Յուրաքանչյուր 22 օրը մեկ ես գնդապետից բարձր մարդ եմ ազատել. Սեյրան Օհանյան

մայիսի 29, 2022

Հարցազրույց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

–Արդեն հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքային խմբի կազմը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ կազմի վերաբերյալ, որը ղեկավարելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

–ԱԺ-ում մեր բարձրացրած հարցերից մեկը եղել է սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: ԱԺ մեծամասնությունը չընդունեց մեր այն հայտարարությունները, որտեղ նշում էինք մեր կարմիր գծերը: Բրյուսելյան հանդիպումը ցույց տվեց, որ առանց համապատասխան պայմանների, մեր իշխանությունը՝ գտնվելով միջազգային հարթակներում, նաև Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տակ, գնում է սահմանազատման ու սահմանագծման: Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը, այսինքն, Թուրքիան ու Ադրբեջանը ստիպում են իջեցնել Արցախի անկախության նշաձողը, հաստատվեց: Չի նշվել ո՛չ Լեռնային Ղարաբաղ, ո՛չ Արցախի Հանրապետություն, նշվում է Ղարաբաղի հանրության անվտանգության և իրավունքների մասին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք իրավունք չունենք արագ տեմպերով գնալու սահմանազատման ու սահմանագծման: Հասկանալի է, որ խաղաղության բոլորն են ձգտում, մենք էլ ենք ձգտում, բայց կուրորեն գնալ, մտնել այդ խաբկանքի տակ, անընդունելի է, որովհետև մեր ամբողջ պատմությունն է ցույց տվել, որ թուրքը, մանավանդ ադրբեջանցին, ես նկատի չունեմ ժողովրդին, այլ նրանց էլիտան, իշխանություններին, մեկ բան տալուց հետո հաջորդն են պահանջելու: Այսինքն, նրանք այս պարտությունից հետո պահանջատիրական դիրք ունեն հայ ժողովրդի նկատմամբ: Իշխանությունը չունի իրավունք գնալ մի գործընթացի՝ իմանալով, որ դրանով դու ճանաչելու ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մի մեծ քար ես նետելու Արցախի ժողովրդի ապագայի վրա: Ժողովուրդը այս իշխանությանը մանդատ չի տվել միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը: Փաշինյանը հայտարարում էր, որ իրավունք չունի Արցախի ճակատագիրը որոշելու, բայց ինքը խորամանկորեն, մանիպուլացնելով, շատ բաների մասին նույնիսկ չտեղեկացնելով պետական ապարատին, Ազգային ժողովին՝ ամեն անգամ գնում է, և մի նոր ճնշում են Հայաստանի իշխանությունների վրա գործադրում:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի կազմին, ապա հանձնաժողովի կազմն ինձ համար հետաքրքիր չէ: Երևի թե այնտեղ ընտրված են պաշտոնյաներ, որոնք կապ ունեն սահմանի հետ, բայց Ալիևը հասավ իր ուզածին, և արդեն իսկ Արցախի անկախության նշաձողն իջեցվեց: Մեր այսօրվա պայքարը դրա դեմ է: 

–Ձեր պայքարն ի՞նչ արդյունք է տվել, հանրային աջակցությունը բավարա՞ր է։

–Մենք ամբողջությամբ մեր գործիքակազմն օգտագործում ենք, որպեսզի հանրային ճնշումն ավելի մեծացվի, և դիմադրության շարժման թափանիվն ավելի արագ տեմպերով ընթանա: Եթե ուշադիր նայեք, մենք օրսըտօրե տեսնում ենք նոր մարդկանց, մեզ աջակցողների թիվը շենքերի պատուհաններից ավելանում է: Դա նշանակում է, որ մեր աջակիցները ոչ միայն Ֆրանսիայի հրապարակում են կամ երթերի մեջ, այլ նաև այլ վայրերում: Աջակիցների մեծ մասը այլ վայրերում են՝ աշխատավայրում, տներում: Ակտիվ մասան մեզ աջակցում է: Մենք տարբեր ակցիաներ ենք իրականացնում, և մեր թիվն ավելանում է: Մեր շարժման մեջ գտնվողների զգալի մասը հասարակ մարդիկ են: Մենք հայտարարել ենք, որ սա մեկ անձի, մեկ կուսակցության, մեկ քաղաքական ուժի պայքար չէ, վերկուսակցական պայքար է: Վճռականությունը, նպատակասլացությունն ավելի է բարձրանում, և վճռական պահին մենք այդ ամեն ինչը ցույց կտանք: 

–Իշխանության ներկայացուցիչները ձեզ հակադարձում են, որ Արցախը փրկելու ձեր օրակարգը կեղծ է, չունեք քաղաքական օրակարգ, չգիտեք՝ ո՞ւր եք տանում շարժումը:

–Նախ՝ օրվա իշխանությունը չգիտի, թե երկիրը զրկելով ամբողջ բանակցային ներուժից ու ներքաշելով պատերազմի մեջ՝ ինչ աղետ է բերել հայ ժողովրդի գլխին: Դրանից օգտվել են Ադրբեջանը, Թուրքիան, նրանց աջակցողները և հարձակվել են Արցախի ու Հայաստանի վրա, նաև Հայաստանի տարածքում են մխրճված: Աղետը այսօրվա ճգնաժամն է, միասնականության բացակայությունն է, և աղետ է նաև այն, որ ճնշումները ՀՀ իշխանությունների ու ժողովրդի վրա շարունակական է: Իրենք ասում են՝ եթե ուզում եք պայքարել, գնացեք Արցախում պայքարեք, այսինքն, զինվենք ու գնանք Արցախը պաշտպանելու: Այդ գործողությունը պետական գործիքակազմ է, և պետությունն ինքը պետք է մոբիլիազցնի ժողովրդին, կազմի զորամասեր և ուղարկի Արցախ: Ե՞րբ են իրենք կազմակերպել այդ մոբիլիզացիան: Թող կազմակերպեն այդ մոբիլիզացիան, ուղարկեն, և բոլորը հավասար կգնան այդ խնդիրը կատարելու, որովհետև մարդկանց զինվորական հաշվառման մասնագիտությունների մեջ նշված չէ ընդդիմություն կամ իշխանություն: Ընդհակառակը, այսօրվա մեր գործողությունները միտված են նրան, որ ուղղենք մեր ողնաշարը, հայ ժողովուրդը հասկանա, որ մենք միասնական ենք և չենք կարող անընդհատ գտնվել այսպես ծնկած վիճակում, թուրք-ադրբեջանական տանդեմի, իրենց իշխանությունների խաբկանքի տակ: Մենք ուզում ենք միասնականությամբ դուրս գալ այս վիճակից, ուղղել մեր ողնաշարը և միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ ազգը չի կորցրել իր պայքարի ոգին: Եթե իշխանությունները մի քիչ խելացի լինեն, այս ամենը կօգտագործեն միջազգային հարթակում մեր խնդիրները, մեր շահերն առաջ տանելու, ճնշումներին դիմագրավելու համար: Այն ողբերգությունը, որ կա Հայաստանում, իշխանություններն են բերել: Իրենք անգրագիտորեն ամեն ինչ մերժել են, պատերազմի ժամանակ չեն կառավարել, խրախուսել են նահանջը: Պատերազմական գործողություններում, երբ նահանջն ավելի շատ է, քան հաջողությունները, նշանակում է, որ խիստ լինելը, պատիժները, տույժերը ավելի շատ պետք է լինեն, քան խրախուսանքները: Այս պատերազմի ժամանակ խրախուսումներն ու տույժերն անհամեմատելի էին: Այսինքն, ստացվում է, որ մենք հաղթել ենք, դրա համար խրախուսել են: Դրա հիմնական մեղավորն իշխանությունն է, և ամենացավալին, որ այդ անհաջողությունների շարանը շարունակվում է նաև այսօր: Ճանապարհային քարտեզը երևում է՝ տանել երկիրը պատերազմի, ոչ մի բան չանել պատերազմում հաղթելու համար, թույլ տալ, որ ադրբեջանցին գա, հարձակվի, ներխուժի մեր տարածք, դեռ այս ամենից հետո էլ պարտադրի, որ մենք գնանք խաղաղության: 

–Դուք էլ մասնակցում էիք պատերազմին: Այդ բացերը, խնդիրներն այն ժամանակ նշեիք։ 

–Ես բավականին աջակցություն, խորհրդատվություն եմ ցույց տվել և, որքան հնարավոր է, դա ներկայացրել եմ Արցախի և Հայաստանի իշխանություններին: Դա պետք է կատարվեր, չի կատարվել, որովհետև ամեն ինչ անկազմակերպ է եղել: Դեռևս 2018-2019 թվականներին եմ ասել, որ չնայած այս թիմի մեջ չեմ, Մարտի 1-ի գործով ինձ վրա գործ է կարած, բայց մեր անվտանգության խնդիրն ամենակարևորն է ինձ համար, և ես պատրաստ եմ գալ, խորհուրդներ տալ: Իրենք դա չեն ընդունել, որովհետև ամեն ինչ գիտեն: Իրենք չեն ընդունել այն արժեքները, որոնք եղել են մինչև իրենց իշխանության գալը: Ընդհակառակը, պառակտել են երկիրը, արժեզրկել են ամեն բան: Մեր ժամանակներում էլ եղել են թերություններ, իրենք այդ թերությունները բազմապատկել են: Սա է իրենց աշխատանքի արդյունքը:

–Ասում են, որ 20-25 տարի բանակը բարոյալքվել, թալանվել է:

–Մերկապարանոց խոսքեր են դրանք: Բանակի զարգացումը, կազմակերպչական և առաջխաղացման ամբողջ ընթացքը մի մեծ պատմություն է, որի մասին չեմ կարող 10 րոպեում խոսել; Բայց ես կարող եմ գնալ յուրաքանչյուրին իր աշխատասենյակում բացատրել, թե բանակն ինչ ընթացք է ունեցել: Այսօրվա իշխանություններն, ընդհանուր առմամբ, բանակի մասին պատկերացում չունեն: Բանակում եղել են զգալի հաջողություններ, և բանակն այս վիճակով պարտավոր էր մեր երկիրը պաշտպանել։ Ես կապացուցեմ, որ կարող էինք ունենալ հաջողություններ, և եղել են նաև թերություններ, որոնց դեմ պայքար ենք մղել: Իմ պաշտոնավարման 8,5 տարվա ընթացքում ես թերությունների համար 135 հոգի գնդապետ և բարձր պաշտոնյա եմ ազատել։ Յուրաքանչյուր 22 օրը մեկ գնդապետից բարձր մարդ եմ ազատել: