Որտե՞ղ են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները

մարտի 24, 2022

«Մենք երկու հարցադրում ենք ուղղել ՀՀ կառավարությանը՝ արդյոք հիմնադրամից գործադիրին նվիրաբերված գումարները ծառայել են բուն նպատակին, և ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ինչպիսի՞ն են դրանց արդյունքային ցուցանիշները: Այսինքն, մենք ցանկանում ենք հատկացված միջոցների և իրականացված ծրագրերի նույնականացում իրականացնել»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

2020թ. 44–օրյա պատերազմի ժամանակ, որպես նվիրատվություն ստացած գումարներից, «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52,7 մլրդ դրամ փոխանցել էր կառավարությանը: Ազգային ժողովի այդ քննիչ հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյո՞ք այդ գումարները նպատակային են ծախսվել: Կառավարությունից ստացել են գրավոր պատասխան, թե որտեղ են ծախսվել այդ գումարները, իսկ մարտի 24-ին հրավիրել էին հանձնաժողովի հերթական նիստ՝ լսելու նաև Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին:

Նախարարը ներկայացրեց, որ հիմնադրամից այդ գումարները տրվել են նպատակով, որ կառավարությունը դրանք օգտագործի ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար: «Եվ եթե նվիրատուն պարզի, որ հատկացրած գումարները նպատակային չեն օգտագործվել, ապա իրավունք ունի պահանջելու, որ այդ նվիրատվությունը վերացվի: Վստահեցնում եմ, որ բոլոր այդ ծրագրերը եղել են հասցեական, իրավիճակային, ժամանակին: Կառավարությունը համարում է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործվել են նպատակային»,- հայտարարեց Տիգրան Խաչատրյանը:

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ 2021թ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 7 մլրդ 607 մլն դրամ, որպեսզի Արցախում վճարվեն ապրիլ ամսվա կենսաթոշակները: Մինչդեռ կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է, որ հատկացվել է 7 մլրդ 548 մլն դրամ: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչու է առաջացել մոտ 60 մլն դրամի տարբերությունը, և ինչի վրա է ծախսվել այդ գումարը:

Նախարարը պատասխանեց, որ չի կարող կոնկրետ պատասխանել, թե ինչպես է առաջացել այդ անհամապատասխանությունը, կուսումնասիրի և գրավոր կպատասխանի: «Բայց վստահ եմ, որ չի կարող լինել 60 մլն դրամից ավելի ծախս, եթե դրա համար օրենքով սահմանված հիմք չի եղել»,- հավելեց նա ու հավաստիացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում այդ հավելյալ ծախսի վերաբերյալ կա տեղեկանք, և խոստացավ ներկայացնել հանձնաժողովին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց, թե նախարարի պատասխաններն այնպես հստակ չեն, որ լրացուցիչ հարցերի տեղիք չտան: Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ որևէ ծրագրի դեպքում գումարի մի մասը վերցվել է հիմնադրամի նվիրաբերած միջոցներից, մյուս մասը՝ բյուջեից։ Նախարարը պատասխանեց, որ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ ողջ գումարից մոտ 20 մլրդ դրամն օգտագործվել է 2020թ․, 37,2 մլրդ դրամը՝ 2021թ.: «Համապատասխանության ապացուցման փաստը կառավարության դեպքում հաշվետվությունն է»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է որոշել, թե հիմնադրամի գումարներով ինչ ծրագրեր պետք է ֆինանսավորվեն, ֆիննախը միայնա՞կ, թե՞ բոլոր նախարարությունները միասին: Նախարարը պատասխանեց, որ որոշվել է կառավարության համապատասխան իրավական ակտերով, սահմանվել է ծրագիր, դրա համար հատկացվել է միջոց: Եվ վստահեցրեց, որ պահպանվել են բոլոր ընթացակարգերը: «Գուցե դուք ասեք, որ եթե այդ միջոցները չլինեին, ի՞նչ կանեիք: Ծրագրերը կկատարեինք: Կամ հարկ էինք հավաքելու և կատարելու կամ պարտք էինք վերցնելու: Բայց նվիրաբերություն կատարողը ասել է՝ վերցրու այս փողերն ու այդ նպատակներով ծրագիր կատարի, ծախսը կատարելիս՝ աղբյուրը կարևոր չէր: Կարևոր էր, որ ծախսը կատարելուց հետո հաշվետու լինես: Կառավարությունը հիմնադրամին ասել է՝ այս-այս ծախսերն եմ կատարել»,- պատասխանեց նախարարը:

Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով հիմնադրամի գումարներով կատարված ծախսերի թափանցիկության նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ճի՞շտ չէր լինի այդ 52,7 մլրդ դրամով կոնկրետ մի ծրագիր իրականացնել, և ոչ թե բազմաթիվ ծրագրերի մի մասը ֆինանսավորել: «Ես արձանագրում եմ, որ ծրագրերն իրականացնողներն իրենց բոլոր գործողությունները կատարել են օրենքին համապատասխան: Իսկ թե ինչպես ավելի լավ կլիներ, դա 1,5 տարի հետո արվող դատողություն է: Այդ իրավիճակում օրենքի տառը պահպանվել է, և բոլոր որոշումները կատարվել են իրավական ակտերից ելնելով»,- պատասխանեց նախարարը:

Տ.Խաչատրյանը նաև հավելեց, որ որևէ գաղտնիք չկա, թե որտեղ են ծախսվել հիմնադրամի գումարները: Եվ նախարարությունը պատրաստ է գրավոր պատասխանել հանձնաժողովի բոլոր հարցերին: Իսկ եթե ժամանակը չբավարարի բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար, կարող են հանձնաժողովի աշխատանքները երկարեցնել ևս 6 ամսով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ։ ԱԺ կանոնակարգ օրենքը քննիչ հանձնաժողովի համար սահմանել է գործունեության 6 –ամսյա ժամկետ՝ այս ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորությամբ: