Ընդդիմախոսներն առաջարկում են դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ ո՞րն է այլընտրանքը․ Անդրանիկ Քոչարյան

Հարցազրույց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
-Դուք բազմիցս քննադատել եք ՀԱՊԿ անվտանգային համակարգը՝ անհասցեհայտարարություններ անելու և իր պարտավորությունները չկատարելու համար, մինչդեռ ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած Հայաստանը շատ արագ 100 հոգանոց ստորաբաժանում ուղարկեց Ղազախստան: Սա ի՞նչ էր, ջենթլմենական քա՞յլ:
-Պետք չէ մոռանալ, որ Հայաստանն ինքն է նախագահում ՀԱՊԿ-ում: Իրավիճակը Ղազախստանում լուծումներ էր պահանջում, ևայդ լուծումները տրվեցին ՀԱՊԿ կանոնակարգի պահանջներին համապատասխան: Շատերը կասեն, որ ՀԱՊԿ-ն ստեղծված չէ ներքին խնդիրների լուծման համար, կան նաև արտաքին խնդիրներ: Մեր դժգոհությունն այն էր, որ Հայաստանի անվտանգության հետ կապված առաջացել էին սահմանային խնդիրներ․ Ադրբեջանը ներխուժել էր մեր ինքնիշխան տարածք, մենք դիմել էինք ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը կաշկանդված էր մեր դիմումի տրամաբանության գործողությունների տիրույթում:Այս գործընթացներըՀԱՊԿ տիրույթում են, դրա համար Ղազախստանի նախագահի դիմումը քննարկվեց,և քանի որ Հայաստանն էր նախագահողը, ՀՀ վարչապետը կոորդինացրեց գործընթացի առաջին քայլերը: Տեսանք նաև, որ հեռակապով քննարկվեց այն,ինչ տեղի էր ունեցել, ծավալուն զեկույցով հանդես եկավ Ղազախստանի գործող նախագահը: Ես կարծում եմ՝ մեր խաղաղապահ առաքելությունն արդարացված է, որովհետև մենք, ըստ էության, ՀԱՊԿ անդամ ենք: Հիմա ի՞նչ են առաջարկում մեր ընդդիմախոսները՝ դո՞ւրս գանք ՀԱՊԿ-ից, այդ դեպքում ի՞նչ այլընտրանք են առաջարկում Հայաստանի անվտանգության համակարգի այս վիճակը պահպանելու համար:
-Շատերն ասում են՝ մի՛ խառնվեք Ղազախստանի ներքին հարցերին, դրանով վտանգվում է մեր միջազգային հեղինակությունը:
-Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը: Մենք Ղազախստանի ներքին հարցերին չենք խառնվում: ՀԱՊԿ-ի պահանջները, ըստ էության, ոչ թե ոստիկանական ֆունկցիաների իրականացման, այլ ահաբեկչական կառույցների դեմպայքարի շրջանակում են։ Որ Ղազախստանում կան ահաբեկչական խմբավորումներ, դրա մասին խոսում է միայն այն փաստը, որ այնտեղ նաև գլխատված զինծառայողներ կան: Դա նշանակում է, որ ահաբեկչական խմբերը, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում տարբեր տեղերից տեղափոխվեցին ռազմական գործողությունների միջավայր, հիմա էլ Ղազախստանում են: Այդ տեղեկատվությանը տիրապետում էր նաև Հայաստանը։ Ինքս հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի բանագնացի այցի ժամանակ ներկայացրել եմ, որ ահաբեկչական խմբերը հասել են մինչև մարտական գործողությունների սահման ևօգտագործվել են որոշակի վարձավճարների դիմաց: Հիմա շատ կարևոր է, որ Ղազախստանում այդ խմբերն անելիք չունենան: Այստեղ մենք անելիք ունենք, որովհետև չի բացառվում, որ մի օր այդ խմբերը նույնկերպ տեղաշարժվեն դեպի մեր սահմանի մատույցներ:
-Զուգահեռներ են տարվում են 2018-ին տեղի ունեցած զարգացումների և այսօրվա Ղազախստանի միջև:
-2018-ին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները որևէ աղերս չունեն Ղազախստանի զարգացումների հետ: Գուցե Ղազախտանում քաղաքական կամ սոցիալական խնդիրներով պրոցեսներն սկսվեցին, բայց դրանց զարգացումները 1-2 օր հետո վերածվեցին ահաբեկչական խմբերի ակտիվ գործողությունների: Այն, ինչ տեսանելի է, ոչ ոք չի կարող հերքել: Զինվորների գլխատումը ցույց է տալիս, որ այնտեղ լրիվ այլ զարգացումներ են եղել: Մենք այդ զարգացումները կանխելու համար ենք մասնակցում խաղաղապահ առաքելությանը: Պետք է դե՞մ լինեինք խաղաղապահ առաքելություններին․ չմոռանանք, որ հրադադարի ռեժիմն Արցախում պահպանվում է ռուս խաղաղապահների շնորհիվ, իսկ ՀԱՊԿ-ի անդամ է նաև Ռուսաստանը: Այս համատեքստում մենք չէինք կարող չարձագանքել ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարի առաջարկին, որը վերաբերում է ընդհանրապես ՀԱՊԿ անվտանգության միջավայրին: Վերջիվերջո, մենք ՀԱՊԿ-ից դժգոհում ենք, որ նա ինչ-որ հարցերում, որոնք վերապահված են իրեն, պասիվություն էր դրսևորում: Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շատ դիպուկ ասաց, որ մենք, պասիվ դիրք չորդեգրելով, նաև առողջացնում ենք ՀԱՊԿ-ին, դրա մեջ ճշմարտություն կա: Մենք մեր գործողություններով ցույց ենք տալիս, որ հենց այնպես,որպես դիտորդ չենք գնացել մտել ՀԱՊԿ-ի կազմ։
-Այսինքն, ՀԱՊԿ-ը վերակենդանացման նշաննե՞ր է ցույց տալիս:
-Բնականաբար, գալու է մի պահ, երբ ՀԱՊԿ-ը նաև պետք է ճիշտ քայլերով ներգրավված լինի այնտեղ, ինչի համար ի սկզբանե ստեղծված է:
-Պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ չի ձևավորվում 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Այն դեռ նախորդ տարի պիտի ձևավորվեր:
-Այդ հանձնաժողովը պետք է ձևավորված լիներ նոյեմբերին, բայց պաշտպանության նախարարը փոխվեց, իսկ նոր նախարարին ժամանակ էր պետք, որպեսզի ծանոթանար իրավիճակին: Բանակը շատ բարդ հետպատերազմյան վիճակում է, մշտական ծառայություն է ընթանում, ևշատ զինծառայողներ, որոնք կանչվելու են հանձնաժողով, իրենց ծառայության մեջ պետք է դժվարություն չունենան։ Այդ քննությունը պետք է չխանգարի իրենց ծառայությանը: Կային տեխնիկական խնդիրներ նաև հանձնաժողովի անդամների, հրավիրյալ փորձագետների գաղտնիության խնդիրների լուծման հետ։ Ժամկետը մի քիչ երկարեց, բայց միանշանակ է, որ հունվարին անպայման հանձնաժողովը կստեղծվի։ Ինչո՞ւ հունվարին․ որովհետև այդ բոլոր խոչընդոտները հաղթահարված են, և մենք այսօր համարյա խոչընդոտ չունենք:
-Նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալությունը խոչընդոտներ չի ստեղծո՞ւմ՝ հաշվի առնելով, որ ինքն անընդհատ հայտարարում է, թե բացահայտումներ է անելու:
-Ո՛չ, չի ստեղծում։ Դավիթ Տոնոյանը հայտարարություն տարածեց, որ ինքն էլ է ուզում, որ քննիչ հանձնաժողովն սկսի աշխատանքը: Ինքը հայտարարեց, որ ասելիք ունի, և ես կարծում եմ, որ սա հաղթահարելի խոչընդոտ է: Մենք պարոն Տոնոյանին հանձնաժողով հրավիրել չենք կարող, բայց հանձնաժողովը կարող է այցելություն կազմակերպել պարոն Տոնոյանի մոտ: Մեր աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ ժողովրդին վերաբերող կարևորագույն խնդիրները պարտադրանքի լեզվով չեն, այստեղ նաև բարոյական խնդիր կա: Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չներկայացավ ընդամենը մեկ մարդ, այսինքն, բարոյական պարտադրանքը շատ ավելի կարևոր գործիք է, քան առաջարկները, որ Քրեական օրենսգրքում փոփոխություններ անենք կամ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանենք, որ չեկողները պատժվելու են(Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը): Ես կարծում եմ՝ մեր աշխատանքը կկազմակերպենք նույն սկզբունքով և նույն նպատակով, այն է՝ առողջացնել բանակը։
-Բայց Դավիթ Տոնոյանը բացահայտումներ է խոստանում:
-Բոլոր բացահայտումները շատ պետք են մեր զինված ուժերին: Քննիչ հանձնաժողովի իմաստն է պարզել պատճառը, թե ինչու մենք այսպիսի արդյունք արձանագրեցինք: Սա քառօրյա չէ, 44-օր պատերազմ է եղել,և պետք է ուսումնասիրել ամեն ինչ՝ պահեստների սպառազինությունիցմինչև արտաքին քաղաքական վայրիվերումներ: Բազմաթիվ հարցեր կան,ևպարզ չէ՝ քննիչ հանձնաժողովը կկարողանա՞ մեկ տարում ավարտել իր աշխատանքը: Սկսենք,հետո ընթացքը կերևա։ Փորձագետների պակաս կա, և մենք աշխատանքի ընթացքում առաջարկելու ենք շտկումներ՝ փորձագիտական մեր կարողությունների ավելացման, զինված ուժերի և պետական կառավարման օղակների հետ մեր ներդաշնակված աշխատանքի առումներով:
-Այսինքն, այդ ընթացքում հնարավո՞ր է այցելեք Դավիթ Տոնոյանին:
-Բնականաբար: Ինչպե՞ս եք պատկերացնում պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար եղած մարդու տեսակետները չլսել: Եթե պարոն Տոնոյանն ասելիք ունի, նա անպայման պետք է խոսի, հակառակ դեպքում մեր եզրակացությունը թերի կլինի։ Ամեն ինչ պետք է փաստարկված լինի։ Փաստի արձանագրումը նշանակում էիրողության արձանագրում, իսկիրողությունը կապված է մեր զինված ուժերի վիճակի հետ։ Ժողովուրդը միշտ այդ հարցերնունեցել է՝ ինչո՞ւ ենք պահեստներում ունեցելմոբիլիզացիոն ռեսուրսի հետ կապված կարիքներ, ինչո՞ւ ռազմական դոկտրինի պահանջները բավարարված չեն եղել: Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի ոչ թե մեղավորներ փնտրելը, այլ բանակի առողջացումը։ Եթե խոսում ենք պրոֆեսիոնալ, էլիտար բանակի, կորցրած կարողությունների վերականգնման մասին, պետք է դնենք առողջացման,և ոչ թե միայն պատժի խնդիր: Պատիժներպետք է լինեն, որովհետև եղել են մարդիկ, որոնց թերացման արդյունքում մենք ունեցել ենք զոհեր: Եթե բանակում կա կոռուպցիա, դա ավելի շատ վնաս է մեր զինված ուժերին: Ոչ ոք չի ուզում տեսնել, որ այդ կոռուպցիան առաջնագծում կանգնած մեր զինվորի կարիքների շուրջ է պտտվում, որովհետև, եթե մեկն այդ կոռուպցիայի արդյունքում իր համար առանձնատուն է կառուցում, այդ առանձնատան ամեն մի քարի մեջ կա զինվորի ճակատագիր: Եթե այդ ժամանակվա ղեկավարները դա չեն հասկացել, ուրեմն, իրենք են ամենամեծ վնասը տվել մեր զինված ուժերին: 1994-ին մենք արձանագրեցինք հաղթանակներ, որովհետև բանակում կոռուպցիա, կարելի է ասել, ընդհանրապես չկար: Կոռուպցիան թույլ չտվեց, որ որակյալ սպայակազմը աստիճանակարգով բարձրանա վերև: Իշխանությունը բանակում կադրային քաղաքականություն էր վարում իր աթոռը պահելու մտահոգությամբ։ Մինչև հիմա կան զինվորականներ, որոնք փակել են մեր ամենաարժեքավոր կադրային կարողությունների առաջընթացը: Նրանցից շատերին ես անվանում եմ թթվի քարեր: Համոզված եմ, որ մեր հանձնաժողովի աշխատանքի արդյունքում շատ հարցեր կլուծվեն: Քառօրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքի եզրակացությունը մեր հասարակությունն ամբողջ ծավալով չտեսավ, բայց այդ եզրակացությանը ծանոթ են պետական կառույցները, և այդ եզրակացության շնորհիվ է նաև, որ բավականին փոփոխություններ են տեղի ունեցել զինված ուժերի կադրային համակարգում:
-Ազգային ժողովը ձևավորվել է 2021-ի ամռանը, անցել է 6 ամիս, բայց ձեր հանձնաժողովը դեռ նախագահի տեղակալ չունի: Նման բան երբևէ չի եղել:
-Հանձնաժողովը տեղակալ չունի «Հայաստան» խմբակցության պատճառով, որը 14 անգամ ներկայացրեց նույն մարդուն, հետո տարածեց մի հայտարարություն՝ թեկնածու չառաջադրելու մասին, ինչը չէր բխում ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջից, բայց օրենքը հայտարարություններով չի առաջնորդվում։ Քանի որ իրենք թեկնածու չառաջարկեցին, թեկնածություն առաջադրելու իրավունքն անցավ ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը՝ ՔՊ-ին: Մենք թեկնածու չենք առաջադրել՝ ասելով, որ մենք ընդդիմությանը հնարավորություն ենք տալիս գնալ ու թեկնածու փոխել: Բայց իրենք, կարծես, նման ցանկություն չունեն: Խնդիրը «Հայաստան» խմբակցությանն է: Այդ խմբակցությունում պետք է օր առաջ ազատվեն Ռոբերտ Քոչարյանի պարտադրանքից և ներկայացնեն այլ թեկնածու: Իրենց խմբակցությունում կան մարդիկ, որոնք ՔՊ-ի պատգամավորների մոտ այդքան սուր ընկալումներ չունեն, ինչպես պարոն Ղազինյանը՝ իր բազմաբնույթ գրառումների պատճառով։ Նա մինչև այսօր ֆոտոսեսիաներ է անում մարդկանց հետ, որոնք առավոտից երեկո, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը, փորձում են պետության հիմքերը կրծել:
Հիմա շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, որը միտված է օրենսդրական այդ բացի լուծմանը: Վաղը կլինի մեր հերթական նիստը, որի օրակարգի երկրորդ հարցը հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն է(հանձնաժողովի փոխնախագահի ընտրության խնդիրը չլուծվեց նաև հունվարի 11-ի նիստում): Վաղը կլինի շատ կարևոր հայտարարություն, որից հետո կլուծվի նաև 5-օրյա ժամկետի խնդիրը և, բնականաբար, կշարժվենք այն տրամաբանությամբ, որ օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան, որ ընդդիմությունն ինքն էլ հնարավորություն ունենա թեկնածու փոխելու(համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը պետաիրավական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում արժանացավ դրական եզրակացության): Հիմա մենք մեր օրենսդրական նախաձեռնությամբ ընդդիմության դաշտումգործող քաղաքական միավորի համար ստեղծում ենք հնարավորություն՝ ժողովրդավարական ճանապարհով, լիարժեք և մաքսիմալ, օգտագործել իր հնարավորությունները:
-Նոր թեկնածու առաջադրելո՞վ:
