Կուսակցությունների ֆինանսավորումը պետբյուջեից ավելացել է․ մեծ մասը տրվել է ՔՊ-ին և «Հայաստան»-ին

2022թ․ պետական բյուջեից կուսակցությունների ֆինանսավորմանը հատկացվել է 520,7 մլն դրամ։ Այդ գումարը 5 անգամ ավելի շատ է, քան 2019-ին, 2020-ին և 2021-ին հատկացված տարեկան 103,7 մլն դրամը։ Քաղաքական ուժերին տրվող պետական ֆինանսավորումը կավելանա անցած տարի «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում։ Դրանք ուժի մեջ են մտնում 2022թ․։
Ամենաշատը՝ ՔՊ-ին
Հաջորդ տարի 520,7 մլն դրամը բաշխվելու է ընդամենը չորս քաղաքական միավորների միջև։ Դրանցից երկուսը խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքն են։ Մյուս երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Նրանք 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին չեն հաղթահարել անցողիկ շեմը, բայց ստացել են պետական ֆինանսավորման համար պահանջվող 2 տոկոս և ավելի ձայն։
Ամբողջ գումարի կեսից շատը՝ ավելի քան 268 մլն դրամը, ստանալու է իշխող ուժը՝ ՔՊ-ն։ Գումարի երկրորդ խոշոր մասը՝ 163,2 մլն դրամը, ստանալու է «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ-ն, որ ընտրություններին ստացել է մոտ 4 տոկոս ձայն, պետությունից ստանալու է 50,4 մլն դրամ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններում ստացած 3 տոկոս ձայների շնորհիվ պետբյուջեից կստանա 38,8 մլն դրամ։
Մինչև հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրությունները պետական բյուջեից քաղաքական ուժերին տրվող գումարը կլինի նույնը։ Անփոփոխ կմնան նաև ստացողներն ու յուրաքանչյուրին հատկացված մասնաբաժինը։
Մինչ այս փոփոխությունները պետությունը ֆինանսավորում էր 5 քաղաքական ուժերի՝ «Իմ քայլը» դաշինքին ու «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Դաշնակցություն» և «Հանրապետական» կուսակցություններին։
2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2019-2021թվականներին պետության հատկացրած 103 մլն դրամի մեծ մասը՝ 78 մլն դրամ, նորից վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն է ստացել՝ «Իմ քայլը» դաշինքը։ Բյուջեից հաջորդ խոշոր հատկացումը կրկին ԲՀԿ-ինն էր՝ 9 մլն 150 հազար դրամ, երրորդը ԼՀԿ-ն էր՝ 7 մլն դրամով։ Այս երեք ուժերը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված էին։ Թեև նախորդ խորհրդարանումներկայացված չէին, բայց 3 տոկոսի շեմ հաղթահարելու շնորհիվ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն նույնպես անցած 3 տարիներին պետությունից ֆինանսավորվել են։ ՀՀԿ-ն ստացել է 5,2 մլն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 մլն դրամ։
Գումարը կիսել են
«Պատիվ ունեմ» դաշինքը, որը խորհրդարանում ներկայացված մեծությամբ երրորդ խմբակցությունն է, 2022-ին պետությունից ֆինանսավորում չի ստանա, քանի որ ԱԺ արտահերթ ընտրություններում չի հաղթահարել դաշինքի համար օրենքով սահմանված 7 տոկոս անցողիկ շեմը։ Այդ ուժը խորհրդարան է անցել օրենքի ուժով՝ ստացել է անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ամենաշատ ձայները՝ 5,2 տոկոսը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ, մտել էխորհրդարան:
«Պատիվ ունեմ»-ին մաս կազմող ՀՀԿ-իցParliamentmonitoring.am-ին փոխանցեցին, որ այս տարի ընտրություններից հետո ստացած մոտ 1,3 մլն դրամը կիսել են դաշինքի երկրորդ ուժի՝ «Հայրենիք» կուսակցության հետ։
Օրենսդրական փոփոխությունը
Կուսակցություններին հատկացվող գումարը կտրուկ ավելանալու է 2020թ․«Կուսակցությունների մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխության արդյունքում։
Եթե մինչև հիմա պետությունը ֆինանսավորում էր վերջին խորհրդարանական ընտրություններում 3 տոկոս և ավելի ձայն ստացած կուսակցություններին, ապա մեկ տարի առաջ կատարված փոփոխության համաձայն՝այդ շեմը դարձել է 2 տոկոս։ Եթե գործող օրենքով կուսակցությունը յուրաքանչյուր քվեի համար ստանում է 40 դրամ, ապա փոփոխված նախագծով մինչև 5 տոկոս ձայն ստացած կուսակցության յուրաքանչյուր քվեի համար սահմանվում է 1000 դրամ, 5-15 տոկոսի դեպքում՝ 500 դրամ: 15-25 տոկոս ձայն ստացած ուժի յուրաքանչյուր քվեն կլինի 250 դրամ, 25 տոկոսից ավելիի դեպքում՝ 125 դրամ:
Օրենսդրական այդ փոփոխությամբ արգելվում էգործարարներին ու ընկերություններին, ինչպես նաև՝ օտարերկրյա կազմակերպություններին գումար փոխանցել Հայաստանում գրանցված կուսակցություններին ու քաղաքական ուժերին: ՀՀ-ում գրանցված կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն ՀՀ քաղաքացիների կողմից՝ հանգանակությունների կամ պետբյուջեի հատկացումների միջոցով։ Ընդ որում, նվազելու է նաև մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր քաղաքացու կատարած նվիրատվության չափը․ 2,5 մլն դրամ՝ 10 միլիոնի փոխարեն:
Քաղաքական ուժերը ֆինանսավորվում են ոչ միայն պետական հատկացումների միջոցով։ Նրանք հավաքում են անդամավճար, կատարում են դրամահավաքներ և ստանում են նվիրատվություն։ Այս տարվա հաշվետվությունները դեռ ներկայացված չեն, բայց 2020թ․տվյալներով, օրինակ, ՔՊ-ն ունեցել է մոտ 234 մլն դրամի մուտքեր, որից 78 մլն դրամն եղել պետբյուջեից։ Գերակշիռ մասը գոյացել է դրամահավաքի ժամանակ՝ նվիրատվություններից։
ԲՀԿ-ն, ներկայացրած հաշվետվության համաձայն,ունեցել է ընդամենը 20,8 մլն դրամ։ ՀՅԴ-ն ունեցել է ԲՀԿ-ից 2,5 անգամ ավելի ֆինանսավորում՝ մոտ 50 մլն դրամ։«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունեցել է 10,9 մլն դրամ ֆինանսավորում, որից 7 միլիոնն ստացել է պետբյուջեից։ ՀՀԿ-ն ստացել է 22,6 մլն դրամ։