Ավելի քիչ օրենքներ, ավելի շատ միջադեպեր․ 2-րդ նստաշրջանի ամփոփում
փետրվարի 18, 2022

«ԱԺ մոնիտորինգ»-ն ամփոփել է 8-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: Զեկույցը հասանելի է այստեղ, ստորև ուշագրավ որոշ փաստեր են դիտարկման արդյունքներից։
- 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի օրենսդրական արտադրողականությունը նվազել է․ ընդունվել է 98 օրենք, որն ամենացածր ցուցանիշներից մեկն է «ԱԺ մոնիտորինգ»-ի շուրջ 10-ամյա դիտարկումների ընթացքում։ Համեմատության համար նշենք, որ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանում ընդունվել է 143․ 3-րդում՝ 169, իսկ 4-րդում՝ 343 օրենք
- Ընդունված օրենքների միայն 6%-ն է հեղինակել խորհրդարանը, 94%-ը՝ կառավարությունը: Նախորդ գումարման խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը հասել էր 30/70 -ի։ Ընդունվել է պատգտամավորների հեղինակած 6 օրենք։ 6-ն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնություններն են:
- Ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած որևէ նախաձեռնություն նստաշրջանի ընթացքում չի ընդունվել։ Տապալվել է արտահերթ նիստ հրավիրելու երկու նախաձեռնություն։
- 8-րդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, չնայած դրա համար առաջին երկու նստաշրջաններում եղել են ավելի շատ և լուրջ պատճառներ, քան նախորդ բոլոր գումարումներում:
- Արձանագրվել է առնվազն 7 միջադեպ, որոնք կարող էին էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դառնալ, դրանցից 2-ը նույնիսկ քրեաիրավական գնահատականի տեղիք տվող դրսևորումներ են ունեցել: Միջադեպերի առիթով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ որևէ խմբակցություն հանդես չի եկել։
- Նստաշրջանի ընթացքում ԱԺ նիստը նախագահողը դահլիճում լարված իրավիճակի պատճառով մի քանի անգամ հրահանգել է դադարեցնել ուղիղ հեռարձակումը դահլիճից:
- Պատգամավորների միջև բախումները կանխելու համար նախագահողի հրահանգով մի քանի անգամ նիստերի դահլիճ են մտել անվտանգության աշխատակիցները: Գրանցվել է ելույթ ունեցող պատգամավորին ամբիոնի մոտից ուժով հեռացնելու աննախադեպ միջամտություն:
- ԱԺ նիստը նախագահողը նստաշրջանի ընթացքում շուրջ 20 անգամ կարգապահական միջոց է կիրառել պատգամավորների նկատմամբ:
- 4 պատգամավոր խորհրդարան է անցել մեղադրյալի կարգավիճակում և շարունակել է մնալ կալանավորված նաև պատգամավորական մանդատ ստանալուց հետո․ նրանց անձեռնմխելիության հաղթահարման գործընթաց չի իրականացվել։ Պատգամավորներն ազատ են արձակվել ՍԴ 2021թ․ դեկտեմբերի 10-ի որոշման հիման վրա դատարանների կայացրած վճիռներով։
- ՀՀ պառլամենտարիզմի պատմության մեջ առաջին անգամ է պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման խնդիր առաջացել՝ պայմանավորված մինչև պատգամավոր դառնալն ընկած ժամանակահատվածում կալանավորված լինելու հանգամանքով:
- 8-րդ գումարման ԱԺ 2-րդ նստաշրջանում քննարկվել է քննիչ հանձնաժողով ստեղծելու 2 նախաձեռնություն։
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 28 պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ պետական բյուջե փոխանցած միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
- Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտելու փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել, բայց չի ձևավորվել: Խորհրդարանական մեծամասնությունը չի մասնակցել հանձնաժողովի կազմը սահմանելու մասին որոշման նախագծի քվեարկությանը։
- Ամբողջ նստաշրջանի ընթացքում ընդդիմությունն ու իշխանությունը խոսել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, սակայն 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան 1 տարի անց էլ հանձնաժողովը չի ստեղծվել։
- Նստաշրջանի ընթացքում հրավիրվել է ընդամենը 2 լսում՝ «Հայաստան» խմբակցության և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Մինչդեռ լսումներ հրավիրելու իրավասություն ունի 16 սուբյեկտ՝ 12 մշտական հանձնաժողովները, 3 խմբակցությունները և ԱԺ նախագահը:
- Ավելի հաճախ է կիրառվել ոչ ֆորմալ քննարկումների ձևաչափը։ Նման քննարկումներ կազմակերպել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 6-ը, որոնցից առավել ակտիվ են եղել մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:
- 2-րդ նստաշրջանի ընթացքում միայն «Հայաստան» խմբացկությունն է հանդես եկել Կառավարությանն ուղղված հարցապնդմամբ։ Այն վերաբերել է պատերազմից հետո արցախահայության սոցիալական խնդիրների լուծման, պատերազմի հետևանքների հաղթահարման, օժանդակության ծրագրերի իրականացման խնդիրներին։ Հարցապնդման քննարկումը տևել է մի քանի րոպե, անցել առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության, որոնք բոյկոտել են ԱԺ նիստերը, այդ թվում՝ սեփական նախաձեռնությամբ քննարկման դրված հարցը։
- 2 նստաշրջանների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը 7 դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Դրանցից 6-ը վարույթ է ընդունվել։
- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել մինչև մինչև 2-րդ նստաշրջանի ավարտը․ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության առաջադրած թեկնածուն 14 անգամ չի ընտրվել:
- Խորհրդարանի ամենաշատ կողմ քվեարկածների տասնյակում միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են։ «Դեմ» քվեարկածների տասնյակը կազմված է միայն «Հայաստան» խմբակցության անդամներից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գլխավորում է ամենաակտիվ պատգամավորների տասնյակը։ Ամենաշտը բացակայած պատգամավորներիտասնյակը գլխավորում են Արմեն Չարչյանն ու Մխիթար Զաքարյանը ։
- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորից 24-ը նստաշրջանի ընթացքում որևէ հարց չի տվել, ելույթ չի ունեցել։ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորից 8–ը նստաշրջանի ընթացքում որևէ հարց չի տվել, ելույթ չի ունեցել։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից 3-ը նստաշրջանի ընթացքում որևէ հարց չի տվել, ելույթ չի ունեցել։
Զեկույցը հասանելի է այստեղ։