ՔՊ–ն ելքը գտել է․ հանձնաժողովի փոխնախագահի հարցը կլուծվի ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ

հունվարի 11, 2022

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փորձում է կարգավորել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի հետ կապված խառնաշփոթը և փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում:

Խնդիրն առաջացել էր դեռ նախորդ նստաշրջանում, երբ «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ Արթուր Ղազինյանի թեկնածությունն առաջադրել էր պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

ԱԺ կանոնակարգի գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չկա դրույթ, որը հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը:

ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը փակուղուց ելքը գտել է՝ առաջարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը լրացնել նոր հոդվածով՝ «Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու»:

Հունվարի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով նախագիծը՝ Գաբրիելյանն ասաց, որ դրա ընդունումը պայմանավորված է  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում գոյություն ունեցող բացը կարգավորելու  անհրաժեշտությամբ, մասնավորապես, գործող կարգավորումներով իրավասու խմբակցությունն անընդհատ կարող է առաջադրել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուին, որին հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում:

Ըստ նախագծի հեղինակի՝ քանի որ Սահմանադրությամբ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով, հետևաբար, «Հայաստան» խմբակցությունը համառորեն նույն թեկնածուին առաջադրելով չի կարող ստիպել ընտրել նրան:

Վիլեն Գաբրիելյանն իր ելույթում նկատեց՝ ակնկալում է, որ այս փոփոխության արդյունքում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը բնականոն ընթացք կունենա: Սակայն ավելի ուշ հակասեց իրեն՝ նկատելով, որ հանձնաժողովը բնականոն աշխատում է, ուղղակի փոխնախագահի հետ կապված այս բացը տեխնիկական խնդիրներ է առաջացնում:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը նկատեց, որ այս պարագայում հենց մեծամասնությունն է ստիպողի դերում հանդես գալիս՝ ներկայացնելով մի կարգավորում, որը առաջարկում է ընտրել նոր թեկնածու: Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց 7-րդ գումարման Ազգային ժողովի նախադեպը, երբ Վահե Գրիգորյանը հերթական անգամ առաջարվել–չընտրվելուց հետո դարձյալ առաջադրվելով՝ ներկայացվում էր որպես ՍԴ դատավորի նոր թեկնածու։ «Այս տրամաբանությունը ժողովրդավարության սկզբունքի հետ որևէ առնչություն չունի: Առավել ևս, երբ ասվում է, որ փոխնախագահի հետ կապված հարցը հանձնաժողովի բնականոն գործընթացին չի խանգարում», -ընդգծեց Արամ Վարդևանյանը:

Վիլեն Գաբրիելյանը նկատեց՝ առաջին հայացքից ստացվում է, որ մեծամասնությունը պարտադրում է, բայց իրականում օրենքում բաց կա, պետք է լրացնել այն: «Հանձնաժողովի նախագահի պարագայում կարգավորումը շատ հստակ է, մենք փորձում ենք այդ հստակությունը կիրառել նաև փոխնախագահի դեպքում, չէ՞ որ 15 անգամից ավելի պարոն Ղազինյանը չի ընտրվել, և այդ պրոցեսը չի կարող անընդհատ տեղի ունենալ»,- նշեց Վիլեն Գաբրիելյանը:

Այդուհանդերձ, նա փորձեց հստակեցնել. «Թող տպավորություն չստեղծվի, թե ես ուզում եմ Դոնթի բանաձևով ձեր խմբակցությանը տրամադրված տեղակալի տեղը, կոպիտ ասած, խլել: Այդ տեղը էլի ձերն է, ես ուղղակի ուզում եմ, որ առաջիկայում նման կազուս տեղի չունենա»:

Այս հարցի հետագա քննարկումը հանձնաժողովում վերածվեց վեճի. երբ Արամ Վարդևանյանն իր ելույթը սկսեց «սիրելի հայրենակիցներ» եզրույթով, ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Եթե պատգամավորը հանձնաժողովում իր ելույթը սկսում է «սիրելի հայրենակիցներ» արտահայտությամբ, ապա դա հանձնաժողովին ուղղղված խոսք չէ, կարելի է անտեսել»:

Խաչատրյանը նկատեց, որ հանձնաժողովում պետք է լսել միմյանց ու հանգել վերջնական եզրակացության, մինչդեռ «սերժական-ռոբական» ընդդիմության նպատակն է տապալել խորհրդարանի աշխատանքները: «Իմ իրավունքն է չմասնակցել այդ տապալմանը և հնարավորինս մեղմացնել այն վնասը, որ այս մարդիկ, սպասարկելով Ռոբին ու Սերժին, հասցնում են մեր հասարակությանը, պետությանը», -հավելեց ՔՊ–ական պատգամավորը: «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, ընդհատեցին Վիգեն Խաչատրյանին։ Նրանց միջև լեզվակռիվ սկսվեց։ Հանձնաժողովը նախագահող Վլադիմիր Վարդանյանը փորձեց կարգավորել խնդիրը, և ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության, և հանձնաժողովի ՔՊ–ական անդամների համաձայնությամբ ստացավ դրական եզրակացություն։