Հաջորդ ընտրություններով դուրս կմնան խորհրդարանից, կհիմնեն «Զարթնի՛ր, լաո՛» լուսանցքային թերթն ու հավաքներ կանեն այնտեղ․ Լենա Նազարյան

մայիսի 14, 2022

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ 

–Տիկի՛ն Նազարյան, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ աշխատանքները և արդեն 10 օրից ավելի է՝ Երևանի փողոցներում ու տարբեր մարզկենտրոններում տեղային հավաքներ է կազմակերպում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը: 

–Երբ բացում եմ ընդդիմադիր մամուլը, հայտնվում եմ ծուռ հայելիների աշխարհում, որտեղ արտացոլվում է 2018 թվականի հեղափոխությունը, բայց՝ խեղված։ Կարևորը սա չէ։ Երբ ավելի լայն հայացքով եմ նայում, տեսնում եմ, որ քանդվող սառցաբեկորի պես փլուզվում է Հայաստանի 30 տարվա մաքսիմալիստ ազգայնականության քողի ներքո ստեղծված օլիգարխիկ քաղաքական համակարգը, որը սնվել ու հաստատվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շահարկման արդյունքում ևհետևանքով։

Այդ քաղաքական համակարգը կերտել էին կամ դրան նպաստել էին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բոլոր իշխանություններն ու ընդդիմությունները։ Համակարգի օլիգարխիկ բեկորը փլուզվեց 2018 թվականի հեղափոխության ժամանակ։ Համակարգի ազգայնական-մաքսիմալիստական բեկորը ճաքեց 2020 թվականի պատերազմի պայթյունով։

Այս գործընթացների վրա ազդեցին նաև աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ։ Բայց ինչպես բոլոր մեծ համակարգերը, այս մեկն էլ մեռնում է շատ դանդաղ ու ցավոտ մահով․ պատերազմի բերած ցավով ու արցունքներով, փողոցում հավաքված մարդկանց «զարթնիր լաո» ճիչերով, ապագայի համար ելքեր փնտրող մարդկանց մտքի ծվատումով ու բազում տագնապներով։

Ռուս բանաստեղծ Ալեքսանդր Կուշներն ասում է՝ ժամանակը, որում ապրում ես,մաշկ է, զգեստ չէ, որ փոխես։Ի՞նչ անել։ Յուրաքանչյուրն ու հատկապեսպետական գործիչները պետք է գերլարված անեն իրենց գործը, շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան պահպանել իրենց հարազատների, ընկերների ու համայնքների հետ կապը, ընկերությունը և փոխօգնության կարողությունը։ Ցավոք, սա միշտ չէ, որ ստացվում է։ 

–Ակցիաների մասնակիցները, ընդդիմության ներկայացուցիչները, նաև՝ քաղհասարակությունը ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն գնահատում: Դուք ևս երկար ժամանակ, որպես ակտիվիստ, ցույցերի, հավաքների մասնակից եք եղել, նաև՝ ոստիկանական գործողություններից տուժած, հետևո՞ւմ եք, ի՞նչ եք կարծում, համարժե՞ք է գործում ոստիկանությունը: 

–Դժվարանում եմ գնահատել՝ արդյո՞ք անհամաչափ է գործում ոստիկանությունը, երբ տեղի ունեցողը հաճախ ոչ թե խաղաղ ցույց է, այլ՝ խուլիգանություն։ 

–Այսինքն, ցուցարարների գործողությունները խուլիգանությո՞ւն եք համարում: 

–Ամենամեծ փորձության ու բռնության երևի թե ենթարկվում է մարդկային տրամաբանությունը, երբ անհնազանդություններից հետո ամեն երեկո ցուցարարները հայտարարում են, որ Փաշինյանը «մանդատ չունի», որ «իշխանափոխությունը երեկ տեղի է ունեցել», «Նիկոլը չկա», իսկ Փաշինյանը շարունակում է պաշտոնական այցեր ու հանդիպումներ իրականացնել։ Արդեն ասացի, թե ինչպես եմ գնահատում իրավիճակըքաղաքական համակարգը մեռնելիս նաև զառանցում է։ 

–Ընդդիմադիր թևում այս ակցիաները որակում են «համազգային շարժում»: 

–Հաշվի առնելով վերոնշյալը՝ որևէ մեկը չի զարմանա, եթե «տիեզերական շարժում» որակեն։ 

–Դուք ակնարկում եք՝ ընդդիմության գործողությունները հանրային լայն աջակցություն չեն ստանում, բայց նրանք էլ հակադարձում են՝ Նիկոլ Փաշինյանը, երբ սկսեց քայլել, սկզբում հանրությունը թերահավատ էր, և աջակցություն չկար: 

–Այդ հակադարձումը իմաստ կունենար, եթե ցույցերն իրական օրակարգ ունենային, իսկ միացող մարդկանց թիվն օրեցօր ավելանար և ոչ թե պակասեր։ Փաստորեն, հասկացել են, որ հեղափոխությունը ոչ թե «Սորոսը» կամ այլ արտաքին ուժեր են արել, այլ՝ հայ ժողովուրդը։ 

–Ընդդիմության շարքերում նախկին իշխանությունների մեծաթիվ ներկայացուցիչներ կան, օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանն էր պայքարի կոչ արել: Այսինքն, մարդիկ, որոնց ձեր իշխանությունը որակում էր «թալանչիներ», բայց դա այդպես էլ չապացուցվեց, ու նրանք այժմ ազատության մեջ են: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

–Չէ, ինչո՞ւ չապացուցվեց։ Դատախազությունն ուսումնասիրել է Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, որդիների՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների, նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը, և 2022 թվականի փետրվարին ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել նրանց գույքի վրա։ Բա էլ ինչո՞ւ են որդիները փողոց փակում։ 

Ամերիկյան ABC7 հեռուստաընկերությունից էլ իմացանք, որ ԱՄՆ-ն սկսել է Հայաստանի ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող 2800 քմ մակերեսով առանձնատան բռնագանձումը։ Այս գործընթացը սկսել են ՀՀ ԱԱԾ և ՀՀ գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Եթե դատախազության ձեռքերը հասել են ամերիկաբնակ Խաչատրյան եղբայրներին, հաստատ կհասնեն նաև սյունյաց Խաչատրյաններին։

Մի քանի ամիս առաջ էլ ՊԵԿ-ը հայտնեց, որ 15 մլդ ՀՀ դրամ գումար է վերադարձվել պետությանը, և այդ այդ գումարը վերադարձրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարը՝ իր անձնական միջոցներից։ Կառավարության վերջին նիստում էլ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ այս պահին արդեն դատարան է ներկայացվել 8 հայց 42 մլդ ՀՀ դրամ հայցագնով։ Ամբողջը թվարկելու կարիք չկա, սա շարունակական գործընթաց է։
 

Սակայն ի՞նչն է այստեղ ամենասկզբունքայինըկոռուպցիայի ու կոռուպցիոներների դեմ պայքարը տարբեր աստիճանի կարևորություն ունեն։ Մի բան է, երբ գտնում են կոռուպցիոների, և այլ բան է, երբ ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտ, որը դառնում է պետական իրավակարգի մաս ու վերաբերում է բոլոր նախկին-ներկաներին։ Այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարող համակարգ է ստեղծվել և կատարելագործվում է: Պետք է նշեմ նաև, որ ինձ համար շատ զարմանալի ու անհասնակալի է, երբ լրատվամիջոցները շարունակ հարցնում են, թե բա ո՞ւր մնաց կոռուպցիայի դեմ խոստացված պայքարը։ 

–Օրերս Իշխան Սաղաթելյանը մի քանի կետից ծրագիր էր հրապարակել։ Ասում էր՝ կզսպեն թուրք-ադրբեջանական ագրեսիան, ՀՀ-ն կդառնա Արցախի անվտանգության երաշխավորը, կբացառեն Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, կվերականգնեն ներքին համերաշխությունը: Բայց մինչ այդ պետք է ձեզ հեռացնեն իշխանությունից: Հասկանալի՞ են ընդդիմության պահանջները, ի՞նչն այնպես չի անում իշխանությունը: 

–Այ, հենց ընդդիմությունն էլ նրա համար է, որ ասի, թե ինչն այնպես չի անում կառավարող ուժը։ Նաև ասի, թե իրենք ինչպես են զսպելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչպես են Հայաստանի Հանրապետությունը դարձնելու Արցախի անվտանգության երաշխավորը, ինչպես են բացառելու Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և միջանցքների տրամադրումը, ինչպես են վերականգնելու ներքին համերաշխությունը։ Կառավարող ուժն այդ ուղղություններով արված աշխատանքը հանրայնորեն ներկայացնում է, թող իրենք էլ ասեն իրենց իմացած ձևերը։ 

–Նրանք ասում են՝ ոտքի են ելել, որովհետև Արցախը կորցնելու վտանգ են զգում: Կա՞ն մտավախության հիմքեր: 

–Վտանգը ճիշտ են զգում, բայց չեն զգում, թե որտեղից է գալիս այն։ Այդ վտանգը գալիս է Ադրբեջանից։ Այնինչ ընդդիմությունը և կից քարոզիչները հակամարտության կարգավորման ելքեր փնտրելու և առաջարկելու փոխարեն, հրապարակներում անպատասխանատու հայտարարություններ են անում, որովհետև իրենք չեն կրելու հետևանքները։ Դեռ մի հատ էլ ցանկանում են հետևանքներ, որ դրանք իշխանության հասնելու ցատկատախտակ սարքեն։

Այսօր եթերը թեժացնող որոշ փորձագետ-ադրբեջանագետ-թուրքագետ, քաղաքագետ, պատմաբան, լրագրող ու երգիչ-երգչուհիների բառապաշարով էլ գրվել են քանդվող քաղաքական համակարգի քարոզները, հոդվածները, դասագրքերն ու երգերը։

Իսկ երբ Սիրուշոն հրապարակում երգում է «Գինին լից, հեյո՜-հեյո՜», իսկ նրա ամուսին Լևոնը 10 րոպեով խաթարում է Երևանի երթևեկությունը, հո՞ չեն մտածում, որ չլուծված հակամարտությունը իրենց զավակներին է փոխանցվելու, մանավանդ, որ վերջիններս արտերկրում են ծնվում, ենթադրաբար, համապատասխան երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով։
 

–Նրանք էլ կարծես դեմ չեն խաղաղության հաստատմանը, բայց շեշտում են՝ արժանապատիվ խաղաղություն. 

–Նրանք ոչ թե արժանապատիվ, այլ հարաբերական խաղաղություն են ուզում, որպեսզի շարունակեն պահպանել նշածս քաղաքական համակարգը, որի անբաժանելի մասը մշտապես մխացող հակամարտությունն է։ Դրանով էլ արդարացնում էին մարդկանց կրած զրկանքները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ չմոռանալով լցնել սեփական գրպանները: Վստահ եմ, որ նրանք դեմ են խաղաղությանը:

–Չե՞ք կարծում, որ քաղաքական իրավիճակը երկրում ճգնաժամային է։ Ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը կամ կլինի՞ լուծում, հետ կգա՞ ընդդիմությունը խորհրդարան, կամ գուցե նոր ընտրություննե՞ր լինեն:

–Շոգերը կամ ցրտերն ընկնելուն պես՝ կվերադառնան խորհրդարան և ճիշտ կանեն։ Հաջորդ հերթական ընտրություններից հետո դուրս կմնան խորհրդարանից, կհիմնեն «Զարթնի՛ր, լաո՛» անվանումով լուսանցքային թերթի խմբագրություն ու պարբերաբար քաղաքական հավաքներ կանեն այդտեղ։ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանում դեռևս անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների ապագայի առումով ես շատ ավելի լավատես եմ ու հույսով։