Արցախի վերաբերյալ նման հասցեական բանաձև ես չեմ հիշում. Արման Եղոյան

մարտի 15, 2022

Հարցազրույց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյան։

Պարո՛ն Եղոյան, օրերս Եվրոպական միության խորհրդարանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Ի՞նչ փաստաթուղթ է սա, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

–Սա Եվրոպական միության խորհրդարանի բանաձև է, որով ԵՄ տարբեր ինստիտուտներին, ՄԱԿ-ի կառույցներին, ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արվում ուշադրություն դարձնել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրների վրա:

Փաստաթուղթն ունի քաղաքական նշանակություն, որովհետև այն նաև սկսում է քաղաքականություն թելադրել. այսինքն, այսուհետ այս և հաջորդ գումարումների եվրախորհրդարանները սա ընդունում են որպես իրողություն՝ հաստատված ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից: Բացի այդ, սա նաև ազդում է ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի և նախարարների խորհրդի քաղաքականության վրա:

ԵՄ խորհրդարանում ներկայացված 7 կուսակցություններից 6-ը կամ 635 պատգամավոր՝ ավելի քան 90 տոկոսը, կողմ է քվեարկել այս բանաձևին: Ասեմ ավելին, բանաձևը հենց շրջանառության մեջ դնելու փաստաթղթի տակ էլ ստորագրել են 7-ից 6 խմբակցությունների ներկայացուցիչները:

–Այս բանաձևը, ըստ էության, պարտադիր կատարման պահանջ չի ներկայացնում, այնպես չէ՞:

Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում շատ քիչ փաստաթղթեր կան, որոնք պարտադիր կատարման ենթակա են, կամ դրանք ընդունած ինստիտուտները ունեն այն պարտադրելու իրավասություն կամ գործիքակազմ:

Սա ձևավորում է քաղաքական մթնոլորտ, խոսույթ այս կամ այն պետության նկատմամբ: Մի պահ պատկերացրեք, որ այս բանաձևում Ադրբեջանի փոխարեն լիներ Հայաստանը, մեր մասին նման բաներ արձանագրվեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք ինչ վիճակում կհայտնվեինք՝ քաղաքական, հոգեբանական ու աշխարհաքաղաքական առումով:

–Այսինքն, այս փաստաթուղթը Հայաստանին միայն բարոյակա՞ն աջակցություն է:

–Սա ձևավորում է վերաբերմունք: Միջազգային հարաբերություններում ի՞նչն է կարևոր, վերաբերմունքը՝ ինչպե՞ս են պետությունները միմյանց վերաբերվում, ի՞նչ են միմյանց ասում, ինչպե՞ս են որոշումներ կայացնում, ինչի՞ հիման վրա:

Ադրբեջանը երկար տարիներ պատեհ–անպատեհ առիթով փաստաթղթերի տրցակ էր հավաքում տարբեր միջազգային կառույցներից, նույնիսկ ոչ մեծ ընդգրկվածության կառույցներից, ձգտում էր ինչ-որ նախադասություն, բառ ընդգրկել հայտարարությունների մեջ ու հետո դա տանում ներկայացնում էր այլ միջազգային կառույցում: Դա ձևավորում էր վերաբերմունք խնդրի նկատմամբ:

Այդ վերաբերմունքից էր կախված նաև քաղաքականությունը միջազգային հարաբերություններում: Արցախի հարցի վերաբերյալ նման հասցեական տեքստ ես չեմ հիշում, որտեղ հստակ նշվում է, թե ով ինչ է արել, ով է մեղավորը: Դե, պատկերացրեք՝ ինչ վիճակում են հայտնվում ադրբեջացնիները իրենց միջազգային գործընկերների հետ շփվելիս:

–Կարծում եք՝ հայտնվո՞ւմ են բանաձևի ընդունմանը զուգահեռ՝ Ադրբեջանը Արցախում խախտում է զինադադարը։

