Աճը կլինի առավելագույնը 5 տոկոս, եթե արտաքին բացասական ազդակներ չլինեն․ Թադևոս Ավետիսյան

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ
-Դուք քննադատում եք իշխանության տնտեսական քաղաքականությունը, բայց կառավարության վերջին նիստում հայտարարվեց, որ 2021թ. ԵՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանում գրանցվել է ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը: Համաձայն չե՞ք, որ սա ճիշտ աշխատանքի արդյունք է:
-Նրանք վերցնում են կոնկրետ մեկ ցուցանիշ, ընդ որում լավարկված կամ ցանկալի ցուցանիշը, և դրանով փորձում են կառուցել ողջ համակարգը: Դա ճիշտ չէ, դա արժանահավատ չէ: Ասում են՝ վերականգնել ենք տնտեսությունը: Շատ լավ: Բացի Ղրղզստանից, որտեղ 2020թ. Հայաստանի տնտեսական անկմանը մոտ անկում էր գրանցվել, համեմատվող մյուս երկրները մոտ 2 անգամ պակաս անկում են ունեցել: 2020-ին Հայաստանն ունեցել է 7,4 տոկոս անկում, անցած տարի՝ 5,8 տոկոս աճ: Սա վերականգնե՞լ է նշանակում:
-2020թ. համավարակից զատ Հայաստանը նաևծանրպատերազմէ ունեցել, այդերկրներըչենունեցել:
- Տարբեր գնահատումներով պատերազմն ընդամենը 0,8-1 տոկոսով է ավելացրել անկումը: Մյուս 6,4 տոկոսը պայմանավորված է կովիդով: Իսկ իմ կարծիքով՝ ոչ միայն կովիդով: Անկման առնվազն կեսը պայմանավորված էր տնտեսական, նաև առողջապահության ոլորտի քաղաքականության ձախողումներով: 6,4 տոկոսից առնվազն 2 անգամ պակաս անկում է եղել տարածաշրջանային երկրներում, բացի Ղրղզստանից: Այսինքն, երբ դու գրանցել ես ավելի քիչ անկում, քան աճ, այստեղ, այո, կա վերականգնում: Վրաստանը, որը մեզ համար միշտ համեմատվելու լավ օրինակ է, 2020թ. ունեցել է 6,8 տոկոս տնտեսական անկում, բայց 2021թ. գրանցելէ 10,6 տոկոս տնտեսական աճ: Ակնհայտ է, որ այդ երկիրն անցած տարի վերականգնել է համավարակի ծանր հետևանքները:
-Բայց տնտեսության վրա պատերազմի ազդեցությունը միայն 2020թ. չէր, այն ճնշում էր նաև 2021թ. զարգացումների վրա:
-Կարող ենք գնալ արդարացման ճանապարհով, կարող ենք երկար մտածել ու Մոզամբիկում, Կամերունում, Զամբիայում տեղի ունեցող ինչ-որ գործընթացներ էլ կապել Հայաստանի տնտեսական անկման հետ: Բայց փաստն այնէ, որ տնտեսական սահմանափակումները մտցվեցին ուշացումով, 2020թ. սկզբին համավարակի մուտքին վերաբերեցին քամահրանքով: Եվ մենք երկրորդ եռամսյակի վերջից ստիպված եղանք կիրառել խիստ սահմանափակումներ: Դրանից հետո էլ ունեցանք վերահսկողության էական թերություններ: Պատերազմը սեպտեմբերի 27-ին է սկսվել, իսկ հունվար-սեպտեմբերին արդեն ավելի քան 6 տոկոս անկում ունեինք, որը համաշխարհային տնտեսության կամ տարածաշրջանային երկրների համեմատ՝ կրկնակի ավելի էր: Եվ փաստն այն է, որ այս վիճակում չեն կարողանում բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակներն ու նպաստները: Համեմատում են ՌԴ-ի հետ, բայց թող հիշեն, որ եթե անցած տարի այդ երկրում 8,2 տոկոս գնաճ է եղել, 8,4 տոկոսով բարձրացրել են կենսաթոշակները: Իրենք ի՞նչ են արել 7,2 տոկոս գնաճի պարագայում:
-Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում ներդրումներ կան: Ասաց, որ Չինաստանից խոշոր ընկերությունների տեղաշարժ կա դեպի Արևմուտք, որոնցից մի քանիսն էլ ցանկանում են մեր երկրում գործարաններ բացել: Դուք նման շարժ նկատո՞ւմ եք:
-Դուք հավատո՞ւմ եք: Վահան Քերոբյանին երկար անդրադառնալու կարիք չկա: Դուք հիշեք 2021թ. հունվարին՝ առաջին աշխատանքային օրը նույն անձի՝ նորից ներդրումներին վերաբերող հայտարարությունը: Ասաց, միլիարդավոր դոլարների ծրագրեր կան, և 2021թ. ունենալու ենք մեծ ներդրումներ: Նաև ասաց, որ 2021թ. ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ: Բայց փոխարենը ավելի քան միլիարդ դոլարով ավելացավ պետական պարտքը, և երկնիշին մոտ էլ գնաճ եղավ: Եթե մի մարդ մի անգամ սուտ է ասում, դրանից հետո ես էլ նրան չեմ հավատում:
-Արդեն թանկացել են ջրի և հոսանքի սակագները, կթանկանա նաև գազը: Այս պայմաններում ինչպե՞ս եք գնահատում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի այն կանխատեսումը, թե այս տարի անցած տարվա նման մեծ գնաճ չենք ունենա:
-Մարդ է, ասում է: Անցած տարի նույնպես իրենք բյուջեում դրել էին 4+/-1,5 տոկոս գնաճային կանխատեսում, բայց եղավ 7,2 տոկոս: Բայց Դուք, ես, մյուսներն ի՞նչ արեցինք ԿԲ նախագահին, կառավարությանը: Ոչ մի բան՝ իրավական հետևանք չկա:
-Այնուամենայնիվ 2022-ին մենք սոցիալական ի՞նչ տարի կունենանք:
-Շատ վատ: Իհարկե, լավ օրից չէ, որ այս վիճակում իրենք նվազագույն աշխատավարձը, թոշակներն ունպաստները չեն բարձրացնում: Չեն կարող: Միջազգային դոնորները, որ 1,2 մլրդ դոլարի պարտք են մեզ տվել, չէ՞ որ 2020թ. համեմատ պետական պարտքն այդքան է ավելացել, պահանջում են, որ հանկարծ չավելացնեն սոցիալական ծախսերը: Ասում են՝ ավելացրեք կապիտալ ծախսերը, որ կարողանաք այդ փողը վերադարձնել: Սոցիալական ծախսի տնտեսական էֆեկտը անհամեմատ ցածր է:Իսկ այս կառավարությունը կապիտալ ծախսերն էլ պլանավորում է, բայց ամբողջությամբ չի կատարում: Եթե կապիտալ ծախս են անում և ճանապարհ են կառուցում, բիզնեսը դրանից շահույթ է ստանում, այդ գումարը տնտեսություն է մտնում և հարկի տեսքով վերադառնում է պետությանը: Դոնորներն էլ ասում են, այդպես արա, որ կարողանաս մեր վարկի տոկոսները տաս:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ եթե կարողանանք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, ուրեմն, կմտնենք բարեկեցության ռեժիմ: Հավանակա՞ն է այս և հաջորդ տարիներին այդքան աճ ապահովելը:
-Նա ասում էր, որ եթե 7 տոկոս աճ ունենանք, հաջորդ տարիներին կարող ենք թոշակներն ու նպաստները բարձրացնել: Բայց եթե չլինի՞: 7 տոկոս աճի որևէ սցենար հնարավոր չէ տեսնել, բացի նախախնամության վրա հույս դնելուց: Աճը առավելագույնը մինչև 5 տոկոս կարող է լինել, եթե արտաքին բացասական ազդակներ չլինեն: