Հավանական է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը խմբագրելու հարց դրվի․ Տիգրան Աբրահամյան

մարտի 14, 2022

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամովոր Տիգրան Աբրահամյանի հետ։

- Ինչո՞ւ է վերջին շրջանում Ադրբեջանը հաճախակիացրել կրակոցները Հայաստանի ու Արցախի բնակավայրերի ուղղությամբ։

- Դա ունի երկու հիմնական պատճառ։ Առաջինն Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակն է։ Ադրբեջանը փորձում է օգտվել Ռուսաստանի ծանրաբեռնվածությունից և Արցախում գնալ հոգեբանական ճնշումների ու սադրանքների․այլ պայմաններում դա չէր կարող լինել։ Ակնհայտ է, որ նաև Ադրբեջանի գործընկերները՝ առաջին հերթին Թուրքիան է նրան մղում նման քայլերի։ Իսկ Ադրբեջանը փորձում է միանգամից երկու ուղղությամբ ծառայություն մատուցել Թուրքիային ու մյուս երկրներին, որոնք այս պահին փորձում են տարբեր օջախներ ստեղծել ՌԴ-ի համար ու նրան շեղել Ուկրաինայից։ Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված վիճակից ու Արցախում իր համար շատ ավելի բարենպաստ դիրքեր դուրս գալ։ Երկրորդ կարևոր հանգամանքը գործընթացներն են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված տարածաշրջանային ապաշրջափակման, դեմարկացիա-դելիմիտացիայի հարցերով։ Ադրբեջանը փորձում է ճնշումների միջոցով հասնել նրան, որ դա կատարվի իր ուզած ճանապարհային քարտեզով ու առավելագույնս իր շահերին համապատասխան։ Ադրբեջանում կարծում են, որ մեր տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը ՀՀ-ին ճնշելու լավագույն ժամանակն է։

- Ադրբեջանի ստեղծած լարվածության պատճառո՞վ են ռուս խաղաղապահներն Արցախի ճանապարհները փակել ադրբեջանական շարասյունների համար։

- Ճանապարհ փակելու խնդիր չկար։ Կան մի քանի երթուղիներ, որտեղ ռուսական խաղաղապահ ուժերն են ապահովում ադրբեջանական քաղաքական և ռազմական շարասյունների շարժերը։ Որքան հասկանում եմ, այս փուլում, հաշվի առնելով լարված իրավիճակը՝ ռուսական կողմը ժամանակավորապես դադարեցրել է դրանց շարժը։ Դա Մատաղիսից, Մաղավուրից, Դրմբոնից դեպի Քարվաճառ ուղղությունն է։ Ինչպես նաև Արցախի հարավային հատվածներից՝ այս պահին օկուպացված Քաշաթաղից Բերձորի միջոցով դեպի հյուսիս, դեպի Քարվաճառ շարժերն են։ Երրորդ ուղղությունն արդեն Կարմիր շուկա-Շոշ-Շուշի ճանապարհն է։ Այդ երեք ուղիներն էլ օգտագործվում էին բացառապես հստակ սահմանված գրաֆիկով նշված օրերին և ռուսական կողմի ուղեկցմամբ։ Բայց այս լարված վիճակում ռուսական կողմը սահմանափակել է այդ շարժերը։

- Համաձայն չե՞ք, որ ռուսական խաղաղապահներին չի հաջողվել ճնշել Ադրբեջանի ագրեսիան, ապահովել Արցախ գնացող գազատարի վերանորոգումը, այդ պատճառով էլ կասեցրել է նրանց տեղաշարժը։

- Չեմ կարծում, որ ռուսական գործիքակազմը շարասյունների շարժերի արգելմամբ է սահմանափակվում։ Դրա համար կան նաև դիվանագիտական խողովակներ։ Այս փուլում իրավիճակն այնքան բարդ է, որ միայն Արցախի խաղաղապահ առաքելության բանակցություններով չեն սահմանափակվում։ Որքան տեղյակ եմ, ռուսական կողմը փորձում է այս վիճակում Ադրբեջանին բերել կանխատեսելիության և ընկալելի գործընթացների դիրք, որ կանխի հետագա սրացումները։

- Կարո՞ղ ենք ասել, որ Արցախում խաղաղության երաշխավոր ՌԴ-ին դա առայժմ չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ։

- Համենայնդեպս, ամբողջական խնդիրները, ինչպիսին գազատարի վերանորոգումն է կամ առհասարակ իրավիճակի թուլացումը, չեն լուծվում։ Եթե պայմանականորեն մեկ շաբաթ առաջ այդ կրակոցները հիմնականում հրաձգային զենքերից էին, հետո դարձան 60 մմ ականանետային հարվածներ, այսօր արդեն 120 մմ է կիրառվում։ Պետք է նաև նկատի ունենալ այն, որ որևէ դեպքում ռուսական կողմը չպիտի լինի միակ երաշխավորը։ ՀՀ-ն պետք է ստանձնի իր այն պարտավորությունը, որը եղել է ազգային ազատագրական պայքարի արդյունքում՝ լինի անվտանգության երաշխավորի դերակատարը։ Պետք է լինի նաև Արցախում անվտանգության ապահովման երրորդ բաղադրիչը՝ դա պաշտպանության բանակն ու ուժային կառույցներն են։ Երբեք չպետք է մտածել, որ ռուսական կողմը պետք է միայնակ ապահովի մեր անվտանգությունը։

- Հայաստանը պետք է փոխադարձ կրա՞կ արձակի, իսկ դա լայնածավալ ռազմական գործողությունների չի՞ վերածվի։

- ՀՀ-ն պարզապես դուրս է եկել գործընթացից և ԱՀ-ին վերաբերող հարցերն ամբողջությամբ թողել է ռուսական կողմի իրավասության ներքո։ Դա նշանակում է քաղաքական և դիվանագիտական առումով խաղից դուրս գալ։ ՀՀ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն նաև Արցախում ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը։

- Մե՞ծ է իրավիճակի կտրուկ վատթարացման հավանականությունը։

- Անկեղծ ասած՝ այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների հավանականություն դեռ չեմ տեսնում, բայց առկա ճգնաժամը խորացման միտումներ է դրսևորում։

- ՌԴ-ի այդ պասիվության պատճառո՞վ է, որ Արցախի Ազգային ժողովը Ադրբեջանին սանձելու կոչով դիմեց ԵԱՀԿ ՄԽ-ին ու ՄԱԿ-ին։

- Այդ կոչերը կամ ուղերձները պայմանավորված են նրանով, որ ՌԴ-ն այս պահին ավելի շատ կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վրա։ Խնդիրն այն է, որ Արցախի հարցի կարգավորման հիմնական դերակատարը ԵԱՀԿ ՄԽ–ի նախագահությունն է։ Եվ բանակցային գործընթացի վերադարձը՝ այդ կառույցի մանդատ, ու համանախագահների ակտիվությունը բխում են ՀՀ և ԱՀ շահերից, ինչը որևէ կերպ չի հակասում ՌԴ-ի՝ մեր տարածաշրջանում ունեցած դերակատարմանը։ Ի վերջո, նաև ՌԴ-ի հետ ունեցած համաձայնության և կոնսեսուսի արդյունքում է ժամանակին ստեղծվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտը, որի միջոցով էլ 3 տասնամյակ բանակցություններ են տարվել։ ՀՀ-ի և ԱՀ-ի դեպքում ՌԴ-ն ունի նաև այլ դերակատարություն, որը կարգավորվում է տարբեր իրավական փաստաթղթերով։

-Անցած ամիս ստորագրվեց ՌԴ-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների համաձայնագիրը։ Համաձայն չե՞ք այն կարծիքների հետ, որ եթե մեր ռազմավարական դաշնակիցը մեր թշնամու հետ նման փաստաթուղթ է ստորագրում, ապա անվտանգային խնդիրներից ելնելով՝ մենք էլ պետք է ունենանք ևս մեկ ռազմավարական դաշնակից։ Օրինակ, Ֆրանսիան։

- ՌԴ-ն ունի երկու խնդիր՝ նախ Ադրբեջանին առավելագույնս պահել ընկալելիության և կանխատեսելիության շրջանակում։ Երկրորդը՝ ՀՀ դերակատարությունը 2018-ից ու հատկապես 44–օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում էականորեն նվազել էր, և ՌԴ-ի համար հավասարակշռման խնդիր էր առաջացել։ Մյուս կողմից՝ եթե ՀՀ-ն քննարկում է այլ դաշնակիցների հարցը, ապա պետք է հաշվի առնվեն բոլոր ռիսկերն ու սպառնալիքները։ Այնպես չստացվի, թե մենք գնում ենք մի ուղղությամբ, որը ՌԴ-ի հետ հարաբերություններում ստեղծում է ծանր իրավիճակ, ինչը տարածաշրջանում կտրուկ մեծացնում է անվտանգային սպառնալիքները ՀՀ–ի համար։ Այսինքն, պետք է օբյեկտիվ իրականության մեջ հասկանալ, թե մենք այսօր ինչ հնարավորություններ ունենք, ինչ կարող է մեզ տալ ՌԴ-ն, ինչից ենք մենք օգտվում, ինչ ենք տալիս փոխարենը։

Նույն տրամաբանության ներքո պետք է հասկանալ, թե ինչ է մեզ տալու Ֆրանսիայի կամ մեկ այլ երկրի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատումը։ Այնպես չէ, որ բոլորը պատրաստ են այսպիսի ծանր իրավիճակում գտնվող Հայաստանի հետ գնալ դաշնակցային հարաբերությունների կամ նոր պարտավորությունների ստանձնմանը, որովհետև այստեղ բախվում են ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի շահերը։ Եվ ցանկացած երկիր, որն ուզում է նոր կարգավիճակով մտնել տարածաշրջան, երկար կմտածի։

- Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, անկախ արդյունքից, ՌԴ–ն ՀՀ-ի առաջ դնելո՞ւ է կոնկրետ կողմնորոշման հարց։

- Կարծում եմ՝ անկախ այդ ճգնաժամի ավարտից, նման խնդիր բոլոր երկրների դեպքում արդեն առկա է։ Կարծես կանգնած ենք աշխարհակարգի փոփոխությունների շեմին, և բևեռացում է գնում։ Աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են հստակեցնել իրենց ավանդական դաշնակիցների կամ գործընկերների դիրքորոշումները տարբեր հարցերում։ Եվ պահանջները շատ ավելի սուր են դրված։ Այս տեսանկյունից մեծ է հավանականությունը, որ օրակարգում դրվի ՀՀ արտաքին քաղաքականությունը խմբագրելու անհրաժեշտության հարցը։ Իսկ թե դա ինչ ուղղությամբ կգնա, կամ ինչ դիրքորոշումներ կլինեն, այս պահին դժվար է ասել։

–Այնուամենայնիվ, արդյո՞ք Արցախի հարցում ՌԴ-ի պասիվությունը չէ պատճառը, որ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, թե «Երևանն առաջիկայում, թերևս, կդիմի ՄԽ համանախագահությանը՝ Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»։

–Առհասարակ, տրամաբանությունը հուշում է, որ դա նաև բխում է կառավարության հնգամյա ծրագրից, որտեղ նշվում է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահության ձևաչափում։ Դրա շրջանակում հնչող ցանկացած հայտարարություն նորություն չէ։ Առհասարակ, պարզ էլ չէ, թե երբ է ՄԽ–ի համանախագահության ձևաչափը դուրս մնացել, որ մենք բանակցային գործընթացի համար կրկին պետք է դիմենք ադ կառույցի օգնությանը։