–Կարծում եմ՝ այո, ծանր վիճակում կհայտնվեն միջազգային ասպարեզում: Դե, պատկերացրեք, եթե մեր մասին նման բովանդակությամբ փաստաթուղթ ընդունվեր, ինչ հարձակում էր կատարվելու գործող իշխանության նկատմամբ, Դուք էլ կզանգեիք ինձ և կհարցնեիք՝ չե՞ք ամաչում, այս ի՞նչ փաստաթուղթ է:

Ես չեմ ասում՝ այդ երկրի նկատմամբ սանկցիաներ են հետևելու այս փաստաթղթի ընդունմանը, բայց նման քայլերից են սկսվում գործընթացները: Հետագայում այս փաստաթուղթը մենք կօգտագործենք մեր մյուս գործընկերների հետ շփման մեջ, ՄԱԿ-ի գործընկերների հետ խոսակցության ժամանակ:

Ամենակարևորը՝ սա մնում է որպես բանաձև, որը արդեն հիմք է հաջորդ խորհրդարանականների համար: Այդպես էր նաև 1987 թվականին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որը հիմք եղավ նոր սերնդի եվրախորհդարանականների համար, որ ծանոթանան խնդրին:

–Փաստաթղթում կոչ է արվում Եվրահանձնաժողովին «օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար»: Սա գործնականում ինչպե՞ս է արտահայտվելու:

Եվրահանձնաժողովի գործիքակազմը արդեն շատ ավելի լայն է, քան Եվրախորհրդարանի: Եվրահանձնաժողովը եթե շատ պարզ ասեմ՝ կառավարությունն է, գործադիր մարմինը, որն էլ ընդունում է որոշումներ: Եվրահանձնաժողովի գործիքակազմի մեջ կարող են մտնել նաև սանկցիաները, ինչ ծրագրեր ֆինանսավորել, ֆինանսավորե՞լ, թե՞ ոչ: Եվրահանձնաժողովը բազմաթիվ ու լայնածավալ գործիքներ ունի այս հարցին անդրադառնալու համար, ինչը, կարծում եմ, կանի:

–Արցախին վերաբերող ԵՄ խորհրդարանի այս բանաձևը շատ գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր, փորձեցին ներկայացնել որպես իրենց կատարած աշխատանքի արդյունք: Օրինակ՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե բանաձևի «հոգևոր հայրը» Դավիթ Շահնազարյանն է ու ՀՀԿ-ն: Ի՞նչ կասեք այդ մասին:

–Թող Հայաստանի համար գործընթացները նման զարգացումներ ունենան, թող հաջողություններ ունենա մեր երկիրը, թող հաղթանակներ ունենանք, ով ուզում է, թող դա իրեն վերագրի: Պարտություններն էլ բոլորը կարող եք ինձ վերագրել, խնդիր չկա:

Եվրախորհրդարանում ինչքան վատ, անհաջող ձևակերպումներով բանաձևեր լինեն, թող ինձ վերագրեն, իսկ ինչքան նման հասցեական, Հայաստանի համար շահավետ բանաձևեր լինեն, թող ամեն մեկն իրեն վերագրի, դրանից բանաձևի բովանդակությունը չի փոխվելու, Հայաստանի շահն էլ չի փոխվելու:

–Բայց նայեք․ այս բանաձևի ընդունմանը զուգահեռ Արցախում զինադադար է խախտվում, ադրբեջանական կողմը կրակում է, գազատարը չի աշխատում և թույլ չեն տալիս վերանորոգել: Ի՞նչ գնահատական ունեք կատարվողին:

–Աշխարհը և, մասնավորապես, մեր տարածաշրջանը հիմա գտնվում է ակտիվ տուրբուլենտության շրջանում, և Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ տուրբուլենտությունից: Երբեմն իրավիճակը սրվում է, երբեմն հանդարտվում: Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է առիթից օգտվել ու իր համար որոշակի օգուտներ քաղել ստեղծված խառը իրավիճակից: