Գլխավոր դատախազն ավարտում է պաշտոնավարումը՝ իշխանության հետ հաշտ մթնոլորտում

մայիսի 5, 2022

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շուրջ 310 էջանոց զեկույցը դատախազության 2021 թվականի գործունեության մասին` քննարկվեց միայն խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ։ Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ աշխատանքները և Երևանի փողոցներում առաջնորդում է դիմադրության շարժումը:

Այս զեկույցը Արթուր Դավթյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում վերջին զեկույցն է, եթե իշխող ուժը չորոշի նրան դարձյալ առաջադրել նույն պաշտոնում: Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է 2016-ի ամռանը՝ «Հանրապետական» կուսակցության ղեկավարած խորհրդարանի կողմից ընտրվելուց հետո: Տարբեր տեղեկությունների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տրամադրված են առաջիկա վեց տարիների համար ևս նրան առաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում:

Բայց մինչ այդ, ներկայացնելով իր մեկամյա գործունեության հաստափոր զեկույցը, Դավթյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2021-ի ընթացքում արձանագրվել է հանցագործության 30 245 դեպք, ինչը 3777-ով կամ 14.3 տոկոսով ավելի է 2020 թվականին արձանագրված դեպքերից: Հանցագործությունների աճը, ըստ Դավթյանի, երկու հիմնական պատճառ ունի՝ նոր ոչ մեծ ծանրության արարքների քրեականացում և հանցագործությունների պաշտոնական գրանցման աշխատանքների բարելավում: 2021-ին հանցագործության 30245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1 տոկոսը, կազմում են նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները:

Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանում 100 հազար բնակչին հասնում է 1020 հանցագործության դեպք։ «Պետք է նշել, որ այս ցուցանիշով մեր երկիրը շարունակում է էական դրական պատկեր ապահովել։ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը 22,79 ինդեքսով՝ առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներիցև եվրոպական երկրների մեծ մասից։ Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝  23-րդ, Գերմանիան՝ 42-րդ, Ռուսաստանը՝ 51-րդ տեղը»,- ասաց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2021 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։

«2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57,7 տոկոս, նախորդ տարվա 55,7 տոկոսի դիմաց։ Ընդ որում, պետք է փաստել, որ 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի»,- նշեց պաշտոնյան։

Գլխավոր դատախազին ուղղված ՔՊ–ական պատգամավորների հարցերը ընդգրկում էին տարբեր խնդիրներ՝ հանցավորության աճից մինչև նախկին իշխանության օդիոզ դեմքերի ուշացած պատիժ: Բայց մինչ հարց տալը և ելույթ ունենալը մեծամասնության պատգամավորները չէին մոռանում շնորհակալություն հայտնել գլխավոր դատախազին կատարած «ծավալուն աշխատանքի» համար:

Մասնավորապես, ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանին հետաքրքրում էր՝ ի՞նչ կարող է դատախազությունը հանրությանն ասել «մարտի 1-ի» և «հոկտեմբերի 27-ի» գործերի հետ կապված: «Իհարկե, չեմ կարող հարց չտալ, թե քանի՞ բարձրաստիճան պաշտոնյաներ և օդիոզ դեմքեր կան, որոնք թաքնվում են քրեական հետապնդումից և Հայաստանից դուրս են: Քանի՞ նման մարդ կա, անուններ մի՛ ասեք, այլ թվեր», -դատախազին հարցրեց Խաչատրյանը:

«Հոկտեմբերի 27-ի» գործով դատախազն ասաց, որ իր որոշմամբ վերացվել է կազմակերպիչների մասով նախկին որոշումը, և այդ մասով քրեական գործի նախաքննությունը վերաբացվել է: «Մեծ անելիք կա: Վստահորեն կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար», -ասաց պաշտոնյան:

«Մարտի 1-ի» մասին Դավթյանը նշեց, որ այդ գործով հանրային հետաքրքրությունն ունի երկու ուղղություն. մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։

«Դատարանում գտնվող քրեական գործի մասին շատ ենք խոսել։ Այս պահին կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իմ բողոքը, որը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։ Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք Քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը։

Ինչ վերաբերում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավովպետքէնշեմ, որդեռևսնախաքննական մարմինն արդյունքներ չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասաց Դավթյանը։

Իսկ օդիոզ դեմքերի հետախուզման վերաբերյալ դատախազը հստակ տվյալ չփոխանցեց՝ նշելով, որ դրանց մասին հրապարակային շատ է խոսվել:

Արդեն ելույթում Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ իր նշած «օդիոզ դեմքերին», որոնց իշխանության տարիներին նրա խոսքով, մարդիկ ազատ չեն եղել և հենց ազատության համար էլ տեղի ունեցավ 2018-ը:

«Հիմա ստեղծվել է օրինական իշխանություն, որի հենարանը ոչ թե ուժային կառույցներն են, ռեպրեսիվ ապարատը, այլ հասարակությունը: Մեր տեսլականն է՝ հենվել հասարակության վրա, մեր օրինականության աղբյուրը պետք է լինի ժողովուրդը», -հայտարարեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իրենց իշխանությունը հրաժարվել է դատախազությանը ցուցումներ տալուց և դատարաններին չի ասում՝ ինչ որոշումներ կայացնել: Պատգամավորը համոզված է՝ դա սխալ է:

«Նրանք, ովքեր այդպես են վարվել, ովքեր ճնշել են դատախազությանն ու դատարաններին, այսօր ոգևորված ոտքի են կանգնել: Ես միշտ ասել եմ՝ մենք չունենք ընդդիմություն, մենք ունենք ռևանշիստներ, որոնք ուզում են վերականգնել իրենց՝ ամեն ինչ անելու հնարավորությունը: Այստեղ մենք խնդիր ենք տեսնում, և իրավապահ համակարգը կատարելագործելու մեծ տեղ կա, քանի որ այդ անձինք լկտիացել են, որովհետև որոշ ուժային կառույցներ շարունակում են նրանց աջակցել», -հայտարարեց պատգամավորը: Նա խոսեց նաև փողոցի ակցիաների մասին՝ դրանք որակելով «թալանը պաշտպանելու շարժում»: «Թալանչիները ոտքի են կանգնում, որովհետև վտանգ է սպառնում, որովհետև դատախազությունը սկսել է չեզոք աշխատել, որովհետև դատարանների զգալի մասը սկսել են ղեկավարվել օրենքով և ոչ թե ցուցումներով, և մարդիկ սկսել են վտանգ զգալ, որ կորցնում են իրենց ունեցվածքը», -նշեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

ԱԺ նախագահը շարունակեց Խաչատրյանին. «Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, էդ ընկերությունները մերը չեն, էդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտել: Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ էն հայտնի շոուբիզնեսի աստղերը, որոնք վախում էին մի ծպտուն հանել, թե որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին Մարտի 1-ից սկսած քիթը սև քողերի տակից հանել... ոչինչ, ժամանակի ընթացքում ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»: