ԱԺ մշտական հանձնաժողովներում․ լիագումար նիստին ընդառաջ

փետրվարի 4, 2022

Ընդդիմության հերթական մերժված նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը փետրվարի 3-ին բացասական եզրակացություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ընդդիմադիր պատգամավորն այս նախաձեռնությամբ առաջարկում էր ընդհանրապես վերացնել ճանապարհային երթևեկության մեջ կիրառվող բալային տուգանային համակարգը:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգը ներդրվել  և կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից: Ըստ այդմ՝ վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է վեց ամսով կորցնել վարորդական իրավունքը։ Կախված վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից՝ կիրառվում են 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ։ Ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարվա համար տրամադրվող 9 բալին:

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ գոյություն ունեցող բալային համակարգը իրավական խնդիրներ է առաջացնում և հակասում է Սահմանադրությանը:

«Նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը արգելվում է. ինչպես գիտենք, վարորդներին նկատմամբ կիրառվում էտուգանք՝և՛ տուգանային բալերի նվազման տեսքով, և՛դրամով», -նախագիծը ներկայացնելիս ասաց Արամ Վարդևանյանը:

Նա հիշեցրեց իշխանության առաջին դեմքերի հայտարարությունները, թե «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», ու վկայակոչեց վիճակագրությունը, որի համաձայն, վարորդների բալերի նվազեցման 170 հազարից ավելի որոշում է կայացվել, և շուրջ 5000 վարորդական իրավունք է կասեցվել:

«Բնավ այն կարծիքին չեմ, որ իրավախախտում կատարած վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց մյուս կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն», -ընդգծեց պատգամավորը: Վարդևանյանն ասաց՝ անհասկանալի է, թե ինչու է բալային տուգանային համակարգը կիրառվում, եթե ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը և դրանց հետևանքով գրանցված մահվան դեպքերը չեն նվազել:

«Պրակտիկան ցույց տվեց, որ տուգանքը, որպես վարչական տույժի միջոց, նպատակահարմար չէ և կորցրել է իր արդյունավետությունը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր վարորդների մի ստվար զանգված որևէ խնդիր չունի տուգանքներ մուծելու, ամեն օր խախտում էին անում ու վճարումժամանակին»–բալային համակարգի ներդրման մասին խոսելիս՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Վերջինը մինչև 2018-ի իշխանափոխությունը աշխատում էր Ճանապարհային ոստիկանությունում և հիշում է՝ եղել են վարորդներ, որոնք խախտումների համար տուգանվել են 9 մլն դրամ, 42 մլն դրամ, և միակ ելքը համարվել է տուգանային բալային համակարգի կիրառումը։Ավելին, ըստ պատգամավորի, բալային համակարգից դժգոհում են այն վարորդները, որոնք ժամանակին 100 հազար դրամ էին վճարում որպես տուգանք ու խնդիր չունեին, հիմա էլ կանգնած են վարորդական իրավունքը կորցնելու վտանգի առաջ:

Բալային համակարգը, Խաչատրյանի խոսքով, հաջողությամբ կիրառվում է եվրոպական շուրջ 20 երկրում, հետևաբար, անհասկանալի է՝ ինչպես կարող է հակասել Սահմանադրությանը: «Սահմանադրությանը հակասում է, թող դիմի Սահմանադրական դատարան, ոչ թե առաջարկի վերացնել համակարգը», -ասաց Խաչատրյանը:

«Դիմելու ենք Սահմանադրական դատարան», -հանձնաժողովում նախագծին տրված բացասական եզրակացությանն այսպես արձագանքեց Արամ Վարդևանյանը:

«Խնդրեմ, պարո՛ն Վարդևանյան, ինչպես ապօրինի գույքի դեպքում, այս հարցն էլ կարող եք վիճարկել Սահմանադրական դատարանում», -նկատեց նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցման համար դրական եզրակացություն տվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը:  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով, հիշեցնենք, իշխանական պատգամավորն առաջարկում էր ամրագրել, որ Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից տրվող ֆինանսական հատուցումը հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և  քրոջ  միջև, եթե նա չունի ծնողներ, կին կամ զավակներ: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում  նույնպես հատուցումը պետք է տրվի հավասարաչափ:

Կանաչ լույս՝ կառավարության նախագծերի համար

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանն է, բայց փետրվարի 3-ի նիստում նախագահում էր փոխնախագահ,ՔՊ–ական Բաբկեն Թունյանը: Օրակարգում ընգրկված կառավարության բոլոր նախագծերը դրական եզրակացություն ստացան առանց որևէ առարկության:

Նախ առանց քննարկման հաստատվեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: Այնուհետև ընդունվեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկում են սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:

Օրենքում սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որիներդրումըհնարավորությունկտաէլեկտրոնայինմիասնականտեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը: Այս հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացան նաև կառավարության ներկայացրած«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը: