Գերու կարգավիճակում եմ, արգելում են երկրից բացակայել․ Իշխան Սաղաթելյան

հունվարի 15, 2022

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ։

–8–րդ գումարման ԱԺ–ի ձևավորումից 6 ամիս է անցել, ու տեսնում ենք, որ օրենսդրական նախաձեռնությունների հարցում «Հայաստան» խմբակցությունը խիստ պասիվ է։ Ինչո՞վ է այս պասիվությունը պայմանավորված։

- Ընդհանուր առմամբ, հնարավոր է՝ քիչ են, բայց այնպես չէ, որ չկան։ Ավելին՝ դրանք բազմազան են և վերաբերում են կյանքի տարբեր ոլորտներին։ Ուրիշ հարց, որ քաղաքական մեծամասնությունը մեր օրինագծերն արգելափակում է, մերժվում են և չեն քվեարկվում։ Դրանք և՛ կենսական անհրաժեշտության օրինագծեր են, և՛ նաև ընթացիկ սոցիալ-տնտեսական։ Եթե հիշում եք, մենք առաջին օրը հանդես ենք եկել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, մերժել են, այնուհետև առաջարկել ենք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դարձնել արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով, դարձյալ մերժել են։

-Ասում են՝ ձեր ներկայացրածները հիմնականում պոպուլիստական բնույթ ունեն։

-Եկեք հիմա շատ ավելի կոնկրետ ասեմ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել բազմազավակ ընտանիքներին աջակցելու օրինագծով։ Սա սահմանադրական պահանջ է, ավելին՝ սա իրենց նախընտրական պլատֆորմի դրույթներից մեկն է։ Այսինքն, իրենք մի բան են խոստացել, մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իրենք մերժել են։ Մենք բյուջեի հետ կապված արել ենք մի քանի տասնյակ առաջարկություններ, բոլորը մերժվել են, կենսաթոշակների հետ կապված մեր օրենսդրական նախաձեռնությունը նույնպես մերժվել է։ Այս պահին էլ մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախագծեր կան տարբեր հանձնաժողովներում։

-Որքանո՞վ են իրատեսական ձեր ներկայացրած նախագծերը։

-Դրանք բոլորն ունեն հիմնավորումներ։ Օրինակ՝ բազմազավակ ընտանիքներին աջակցության ծրագիրը ի՞նչ հիմքով են մերժում, կամ մերժում են նրա համար, որ այդ նախաձեռնությամբ ընդդիմությունն է հանդես գալիս, կամ ասում են՝ ինչ-որ ասում եք, ճիշտ է, բայց հիմա պահը չէ։

-Ստացվում է՝ խորհրդարանում ընդդիմության աշխատանքը ձախողվա՞ծ է։

-Ձախողված չէ։ Նախ, երկիրը սովորական և ստանդարտ վիճակում չէ, և այս առումով տարբերվում է նախորդ գումարման բոլոր խորհրդարաններից։ Այսօր մեր թիվ մեկ և գլխավոր խնդիրը երկրի անվտանգությունն է։ Հետևաբար, այս կարգի նախաձեռնությունները, որոնք մենք շատ կարևորում ենք, մեծ արձագանք չեն գտնում, որովհետև թշնամին մտել է ՀՀ տարածք, և ամեն օր ունենք զոհեր և կորուստներ, ինքնիշխանության գոյության հարց կա։ Այն թյուր կարծիքը, որ փորձում են ստեղծել, թե ընդդիմությունը խորհրդարանում իր գլխավոր գործառույթներից մեկով՝ օրենսդրական նախաձեռնություններով չի զբաղվում, սխալ է։

-Նոյեմբերին «Հայաստան» դաշինքը հայտարարեց դիմադրության շարժման մեկնարկի մասին։ Ո՞ւր է այն, որևէ դիմադրություն, կարծես, չկա։ Ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը իր թիմակիցների հետ է հանդիպում, քննարկում իրավիճակը, բայց դիմադրություն չկա։

