Ընդդիմությունը՝ մերժված․ «Հայաստան»–ի մեկ անգամ մերժված նախագիծը դարձյալ օրակարգ չընդգրկվեց

հունվարի 17, 2022

8–րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 25 նախաձեռնություն, այդ թվում 4 ընտրություն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2 անդամի, ԿԲ նախագահի տեղակալի և նոր Մարդու իրավունքների պաշտպանի։ Այս նիստերի օրակարգում է նաև ՔՊ–ականների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը, որով կարգավորվելու է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, սակայն, ինչպես սովորաբար տեղի է ունենում, օրակարգի հաստատման ժամանակ դարձյալ լարվածություն առաջացավ դահլիճում։ Պատճառը ընդդիմության՝ պարզաբանում պահանջող հարցերն էին՝ ուղղված կառավարող ուժին:

Ինչո՞ւ Ռուբինյանը

«Ինչո՞ւ է Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, պետական բյուջեի հաշվին Ռուբեն Ռուբինյանը հանդիպել թուրք բանագնաց Քըլըչի հետ», -մինչև ԱԺ նիստի օրակարգի հաստատումը հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը: «Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է նշանակվել պետության կողմից, հետևաբար, ծախսերը նրա ուղևորության հոգում է պետությունը», -Մանուկյանին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը խորհրդարանին ներկայացնում էր ԱԺ օրակարգը:

Նույն թեմայի շուրջ Մանուկյանի հաջորդ հարցը վերաբերում էր Ռուբինյանի նշանակմանը այդ պաշտոնում. «Իսկ ի՞նչ որոշման հիման վրա է նա նշանակվել բանագնաց, անկեղծ ասած՝ փորձեցի գտնել, չկարողացա: ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ»:

Ի պատասխան՝ Արշակյանն ասաց, որ պետական բոլոր ընթացակարգերը պահպանվել են, և եթե կան այլ հարցեր, ապա աշխատանքային կարգով պատրաստ են քննարկել:

«Հայաստանի» պատգամավորներին նաև հետաքրքրում էր՝ ի՞նչ է քննարկել Ռուբեն Ռուբինյանը թուրք բանագնաց Սերդար Քըլըչի հետ, ինչից հետո Հայաստանի ԱԳՆ-ն տարածեց, թե կառուցողական մթնոլորտում քննարկում է ծավալվել երկու երկրների ներկայացուցիչների միջև:

«Հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով։ Նկատի ունենք հենց կառուցողական մթնոլորտ: Հանդիպման արդյունքում ՀՀ ԱԳՆ-ն, Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել են մամուլի հաղորդագորթւյուններ: Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՌԴ ԱԳՆ-ն», -արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը:

Ավելի ուշ Գեղամ Մանուկյանը իր ելույթում պատահական չհամարեց Ռուբինյանին վերաբերող հարցադրումները և ընդգծեց պատճառը. «Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ գաղտագողի, ժողովրդի թիկունքում, գործողություններ է իրականացնում: Այս դեպքում՝ ևս»:

Ռուբինյանն ասաց՝ չի զլանա և կպատասխանի թուրք բանագնացի հետ հանդիպման մասին հնչած հարցադրումներին. «Բոլորդ փորձառու եք, ժամանակին որոշներդ պաշտոններ եք զբաղեցրել, ծանոթ եք դիվանագիտական ընթացակարգերին: Պարզ է, չէ՞, ինչպես է ընթացակարգը եղել: Ասում եք՝ ամեն ինչ իմանում ենք Թուրքիայից: Մինչ այս պահը չի եղել իրադարձություն, որի մասին մեր գերատեսչությունը չի տեղեկացրել: Ինձ ամենաշատը նյարդայնացնում է, երբ ասում եք՝ տեղի են ունեցել գաղտագողի հանդիպումներ: ՀՀ պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին»:

Ավելին, Ռուբինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք իրականացված ֆուտբոլային դիվանագիտությունը ծնունդ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: «Արդյո՞ք գաղտագողի իրադարձություններ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև, և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին: Այն, ինչ անում եք հիմա, երեսպաշտություն է», -հայտարարեց Ռուբինյանը՝ ընդգծելով, որ հայ-թուրքական գործընթացի ամեն դրվագ հրապարակվել է ու գաղտնի ոչինչ չի արվում:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով «Հայաստան»–ի պատգամավորների հայտարարություններին, հիշեցրեց հայ-թուրքական սահմանները բացելու ու երկխոսություն սկսելու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի նամակը՝ ուղղված Թուրքիայի վարչապետին: Ալեքսանյանն ասաց, որ այն գրվել է 2005 թվականի ապրիլի 25-ին, սակայն հրապարակվել է «Վիկիլիքսի» միջոցով գաղտանզերծումից հետո՝ 2011 թվականին:

«Սա գաղտնի բանակցություն չէ՞: Այնպես որ, խնդրում եմ, այս երեսպաշտությանը վերջ տվեք»,-խնդրեց Ալեքսանյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանի հարցը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ կատարած գործուղմանը: Պատգամավորին հետաքրքրում էր՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Ալեն Սիմոնյանը պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել օդանավի բիզնես դասից: «Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Ալեն Սիմոնյանի ամերիկյան վոյաժների մասին տեղեկությունները, և որքան գումար է պետական բյուջեից ծախսվել դրա համար», -հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:

Հակոբ Արշակյանն ի պատասխան զարմացավ՝ նկատելով, որ ԱԺ-ի հետ կապված բոլոր ծախսերը թափանցիկ են. «Որևէ գաղտնի գործընթաց չկա, գիտեք պատվիրակության կազմը, գիտեք ֆինանսավորման ձևը: Ամբողջը թափանցիկ է ու դրված է հաշվետվությունների մեջ: Խնդրում եմ՝ չապակողմնորոշենք հանրությանը»: Արեգնազ Մանուկյանն անդրդվելի էր. նա հայտարարեց, որ հեղափոխական իշխանությունը «հեղափոխական էնտուզիազմով» է ծախսում պետական բյուջեից գումարները, մինչդեռ հայտարարում էր, թե երթևեկում են մետրոյով ու էկոնոմ դասով՝ «ապահովելով տեսարաններ»:

«Երկու օր առաջ ես էկոնոմ դասով եմ վերադարձել Հայաստան, տիկի՛ն Մանուկյան», -արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

 

Իշխանությունը մերժեց ընդդիմությանը

«Հայաստան» խմբակցության երկու նախագծերը, որոնց գլխադասային հանձնաժողովները բացասական եզրակացություն էին տվել, մերժվեցին նաև լիագումար նիստում, այսինքն, այդ նախագծերը նիստերի օրակարգ չընդգրկվեցին:

Դրանցից մեկը «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր: «Հայաստանի Սահմանադրությունն ասում է՝ բազմազավակության դեպքում յուրքանչյուր ոք պետք է ունենա պետական աջակցություն, այն էլ՝ օրենքով սահմանված: Սահմանադրությունը, արդեն մի քանի տարի, գործում է, բայց նման օրենք մենք չունենք»,- փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորեց հիմնական զեկուցող Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը չունի նաև բազմազավակ ընտանիքների պետական համակարգված աջակցություն, մինչդեռ իրենց ներկայացրած նախագծով նախատեսվում է սոցիալական աջակցություն, եկամտահարկի ու գույքահարկի արտոնություն, ինքնազբաղվածության աջակցություն և այլն: «Նախագիծը մերժվել է գլխադասային հանձնաժողովում, որովհետև իշխանությունն ասում է, թե պետք է ռազմավարություն մշակվի: Արդյունքում հետաձգվում է պետական կարևոր ծրագրի իրականացումը», -նշեց Թադևոս Ավետիսյանը:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում նախագիծը մերժվել է, որովհետև դրանով առաջարկվող աջակցության ձևերից մի քանիսը հակասում են գործող իրավակարգավորումներին:

«Հանձնաժողովի կողմից նախագծի հեղինակին եղել է առաջարկ, որ նախագիծը ներկայացներ ոչ միայն մեկ օրենքի նախագծի տեսքով, այլ չքվեարկել, լրամշակման համար հետ կանչել ու եռօրյա ժամկետում ներկայացնել փաթեթային տարբերակով: Բայց հեղինակը չի ընդունել հանձնաժողովի առաջարկը, իսկ մեծ նախագծով ներկայացված տարբերակը հանձնաժողովի համար ընդունելի չի եղել», -հայտնեց Տիգրանյանը:

34 կողմ, 61 դեմ ձայներով նախագիծը չներառվեց նիստերի օրակարգ:

«Հայաստան» խմբակցության մերժված հաջորդ փաստաթուղթը՝ 33 կողմ, 64 դեմ, «Սահմանագծման ու սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծն էր, որին ևս գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Սա, ի դեպ, երկրորդ անգամ է մերժվում խորհրդարանական մեծամասնության կողմից:

Սեյրան Օհանյանը ներկայացրեց հայտարարության տեքստը և ասաց, որ այս հայտարարությունը քննարկելը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ սահմանային իրավիճակին: «44-օրյա պատերազմում պարտությունը և դրան հաջորդած անհաջողությունները շարունակվում են, և լսումներ կազմակերպելով, այս հարցով արտահերթ նիստ անցկացնելով հնարավորություն ունեինք նշելու այն բոլոր կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանին ու Արցախին», -ասաց Սեյրան Օհանյանը:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ հայտարարության մեջ կան քաղաքական գնահատականներ: «Նախագծի մի հատվածում կան ներքաղաքական դատողություններ, միանգամայն քաղաքական խոսույթ է, և այս տեքստով ՀՀ լեգիտիմ կառավարությանը կոչ է արվում մնալ Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում, նշվում են այնպիսի տեղեկություններ, որոնք չի կարող ընդունել իշխող մեծամասնությունը», -դիրքորոշումը հիմնավորեց Հռիփսիմե Գրիգորյանը:

«Քաղաքական մեծամասնությունը երբ հայտարարում է, թե պատրաստ է ժողովրդավարության և ներկայացուցչական մարմնին համահունչ այստեղ, այս դահլիճում քննարկումներ իրականացնել, այսօրվա քննարկումներով ու մոտեցումով մերժեց իր իսկ հռչակած սկզբունքները, բաց երկխոսությունը», -հարցի քննարկման ավարտին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: