Սոցիալական ապահովության ենթակառուցվածքը բեռի տակ ճկվում է․ Հերիքնազ Տիգրանյան

հունվարի 15, 2022

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ։

- Անցած տարի գնաճը բավական բարձր՝ 7,2 տոկոս է եղել, բայց աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրացել։ Գնաճով պայմանավորված սոցիալական խնդիրները մեղմելու համար ի՞նչ է անում իշխանությունը։

- Կառավարության ծրագրի համաձայն, առաջիկա 5 տարիներին նվազագույն աշխատավարձը, միջին աշխատավարձն ու բազային կենսաթոշակը պետք է համադրելի լինեն սպառողական զամբյուղին, ինչը նշանակում է դրանց պարբերական վերանայում՝ բարձրացում։ Տարեվերջին որոշ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին հանրային ծառայության ոլորտի նվազագույն աշխատավարձ ստացող անձանց եկամուտներըչնվազեցնելու առումով, իսկ որոշ դեպքերում բարձրացան թոշակներն ու նպաստները։ Իհարկե, այնպես չէ, որ անգամներով են բարձրացել, և դա դժգոհության առիթ է։ Պարզապես պետք է հաշվի առնել,թե այդ բարձրացումները ֆինանսական ինչ հնարավորությունների սահմաններում կարող են արվել և բյուջեի համար ինչ ծախս կարող են լինել։Արվել է ըստ բյուջեի հնարավորությունների։

Ասել, որ դրանք վերջնական բարձրացումներ են կամ կառավարության գործողություններըկսահմանափակվեն այդքանով, այդպես չէ։ Որոշ թանկացումների դեպքում սոցիալապես անապահով խավերի համար շարունակում են գործել պետական աջակցության ծրագրեր՝ կոմունալ ծախսերի զեղչերի և այլնի տեսքով։ Ճիշտ է, 2022թ բյուջեով նախատեսված չէ աշխատավարձի վերանայում, բայց նման վերանայում հնարավոր կլինի, եթե հարկահավաքությանեռամսյակային կամ կիսամյակային տվյալները հնարավորություն տան որոշակի խավի համար ավելացնել թոշակները, նպաստները կամ աշխատավարձը։

- Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերում «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերին, որոնք թոշակների և նպաստների ինդեքսավորման՝ գնաճին համահունչ բարձրացում են առաջարկում։ Դրանք ձեր հանձնաժողովի քննարկման տիրույթում են։

- Հանձնաժողովում այդ նախագծերի քննարկումը 2 ամսով հետաձգվեց, քանի որ հիմնական զեկուցողը նիստին չէր ներկայացել։ Մենք այդ հարցին դեռ կանդրադառնանք։ Իսկ իդեքսավորման գաղափարն ընդունելի է և գոյություն ունի թե՛ կենսաթոշակների, թե՛ նպաստների, թե՛ աշխատավարձի համակարգում։ Այն, սակայն, տարիների ընթացքում չի կիրառվել, թեև նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ այդ բարձրացումները տեղի են ունեցել։ Ընդունելով հանդերձ ինդեքսավորման անհրաժեշտությունը՝ այնքան էլ որոշակի չէ հաշվարկման բանաձևը, որը դրված է դրա հիմքում։ Օրինակ, 2022թ ինդեքսավորման համար պետք է հիմք ընդունել նախորդ տարվա փետրվար ամսի դրությամբ սպառողական գների ինդեքսիաճը՝ բազային տարվա նախորդ տարվա փետրվարի դրությամբ։ Ավելի պարզ, եթե ես ուզում եմ 2022-ին ինդեքսավորում ունենալ, պիտի տեսնեմ, թե մինչև 2021թ․ փետրվար ամսվա փոփոխությունն ինչպես է հարաբերվում մինչև 2020թ․ փետրվարը եղած սպառողական զամբյուղի աճի հետ։ Այսինքն, 2 տարի հետ գնալով՝ այս տարվա համարհաշվարկ անելը իրավական տեսանկյունից որոշակի չէ։ Բայց քանի դեռ այդ նախագծերի բովանդակային քննարկումը չենք արել, չէի ցանկանա կանխակալ կարծիք հայտնել, որովհետ 2 ամիս հետո դրանք նորից կարող են գալ հանձնաժողով։

- Արդեն 20 դրամով բարձրացել է ջրի սակագինը, փետրվարից կբարձրանա նաև հոսանքի գինը, և դրանք էլ ավելի են թանկացնելու մեր կյանքը։ Գոնե այս դեպքում իշխանությունը սոցիալական բեռի թեթևացման ինչ-որ մեխանիզմներ նախաձեռնելո՞ւ են։

- Այդ ծառայություններում սոցիալապես անապահով սպառողների համար պետությունն արդեն իսկ նախատեսված է որոշակի աջակցություն՝ զեղչերի տեսքով։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում սոցիալական վիճակը մեր երկրում։

- Կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմը լրացուցիչ սոցիալ–տնտեսական ծանրաբեռնվածություն են առաջացրել։ Երբ պատերազմի ժամանակ տնտեսությունը բերվում է ռազմական վիճակի, դրանից հետո առաջինն ի հայտ են գալիս սոցիալական խնդիրները և ավելացնում են արդեն գոյություն ունեցող բեռը։ Կորոնավիրուսն էլ տնտեսավարողներին լուրջ վնասներ պատճառեց։ Սոցիալական ապահովության ենթակառուցվածքն ուղղակի ճկվում է բեռի տակ։ Նոր են հրապարակվել վիճակագրական տվյալները, որոնք ցույց են տալիս որոշակի վատթարացած վիճակ։ Դա կանխատեսելի էր։ 2021թ․ մենք զգացինք հետկովիդյան և հետպատերազմյան ազդցությունը։ Կարծում եմ՝ 2022թ․ շատ ավելի դրական դինամիկա է սպասվում։ Պետք է որոշակի ժամանակահատված ու ըստ առաջնահերթությունների՝ժամանակացույց սահմանել ու լուծել՝ սկսած անօթևանների խնդիրներից մինչև վերջին կենցաղային կամ տնտեսական աջակցության խնդիրները։

- Բայց ձեր իշխանությանը քննադատում են նաև նրա համար, որ վարվող տնտեսական քաղաքականությունն ու ծրագրերը չեն նպաստում այդ խնդիրների լուծմանը։

- Սոցիալական ծրագրերի լուծման համար նախ անհրաժեշտ է, որ աշխուժանա տնտեսությունը։ Մինչև տնտեսության մեջ չներարկվի գումար, և չգան ներդրումներ, զարգացում չի լինի։ Մինչև չհավաքագրվեն այնքան հարկեր, որոնք բավարարեն մերծախսերը, արդյունավետ սոցիալական քաղաքականություն չենք ունենա։

- Իշխանությունը չէ՞ այդ ամենի պատասխանատուն։

- Ամեն ինչի համար էիշխանությունը պատասխանատու և երբեք չի ասում, որ պատասխանատու չէ։ Այդ նպատակով էլ տնտեսության աշխուժացման, ներդրումների իրականացման քաղաքականություն է վարում։ Տնտեսվարողների որոշ խմբերի հարկային բեռն է թեթևացնում, որ նրանք զարգանալու, աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն ունենան։ Անգամ փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով շրջանառության համակարգերի ներդրումը բիզնեսը խթանելու միտում ունի։