-Մեր գնահատականը հստակ է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ և գլխավոր ճանապարհը համընդհանուր և համազգային դիմադրության ձևավորումն է, դիմադրություն՝ Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը, երկրի ներքին կյանքում տեղի ունեցող անարդարություններին, և հաջողության կհասնենք, եթե այդ դիմադրությունը դառնա համաժողովրդական։ Այս ուղղությամբ մենք մի շարք քայլեր արել ենք և այս պահին էլ անում ենք։ Արդյո՞ք դա բավարարում է առաջին հերթին մեզ, մեր ընտրողներին, հասարակության լայն զանգվածներին, որոնք մտահոգ են այս իրավիճակից, կարող եմ ասել, որ ոչ, որովհետև բավարար տեմպերով առաջ չենք գնում։ Դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Կարծում եմ՝ այս տարվա մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ դիմադրության ամբողջական ձևավորումը։ Այս պահին կարող եմ Դաշնակցության անունից ասել, որ այս գաղափարը մեզ համար մեծապես կարևորվում է, մենք գտնում ենք, որ այս ճանապարհով հնարավոր է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Դրա համար ամեն ինչ անելու ենք, և դա նաև մեր քաղաքական համագործակցության և բոլորի տեսակետն է։

-Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքով խորհրդարան գալով՝ Դաշանակցությունը կշիռն ավելի բարձրացա՞վ, թե՞ ընկավ։

-Դաշնակցության դիմագիծը, անկախությունը և ինքնուրույնությունը 132 տարվա մեջ հարցականի տակ չի դրվել։ Մենք մեր պատմության ընթացքում, նաև Հայաստանի նորանկախ պատմության մեջ տարբեր ձևաչափերով համագործակցել ենք և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ, բայց երբեք մենք մեր ինքնուրույնությունը չենք կորցրել, ինչպես և այս պարագայում։ Մենք համագործակցում ենք Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հստակ ձևաչափով։ Մասնակցել ենք այս ընտրություններին, որպեսզի հեռացնենք օրվա իշխանութանը։ Մեր օրակարգը նույնն է, համագործակցությունն արդյունավետ է, իսկ նրանք, ովքեր ասում են, որ Դաշնակցությունը այս համագործակցության արդյունքում հեղինակազրկվել է, եկեք հասկանանք՝ Հայաստանի քաղաքական դաշտի կուսակցություններից այս պահին որը որտեղ է, ինչ կշիռ ունի, և գնահատականը տանք։ Ամբողջ Հայաստանում Դաշնակցությունը 53 կազմակերպական ցանց -գրասենյակ ունի, իրական անդամակազմ և գաղափարական նվիրյալներ ունեցող շատ քիչ կուսակցություններից է, դրանց թիվը երկու-երեքը նույնիսկ չի անցնում։

-Ասում եք՝ արդյունավետ է այդ համագործակցությունը, ո՞ւր է արդյունքը։

-Քանի դեռ մեր երկիրն այս վիճակից դուրս չի եկել, և գործող իշխանությանը չենք հեռացրել, առաջին հերթին ինքս չեմ կարող բավարարված և գոհ լինել մեր աշխատանքից։ Այսինքն, երբ երկիրն ունի լրջագույն մարտահրավերներ և խնդիրներ, դու չես կարող համարել, որ խիստ արդյունավետ ես աշխատել և բարձր գնահատել քո գործունեությունը։ Այս իմաստով, մենք մեր գլխավոր նպատակին չենք հասել։ Վստահ եղեք, տեսնելու եք այդ դիմադրությունը։

-Փաստորեն, ո՛չ խորհրդարանի ներսում, ո՛չ էլ փողոցային պայքարով արդյունք չեղավ։

-Չի ավարտվել, այնպես չէ, որ արդեն ամեն ինչ ավարտվել է, և կարող ենք գնահատել, որ մենք ձախողվել ենք։

-Բայց չէ՞ որ դրա համար հանրային աջակցություն է պետք։

-Հանրային աջակցություն ունեցել ենք, այն դրսևորվել է ընտրությունների արդյունքներով։ Այսօր Դաշնակցությունն ունի 12 անդամ խմբակցության կազմում։ Մենք ներկայացված ենք 29 պատգամավորով «Հայաստան» դաշինք խմբակցությունում, որը մեր երկրում արձանագրված թիվ մեկ խորհրդարանական ընդդիմություն է։ Վերջին ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր դաշտի ամենամեծ մասնակցություն ցուցաբերած և արդյունքներ արձանագրած քաղաքական ուժն է Դաշնակցությունը։

-Առհասարակ, Քոչարյանի հետ Դաշնակցության համագործակցությունը չի՞ խանգարում Դաշնակցությանը, հատկապես որ հանրության վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ միանշանակ չէ։

-Տեսեք, որ ասում եք՝ միանշանակ չէ, գոյություն ունի հստակ ցուցանիշ, Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքը այս իշխանության գլխավոր ընդդիմություն է։ Եվ եթե մեկ ուրիշն ավելի բարձր վարկանիշ ունի, թող դրսևորվի։

-Որպես ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում։ Նիստեր գրեթե չեք վարում։ Ստացվո՞ւմ է աշխատել։

-Ես փորձում եմ լիարժեքորեն օգտվել այն գործիքակազմից, որն ունի ԱԺ փոխնախագահը՝ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի։ Դա ես փորձում եմ ծառայեցնել մեր հայտարարած նպատակներին։ Եթե ինչ-որ պահի զգամ, որ դա արդյունավետ չէ, կամ մեր ընտրողները, ոչ թե մի քանի բանսարկուներ, գտնեն, որ պետք է դուրս գամ այդտեղից, մի վայրկյան հետո դուրս կգամ, որովհետև ինձ ճանաչողները գիտեն, որ դա ինձ համար կառչելու տեղ չէ։

-Ձեր խմբակցությունը պահանջում էր, որ իշխանությունը վերացնի քրեական գործերով անցնող պատգամավորների՝ երկրից դուրս գալու արգելքը, նաև՝ կալանավորված պատգամավորներն ազատ արձակվեն։ Դրա համար կասեցրեցիք ձեր մասնակցությունը միջազգային կառույցների աշխատանքներին մասնակցող խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին։ Հիմա, երբ պատգամավորներն ազատության մեջ են, ի՞նչ եք անելու։

-Մեր պահանջների մի մասը բավարարվել է, մեր կալանավորված ընկերները այսօր ազատության մեջ են, իսկ մյուս մասը՝ երկրից դուրս գալու արգելքի հետ կապված, մնում է չլուծված։ Երբ այս պահանջն էլ բավարարվի, մենք անմիջապես հայտարարությամբ հանդես կգանք, կվերականգնենք մեր մասնակցությունը միջազգային պատվիրակություններին։ Մեր ֆրակցիայի տանյակից ավելի պատգամավոր կեղծ ու շինծու գործերի պատճառով չի կարողանում երկրից դուրս գալ։ Օրինակ՝ նոյեմբերի 9-ից հետո իմ նկատմամբ քրգործ են հարուցել հանրահավաքներ անելու համար։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածում որևէ հարցաքննության չեն հրավիրել, քննչական որևէ գործողություն չի եղել, ապօրինաբար խոչընդոտել են իմ պատգամավորական գործունեությունը, ինձ հետ՝ նաև տասնյակ պատգամավորների։ Գերու կարգավիճակում եմ, արգելում են երկրից բացակայել և իրականացնել մանդատից բխող պարտականությունները։

-Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը կանոնակարգ օրենքով փոփոխության կենթարկվի։ Արթուր Ղազինյանին այլընտրանք թեկնածու կառաջադրե՞ք։

շխանությունը պետք է հասկանա, որ երբեք չի կարող մեզ ասել, թե ինչ որոշում ընդունենք։ Այս իմաստով մենք մեր թեկնածուին որոշել ենք։ Առաջադրել ենք թեկնածու, ընտրում են, թող ընտրեն, չե՞ն ընտրում, մենք թեկնածու չենք առաջադրում։

-Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկե՞լ եք այս հարցը, իշխանությունը հայտարարում է, որ Քոչարյանն է Ղազինյանի թեկնածությունը պնդում։

-Թող բոլորն իմանան, որ մեր որոշումները մեկ մարդու կողմից չեն ընդունվում։ Մեզ որևէ մեկը մեսիջ չի ուղարկում։ Իրենք, հավանաբար, այդպես են անում։