող խմբակցությունը առաջադրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Ի դեպ, Արման Թաթոյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու ժամանակ ևս արդարադատության փոխնախարար էր:

«Քրիստինե Գրիգորյանը ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ հիմնականում պետական կառավարման մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում»,-թեկնածուին ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա ներկայացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում՝ GRECO–ում Քրիստինե Գրիգորյանը ղեկավարում է Հայաստանի պատվիրակությունը, ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, դասավանդել է ոստիկանության կրթահամալիրում, տիրապետում է հինգ օտար լեզվի, անկուսակցական է:

«Քրիստինե Գրիգորյանը թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական և թե՛ անհատական տվկալներով այն անձնավորությունն է, որը կկարողանա գտնել այն ճիշտ բալանսը, որը թույլ կտա իրականացնել այն սահմանադրական արժեքները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ու հանրայն շահերի պաշտպանությանը», -շարունակեց ներկայացնել Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վերապահումներ ուներ. «Սահմանադրությամբ սահմանվում է՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայեող յուրաքանչյուր ոք: Ինձ հետաքրքիր է՝ ինչպես եք որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում»: Ի պատասխան՝ Վարդանյանն ասաց, որ այդ չափանիշների գնահատականը կտա Ազգային ժողովը՝ ընտրության միջոցով, քանզի ՄԻՊ թեկնածուի ընտրությունը սահմանադրական մեծամասնություն է պահանջում: «Քրիստինե Գրիգորյանը չափազանց ակտիվ է եղել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», -շարունակեց Վարդանյանը: Մանուկյանը, սակայն, անդրդվելի էր. նա առաջարկեց նիստից հետո դուրս գալ փողոց և քաղաքացիների շրջանում հարցախույզ անել՝ ո՞վ է ճանաչում Քրիստինե Գրիգորյանին: «Ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիներից որևէ մեկը Գրիգորյանին չի ճանաչի», -պնդեց ընդդիմադիր պատգամավորը:

«Շատ մարդ կարող է չճանաչել նաև Ձեզ, բայց դա չի նշանակում, որ Դուք չեք վայելում հեղինակություն»,-հակադարձեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ հստակ ու չափելի սկզբունքներ չկան անձի հեղինակությունը նկարագրելու համար:

ՔՊ–ական պատգամավորը շեշտեց՝ Հայաստանում առաջին անգամ է, որ Մարդու իրավունքների գործող պաշտպանը պաշտոնավարում է մինչև սահմանված ժամկետի ավարտը, և այսօր բնականոն ընթացակարգով է ընտրվելու նոր Պաշտպան: Նա հստակեցրեց՝ ՔՊ ներսում շատ թեկնածություններ են քննարկվել, և միաձայն եկել են ընդհանուր հայտարարի՝ «Քրիստինե Գրիգորյանը լավագույնս կկատարի այդ առաքելությունը»:

ՄԻՊ թեկնածուի տեսլականը

Քրիստինե Գրիգորյանի գնահատմամբ՝ ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում եզակի կայացած կառույցներից է։ Ասաց, որ այդ հարցում անուրանալի է նախկին Պաշտպանների դերը, և իր համար պատիվ է լինել ՄԻՊ թեկնածու:

Ներկայացնելով իր ծրագրային առաջնահերթությունները՝ թեկնածուն առանձնացրեց անվտանգային միջավայրի ձևավորման համար իրավունքակենտրոն մոտեցումների առաջմղումը՝ անվտանգային հարցերում ուժեղացնելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այդ առումով նա կարևորեց գործող ՄԻՊ Արման Թաթոյանի ու նրա ղեկավարած աշխատակազմի գործունեությունը: Մյուս ծրագրային մոտեցումը, որն առանձնացրեց թեկնածուն, ատելության խոսքի հակազդումն ու դրա չեզոքացման հարցում արդյունավետ մեխանիզմների որոնումն է: «Ատելության խոսքը մեր երկրի համար մարտահրավեր է, սա թունավորում է մեր հանրային համերաշխությունը, նվազեցնում է մեր դիմադրողականությունը», -ասաց Քրիստինե Գրիգորյանը՝ նկատելով, որ ՄԻՊ-ին առնթեր կարող է ձևավորվել խորհուրդ՝ այս հարցի լուծումները գտնելու համար:

Իրավապահ համակարգում, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ստեղծումը ևս Քրիստինե Գրիգորյանը համարում է իր գործունեության առաջնահերթություններից մեկը:

«Իրավունքի խախտման վերաբերյալ Պաշտպանի յուրաքանչյուր հայտարարություն, իմ ընկալմամբ, վերջին միջոցն է։ Դա նշանակում է, որ Պաշտպանը արձանագրել է խախտումը, ֆիքսել է դա, տեղեկացրել է իրավասու մարմիններին, առաջարկություն է ներկայացրել ու լուծումներ չստանալով՝ ստիպված դիմել է հայտարարություն անելու քայլին», -նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ գործադիր և օրենսդիր մարմինների հետ Պաշտպանի ինստիտուտի համագործակցությունը պետք է լինի բարձր որակի վրա, փոխադարձ հարգանքի սկզբունքով:

Անդրադառնալով հեղինակություն վայելելու մասին Արեգնազ Մանուկյանի երկրորդ անգամ հնչեցրած հարցադրմանը՝ Քրիստինե Գրիգորյանը հորդորեց չշփոթել Սահմանադրության մեջ գրված «բարձր հեղինակություն վայելող» արտահայտությունը ճանաչված լինելու հետ, քանզի դրանք տարբեր բաներ են: «Ես չեմ պնդում, որ ես ճանաչված չեմ, բայց ես պնդում եմ, որ ես ունեմ հեղինակություն», -ընդգծեց Գրիգորյանը:

Այդուհանդերձ, Մանուկյանը եզրափակիչ ելույթում մնաց իր նախնական դիրքորոշմանը. «ՄԻՊ-ի պաշտնում իշխանության կողմից առաջադրված թեկնածուն չի վայելում հեղինակություն, անհայտ է հանրությանը, իսկ նրա անաչառությունը կասկածի տակ է»:

Կարո՞ղ է ՄԻՊ պաշտոնում արդարադատության նախարարի տեղակալը լինել անաչառ. «Հայաստան»-ի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի այս հարցին ի պատասխան Գրիգորյանը հաստատեց, որ հիմա ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում ու հավելեց. «Կարծում եմ՝ գործադիրի կազմում ունեցած իմ գիտելիքը, կարողությունները, հարաբերությունների որակը ինձ համար լավ հնարավորություն են՝ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խախտումները իրականում իսկապես վերականգնելու համար»:

Արեգնազ Մանուկյանի պնդմամբ՝ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանին քննադատում են մեկ Ադրբեջանը, մեկ էլ իշխանական ՔՊ-ի պատգամավորները: Վլադիմիր Վարդանյանը, սակայն չհամաձայնեց՝ նշելով, որ իշխանական թիմից որևէ մեկը քննադատություն չի հնչեցրել Թաթոյանի հասցեին: Նա նաև շեշտեց՝ Թաթոյանն իմ ընկերն է:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը սակայն, ավելի ուշ իր ելույթում հաստատեց, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանին քննադատողներից մեկը ինքն է եղել՝ այդպիսով նաև հերքելով Վլադիմիր Վարդանյանի հայտարարությունը: Ըստ Հովհաննսիյանի, քննադատել է, քանի որ Պաշտպան Թաթոյանի հայտարարություններում քաղաքական ենթատեքստ է տեսել:

«Ես նաև Քրիստինե Գրիգորյանին եմ քննադատելու, եթե նա անի որևէ հայտարարություն, որտեղ լինի քաղաքական ենթատեքստ, ու որը դուրս է նրա լիազորությունների տիրույթից», -հավելեց Հովհաննիսյանը:

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իշխանական մեծամասնությունը դրական եզրակացություն տվեց ՄԻՊ–ի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը: Դեմ էին ընդդիմադիր երեք պատգամավորները: Գրիգորյանի թեկնածությունը կներկայացվի ԱԺ արդեն հաջորդ տարի կայանալիք լիագումար նիստում։