-Այո: Մենք այդ տեղը չենք լրացնելու, չնայած դրա համար բոլոր իրավական հիմքերն ունենք: Կարող էինք անմիջապես դնել թեկնածու, քվեարկել և ունենալ տեղակալ, բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ «Հայաստան» դաշինքը գիտակցի, որ չի եկել այստեղ խրամատներ փորելու: Ինքը եկել է աշխատելու, իսկ աշխատելու համար եթե որևէ թեկնածու 14 անգամ մերժվում է, ուրեմն, բարի եղեք, բերել նոր թեկնածու: Ի՞նչ պրոբլեմ կա, եկեք քաղաքական մեծամասնության հետ երկխոսության: Եթե դուք մերժում եք երկխոսությունը, դրանից առաջ մերժում եք միջազգային հարթակներում ձեր ներկայությունը, դրա արդյունքում դուք մերժել եք ապագա խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը:
-Պարո՛ն Քոչարյան, կա տպավորություն, որ Դուք ագրեսիվ պահվածք եք դրսևորում լրագրողների նկատմամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Այդպես չէ, Դուք երբևէ նկատե՞լ եք, որ ես ագրեսիվ լինեմ ձեր նկատմամբ: Դուք մոռանում եք, թե ինչ է տեղի ունենում ճեպազրույցների ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը կամ մեր հայտնի փեսան ունեն լրագրողներից բաղկացած մի համակարգ, որոնք ստանում են բարձր աշխատավարձ: Նրանց խնդիրն է այդ օրը հրահանգավորված գալ և ինձ կամ իշխանության մեկ այլ ներկայացուցչի ականջի տակ բարձր գոռալ, գոռալ մի բան, որը վնասում է մեր երկրի անվտանգությանը: Ես ընդամենը զգուշացնում եմ, որ այն, ինչի մասին դուք հիմա գոռում եք, դա միայն մեր լսարանի համար չէ, դա տեսնում են հակառակորդները: Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ, ես կոշտ չեմ ու միշտ բաց եմ եղել: Բայց լրագրողը պետք է իրեն պահի լրագրողական էթիկայի սահմաններում: Եթե ինքն այդ սահմաններն անցնում է, հաջորդ անգամ շանս չի ունենալու, որ ես իր հետ խոսեմ: Կան հայտնի լրատվական կայքեր՝ իրենց կարմիր բարձրախոսներով, ես, բնականաբար, ասում եմ՝ մի քիչ հեռու պահեք, որովհետև ես արդեն գիտեմ, թե այդ օրն ինչ քաղաքական պատվեր պետք է իրականացնեն: Բայց եթե մենք ուզում ենք լուրջ լրատվությամբ զբաղվել, ես գիտեմ, թե ում պետք է տամ հարցազրույցներ:
-Բայց պատգամավորը պե՞տք է մտնի այդ դաշտ, թե՞ բոլորի նկատմամբ պետք է հանդուրժող լինի:
-Իսկ դուք հանդուրժո՞ղ եք պատգամավորների նկատմամբ: Ես ներկայացնելու եմ որոշակի հաշվետվություն նաև մեր ընդդիմադիր գործընկերների, նույն տեղակալի պահվածքի հետ կապված: Իրենք հայտարարություններ են տարածում, բայց ես ակնկալում եմ, որ իրենք աշխատանքի մասնակից լինեն: Մեր հանձնաժողովի մյուս անդամները շատ ակտիվ մասնակցում են քննարկումներին՝ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Տիգրան Աբրահամյանը: Ինչո՞ւ այս մարդկանց աշխատանքը չի նկատվում, և չաշխատող մարդու աշխատանքն է կարևորված: Ես լրագրողներին խորհուրդ եմ տալիս լինել պրոֆեսիոնալ, հարգել դիմացինին, չանցնել էթիկայի սահմանները, կարմիր գծերը: Երբ նրանք այդ գծերը անցնելով նոր նշաձող են հաղթահարում՝ իրենց պատկերացմամբ, իրենք անընդհատ կորցնում են պրոֆեսիոնալ որակներ, ինչը վաղը չի գնահատվելու: Ֆեյք համակարգերն ապագա չունեն, ֆեյք հարցերը ևս ապագա չունեն: Ապագա ունեն իրական խնդիրները, որոնք պետական կառույցները պետք է լուծեն: