«Հայաստան» խմբակցությունը դռները չի փակել և դուրս եկել. Գեղամ Մանուկյան

մայիսի 8, 2022

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ 

–ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը, հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: 

–Ծերուկն անտանելի է դարձել: Առնվազն Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական կենսագրությամբ պետք է հիշի, որ երբեմն պարտադրված պայմանները և փաստաթղթերը հնարավոր է մի կողմ դնել և խաղի այլ կանոններով սկսել: Դրա համար առնվազն պետք է քաղաքական կամք, տեսլական, գիտելիք: 

–Եթե իշխանության դուք լինեք, Հայաստանին պարտադրվող փաստաթուղթը չե՞ք ստորագրելու: Որտե՞ղ են երաշխիքները, որ ավելի լավ եք բանակցելու: 

–Մինչև հիմա չկա որևէ փաստական տվյալ, որ Հայաստանին որևէ փաստաթուղթ է պարտադրվում, թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ արդեն քառամյա իր հարաբերություններում փորձում է Հայաստանի ու Արցախի վզին փաթաթել ադրբեջանամետ հանգուցալուծում:

–Այսինքն՝ անհի՞մն եք համարում առաջին նախագահի արձագանքը: Նա նաև հայտարարել է, որ ընդդիմությունն իր գործողություններով չի օգնում այսօրվա իրավիճակին, ավելի եք սրում: 

–Բնականաբար, համաձայն չեմ նման գնահատականներին: Լևոն Տեր-Պետրոսյանը այս հերթական մեկնաբանությամբ ևս մեկ անգամ փորձում է իր քաղաքական գիծը և իր հոգեզավակի վերջնական «հաղթարշավը» հայ ժողովրդի պարանոցին փաթաթել: 

–Մամուլը գրել էր, որ ընդդիմությունը նորից աշխատավարձ է ստանում՝ չգնալով խորհրդարան: Ընդհանրապես, որքանո՞վ է ազնիվ ընդդիմության այդ գործելաոճը: 

–Այնքան էժանագին շահարկում է դա: Նախ ասեմ, որ խորհրդարանի գործից չէ, որ ընդդիմադիր որևէ պատգամավոր բացակայում է, դրա համար չի վարձատրվում: Երկրորդը, ընդդիմադիր պատգամավորների այս օրերի առօրյա կյանքը այնպիսին է, որ նրանք իրենց առօրյայի մեծ մասը ծախսում են քաղաքական և հասարակական գործունեության վրա, և այնպես չէ, որ ոչ պարգևավճարային աշխատավարձը ծախսում է շռայլությունների ու շքեղությունների վրա: Եվ երրորդը իրենց սպասարկող գերթանկարժեք մեքենաների, իրենց երրորդ դեմքով անվանելու սովորություն ձեռք բերած ԱԺ նախագահի խոսքերը կրկնողներին ուղղակի հիշեցնեմ այն աստղաբաշխական պարգևավճարները, որ ստանում են նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները և, մինչև ընդդիմության ԱԺ-ում հայտնվելը, նաև ԱԺ պատգամավորները: Խոսքս ամենևին չի վերաբերում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին, որոնք աշխատում են պետական համակարգում և միայն որոնց գործունեության շնորհիվ է, որ հնարավոր է լինում դեռ պետական կառավարման համակարգը փոքրիշատե աշխատեցնել։ Շատերիս է հայտնի, թե ինչպես են նրանք փորձում այդ ամենը հերոսաբար հաղթահարել, երբ երկիրը ղեկավարում են ձախողակ ու մեծամիտ ՔՊ-ական պաշտոնյաներ: Օրինակ, Կրթության նախարարությունում եթե միջին մակարդակի աշխատողները չլինեն, այդ նախարարությունը շատ վաղուց կարելի էր փակել: 

–Այսօր փողոցում հավաքված մարդկանց քանակը բավարա՞ր է հաջողություն գրանցելու համար: Կրիտիկական զանգված, կարծեք, չի հավաքվում: Ինչո՞ւ․ ընդդիմությունն այս հարցի պատասխանն ունի՞: 

–Փաշինյանական վերջին տարիների ձեռագիրն է՝ թե քանի հազար հոգու հավաքելով ինչ հարց կարելի է լուծել և հարցերի լուծումը հաշվել իշխանավորների պատկերացումներով ու մարդկանց գլխաքանակով: Ուղղակի պետք է լինել հանրահավաքների ու երթերի մեջ, որպեսզի տեսնել մեր լուսավոր հայրենակիցներին, որոնցից շատերը ընտանիքներով են գալիս: Սա դարձել է արդեն ոչ թե քաղաքական կամ ներիշխանական բախում, այլ շատ ավելի տարողունակ բովանդակություն ու խորհուրդ է ստացել: Ես միշտ ձեռնպահ եմ մնացել թվերով խոսելուց: Միշտ ասում եմ, որ թեկուզ մեկ գիտակից մարդու ներկայությունն ինքնին արժեք է: Բայց միայն հրապարակում հավաքված մարդկանց ներկայությամբ կամ թվով շատ սխալ ու ոչ օբյեկտիվ կլինի գնահատել հանրային տրամադրությունը: Ինքս 4 օր Արմավիրի մարզում առավոտից գիշեր գյուղից գյուղ քայլելով՝ տեսել եմ, որ այս իշխանությունների քաղաքականության և անկարողության հետևանքով Հայաստանի պետականության, մեր անվտանգության նկատմամբ սպառնալիքը։ Արցախի հարցում 2021-ի իշխանական կարգախոսներից 180 աստիճանով շրջադարձը հանգեցրել է տասնյակ հազարավոր մարդկանց մտքի հեղափոխության, և մարդիկ գիտակցում են, թե վերջապես ինչ ստախոսի հետ գործ ունեն: Այս առումով, ինքս, ամբողջ օրը շարքային քաղաքացիների հետ շփվելով, կարող եմ ասել, որ ինչպես Փաշինյանը Սերժ Սարգսյանին էր ասում՝ չի տիրապետում իրավիճակին, այնպես էլ սրանք չեն տիրապետում իրավիճակին: Ամեն ինչը նրանց համար երևում է հարյուր հազարանոց թանկարժեք մեքենաներից կամ ռոբոտի դեր ստանձնած պահակազորի ու թիկնազորնի թիկունքից:

–Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարեց, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ պիտի ԱԺ չգան: Դուք գիտե՞ք՝ ում մասին է խոսքը: 

–Նիկոլ Փաշինյանը, որ հոխորտում է ժողովրդավարության հաղթանակի մասին, Ալեն Սիմոնյանը պատկերացնում է, որ ժողովորդավարությունն այն է, որ ինքը կարող է իրեն վերապահել որոշել, թե ով կարող է ԱԺ գալ, ով չգա՞լ: Մի հատ Ալեն Սիմոնյանը թող թուղթ ու գրիչն առնի ձեռքը, վերևից նայի իր խմբակցությանը, ներկա-բացակա անի, հաշվի, թե քանիսի բերանից որևէ բառ չի հնչել այսքան ժամանակ, հաշվի՝ քանիսի աշխատանքային կենսագրությունն է սկսում Ազգային ժողովի պատգմավորի աշխատանքով, քանիսի բարձրագույն կրթությունն է սկսվում և ավարտվում անհասկանալի տարեթվերով, դրանից հետո նոր որոշում կայացնի՝ ինքը ընդհանրապես որևէ իրավունք ունի՞ որոշելու, թե ով պետք է գա կամ չգա ԱԺ:

–Այս իրավիճակում Ազգային ժողով վերադառնալու ճանապարհ կա՞: Օրինակ, Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ որևէ դեպքում չի վերադառնալու: 

–«Հայաստան» խմբակցությունը դռները չի փակել և դուրս եկել: «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այս պահին քաղաքական պայքարի լրիվ այլ դաշտ կա և ցանկացած պահի, ինչպես նախօրեին հարցուպատասխանի ժամանակ, կարող է հայտնվել խորհրդարանի դահլիճում:

–Չեք կարծո՞ւմ, որ ամեն օր նույնանման ակցիաներ, երթ–հանրահավաք անցկացնելով շարժումը կարող է մաշվել։ 

–Ակնարկը հասկանում եմ, բայց այն բովանդակությունը, որը կա, ներսի մարդը կամ երկարատև պայքարի մեջ եղածը ուղղակի առանց հուզմունքի չի կարող գնահատել: Եթե անկեղծ՝ ինձ համար կրկնվում է 1988-ի Արցախյան շարժումը, կրկնվում է նաև 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության դեմ ժողովրդային շարժումը։ Ես այս օրերին զգում եմ 1988-ի երիտասարդ մասնակցի հոգեվիճակը: Սենտիմնտալ բան ասեմ. նախորդ օրը, երբ Պռոշյան փողոցով իջնում էինք, շարքից մեկը դիպավ դիմացով քայլողի ոտքին, ու կոշիկը դուրս եկավ: Արագ-արագ ասաց՝ կներես, նա էլ ասաց՝ ոչինչ: Ես հիշեցի, որ 1988-ի շարժման ժամանակ մի անեկդոտ կար. մեկը մյուսի ոտքը տրորում է, ասում է՝ կներես, պատասխանում է՝ հիմա ներում եմ, բայց եթե Ղարաբաղը հետ տվեցին, դրանից հետո կտենաս՝ քո գլխին ինչ կդնեմ: Այդ համախմբման, միասնականության ու մի շնչով ապրելու մի ամբողջական վիճակ է:

–Այսինքն՝ հավատում եք, որ կհասնեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

–Այո, հավատում ենք: Ալեն Սիմոնյանն ասել է, որ 2018 թվականի բոլոր գործիքներն օգտագործել ենք, բացի մորուք պահելուց: Այդպիսի մեծախոսությամբ, պոռոտախոսությամբ զբաղվողները երևի դպրոց կամ մանկապարտեզ էին գնում, երբ ես մորուք էի պահում, երբ 1990-1991 թվականներին իմ շատ ընկերների հետ նստացույց էի անում Գերագույն խորհրդի շենքի դիմաց, որոնցից շատերը այսօր, ցավոք, չկան, զոհվել են արցախյան առաջին պատերազմում։ Անուններով կարող եմ ասել՝ Վարդան Բախշյան, Գրիգոր Գրիգորյան, Համլետ Հայրյան: Երբ մենք քայլերթ էինք անում համալսարաններում և ամբողջ Երևանում, երբ խորհրդարանի պատգամավորների ստորագրահավաք էինք անում արտահերթ նիստ գումարելու, երբ բազմաթիվ, բազմատեսակ բողոքի գործողություններ էինք անում, այսօրվա այդ պոռոտախոսությամբ զբաղվողներից շատերը, լավագույն դեպքում, մանկապարտեզ էին գնում: